Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ ԵՎ 5 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ դատարանի որոշում      Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0287/02/08

    Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0287/02/08                            2009 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Մաթևոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մայիս Մեհրաբյանի ներկայացուցիչ Ռուզաննա Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ Մարիետա Պետրոսյանի հայցի ընդդեմ Մայիս Մեհրաբյանի` «Վտառ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) մասնակցին հեռացնելու, Ընկերության կնիքը և հրամանագիրքը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարիետա Պետրոսյանը պահանջել է Ընկերության մասնակից Մայիս Մեհրաբյանին հեռացնել Ընկերությունից և պարտավորեցնել վերադարձնել Ընկերության կնիքը և հրամանագիրքը:

Երևանի քաղաքացիական դատարանի 16.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2008 թվականի որոշմամբ Մայիս Մեհրաբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Երևանի քաղաքացիական դատարանի 16.07.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մայիս Մեհրաբյանի ներկայացուցիչ Ռուզաննա Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարիետա Պետրոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մայիս Մեհրաբյանը 19.08.2003 թվականին իր բաժնեմասը վաճառելուց հետո մինչև 27.08.2007 թվականը որևէ իրավունք կամ պարտականություն չի ունեցել Ընկերության հանդեպ և չէր կարող որևէ կերպ իր գործողություններով կամ անգործությամբ դժվարացնել կամ անհնարին դարձնել Ընկերության բնականոն գործունեությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից չեն խախտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների պահանջները, և վճիռը կայացվել է բոլոր ապացույցների բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում: Հակառակը հիմնավորող որևէ ապացույց բողոք բերած անձի կողմից չի ներկայացվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին և տրվել է 02 Ա 046506 վկայականը: Ընկերության մասնակիցներ էին Մայիս Մեհրաբյանը և Հայկ Գալստյանը` յուրաքանչյուրը հավասար բաժիններով:

2. 19.07.2002 թվականի բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով Հայկ Գալստյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող 50% բաժնեմասը վաճառել է Մարիետա Պետրոսյանին:

3. 19.08.2003 թվականի բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով Մայիս Մեհրաբյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող 50% բաժնեմասը վաճառել է Նորայր Հարությունյանին:

4. ՀՀ տնտեսական դատարանի 31.07.2007 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Մայիս Մեհրաբյանի և Նորայր Հարությունյանի միջև 19.08.2003 թվականին կնքված Ընկերության բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը և ՀՀ պետական ռեգիստրի Շահումյանի տարածքային բաժնի կողմից 20.08.2003 թվականին կատարված գրանցումն ու տրված թիվ 005872 վկայագիրը:

Որպես գործարքի անվավերության հետևանք վերականգնվել է մինչև իրավունքի խախտումն եղած դրությունը` Ընկերության 50% բաժնեմասի նկատմամբ Մայիս Մեհրաբյանի սեփականության իրավունքը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընկերության մասնակիցը, որը գումարային առումով տնօրինում է ընկերության առնվազն տասը տոկոս բաժնեմասը, իրավունք ունի դատական կարգով պահանջել ընկերության այլ մասնակցի հեռացումն ընկերությունից, եթե նա իր գործողություններով կամ անգործությամբ դժվարացնում կամ անհնարին է դարձնում ընկերության բնականոն գործունեությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ հաստատված է համարվել, որ Մայիս Մեհրաբյանը որպես տնօրեն չի կատարել իր վրա դրված պարտականությունները, իր գործողություններով և անգործությամբ դժվարացրել ու անհնարին է դարձրել ընկերության բնականոն գործունեությունը:

i

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացված իր որոշումներում արդեն իսկ անդրադարձել է դատական ակտի հիմնավորվածության խնդրին (իրավական հիմնավորումները տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջով, քաղ. գործ թիվ 3-2504 (ՏԴ) գործով 21.12.2006 թ. որոշումը): ՈՒստի սույն գործով աննպատակահարմար է համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Մայիս Մեհրաբյանը իր գործողություններով և անգործությամբ դժվարացրել ու անհնարին է դարձրել ընկերության բնականոն գործունեությունը` առանց հիմնավորելու այդ հանգամանքը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Մայիս Մեհրաբյանի և Նորայր Հարությունյանի միջև 19.08.2003 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու արդյունքում մինչև ՀՀ տնտեսական դատարանի 31.07.2007 թվականի վճռի օրինական ուժի մեջ մտնելը Մայիս Մեհրաբյանը շուրջ չորս տարի զրկված է եղել Ընկերության գործունեությանը մասնակցելու հնարավորությունից, հետևաբար չէր կարող որևէ կերպ իր գործողություններով կամ անգործությամբ դժվարացնել կամ անհնարին դարձնել Ընկերության բնականոն գործունեությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցված չէ Ընկերության մասնակից Մայիս Մեհրաբյանի գործողություններով կամ անգործությամբ Ընկերության բնականոն գործունեությունը դժվարացնելու կամ անհնարին դարձնելու փաստը:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2008 թվականի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը`

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Մարիետա Պետրոսյանի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Մաթևոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.03.2009
N ԵՔԴ/0287/02/08
Որոշում