Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ թիվ 3-433 (ՎԴ)

    դատարանի որոշում                                               2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-510

Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան

Դատավորներ` Ա. Խառատյան

Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի             

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի հուլիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Գալստյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Քնքուշ Գալստյանի ընդդեմ Կարինե Գալստյանի` նվիրատվության պայմանագիրը, դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով Երևանի Մոլդովական փողոցի 60 շենքի թիվ 56 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Քնքուշ Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել նվիրատվության պայմանագիրը, անշարժ գույքի նկատմամբ կատարված պետական գրանցումը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Մոլդովական փողոցի 60 շենքի թիվ 55 բնակարանի նկատմամբ:

Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 27.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.03.2008 թվականի որոշմամբ Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 27.12.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Գալստյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քնքուշ Գալստյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Քնքուշ Գալստյանի և Կարինե Գալստյանի միջև 01.08.1996 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Քնքուշ Գալստյանն անհատույց Կարինե Գալստյանի սեփականությանն է հանձնել վեճի առարկա Երևանի Մոլդովական փողոցի 60 շենքի թիվ 56 բնակարանը: Պայմանագրից ծագած Կարինե Գալստյանի իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, որից հետո Կարինե Գալստյանի համաձայնությամբ բնակարանում Քնքուշ Գալստյանը բնակվել է օգտագործման իրավունքով: Այսինքն` 01.08.1996 թվականի նվիրատվության պայմանագրով Քնքուշ Գալստյանի սեփականության իրավունքը դադարել է բնակարանի նկատմամբ: Հետևաբար վերջինս չէր կարող այն տիրապետել որպես սեփական գույք: Փաստորեն, տվյալ դեպքում բացակայում է գույքը բարեխիղճ տիրապետելու հանգամանքը, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը կիրառելի չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Քնքուշ Գալստյանը 1996 թվականից հետո տասնմեկ տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է վիճելի բնակարանը, որպիսի հանգամանքը հիմնավորվել է գործում առկա ապացույցներով, հետևաբար, դատարանը իրավացիորեն կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Քնքուշ Գալստյանի և Կարինե Գալստյանի միջև կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի նվիրատվության 01.08.1996 թվականի պայմանագրի համաձայն` Քնքուշ Գալստյանն իր սեփականության ներքո գտնվող Երևանի Նոր Նորքի 2-րդ միկրոշրջանի թիվ 5 շենքի (ներկայումս` Մոլդովական փողոց, թիվ 60 շենք) թիվ 56 բնակարանը նվիրել է Կարինե Գալստյանին:

2) Կարինե Գալստյանի` նվիրատվության պայմանագրից ծագած իրավունքները ենթարկվել են պետական գրանցման և վերջինիս տրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 681046 վկայականը:

3) Կարինե Գալստյանը նշված անշարժ գույքն ընդունելուց հետո կատարել է բնակարանի կոմունալ վճարումները:

4) Կարինե Գալստյանի համաձայնությամբ Քնքուշ Գալստյանը բնակվել է վեճի առարկա բնակարանում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հարցին, սահմանելով նշված հիմքով սեփականության իրավունքի ծագման պարտադիր վավերապայմանները (տես օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Քնքուշ Գալստյանի և Կարինե Գալստյանի միջև կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի նվիրատվության 01.08.1996 թվականի պայմանագրով Քնքուշ Գալստյանն իր սեփականության ներքո գտնվող Երևանի Նոր Նորքի 2-րդ միկրոշրջանի թիվ 5 շենքի (ներկայումս` Մոլդովական փողոց, թիվ 60 շենք) թիվ 56 բնակարանը նվիրել է Կարինե Գալստյանին, իսկ նշված բնակարանում Քնքուշ Գալստյանը բնակվել է Կարինե Գալստյանի համաձայնությամբ: Այսինքն` նվիրատվության հիման վրա Քնքուշ Գալստյանի սեփականության իրավունքը վեճի առարկա բնակարանի նկատմամբ դադարել է, հետևաբար, բնակարանի հետագա տիրապետման ընթացքում վերջինս գիտակցել է, որ օգտագործում է Կարինե Գալստյանի սեփականության ներքո գտնվող գույքը: Այսինքն` բնակարանի տիրապետումը Քնքուշ Գալստյանին չէր կարող բավարար հիմքեր տալ ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քնքուշ Գալստյանի կողմից վեճի առարկա գույքի տիրապետումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի իմաստով չի կարող դիտվել բարեխիղճ, քանի որ վեճի առարկա գույքն այլ անձի սեփականությանը հանձնելուց հետո բնակարանում բնակվելով Քնքուշ Գալստյանը բավարար հիմքեր չէր կարող ունենալ ենթադրելու, որ նա այդ գույքը իր տիրապետմանն անցնելու պահից տիրապետելու է որպես սեփականը:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով բացակայում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերից մեկը` բարեխղճությունը, Վճռաբեկ դատարանն այն դիտում է բավարար հիմք արձանագրելու համար, որ Քնքուշ Գալստյանի վեճի առարկա գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով ձեռք չի բերել սեփականության իրավունք:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2008 թվականի որոշումը և այն փոփոխել` Քնքուշ Գալստյանի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.07.2008
N 3-433(ՎԴ)
Որոշում