ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-356 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 3940/2007 թ.
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Տ. Սահակյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի մայիսի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Գրանդ» ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Դավիթ Դավթյանի, Ալիսա Զոբաբուրյանի ընդդեմ Ընկերության` առանց որևէ նախապայմանի 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վճարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են ճանաչել Ընկերությունից առանց նախապայմանի 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ստանալու իրավունքը:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.05.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 985-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել Ընկերության և «Արմավիա» Ավիաընկերություն ՍՊԸ-ի (Կազմակերպության) միջև 26.12.2005 թվականին կնքված ապահովագրական վկայագիրը, ինչով հավաստվում է, որ տվյալ պայմանագրով շահառու հանդիսացել է Կազմակերպությունը, այլ ոչ թե Արման Դավթյանը կամ նրա ժառանգները, և տվյալ պայմանագրերով ապահովագրվել են Կազմակերպության գույքային շահերը` կապված անձնակազմի կյանքին և առողջությանը հասցված վնասի հետ:
Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` ապացույցների թույլատրելիության կանոնը, այն է` անձնական ապահովագրության պայմանագրի բացակայության պայմաններում հիմնավոր է համարել այդպիսի պայմանագրի առկայությունը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.05.2007 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Հայցվորները ավիավթարից տուժված Արման Դավթյանի ծնողներն են, որոնք «Գրանդ» ապահովագրական ՍՊԸ-ի և Կազմակերպության միջև կնքված` վթարված օդաչուների կյանքի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի պահանջի իրավունք ունեն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Կազմակերպությանը պատկանող ինքնաթիռը ենթարկվել է ավիավթարի, որի արդյունքում զոհվել է անձնակազմի անդամ Արման Դավթյանը:
2. 26.12.2005 թվականին Ընկերության և Կազմակերպության միջև կնքված թիվ CW000001 ապահովագրության վկայագրի համաձայն (այսուհետ` Պայմանագիր)` ապահովագրվել են թռիչքային առաջադրանքի ընթացքում ինքնաթիռի թռիչքային և աշխատանքային պարտականություններ կատարելու ժամանակ ինժեներատեխնիկական անձնակազմերի կյանքին և առողջությանը հասցված վնասի հետ կապված Կազմակերպության գույքային շահերը:
3. Պայմանագրով շահառու է հանդիսացել Ընկերությունը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
i
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջի մասին)):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հայցապահանջի բավարարման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ընկերության և Կազմակերպության միջև կնքված պայմանագրով շահառու է հանդիսանում օդաչու Արման Դավթյանը, իսկ ապահովագրության օբյեկտը վերջինիս կյանքն է, չի հիմնավորել այդ եզրահանգումը:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված այլ հիմքերից:
Սույն քաղաքացիական գործով Ընկերության և Կազմակերպության միջև կնքված Պայմանագրի համաձայն` ապահովագրվել է թռիչքային առաջադրանքի ընթացքում ինքնաթիռի թռիչքային և աշխատանքային պարտականություններ կատարելու ժամանակ ինժեներատեխնիկական անձնակազմերի կյանքին և առողջությանը հասցված վնասի հետ կապված Կազմակերպության գույքային շահերը: Պայմանագրով շահառու է հանդիսացել Կազմակերպությունը:
Վերոնշյալ Պայմանագրից հետևում է, որ ապահովագրության օբյեկտ են ոչ թե Կազմակերպությանը պատկանող ինքնաթիռի անձնակազմի կյանքը կամ առողջությունը, այլ անձնակազմին հասցված վնասի հետ կապված Կազմակերպության գույքային շահերը: Իսկ Պայմանագրով շահառուն Ընկերությունն է:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով Ընկերության և Արման Դավթյանի, ինչպես նաև նրա ժառանգների միջև որևէ պարտավորաիրավական հարաբերություններ առկա չեն:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև` գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.05.2007 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան