Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Երևանի  Ավան և  Նոր Նորք համայնքների    Քաղաքացիական գործ թիվ 3-88 (Ա)

    առաջին ատյանի դատարանի վճիռ                                    2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-1112/2002 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                                              Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

                                              Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

                                              

2008 թվականի փետրվարի 1-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Ելոյանի վճռաբեկ բողոքը Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 11.11.2002 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ազնիվ Թադևոսյանի ընդդեմ Արմեն, Կարինե, Սոնա և Լիլիթ Ելոյանների` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ազնիվ Թադևոսյանը պահանջել է Երևանի Նոր Նորք համայնքի 1-ին զանգվածի 97/98 շենքի թիվ 100 բնակարանից առանձնացնել բաժինը և դրա նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 11.11.2002 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Ելոյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված` գործի քննությանը մասնակից դարձվելու անձի իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործը քննել է պատասխանողի բացակայությամբ, առանց 11.11.2002 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու:

i

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

09.10.1995 թվականի Խորհրդային շրջանի գործկոմի թիվ 52/273 որոշմամբ Երևան քաղաքի Նորքի 1-ին զանգվածի թիվ 97/98 շենքի թիվ 100 բնակարանը սեփականաշնորհվել է հայցվորի ամուսին` Սաշիկ Ելոյանին, հայցվորին և պատասխանողներին:

Սաշիկ Ելոյանի մահվանից հետո Երևան քաղաքի առաջին պետական նոտարական գրասենյակում բացվել է ըստ օրենքի ժառանգություն, որով Ազնիվ Թադևոսյանը որպես ժառանգ, ճանաչվել է Երևան քաղաքի Նորքի 1-ին զանգվածի 97/98 շենքի թիվ 100 բնակարանի 1/6 բաժնի սեփականատեր, որը հիմք ընդունելով դատարանը հայցվորին հատկացրել է բնակարանի 1/3 մասը:

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրից երևում է, որ ժառանգատուի մահից հետո նրա ժառանգական գույքը հանդիսանում է վերը նշված հասցեում գտնվող բնակարանի 1/6 մասը, և հայցվորը, որպես ըստ օրենքի առաջին հերթի ժառանգ, ժառանգել է ժառանգական զանգվածի կեսը` 1/12 մասը, իսկ 1/12 մասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր չի տրվել` հաշվի առնելով մյուս ժառանգի` Արմեն Ելոյանի իրավունքները: Վերոգրյալից հետևում է, որ բնակարանի 1/4-ի (1/6+1/12=1/4) նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է հայցվորին:

i

3) Դատարանը կիրառել է քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել նույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառումը անհիմն է, քանի որ բնակարանը բազմաբնակարան շենքում է, ընդհանուր են ինչպես կոմունալ հարմարությունները, այնպես էլ մուտքը: Հետևաբար, դատարանը պետք է կիրառեր 197-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը:

Դատարանը կատարել է միայն բնակմակերեսների արհեստական առանձնացում, որով խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 11.11.2002 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

11.11.2002 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Արմեն Ելոյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: Դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Արմեն Ելոյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու վճիռ կայացրել: Քաղաքացիական գործում առկա չէ 11.11.2002 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Արմեն Ելոյանին ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:

i

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումն տե՛ս Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ և երրորդ հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք Վճռաբեկ դատարանի կողմից չեն քննարկվում:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն Դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 11.11.2002 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.02.2008
N 3-88 (Ա)
Որոշում