Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/0513/05/19

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0513/05/19

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի փետրվարի 4-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ Ծառայություն) վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գևորգ Խաչատրյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանն ընդունելու բարենպաստ վարչական ակտ, այն է` վերացնել Ծառայության տնօրեն Գ. Կուտոյանի 18.12.2017 թվականի Գևորգ Խաչատրյանին Ծառայությունից արձակելու մասին թիվ 944-Ագ հրամանը (այսուհետ` Հրաման), և Գևորգ Խաչատրյանին վերականգնել ծառայությունում` միաժամանակ միջնորդելով հարգելի համարել բաց թողնված դատավարական ժամկետը և վերականգնել այն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ալ. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 05.02.2019 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

Հայցադիմումը կրկին է ներկայացվել 18.02.2019 թվականին, որով Գևորգ Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ. Կուտոյանի 18.12.2017 թվականի` Գևորգ Խաչատրյանին ծառայությունից արձակելու մասին թիվ 944-Ագ հրամանը, և որպես հետևանքները վերացնելու ածանցյալ պահանջ` Գևորգ Խաչատրյանին վերականգնել ծառայությունում:

Դատարանի 25.02.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, պահանջվել է ապացույց և նշանակվել է նախնական դատական նիստ:

Գևորգ Խաչատրյանը 08.10.2019 թվականին խնդրել է փոփոխել հայցի առարկան, այն է` անվավեր ճանաչել Ծառայության տնօրենի 14.12.2017 թվականի «Կապիտան Գ. Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 936-Ագ հրամանը, անվավեր ճանաչել Ծառայության տնօրեն Գ. Կուտոյանի 18.12.2017 թվականի` Գևորգ Խաչատրյանին ծառայությունից արձակելու մասին թիվ 944-Ագ հրամանը և, որպես հետևանքները վերացնելու ածանցյալ պահանջ` վերականգնել իրեն Ծառայությունում և Ծառայությունից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, հաշվարկված ամսական 300.000 ՀՀ դրամի չափով` սկսած 14.12.2017 թվականից մինչև աշխատանքի փաստացի վերականգնելու օրը: Միաժամանակ ներկայացվել է Ծառայության տնօրենի 14.12.2017 թվականի «Կապիտան Գ. Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 936-Ագ հրամանը վիճարկելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

Դատարանի 15.10.2019 թվականի որոշմամբ Գևորգ Խաչատրյանի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարանի) 11.12.2019 թվականի որոշմամբ Ծառայության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.10.2019 թվականի «Բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գևորգ Խաչատրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ, 54-րդ հոդվածները, 72-րդ հոդվածի 1-ին մասը, 144-րդ հոդվածը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետությունում զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 11-րդ մասը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ և 60-րդ հոդվածի 1-ին մասերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վարչական ակտը եռօրյա ժամկետում կարող է հանձնվել այնպիսի եղանակներից մեկով, որով կհաստատվեր հասցեատիրոջ կողմից պատշաճ կարգով ծանուցված լինելու փաստը: Ծառայության տնօրենի 14.12.2017 թվականի թիվ 936-Ագ հրամանը` որպես հրապարակման ոչ ենթակա անհատական իրավական ակտ, ուժի մեջ է մտել հաջորդ օրվանից` 15.12.2017 թվականից: Ծառայության տնօրենի 18.12.2017 թվականի թիվ 944-Ագ հրամանը համարվում է անհատական գաղտնի հրաման և համարվում է հրապարակման ոչ ենթակա իրավական ակտ: Վերաքննիչ դատարանը, չպարզելով վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը, չգնահատելով գործում առկա այլ գրավոր ապացույցները, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը, եկել է այն սխալ եզրակացության, որ Գևորգ Խաչատրյանը, Ծառայության տնօրենի 14.12.2017 թվականի հրամանի պատճենը ստացած չլինելով, զրկվել է միջամտող վարչական ակտի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ գործում առկա է հայցվորի կողմից 05.09.2018 թվականի դիմումը, որով վերջինս, ի թիվս այլնի, նշում է, որ իբր խիստ նկատողություն տույժը հրահանգվել է փոխարինել ծառայությունից արձակելու տույժով, ինչը ևս վկայում է, որ հայցվորը տեղյակ է վիճարկվող հրամանի գոյության մասին: Այսինքն` գործում առկա են բավարար ապացույցներ, մասնավորապես` զեկուցագիր, դիմում, որտեղ Գևորգ Խաչատրյանը նշել է այն մասին, որ նա իրազեկված է եղել իր նկատմամբ իրականացվող ծառայողական քննության վերաբերյալ, վերջինս ընդունել է իր կողմից կատարված կարգապահական խախտումը և ծանոթացել է ծառայողական քննության արդյունքներով կարգապահական տույժի ենթարկելու մասին եզրակացության հետ, իսկ Ծառայությունն օրենքով սահմանված կարգով նշված հրամանը հայտարարել է Գևորգ Խաչատրյանին, ինչն էլ նա ընդունել է նախնական դատական նիստի ընթացքում:

Սույն գործի փաստերից ակնհայտ է, որ Գևորգ Խաչատրյանը որևէ միջոց չի ձեռնարկել վարչական ակտը վիճարկելու համար, իսկ Դատարան հայց ներկայացրել է միայն 29.01.2019 թվականին և որպես բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հիմնավորում` վկայակոչել է իր կամքից անկախ իր գործին առնչվող ամբողջական նյութերը չունենալու հանգամանքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 11.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը` կայացնելով նոր դատական ակտ` վերացնել Դատարանի 15.10.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին»:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումները հիմնավոր են և պատճառաբանված, դրանցում թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:

Ծառայության կողմից վկայակոչած այն պնդումները, որ հայցվորը վարչական ակտի վերաբերյալ իրազեկված է եղել օրենքով սահմանված կարգով, անհիմն է և չի համապատասխանում իրականությանը:

Բողոք բերած անձի փաստարկները հիմնավոր չեն, առարկայազուրկ են, և ներկայացված իրավական դիրքորոշումները վերաբերելի չեն հայցվորին, ուստիև Ծառայության վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

i

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին` Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի` նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

i

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը (այսուհետ` ծառայություն) զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են նույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ազգային անվտանգության մարմինների ծառայողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի (այսուհետ` Կանոնագիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված է, որ զինծառայողներին կարող է տրվել զինվորական ծառայությունից արձակում կարգապահական տույժը:

i

Կանոնագրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության 28-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` «Զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և կարող է հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով արձակվում է զինվորական ծառայությունից` օրենքով սահմանված կարգով:

i

Կանոնագրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` զինվորական ծառայության անցման հետ կապված հարցերով զինծառայողն իրավունք ունի իր անմիջական հրամանատարին (պետին), իսկ Կանոնագրքի 46-րդ հոդվածում նշված սահմանների վերազանցման դեպքերում, ինչպես նաև իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը բողոքարկելու կամ այլ զինծառայողների կողմից անօրինական ու անարդար գործողություններ կատարելու մասին վերադաս հրամանատարներին (պետերին) ներկայացնելու զեկուցագիր: Զեկուցագրում պարտադիր նշվում են առաջարկվող կամ բողոքարկվող հարցի էությունը, այն հրամանատարի (պետի) կամ այլ զինծառայողի տվյալները, որոնց գործողությունները կամ անգործությունը բողոքարկվում են, ինչպես նաև զեկուցագիր ներկայացնող զինծառայողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, զինվորական կոչումը, բնակության (ուսման) վայրը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` զինծառայողն իրավունք չունի զեկուցագիր ներկայացնելու մարտական հերթապահության մեջ, շարքում, պահակախմբում, օրվա վերակարգում կամ ուսումնական պարապմունքներում գտնվելու ժամանակ, բացառությամբ նշված ժամանակ զինծառայողին տրվող նպատակային հարցման դեպքի: Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը զինծառայողը կարող է բողոքարկել տույժի մասին իրեն հայտարարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

i

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ազգային անվտանգության մարմինների ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման, ազատման, ծառայությունից արձակման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանի քաղվածք, որից հանվում է պետական կամ ծառայողական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ է մտել 31.05.2002 թվականին, ուժը կորցրել է 07.04.2018 թվականին) 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հրապարակման ենթակա չեն միայն իրավական այն ակտերը կամ դրանց առանձին այն մասերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք:

Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, իսկ ստորագրման կամ վավերացման կամ պետական գրանցման ենթակա իրավական ակտերը` դրանց ստորագրմանը կամ վավերացմանը կամ գրանցմանը հաջորդող օրվանից:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հրապարակման ոչ ենթակա իրավական ակտի հերթական համարի վերջում` իրավական ակտի բնույթը սահմանող տառից հետո, իրավական ակտն ընդունող մարմնի կողմից դրվում են «Գ» կամ «ՀԳ» կամ «ՀԿ» տառերը:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկություններից ելնելով` նշված ոլորտում իրավահարաբերությունները կարգավորվում են հատուկ օրենքով, հետևաբար ազգային անվտանգության մարմինների նկատմամբ իրականացվող վարչարարությունը, մասնավորապես` ծառայողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքով: Վերոնշյալ օրենքի իրավակարգավորումից պարզ է դառնում, որ «Զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և կարող է հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Այսինքն` նշված կարգապահական տույժի տեսակը կիրառելիս վարչական մարմինն արձակում է հրաման` կամ անհատապես կամ համապատասխան շարքի առաջ:

Իրավական այն ակտերը կամ դրանց առանձին այն մասերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք, համարվում են հրապարակման ոչ ենթակա իրավական ակտեր, որոնք ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից: Ընդ որում, զինծառայողն իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը կարող է բողոքարկել այդ մասին իրեն հայտարարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը հատուկ իրավակարգավորումներ է սահմանել նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայողների նկատմամբ արձակված հրամանների տրամադրման կարգի վերաբերյալ, որից հետևում է, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայողներին ոչ բոլոր հրամանների պատճեններն են տրվում: Մասնավորապես` վերջիններիս չեն տրամադրվում պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն պարունակող հրամանները, իսկ այդ իրավական ակտերի վերջում ընդունող մարմնի կողմից դրվում են «Գ» կամ «ՀԳ» կամ «ՀԿ» տառերը: Անձին կարող է տրամադրվել այդ հրամանից քաղվածք, որից հանվում է պետական կամ ծառայողական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայողի կողմից կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանի վիճարկման հայցով դատարան դիմելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը չի կարող հարգելի համարվել հետևյալ պատճառաբանություններով. այսպես, սույն վարչական գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ.

i

- Ծառայության տնօրենի առաջին տեղակալի ցուցումով ծառայողական քննություն է իրականացվել Գևորգ Խաչատրյանի կողմից առանց համապատասխան թույլտվության ծառայության վայրը լքելու փաստով: Ծառայողական քննության արդյունքներով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիման վրա` Ծառայության տնօրենի 14.12.2017 թվականի թիվ 936-Ագ հրամանով Գևորգ Խաչատրյանը ենթարկվել է «Զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժի (հատոր 1-ին, գ.թ. 43-44), իսկ 18.12.2017 թվականի թիվ 944-Ագ հրամանով Գևորգ Խաչատրյանն արձակվել է զինվորական ծառայությունից (հատոր 1-ին, գ.թ. 21):

- Գևորգ Խաչատրյանը 05.09.2018 թվականին և 07.11.2018 թվականին դիմել է Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին` Ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կողմից վիճարկվող հրամանը վերանայելու և ոչ իրավաչափ ճանաչելու խնդրանքով: Ծառայությունը, ուսումնասիրելով դիմումները, 29.11.2018 թվականի N 15/564 գրությամբ Գևորգ Խաչատրյանին պատասխանել է, որ 2017 թվականին իրականացված ծառայողական քննության արդյունքների վերանայման հիմքեր առկա չեն (հատոր 1-ին, գ.թ. 50, 57-59, 73-74):

- Գևորգ Խաչատրյանը Ծառայության տնօրեն Գ. Կուտոյանի 18.12.2017 թվականի Գևորգ Խաչատրյանին Ծառայությունից արձակելու մասին թիվ 944-Ագ հրամանն անվավեր ճանաչելու պահանջով առաջին անգամ Դատարան է դիմել 29.01.2019 թվականին: Դատարանի 13.09.2019 թվականի դատական նիստի ընթացքում հայցվոր Գևորգ Խաչատրյանն ընդունել է, որ իրազեկվել է իր նկատմամբ իրականացված ծառայողական քննության վերաբերյալ և արդյունքում ընդունած հրամանի բովանդակության մասին: Գևորգ Խաչատրյանը պահանջել է իրեն տրամադրել վիճարկվող հրամանը, մինչդեռ Ծառայության կողմից պատասխանել են, որ իրեն չի կարող տրվել հրամանի պատճենը, քանի որ այն հրապարակման ոչ ենթակա գաղտնի անհատական իրավական ակտ է:

- 08.10.2019 թվականին Գևորգ Խաչատրյանը հայցի առարկայի փոփոխության միջնորդությամբ խնդրել է, բացի, անվավեր ճանաչել Ծառայության տնօրենի 14.12.2017 թվականի «Կապիտան Գ. Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 936-Ագ հրամանը, 18.12.2017 թվականի Գևորգ Խաչատրյանին Ծառայությունից արձակելու մասին թիվ 944-Ագ հրամանը և, որպես հետևանքները վերացնելու ածանցյալ պահանջ, վերականգնել իրեն Ծառայությունում և Ծառայությունից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, հաշվարկված` ամսական 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով` սկսած 14.12.2017 թվականից մինչև աշխատանքի փաստացի վերականգնելու օրը (հատոր 1-ին, գ.թ. 80-81):

- 08.10.2019 թվականին Գևորգ Խաչատրյանի կողմից ներկայացվել է նաև միջնորդություն` Ծառայության տնօրենի 14.12.2017 թվականի «Կապիտան Գ. Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 936-Ագ հրամանի վիճարկման համար բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին, որը Դատարանի 15.10.2019 թվականի որոշմամբ բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 91-94):

Դատարանը, 15.10.2019 թվականի որոշմամբ բավարարելով Գևորգ Խաչատրյանի ներկայացրած բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, պատճառաբանել է, որ թեև անձի նկատմամբ կայացված հրամանը հայտարարելու ընթացակարգից հետո վերջինս համարվում է իրազեկված, մինչդեռ անձնապես ստացած չլինելով իր նկատմամբ կայացված վարչական ակտը, զրկվում է միջամտող վարչական ակտի իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունից: Դատարանն արձանագրել է նաև, որ հայցվորի պնդմամբ վերջինս վիճարկվող հրամանի մասին իրազեկվել է միայն գործի դատական քննության ընթացքում, երբ Ծառայության կողմից Դատարան է ներկայացվել Ծառայության տնօրենի 14.12.2017 թվականի թիվ 936-Ագ հրամանը, հետևաբար, նկատի ունենալով, որ վարչական գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ վիճարկվող հրամանը հայցվորի տիրապետման տակ է եղել ավելի վաղ, քան 13.09.2019 թվականի նախնական նիստի ժամանակ, Դատարանը գտել է, որ վիճարկման հայցի դատավարական ժամկետի բաց թողնման պատճառը հարգելի է և ենթակա բավարարման:

i

Վերաքննիչ դատարանը, 11.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ մերժելով Ծառայության վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները` արձանագրելով, որ անձը, անձնապես ստացած չլինելով իր նկատմամբ կայացված վարչական ակտը, զրկվում է միջամտող վարչական ակտի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վիճարկվող վարչական ակտի հասցեատիրոջ համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետը պետք է սկսի հոսել այն պահից, երբ վերջինս տեղյակ է դարձել վիճարկվող վարչական ակտի մասին:

Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով հայցվոր Գևորգ Խաչատրյանը Դատարան առաջին անգամ հայց է ներկայացրել 29.01.2019 թվականին` Ծառայության տնօրեն Գ. Կուտոյանի 18.12.2017 թվականի Գևորգ Խաչատրյանին Ծառայությունից արձակելու մասին թիվ 944-Ագ հրամանն անվավեր ճանաչելու, և, որպես հետևանք, Գևորգ Խաչատրյանին ծառայությունում վերականգնելու պահանջով: Միաժամանակ, հայցվորի կողմից հայցադիմումին կից ներկայացվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որը Դատարանի կողմից գնահատել է որպես առարկայազուրկ և քննարկման ոչ ենթակա այն հիմնավորմամբ, որ հայցվորը հայցադիմումը ներկայացրել է բողոքարկման արդյունքում կայացված 29.11.2018թ. թիվ 15/564 գրության մասին իրազեկվելու պահից սկսած երկամսյա ժամկետում:

08.10.2019 թվականին հայցի առարկայի փոփոխության միջնորդությամբ հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել 18.12.2017 թվականի Գևորգ Խաչատրյանին Ծառայությունից արձակելու մասին թիվ 944-Ագ հրամանը, Ծառայության տնօրենի 14.12.2017 թվականի «Կապիտան Գ. Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 936-Ագ հրամանը և, որպես հետևանքները վերացնելու ածանցյալ պահանջ, վերականգնել իրեն Ծառայությունում և Ծառայությունից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը` հաշվարկված ամսական 300.000 ՀՀ դրամի չափով` սկսած 14.12.2017 թվականից մինչև աշխատանքի փաստացի վերականգնելու օրը: Կից ներկայացվել է միջնորդություն` Ծառայության տնօրենի 14.12.2017 թվականի «Կապիտան Գ. Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 936-Ագ հրամանի վիճարկման համար հայց ներկայացնելու օրենքով սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, որը Դատարանի 15.10.2019 թվականի որոշմամբ բավարարվել է:

Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործի փաստերը ստորադաս ատյանների պատճառաբանությունների հետ, արձանագրում է, որ այն պատճառաբանությունները, որ թեև հայցվոր Գևորգ Խաչատրյանը հատուկ ընթացակարգերից հետո իրազեկված լինելով իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին, այնուամենայնիվ, անձնապես չստանալով իր նկատմամբ կիրառված վարչական ակտը, զրկվում է միջամտող վարչական ակտի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից, անհիմն է և չի բխում սույն գործի փաստերից և վերոգրյալ իրավակարգավորումներից հետևյալ պատճառաբանությամբ.

Գևորգ Խաչատրյանը 13.09.2019 թվականի դատական նիստի ընթացքում ընդունել է, որ ինքն իրազեկվել է իր նկատմամբ իրականացվող ծառայողական քննության և դրա արդյունքում արձակված կարգապահական տույժի մասին, սակայն վիճարկվող հրամանը իրեն չի տրամադրվել: Հայցվորը նշել է, որ իրեն տեղեկացրել են ծառայությունից արձակելու վերաբերյալ, ինչը հաշվի առնելով` իր կողմից 04.12.2017 թվականին ներկայացվել է զեկուցագիր` իրեն Ծառայությունից ազատելու համար, այնուհետև իրեն տրվել է ծառայությունից արձակման թերթիկ: Վարչական վարույթի նյութերում առկա` հայցվորի կողմից ներկայացված զեկուցագրերով, ինչպես նաև Գևորգ Խաչատրյանի Ծառայությանն ուղղված 05.09.2018 թվականին և 18.11.2018 թվականին դիմումներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ հայցվորին «Զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժը հայտարարվել է անհատապես, ուստիև անվիճելի է, որ վերջինս համարվում է իրազեկված նշված վիճարկվող հրամանի մասին:

Ինչ վերաբերում է ստորադաս ատյանների այն պատճառաբանությանը, որ կոնկրետ վիճարկվող հրամանը հայցվորին չի հանձնվել, ուստիև վերջինս զրկված էր օրենքով սահմանված ժամկետում դրա իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունից, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

այն դեպքում, երբ Ծառայությունը չի տրամադրել Գևորգ Խաչատրյանին վիճարկվող հրամանն այն պատճառաբանությամբ, որ վերջինս «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի և իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի

(ուժի մեջ է մտել 31.05.2002 թվականին, ուժը կորցրել է 07.04.2018 թվականին) 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանդիսանում է հրապարակման ոչ ենթակա անհատական իրավական ակտ, որը չի կարող տրամադրվել հայցվորին, քանի որ պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայության կողմից վերոնշյալ հրամանն այդպիսին որակելու պարագայում հայցվորը դեռևս զրկված չէր Ծառայությունից պահանջելու հրամանի քաղվածքը և Կանոնագրքի 47-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկելու այն, կամ օրենքով սահմանված երկամսյա ժամկետում վիճարկելու վարչական դատարանում: Մինչդեռ գործում բացակայում են ապացույցներն այն մասին, որ հայցվորի կողմից պահանջվել է իրեն տրամադրելու վիճարկվող հրամանի քաղվածքը, որ վիճարկվող հրամանն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով բողոքարկվել է հայցվորի կողմից վարչական կամ դատական կարգով: Հակառակը, Գևորգ Խաչատրյանը միայն 05.09.2018 թվականին և 07.11.2018 թվականին է դիմել Ծառայության տնօրենին` իրեն Ծառայությունից արձակելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու խնդրանքով, իսկ առաջին անգամ հայցադիմումը վարչական դատարան է ներկայացվել միայն 29.01.2019 թվականին, այսինքն` վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետի էական խախտմամբ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ անձնապես ստացած չլինելով իր նկատմամբ կայացված վարչական ակտը, անձը զրկվում է միջամտող վարչական ակտի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` հայցադիմումին կցվում են` վիճարկվող ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել:

Վերոնշյալ նորմի տառացի մեկնաբանությունից ուղղակիորեն բխում է, որ վիճարկման ակտին կամ դրա պատճենին հայցվորի չտիրապետելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ նրա իրավունքների դատական կարգով պաշտպանության համար, քանի որ օրենսդիրը հայցվորին վիճարկման հայց ներկայացնելիս տվել է վիճարկվող վարչական ակտը հայցադիմումին չկցելու հնարավորություն, եթե դա անհնարին է դարձել, մասնավորապես` վարչական մարմնի կողմից այդ ակտը հայցվորին չտրամադրելու, չհանձնելու հետևանքով:

Նման իրավակարգավորումն ինքնանպատակ չէ և կոչված է ապահովելու դատարանի մատչելիությունը: Մինչդեռ, տվյալ դեպքում օրենսդրությամբ սահմանված վերոնշյալ` վարչական ակտին չտիրապետելու պայմաններում հայց ներկայացնելու հնարավորությունից հայցվորը չի օգտվել, որպիսի պայմաններում վարչական ակտը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից զրկված լինելու պատճառաբանությունը ևս հիմնավոր չէ:

Այսպիսով, Գևորգ Խաչատրյանը, տեղեկացված լինելով վիճարկվող վարչական ակտի գոյության և բովանդակության մասին, չի ապացուցել օրենքով սահմանված ժամկետի ընթացքում դատարան դիմելու ուղղությամբ իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ձեռնարկելու և իր կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքների առկայությունը, հետևաբար վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ վերջինիս միջնորդությունն անհիմն է:

Վերոգրյալից հետևում է, որ Գևորգ Խաչատրյանը կորցրել է Ծառայության տնօրեն Գ. Կուտոյանի 14.12.2017 թվականի` «Կապիտան Գ. Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 936-Ագ հրամանն անվավեր ճանաչելու վերաբերյալ վիճարկման հայցով դատարան դիմելու իրավունքը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել 11.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` վերացնել ՀՀ վարչական դատարանի 15.10.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

04.02.2022թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/0513/05/19 վարչական գործով 04.02.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 04.02.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 11.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` վերացնել ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.10.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Հովսեփ Բեդևյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության տնօրեն Գ. Կուտոյանի 18.12.2017 թվականի Գևորգ Խաչատրյանին Ծառայությունից արձակելու մասին թիվ 944-Ագ հրամանն անվավեր ճանաչելու, և, որպես հետևանք, Գևորգ Խաչատրյանին ծառայությունում վերականգնելու պահանջի մասին հայցադիմումը Գևորգ Խաչատրյանի կողմից դատարան է ներկայացվել 29.01.2019 թվականին: Միաժամանակ, հայցադիմումին կից ներկայացվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որը Դատարանի կողմից գնահատվել է որպես առարկայազուրկ և քննարկման ոչ ենթակա այն հիմնավորմամբ, որ հայցվորը հայցադիմումը ներկայացրել է բողոքարկման արդյունքում կայացված 29.11.2018 թվականի թիվ 15/564 գրության մասին իրազեկվելու պահից սկսած երկամսյա ժամկետում:

Հայցվորը 08.10.2019 թվականին Դատարան է ներկայացրել հայցի առարկայի փոփոխության միջնորդություն` խնդրելով անվավեր ճանաչել 18.12.2017 թվականի Գևորգ Խաչատրյանին Ծառայությունից արձակելու մասին թիվ 944-Ագ հրամանը, Ծառայության տնօրենի 14.12.2017 թվականի «Կապիտան Գ. Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 936-Ագ հրամանը և, որպես հետևանքները վերացնելու ածանցյալ պահանջ, վերականգնել իրեն Ծառայությունում և Ծառայությունից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը` հաշվարկված ամսական 300.000 ՀՀ դրամի չափով` սկսած 14.12.2017 թվականից մինչև աշխատանքի փաստացի վերականգնելու օրը: Միաժամանակ հայցվորը ներկայացրել է միջնորդություն` Ծառայության տնօրենի 14.12.2017 թվականի «Կապիտան Գ. Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 936-Ագ հրամանի վիճարկման համար հայց ներկայացնելու օրենքով սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ:

Դատարանը 15.10.2019 թվականի որոշմամբ բավարարել է Գևորգ Խաչատրյանի ներկայացրած բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, պատճառաբանելով, որ թեև անձի նկատմամբ կայացված հրամանը հայտարարելու ընթացակարգից հետո վերջինս համարվում է իրազեկված, մինչդեռ անձնապես ստացած չլինելով իր նկատմամբ կայացված վարչական ակտը, զրկվում է միջամտող վարչական ակտի իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունից: Դատարանն արձանագրել է նաև, որ հայցվորի պնդմամբ վերջինս վիճարկվող հրամանի մասին իրազեկվել է միայն գործի դատական քննության ընթացքում, երբ Ծառայության կողմից Դատարան է ներկայացվել Ծառայության տնօրենի 14.12.2017 թվականի թիվ 936-Ագ հրամանը, հետևաբար, նկատի ունենալով, որ վարչական գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ վիճարկվող հրամանը հայցվորի տիրապետման տակ է եղել ավելի վաղ, քան 13.09.2019 թվականի նախնական նիստի ժամանակ, Դատարանը գտել է, որ վիճարկման հայցի դատավարական ժամկետի բաց թողնման պատճառը հարգելի է և ենթակա բավարարման:

Վերաքննիչ դատարանը 11.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ մերժելով Ծառայության վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները` արձանագրելով, որ անձը, անձնապես ստացած չլինելով իր նկատմամբ կայացված վարչական ակտը, զրկվում է միջամտող վարչական ակտի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վիճարկվող վարչական ակտի հասցեատիրոջ համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետը պետք է սկսի հոսել այն պահից, երբ վերջինս տեղյակ է դարձել վիճարկվող վարչական ակտի մասին:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչներ` Ա. Սանամյան և Թ. Ղուկասյան):

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 11.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` վերացնել Դատարանի 15.10.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը:

i

Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման` Վճռաբեկ դատարանը վկայակոչել և վերլուծության է ենթարկել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 65-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 43-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի (այսուհետ` Կանոնագիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, Կանոնագրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության 28-րդ հոդվածի 11-րդ մասը, Կանոնագրքի 46-րդ հոդվածը, 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի

(ուժի մեջ է մտել 31.05.2002 թվականին, ուժը կորցրել է 07.04.2018 թվականին) 59-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը, արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման մասին ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի և այդ իրավունքի ժամկետային սահմանափակումների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) Kreuz v. Poland (28249/95) գործով 19.06.2001 թվականի վճռով` 52-րդ կետ, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով 13.07.1995 թվականի վճռով` 59-րդ կետ, Khalfaoui v. France (34791/97) գործով 14.12.1999 թվականի վճռով` 36-րդ կետ, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով 12.04.2016 թվականի վճռով` 28-րդ կետ, արտահայտած, ինչպես նաև բաց թողնված ժամկետը հարգելի համարելու օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքերի, բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու դատարանի լիազորության իրականացման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 30.07.2014 թվականի, 30.10.2013 թվականի, 10.12.2014 թվականի, 24.12.2014 թվականի, 15.07.2015 թվականի և 30.03.2016 թվականի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` եզրահանգելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) Գևորգ Խաչատրյանը 13.09.2019 թվականի դատական նիստի ընթացքում ընդունել է, որ ինքն իրազեկվել է իր նկատմամբ իրականացվող ծառայողական քննության և դրա արդյունքում արձակված կարգապահական տույժի մասին, սակայն վիճարկվող հրամանը իրեն չի տրամադրվել: Հայցվորը նշել է, որ իրեն տեղեկացրել են ծառայությունից արձակելու վերաբերյալ, ինչը հաշվի առնելով` իր կողմից 04.12.2017 թվականին ներկայացվել է զեկուցագիր` իրեն Ծառայությունից ազատելու համար, այնուհետև իրեն տրվել է ծառայությունից արձակման թերթիկ: Վարչական վարույթի նյութերում առկա` հայցվորի կողմից ներկայացված զեկուցագրերով, ինչպես նաև Գևորգ Խաչատրյանի Ծառայությանն ուղղված 05.09.2018 թվականին և 18.11.2018 թվականին դիմումներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ հայցվորին «Զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժը հայտարարվել է անհատապես, ուստիև անվիճելի է, որ վերջինս համարվում է իրազեկված նշված վիճարկվող հրամանի մասին:

(...) այն դեպքում, երբ Ծառայությունը չի տրամադրել Գևորգ Խաչատրյանին վիճարկվող հրամանն այն պատճառաբանությամբ, որ վերջինս «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի և իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի

(ուժի մեջ է մտել 31.05.2002 թվականին, ուժը կորցրել է 07.04.2018 թվականին) 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանդիսանում է հրապարակման ոչ ենթակա անհատական իրավական ակտ, որը չի կարող տրամադրվել հայցվորին, քանի որ պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայության կողմից վերոնշյալ հրամանն այդպիսին որակելու պարագայում հայցվորը դեռևս զրկված չէր Ծառայությունից պահանջելու հրամանի քաղվածքը և Կանոնագրքի 47-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկելու այն, կամ օրենքով սահմանված երկամսյա ժամկետում վիճարկելու վարչական դատարանում: Մինչդեռ գործում բացակայում են ապացույցներն այն մասին, որ հայցվորի կողմից պահանջվել է իրեն տրամադրելու վիճարկվող հրամանի քաղվածքը, որ վիճարկվող հրամանն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով բողոքարկվել է հայցվորի կողմից վարչական կամ դատական կարգով: Հակառակը, Գևորգ Խաչատրյանը միայն 05.09.2018 թվականին և 07.11.2018 թվականին է դիմել Ծառայության տնօրենին` իրեն Ծառայությունից արձակելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու խնդրանքով, իսկ առաջին անգամ հայցադիմումը վարչական դատարան է ներկայացվել միայն 29.01.2019 թվականին, այսինքն` վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետի էական խախտմամբ:

 

(...) Գևորգ Խաչատրյանը, տեղեկացված լինելով վիճարկվող վարչական ակտի գոյության և բովանդակության մասին, չի ապացուցել օրենքով սահմանված ժամկետի ընթացքում դատարան դիմելու ուղղությամբ իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ձեռնարկելու և իր կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքների առկայությունը, հետևաբար վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ վերջինիս միջնորդությունն անհիմն է»:

Վերոգրյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտել է, որ Գևորգ Խաչատրյանը կորցրել է Ծառայության տնօրեն Գ. Կուտոյանի 14.12.2017 թվականի` «Կապիտան Գ. Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 936-Ագ հրամանն անվավեր ճանաչելու վերաբերյալ վիճարկման հայցով դատարան դիմելու իրավունքը:

 

Գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունները չէին կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի 11.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու, այն է` Դատարանի 15.10.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերացնելու համար հետևյալ հիմնավորմամբ.

Այսպես.

Սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանը պայմանավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը որոշել է Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնել, կարելի է եզրահանգել, որ Վճռաբեկ դատարանը, փաստորեն, հաստատված է համարել արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալի, այն է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման առկայությունը` այդ եզրահանգումը հիմնավորելու նպատակով վկայակոչելով դատական պաշտպանության, անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքների իրացումը երաշխավորող ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով և Եվրոպական դատարանի վճիռներով արտահայտված այն իրավական դիրքորոշումները, ըստ որոնց` դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է, դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը, դատարանի մատչելիության իրավունքը կարող է ենթարկվել ժամկետային սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները պետք է համատեղելի լինեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, այնինչ հանգել է վերոգրյալ իրավանորմերի և իրավական դիրքորոշումների տրամաբանությանը տրամագծորեն հակառակ տրամաբանական եզրահանգման` գտնելով, որ անձին չի կարող տրամադրվել դատական պաշտպանություն:

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ վերը վկայակոչված իրավանորմերն ու դրանց վերաբերյալ կատարված վերլուծությունները, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով և Եվրոպական դատարանի վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին որոշումներով կիրառվել են ի հիմնավորումն դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը բավարարման ենթակա լինելու եզրահանգման (տե՛ս, Գարեգին Հարությունյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Արմեն Չատյանի թիվ ՎԴ/3118/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.11.2020 թվականի որոշումը, Գուրգեն Ազատյանն ու Ելիզավետա Մանասյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Ղևոնդ Ղալումյանի թիվ ՎԴ/6202/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության, արդարադատության մատչելիության իրավունքների իրացման խոչընդոտների ստեղծման անթույլատրելիության և այդ իրավունքների սահմանափակումները Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ անհամատեղելի լինելու մասին դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի իրավակարգավորումը, Վճռաբեկ դատարանը փաստորեն Գևորգ Խաչատրյանին զրկել է Ծառայության տնօրեն Գ. Կուտոյանի 14.12.2017 թվականի` «Կապիտան Գ. Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 936-Ագ հրամանն անվավեր ճանաչելու վերաբերյալ վիճարկման հայցով դատարան դիմելու իրավունքից, ըստ էության, գտնելով, որ արդարադատության բուն էությունը խաթարվել է այն պատճառով, որ հայցվորին տրամադրվել է դատական պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքն իրացնելու հնարավորություն:

Գտնում ենք, որ դատական պաշտպանության, անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքների իրացումը երաշխավորող ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունների ու ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով և Եվրոպական դատարանի վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վճռաբեկ բողոքը պետք է մերժվեր և Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնվեր ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վիճարկման հայցադիմումն օրենքով սահմանված դատավարական ժամկետի պահպանմամբ ներկայացնելը հայցադիմումը վարույթ ընդունելու անհրաժեշտ նախապայմաններից մեկն է: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն` համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Գտնում ենք, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետների հարցի լուծումն ուղղակիորեն պայմանավորված է վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու հարցը կարգավորված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածներով:

Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:

Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:

Նույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:

Գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Մամուլում, զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներում հրապարակվում է գրավոր վարչական ակտի եզրափակիչ մասը: Նման եղանակով հրապարակման մեջ պետք է նշվի, թե որտեղ կարելի է ամբողջությամբ ծանոթանալ վարչական ակտին, այդ թվում` դրա հիմնավորմանը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցների օրենքով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հանգամանքով, ինչը նշանակում է, որ վերջիններիս համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել իրազեկվելու հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

Կանոնագրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված է, որ զինծառայողներին կարող է տրվել զինվորական ծառայությունից արձակում կարգապահական տույժը:

Նույն օրենքի 28-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` «Զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և կարող է հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով արձակվում է զինվորական ծառայությունից` օրենքով սահմանված կարգով:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ազգային անվտանգության մարմինների ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման, ազատման, ծառայությունից արձակման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանի քաղվածք, որից հանվում է պետական կամ ծառայողական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը սահմանում է վարչական ակտի ընդունման մասին վարույթի մասնակցին իրազեկելու ընդհանուր կարգը, իսկ Կանոնագրքով և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանվում են ծառայողին վարչական ակտի ընդունման մասին իրազեկելու հատուկ կարգը:

Ըստ էության, գրավոր վարչական ակտի կայացման դեպքում իրազեկում է համարվում վարչական ակտը վարույթի մասնակցին հանձնելը, իսկ որոշակի դեպքերում` նաև վարչական ակտը հրապարակելը: Կանոնագրքի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ծառայողին գրավոր վարչական ակտի կայացման մասին իրազեկելու ընթացակարգը բաղկացած է երկու միմյանց հաջորդող փուլերից` վարչական ակտի մասին հայտարարում (անհատապես կամ համապատասխան շարքի առաջ) և վարչական ակտի` ծառայողին հանձնում (պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն պարունակելու դեպքում վարչական ակտի փոխարեն տրվում է քաղվածք): Ընդ որում, օրենսդիրը հստակ սահմանում է, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողին «տրվում է հրամանի քաղվածք»: Այսինքն, ծառայողը չի կրում պարտականություն պահանջելու պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման, ազատման, ծառայությունից արձակման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի քաղվածքը:

Սույն վարչական գործի փաստական հանգամանքներից հետևում է, որ Ծառայության տնօրենի առաջին տեղակալի ցուցումով ծառայողական քննություն է իրականացվել Գևորգ Խաչատրյանի կողմից առանց համապատասխան թույլտվության ծառայության վայրը լքելու փաստով:

Ծառայողական քննության արդյունքներով Կանոնագրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիման վրա` Ծառայության տնօրենի 14.12.2017 թվականի թիվ 936-Ագ հրամանով Գևորգ Խաչատրյանը ենթարկվել է «Զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժի, իսկ 18.12.2017 թվականի թիվ 944-Ագ հրամանով Գևորգ Խաչատրյանն արձակվել է զինվորական ծառայությունից:

Դատական նիստերի արձանագրությունների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ հայցվորն ընդունել է «Զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժի ենթարկելու և այնուհետև զինվորական ծառայությունից արձակելու մասին իրեն հայտնելու վերաբերյալ և, միևնույն ժամանակ, նշել, որ նշված հրամաններն իրեն չեն տրամադրվել: Բացի այդ, գործում բացակայում է որևէ ապացույց` նշված հրամանների քաղվածքները հայցվորին հանձնած լինելու վերաբերյալ:

Գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ծառայության տնօրեն Գ. Կուտոյանի 18.12.2017 թվականի Գևորգ Խաչատրյանին Ծառայությունից արձակելու մասին թիվ 944-Ագ հրամանը հայցվորին է տրամադրվել 05.02.2019 թվականին (ստորագրված ՀՀ ԱԱԾ կադրերի վարչության պետ, գնդապետ Հ. Նավասարդյանի կողմից):

Գևորգ Խաչատրյանը Ծառայության տնօրեն Գ. Կուտոյանի 18.12.2017 թվականի Գևորգ Խաչատրյանին Ծառայությունից արձակելու մասին թիվ 944-Ագ հրամանն անվավեր ճանաչելու պահանջով առաջին անգամ ՀՀ վարչական դատարան է դիմել 29.01.2019 թվականին: ՀՀ վարչական դատարանի 05.02.2019 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: Հայցադիմումը կրկին ներկայացվել է 18.02.2019 թվականին, որին կից ներկայացվել է Ծառայության տնօրենի 18.12.2017 թվականի թիվ 944-Ագ հրամանը, ինչպես նաև միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին:

Դատարանը, նշելով, որ սույն գործով հայցվորը վիճարկման հայցադիմումը ՀՀ վարչական դատարան առաջին անգամ ներկայացրել է 29.01.2019 թվականին, այսինքն` բողոքարկման արդյունքում կայացված 29.11.2018 թվականի թիվ 15/564 գրության մասին իրազեկվելու պահից սկսած երկամսյա ժամկետում, իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված դատավարական ժամկետը հայցվորի կողմից բաց չի թողնվել, որպիսի պարագայում Դատարանը հայցվորի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը գնահատել է առարկայազուրկ և ոչ ենթակա քննարկման:

Դատական նիստերի արձանագրությունների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում նաև, որ Ծառայության տնօրեն Գ. Կուտոյանի 14.12.2017 թվականի «Կապիտան Գ. Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 936-Ագ հրամանի վերաբերյալ բովանդակային առումով հայցվորը տեղեկացել է միայն գործի քննության ընթացքում, այն է` 13.09.2019 թվականին, նախնական դատական նիստի ժամանակ, ինչն էլ թույլ է տվել հայցվորին իրացնելու իր դատավարական իրավունքները և ներկայացնելու հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն: Բացի դրանից, պատասխանողը չի ներկայացրել որևէ ապացույց` հայցվորի կողմից նշված հրամանն առավել վաղ ստացված լինելու վերաբերյալ:

Վերոգրյալից հետևում է, որ որպես Ծառայության տնօրեն Գ. Կուտոյանի 14.12.2017 թվականի «Կապիտան Գ. Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 936-Ագ հրամանի վիճարկման դատավարական ժամկետի համար ելակետ պետք է ընդունել 13.09.2019 թվականը, որի պայմաններում հայցվորի կողմից բաց չի թողնվել վիճարկման հայց ներկայացնելու օրենքով նախատեսված դատավարական ժամկետը, հետևաբար վերջինիս վրա չի կարող դրվել իր կողմից բաց չթողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն և նրան դատական պաշտպանության իրավունքի տրամադրումն էլ չի կարող կախվածության մեջ դրվել, ըստ էության, առարկայազուրկ միջնորդության քննարկման արդյունքում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշում կայացնելու դատարանի հայեցողությունից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանի որոշմամբ հայցվորի վրա դրվում է հավելյալ պարտականություն` պահանջելու իր համար բացասական հետևանքներ առաջացնող վարչական ակտը, այն է` 14.12.2017 թվականի «Կապիտան Գ. Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 936-Ագ հրամանի քաղվածքը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի, Կանոնագրքի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի վերոգրյալ նորմերի հիման վրա նշված պարտականությունը դրված է վարչական մարմնի վրա:

Այսպիսով, գտնում ենք, որ տվյալ դեպքում դատավարական ժամկետը վերականգնելու մասին հայցվորի միջնորդությունը, որպես առարկայազուրկ, ենթակա չի եղել քննարկման:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքը բավարար չէր կարող լինել Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և ըստ այդմ նաև Դատարանի որոշումը վերացնելու համար, քանի որ թեև ստորադաս դատարանները քննարկել են առարկայազուրկ միջնորդություն, այդուհանդերձ դրա արդյունքում հայցվորին տրամադրել են դատական պաշտպանություն, ուստի թույլ չեն տվել արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ:

 

              Դատավոր           Դատավոր         Դատավոր

              Ռ. Հակոբյան       Գ. Հակոբյան     Հ. Բեդևյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 4 փետրվարի 2022 թվական:

 

Միասնական կայք` 08.08.22-21.08.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.02.2022
N ՎԴ/0513/05/19
Որոշում