i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
ԵՄԴ/0653/02/14 2016թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0653/02/14 |
|
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան Դատավորներ` Ս. Միքայելյան Հ. Ենոքյան |
|
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ռ. Հակոբյանի |
|
Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի Ն. Տավարացյանի |
2016 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ջիվան, Մակար, Արթուր և Գեղեցիկ Հարությունյանների ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ջիվան, Մակար, Արթուր և Գեղեցիկ Հարությունյանների ընդդեմ Սուսաննա Ալեքսանյանի, Հրաչյա Հարությունյանի, Ելենա Սուքիասյանի և Հմայակ Բարսեղյանի, երրորդ անձ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող 38 քմ մակերեսով երկհարկանի բնակելի տարածության և ցանկապատով առանձնացված` հանգուցյալ Երջանիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, այդ մասով Երջանիկ Հարությունյանի սեփականության իրավունքը դադարեցնելու, որպես հետևանք` Սուսաննա Ալեքսանյանին և Հրաչյա Հարությունյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի, իսկ Հմայակ Բարսեղյանին և Ելենա Սուքիասյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ջիվան, Մակար, Արթուր և Գեղեցիկ Հարությունյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող 38քմ մակերեսով երկհարկանի բնակելի տարածության և ցանկապատով առանձնացված` հանգուցյալ Երջանիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նկատմամբ, այդ մասով Երջանիկ Հարությունյանի սեփականության իրավունքը դադարեցնել, որպես հետևանք` Սուսաննա Ալեքսանյանին և Հրաչյա Հարությունյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի, իսկ Հմայակ Բարսեղյանին և Ելենա Սուքիասյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն ամբողջությամբ ճանաչել անվավեր:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 28.10.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.03.2015 թվականի որոշմամբ Ջիվան, Մակար, Արթուր և Գեղեցիկ Հարությունյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.10.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ջիվան, Մակար, Արթուր և Գեղեցիկ Հարությունյանների ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ գործի նյութերում բացակայում է ապացույց, որով կհիմնավորվեր, որ վիճելի գույքը փաստացի առանձնացված է եղել ընդհանուր գույքից, անտեսել է, որ Դատարանում պատասխանողներն ընդունել են վիճելի գույքի և հողամասի առանձնացված լինելու հանգամանքը, ինչպես նաև չեն վիճարկել բողոքաբերների կողմից վիճելի հասցեում 50 և ավելի տարի բնակվելու, առանձնացված տնտեսություն վարելու և վերանորոգման ու բարելավման աշխատանքներ կատարելու հանգամանքը: Հետևաբար նշված փաստերով հիմնավորվում է, որ ինչպես այդ գույքի նախկին սեփականատերերը, այնպես էլ նրանց իրավահաջորդները 10 և ավելի տարիների ընթացքում դրսևորել են այնպիսի վարքագիծ, որն ակնհայտորեն վկայում է տվյալ գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից հրաժարվելու մասին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճելի գույքը Ջիվան Հարությունյանին և նրա ընտանիքին է անցել հանգուցյալ Երջանիկ Հարությունյանի կամքով, որպիսի հանգամանքը բողոքաբերներին հիմք է տվել վիճելի գույքն իրենց սեփականը համարելու: Ընդ որում, այդ գույքի պահպանման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը, կոմունալ վճարումները կատարվել են բողոքաբերների կողմից:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշման մեջ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով 05.04.2013 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.03.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման 20.09.2011 թվականի գրության համաձայն` Երքաղսովետի գործկոմի 08.08.1951 թվականի թիվ 15/786 որոշման հիման վրա 28,7x25,0 մ չափերով հողամասը և 89,5 քմ մակերեսով բնակելի տունը 04.04.1959 թվականին գույքագրվել է Երջանիկ Մակարի Հարությունյանի անվամբ` Շահումյան, Փափազյանի նրբանցք, թիվ 2 հասցեով (հատոր 2-րդ, գ.թ. 31):
2) 28.07.1965 թվականի թիվ II-ՖԳ 031253 մահվան վկայականի համաձայն` Երջանիկ Մակարի Հարությունյանը մահացել է 25.07.1965 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 75):
3) 31.07.2008 թվականին տրված ԱԱ թիվ 125986 մահվան վկայականի կրկնօրինակի համաձայն` Երջանիկ Հարությունյանի կինը` Սաթենիկ Բարսեղյանը, մահացել է 17.10.1960 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 76, 77):
4) 29.11.2012 թվականին տրված թիվ 8117 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Երջանիկ Մակարի Հարությունյանի, մահացած 25.07.1965 թվականին, գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում դուստրը` Սուսաննա Երջանիկի Ալեքսանյանը, և որդին` Հրաչյա Երջանիկի Հարությունյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/3 բաժնից (հատոր 1-ին, գ.թ. 66):
5) 29.11.2012 թվականին տրված թիվ 8118 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Սաթենիկ Վարդանի Բարսեղյանի` մահացած 17.10.1960 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում դուստրը` Սուսաննա Երջանիկի Ալեքսանյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/6 բաժնից (հատոր 1-ին, գ.թ. 68):
6) 29.11.2012 թվականին տրված թիվ 8119 և թիվ 8120 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի համաձայն` Լևոն Հարությունյանի` մահացած 14.04.2010 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում կինը` Ելենա Սուքիասյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել են վկայագրերը, բաղկացած է Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/6-ական բաժիններից: Անշարժ գույքը պատկանել է Սաթենիկ Վարդանի Բարսեղյանին` մահացած 17.10.1960 թվականին և Երջանիկ Մակարի Հարությունյանին` մահացած 25.07.1965 թվականին, որոնց ժառանգն է եղել որդին` Լևոն Հարությունյանը, որն ընդունել է ժառանգությունը, սակայն չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները (հատոր 1-ին, գ.թ. 70,72):
7) 29.11.2012 թվականին տրված թիվ 8121 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Երջանիկ Մակարի Հարությունյանի դստեր` Երանուհի Երջանիկի Հարությունյանի` մահացած 04.10.2009 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում որդին` Հմայակ Բարսեղյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/6-ական բաժնից: Անշարժ գույքը պատկանել է Երջանիկ Մակարի Հարությունյանին` մահացած 25.07.1965 թվականին, որի ժառանգն է եղել դուստրը` Երանուհի Երջանիկի Հարությունյանը, որն ընդունել է ժառանգությունը, սակայն չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները (հատոր 1-ին, գ.թ. 74):
8) Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի տնային գրքում առկա գրառումների համաձայն` Ջիվան Հարությունյանը` 1960 թվականից, Մակար Հարությունյանը` 1973 թվականից, Գեղեցիկ Հարությունյանը` 1981 թվականից, իսկ Արթուր Հարությունյանը` 1998 թվականից հաշվառված են նշված հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 21):
9) Բնակարանային և կոմունալ վարձի սպասարկման գրքույկի համաձայն` Ջիվան Հարությունյանը 1970-1979 թվականներին կատարել է Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող 38քմ մակերեսով տան բնակարանային և կոմունալ վարձի սպասարկմանն ուղղված վճարումներ (հատոր 1-ին, գ.թ. 22-23):
10) 25.08.2014 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` պատասխանողներ Սուսաննա Ալեքսանյանը, Հրաչյա Հարությունյանը, Ելենա Սուքիասյանը բացատրություն են տվել այն մասին, որ վիճելի տարածքում բնակվում են Ջիվան Հարությունյանն ու նրա ընտանիքի անդամները, որոնք առանձին տնտեսություն են վարել և վարում, ունեն գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման առանձին գծեր, նրանց կողմից տիրապետվող տարածքը տարիներ շարունակ առանձնացված է ցանկապատով (հատոր 2-րդ, գ.թ. 135):
11) 25.08.2014 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Ջիվան Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ տունը կառուցել է եղբոր հետ միասին, այդ հասցեում բնակվել է 1953 թվականից, տան շինարարությունն ավարտել են 1954 թվականին, որից հետո եղբայրը` Երջանիկ Հարությունյանը, իրեն տվել է մեկ սենյակ և այդ սենյակին կից ինքն ավելացումներ է կատարել (հատոր 2-րդ, գ.թ. 135):
12) Ջիվան Հարությունյանը և նրա ընտանիքի անդամները 1975 թվականից սկսած կատարել են Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի շենքի և հողի հարկի, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի վճարներ, ջեռուցման համակարգի տեղադրման պատվեր, իրականացրել են շինարարական աշխատանքներ (հատոր 1-ին, գ.թ. 19-20, ինչպես նաև գործին կցված փաստաթղթերի հավելված):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով 05.04.2013 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
i
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
i
Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Ջիվան Հարությունյանի մասով չի ապացուցվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ չորս վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, իսկ Մակար, Արթուր և Գեղեցիկ Հարությունյանների մասով վերջիններիս պահանջը ներկայացվել է բացառապես Ջիվան Հարությունյանի ընտանիքի անդամ լինելու փաստի հիմքով:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Ջիվան, Մակար, Արթուր և Գեղեցիկ Հարությունյանների վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ բողոքաբերների կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, որով հիմնավորվում է վերջիններիս տիրապետման բարեխղճությունը: Ավելին, բողոքաբերներն իմացել են, որ վիճելի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում և պատկանել է Երջանիկ Հարությունյանին: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Երջանիկ Հարությունյանի մահից հետո վիճելի անշարժ գույքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրենց ժառանգական իրավունքների ձևակերպմանն են հետամուտ եղել վերջինիս ժառանգները, որպիսի հանգամանքը ևս հիմք է տվել Վերաքննիչ դատարանին հանգելու այն հետևության, որ վիճելի անշարժ գույքի սեփականատերերը չեն հրաժարվել իրենց գույքից: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ սույն գործով չի հիմնավորվել նաև այն հանգամանքը, որ Երևանի Շահումյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը տիրապետվել է Ջիվան Հարությունյանի և վերջինիս ընտանիքի կողմից, եղել է փաստացի առանձնացված ընդհանուր գույքից:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը կարող է որոշվել ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս գույքի դիմաց կատարված վճարումը հավաստող կոնկրետ ապացույցի առկայությամբ: Բարեխղճության հավաստիք կարող են հանդիսանալ նաև տիրապետողի և գույքի նախկին սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդների հետագա գործողությունները (անգործությունը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, պատճառաբանելով, որ հայցվորների կողմից, ըստ էության, չի հիմնավորվել վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճությունը, որպիսի վավերապայմանի բացակայությունն ինքնին բավարար է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջը մերժելու վերաբերյալ, անտեսել են, որ սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Ջիվան Հարությունյանը և նրա ընտանիքի անդամները, մասնավորապես` Ջիվան Հարությունյանը` 1960 թվականից, Մակար Հարությունյանը` 1973 թվականից, Գեղեցիկ Հարությունյանը` 1981 թվականից, իսկ Արթուր Հարությունյանը` 1998 թվականից հաշվառվել են վիճելի հասցեում: Վերջիններս 1970 թվականից սկսած կատարել են վիճելի հասցեում գտնվող շենքի և հողի հարկի, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի վճարումներ, ջեռուցման համակարգի տեղադրման պատվեր, իրականացրել են շինարարական աշխատանքներ` կատարելով բարելավումներ: Նշված հանգամանքները վկայում են հայցվորների կողմից վիճելի գույքը որպես սեփականը տիրապետելու մասին:
Բացի այդ, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Երջանիկ Հարությունյանը կամ նրա ժառանգները միջոցներ են ձեռնարկել վիճելի գույքի` հայցվորների տիրապետումը խոչընդոտելու կամ գույքը հետ վերադարձնելու ուղղությամբ: Հետևաբար անգործություն դրսևորելով` վերջիններս, ըստ էության, մեկուսացել են վիճելի գույքի տիրապետումից:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Երջանիկ Հարությունյանի մահից հետո վիճելի անշարժ գույքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրենց ժառանգական իրավունքների ձևակերպմանն են հետամուտ եղել վերջինիս ժառանգները, որպիսի հանգամանքը վկայում է, որ հիշյալ անշարժ գույքի սեփականատերերը չեն հրաժարվել իրենց գույքից, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը: Հետևաբար ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալու հանգամանքն ինքնին չի կարող դիտարկվել որպես Ջիվան Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների կողմից վիճելի հասցեի` իրենց կողմից փաստացի տիրապետվող մակերեսի տիրապետմանը խոչընդոտող կամ այն ընդհատող հանգամանք, քանի որ ժառանգները ևս որևէ գործողություն չեն իրականացրել վիճելի գույքը վերադարձնելու ուղղությամբ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար, որպիսի քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ մյուս նախապայմանների առկայությունը, ինչպես նաև վիճելի հողամասի մակերեսը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան |
|
Ս. Անտոնյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան |