Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332-ՐԴ, 337-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ
քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵՄԴ/1149/02/12            2016թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵՄԴ/1149/02/12

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան
                   Դատավորներ`  Ն. Բարսեղյան
                                                  Մ. Հարթենյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ Հենրիկ Սարգսյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` պետությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Հենրիկ Սարգսյանից բռնագանձել 21.699.750 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնաս:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Հովհաննիսյան) 18.10.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2014 թվականի որոշմամբ (դատավորներ` Տ. Նազարյան, Կ. Հակոբյան, Ի. Վարդանյան) Հենրիկ Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 18.10.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.03.2014 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2014 թվականի որոշման դեմ Դատախազության վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 30.09.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2014 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.09.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով այն, որ պետությունն իր իրավասու մարմնի միջոցով իր իրավունքի խախտման մասին իմացել է մինչև 01.01.2009 թվականը, հաշվի չի առել, որ Դատախազության կողմից հայցը հարուցվել է «Աերո Վան» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Հենրիկ Սարգսյանի դեմ, որը չարամտորեն խուսափել է խոշոր չափերի` ընդհանուր 5.005.400 ՀՀ դրամ շահութահարկի գումարը պետական բյուջե վճարելուց և ստեղծել է կանխամտածված սնանկության հատկանիշներ` պետությանը պատճառելով խոշոր չափի` 21.699.750 ՀՀ դրամի վնաս: Հետևաբար հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբ պետք է համարվեր Դատախազության կողմից նշված փաստի` պետական շահերի խախտման մասին իմանալը:

Այսպես, Դատախազության ներկայացրած ապացույցներով հիմնավորվում է, որ պատասխանողի կողմից պետությանը վնաս պատճառելու մասին Դատախազությունն իմացել է միայն Կոմիտեի քննչական վարչության քննիչի կողմից Հենրիկ Սարգսյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցելը մերժելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 03.08.2012 թվականի որոշմամբ, ինչն էլ պետք է համարել հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության 3-րդ բաժնի աշխատակիցների կողմից կազմված 03.05.2006 թվականի թիվ 1004686 ստուգման ակտի համաձայն` «Աերո Վան» ՍՊԸ-ում իրականացված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության կողմից արտերկրում իրականացված գործունեության արդյունքում ստացված 25.027.200 ՀՀ դրամի շահույթն ընկերությունը չի ներառել ՀՏ ներկայացված շահութահարկի հաշվարկում, որի հիմքով ընկերությանն առաջադրվել է 5.005.400 ՀՀ դրամ լրացուցիչ գանձման ենթակա շահութահարկի գումար (հատոր 1-ին, գ.թ. 11-16).

2) ՀՀ տնտեսական դատարանի 13.02.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Սպանդարյանի հարկային տեսչության հայցն ընդդեմ «Աերո Վան» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Վճռվել է «Աերո Վան» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 6.188.800 ՀՀ դրամ` որպես շահութահարկի և դրա վրա հաշվարկված տույժերի գումար (հատոր 1-ին, գ.թ. 17-18).

3) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Ասատրյանի` «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 03.08.2012 թվականի որոշմամբ «Աերո Վան» ՍՊԸ-ի տնօրեն Հենրիկ Սարգսյանի կողմից հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու և անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծման փաստի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ և 193-րդ հոդվածներով քրեական հետապնդում չի իրականացվել` համաներման հիմքով: Համաներում կիրառելիս հիմք է ընդունվել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 19.06.2009 թվականի որոշումը: Միաժամանակ նշված որոշմամբ արձանագրվել է, որ «Հենրիկ Սարգսյանը, հանդիսանալով «Աերո Վան» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենը, սեփական շահերից ելնելով, պարտատիրոջ` պետության հանդեպ ունեցած պարտավորությունները չկատարելու միջոցով շահույթ ստանալու նպատակով չի վճարել «Աերո Վան» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունները` հնարավորություն ունենալով վճարելու դրանք, այսինքն` կանխամտածված ձևով ստեղծել է անվճարունակության հատկանիշներ` պետությանը պատճառելով խոշոր չափի` 21.699.750 ՀՀ դրամի վնաս (15.10.2011 թվականի դրությամբ), այսինքն` կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով» (հատոր 1-ին, գ.թ. 7-8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով առաջացած վնասի գումարը տնտեսվարող սուբյեկտի տնօրենից (գործադիր մարմնի ղեկավարից) բռնագանձելու պահանջով հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման խնդրի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.

i

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ո՞ր պահից է սկսվում հայցային վաղեմության ընթացքը հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով առաջացած վնասի գումարը տնտեսվարող սուբյեկտի տնօրենից (գործադիր մարմնի ղեկավարից) բռնագանձելու պահանջով այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտի տնօրենի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

i

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե`

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ

3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ

4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ

5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, դատական պրակտիկայի միասնականությունն ապահովելու նկատառումով, արդեն իսկ անդրադարձել է դատախազության` հարկային պարտավորությունները տնտեսվարող սուբյեկտի տնօրենից (գործադիր մարմնի ղեկավարից) բռնագանձելու պահանջի իրավաչափության հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված պետական շահերի պաշտպանության իրավասությունը կոնկրետացվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածում, որտեղ ամրագրված են դատախազության այն լիազորությունները, որոնցով իրականացվելու է պետական շահերի պաշտպանություն: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պետական շահերի պաշտպանության իրականացումը կախված լիազորությունների բովանդակությունից, ունի իրականացման տարբեր մեխանիզմներ: Այսպես, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազությունն օգտվում է դատավարական այն իրավունքներից և կրում է այն պարտականությունները, որոնք ունենալու էր պետական այն մարմինը, ով հայց ներկայացնելու պարտականություն ուներ: Հետևաբար դատախազությունը զրկված չէ վարչական դատավարության կարգով տնտեսվարող սուբյեկտի դեմ հարկային պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու հայց ներկայացնելու հնարավորությունից, եթե պետական իրավասու մարմինը ցուցաբերում է անգործություն կամ դիմել է դատախազությանը նման հայց ներկայացնելու միջնորդությամբ: Անդրադառնալով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ լիազորությունը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ հայց հարուցելու լիազորությամբ օժտված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին: Նշված իրավակարգավորումը վերլուծելով չվճարված հարկային պարտավորությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը հատուցելու խնդրի համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործի կարճման պարագայում, արարքի` որպես հանցագործության վերաբերյալ խոսք լինել չի կարող, մինչդեռ քաղաքացիաիրավական հարաբերությունը (վնաս պատճառելու հիմքով ծագող իրավահարաբերությունը) շարունակում է գոյություն ունենալ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման իրավիճակում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից բռնագանձելու պահանջ ներկայացնելու լիազորությամբ որևէ պետական մարմին օժտված չէ: Վերոգրյալի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատախազությունն իրավասու է, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայց ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով (տե՛ս, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու պահանջի հիմքում ընկած իրավահարաբերությունը նախկինում կայացրած որոշումներում որակվել է որպես պետությանը պատճառված վնասի հատուցման իրավահարաբերություն, իսկ վնասի հատուցման իրավահարաբերության նկատմամբ, որպես քաղաքացիաիրավական հարաբերության, կիրառելի են քաղաքացիական իրավունքի ընդհանուր ինստիտուտները, այդ թվում նաև` հայցային վաղեմության ինստիտուտը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն` ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

i

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ, Սիրանուշ, Կարեն, Տիգրան Մանուչարյաններն և Կարինե Հարությունյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0502/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Այսինքն` հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետևաբար հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը և դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է օրենսդրական կարգավորման տրամաբանությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հայցային վաղեմության ժամկետի լրանալը սահմանել է որպես հայցը մերժելու հիմք, ինչը նշանակում է, որ անգամ այն դեպքում, երբ պատասխանողը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել քաղաքացիական դատավարության սկզբնական փուլերում (գործը դատաքննության նախապատրաստելու), դատարանը, այնուամենայնիվ, պետք է գործը քննի ըստ էության և վերջնական դատական ակտում գնահատական տա հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդությանը: Օրենսդրի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը:

Հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար առավել կարևորվում է իրավազոր անձի կարգավիճակը: Քաղաքացիական իրավահարաբերություններում, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից զատ, որպես իրավազոր անձ կարող է հանդես գալ նաև պետությունը: Վերջինս քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցում է այդ նպատակի համար լիազորված պետական մարմինների միջոցով: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ որպես իրավազոր անձ քաղաքացիական դատավարության կարգով դատարան է դիմում պետությունը` ի դեմս պետական մարմնի, հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է նախևառաջ պարզել` արդյոք տվյալ պետական մարմինն իրավասու է վիճելի իրավահարաբերության շրջանակներում ներկայացնելու պետության շահերը և երկրորդ` երբ է վերջինս բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը: Ընդ որում, թե՛ առաջին և թե՛ երկրորդ հարցադրումների շրջանակներում պետք է ուսումնասիրել տվյալ պետական մարմնի` օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների շրջանակը:

Վճռաբեկ դատարանը սույն որոշման շրջանակներում արդեն իսկ արձանագրել է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու պահանջի հիմքում ընկած իրավահարաբերությունը պետությանը պատճառված վնասի հատուցման իրավահարաբերություն է, իսկ այդ իրավահարաբերությունից բխող պահանջի իրավունքը պատկանում է դատախազությանը, որը վերջինս կարող է իրացնել քաղաքացիադատավարական կարգով հայց հարուցելով: Այսինքն` դատարանում վերը նշված իրավահարաբերությունից բխող պետական շահը ներկայացնելու իրավասու մարմինը դատախազությունն է, իսկ թե երբ է վերջինս բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել հայցի փաստական հանգամանքները և ի հիմնավորումն դրանց` դատարան ներկայացված ապացույցները:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասի հատուցման հայցը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի դեմ, ում լիազորությունն է հարկային հաշվետվությունների ներկայացումը, անհրաժեշտ է ապացուցել տվյալ անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության կատարած լինելու փաստի առկայությունը, որպիսին հիմնավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված ապացույցներով:

Վերոնշյալ եզրահանգումների համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքը: Մասնավորապես` Եվրոպական դատարանը նշել է, որ չնայած քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմանների հետ, այդուհանդերձ քաղաքացիաիրավական հայցը պետք է լուծվի քաղաքացիական պարտավորական իրավունքի սկզբունքների հիման վրա: Քրեական գործով իրականացված դատավարության արդյունքը որոշիչ չէ վնասի հատուցման վերաբերյալ գործով: Տուժողն իրավունք ունի պահանջելու վնասների հատուցում անկախ այն հանգամանքից պատասխանողը դատապարտվել է, թե` արդարացվել, և փոխհատուցման հարցը պետք է դառնա իրավական ինքնուրույն գնահատման առարկա, որի պարագայում ապացուցման չափորոշիչներն էականորեն տարբերվում են քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերից: Դատարանի կարծիքով այն, որ միևնույն արարքը կարող է առաջացնել քրեական գործի հետ նույնական (ընդհանուր) հանգամանքներից (փաստերից) բխող վնասը հատուցելու քաղաքացիաիրավական պարտականություն, բավարար հիմքեր չի ստեղծում անձի նկատմամբ կիրառված քաղաքացիաիրավական պատասխանատվությունը դիտել նաև «քրեական պատիժ» (տե՛ս Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործով Եվրոպական դատարանի 11.02.2003 թվականի վճիռը, պարբ. 38):

Միաժամանակ հաշվի առնելով նմանատիպ գործերով դատական պրակտիկան` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատախազությունը, իրացնելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով իրեն վերապահված լիազորությունը, հայց է հարուցել տնտեսվարող սուբյեկտի տնօրենի դեմ` չվճարված կամ պակաս վճարված հարկային պարտավորությունները որպես պետության պատճառված վնաս գանձելու պահանջի մասին, և պահանջի փաստական հիմքում վկայակոչել է համապատասխան սուբյեկտի` նշված արարքի համար համաներում կիրառելու, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հիմքով ազատված լինելու փաստը, իսկ ի հիմնավորումն այդ փաստի` ներկայացրել է քրեական դատավարության կարգով կայացված համապատասխան որոշում, հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար անհրաժեշտ է պարզել տվյալ որոշման վերաբերյալ դատախազության իրազեկման պահը, որպիսի փաստը ենթակա է պարզման` հաշվի առնելով այդ որոշման կայացման ընթացակարգում դատախազության լիազորությունների շրջանակը:

Սույն գործով դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է պատասխանող Հենրիկ Սարգսյանից, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, բռնագանձել 21.699.750 ՀՀ դրամ: Ի հիմնավորումն հայցապահանջի` Դատախազությունը ներկայացրել է Կոմիտեի քննչական վարչության` «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 03.08.2012 թվականի որոշումը, համաձայն որի` «Աերո Վան» ՍՊԸ-ի տնօրեն Հենրիկ Սարգսյանի կողմից հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու և անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծման փաստի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ և 193-րդ հոդվածներով քրեական հետապնդում չի իրականացվել` համաներման հիմքով: Միաժամանակ նշված որոշմամբ արձանագրվել է, որ «Հենրիկ Սարգսյանը ..., կանխամտածված ձևով ստեղծել է անվճարունակության հատկանիշներ` պետությանը պատճառելով խոշոր չափի` 21.699.750 ՀՀ դրամի վնաս, այսինքն` կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով»:

Սույն գործով Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 23.10.2008 թվականի գրությունը (հատոր 2-րդ, գ.թ. 89), ըստ որի` ՀՀ օդանավերի պետական ռեգիստրում «Աերո Վան» ՍՊԸ-ի անվամբ գրանցված օդանավեր չկան, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԻԿԿ-ի 16.04.2007 թվականի գրությունը (հատոր 2-րդ, գ.թ. 85), համաձայն որի` «Աերո Վան» ՍՊԸ-ի անձնական տվյալներով սեփականատեր գրանցված չէ, հանգել է այն հետևության, որ վերը նշված փաստաթղթերից պարզ է դառնում, որ պետությունն իմացել է կամ պետք է իմանար, որ ընկերությունից հարկային պարտավորությունների գումարի գանձումն անհնարին էր դեռևս 2006-2007 թվականներին, մինչդեռ հայցվորը դատարան է դիմել 19.12.2012 թվականին` բաց թողնելով խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատարան դիմելու, այսինքն` հայցային վաղեմության օրենքով սահմանված ժամկետը:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Դատախազության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, ըստ էության, հիմնավոր է համարել վերը նշված պատճառաբանությունները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հավելել է, որ «էական չէ, թե պետության որ մարմինն է տեղեկացված եղել այդ իրավունքի խախտման մասին` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, ՀՀ արդարադատության նախարարությունը` ի դեմս ԴԱՀԿ ծառայության, թե ՀՀ գլխավոր դատախազությունը, որն օժտված է նման կարգի հայցեր հարուցելու իրավասությամբ: Այդ հարցն ավելի շատ առնչվում է ՀՀ պետական մարմինների փոխգործակցության խնդիրներին և որևէ կերպ չի կարող անդրադառնալ քաղաքացու իրավունքներին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի կիրառմանը»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարաններն անտեսել են վիճելի իրավահարաբերության բնույթը, առանձնահատկությունները, ինչի արդյունքում անտեսել են նաև այն հանգամանքը, որ նշված իրավահարաբերություններում, ՀՀ վճռաբեկ դատարանի` նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում որպես իրավազոր անձ հանդես է գալիս դատախազությունը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի այն փաստարկը, որ «էական չէ, թե պետության որ մարմինն է տեղեկացված եղել այդ իրավունքի խախտման մասին` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, ՀՀ արդարադատության նախարարությունը` ի դեմս ԴԱՀԿ ծառայության, թե ՀՀ գլխավոր դատախազությունը, որն օժտված է նման կարգի հայցեր հարուցելու իրավասությամբ» անհիմն է, քանի որ հայցային վաղեմության ինստիտուտի կիրառման համար գործնական նշանակություն ունի միայն իրավազոր անձի տեղեկանալու հանգամանքը, որպիսին սույն գործով Դատախազությունն է:

Անդրադառնալով այն հարցին, թե երբ է իմացել կամ պետք է իմացած լիներ Դատախազությունը իրավախախտման փաստի մասին, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով հայցի փաստական հիմքում վկայակոչված հանգամանքը և ի հիմնավորումն այդ հանգամանքի ներկայացված ապացույցը, արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` ընդունվել է համաներման ակտ:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է`..., վերացնել հետաքննության մարմնի և քննիչի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին և հարուցել քրեական գործ, ինչպես նաև իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է համապատասխան դատախազին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել նույն օրենսգրքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատախազությունն` ի դեմս դատախազի, լինելով քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող իրավասու պետական մարմին, օրենսդրորեն օժտված է նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը ստուգելու, այսինքն` այդ որոշումը վերացնելու կամ դրա օրինականությունը հաստատելու լիազորությամբ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետությունը` ի դեմս Դատախազության, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի կողմից պետության գույքային շահերի խախտման ենթադրյալ փաստի մասին իմացել կամ պետք է իմանար քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան դատախազի կողմից ստանալու պահից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ քննություն չեն իրականացրել` սույն գործով հայցային վաղեմության ժամկետի հոսքի սկիզբը ճիշտ որոշելու համար, ինչի արդյունքում և սխալ հետևության են հանգել սույն գործով հայցային վաղեմության կիրառելիության վերաբերյալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար, որպիսի քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե.Խունդկարյան
Դատավորներ` Մ.Դրմեյան
Ս.Անտոնյան
Վ.Ավանեսյան
Ա.Բարսեղյան
Գ.Հակոբյան
  Ռ.Հակոբյան
Տ.Պետրոսյան
Ե.Սողոմոնյան
Ն.Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2016
N ԵՄԴ/1149/02/12
Որոշում