Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 28-ՐԴ ԵՎ 8 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                            ՍԴ2/0196/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ՍԴ2/0196/02/13        2015 թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                             Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Ստյոպա Հովհաննիսյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է պարտավորեցնել Ստյոպա Հովհաննիսյանին քանդելու ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 28-րդ շենքի թիվ 17 բնակարանին կից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կատարված ինքնակամ շինությունը (քարե պարիսպը և լողավազանը):

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Է. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 24.03.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.06.2014 թվականի որոշմամբ Ստյոպա Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 24.03.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետը, 80-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գնահատման չի արժանացրել այն փաստը, որ Դատարանը պատշաճ ձևով տեղեկացրել է Ստյոպա Հովհաննիսյանին դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, մի քանի անգամ հետաձգել է գործի քննությունը` հնարավորություն ընձեռելով Ստյոպա Հովհաննիսյանին ներկա գտնվելու դատական նիստերին, ներկայացնելու հայցադիմումի պատասխան, մինչդեռ վերջինս իր դատավարական իրավունքներից օգտվել է և իր դատավարական պարտականությունները կատարել է անբարեխղճորեն:

Ավելին, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումը Ստյոպա Հովհաննիսյանի փաստացի բնակության վայրի վերաբերյալ, ինչպես նաև Ստյոպա Հովհաննիսյանի հայտարարությունն իր բնակության վայրի հասցեի մասին:

Ստյոպա Հովհաննիսյանը, ցուցաբերելով դիտավորություն, դատական ծանուցագրերը չի ստացել, դրանք հանձնվել են հարկադիր կարգով, որից հետո վերջինս, փոխելով իր բնակության վայրը, Դատարանին տեղյակ չի պահել իր գտնվելու վայրի մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.06.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.03.2014 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանի` «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին» 16.08.2013 թվականի որոշմամբ 12.09.2013 թվականին ժամը 11:00-ին նշանակվել է նախնական դատական նիստ (հատոր 1-ին, գ.թ. 1):

2) Դատարանի` «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին» 16.08.2013 թվականի որոշումը, ինչպես նաև հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները փոստային առաքման միջոցով ուղարկվել են Ստյոպա Հովհաննիսյանին` Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 28-րդ շենքի թիվ 17 հասցեով, սակայն 19.08.2013 թվականին հետ են վերադարձվել` ծրարի վրա «տեղափոխված» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 29-30):

3) Ի պատասխան Դատարանի 27.08.2013 թվականի գրության` Ագարակի քաղաքապետը 05.09.2013 թվականի գրությամբ հայտնել է, որ «Ստյոպա Վանիկի Հովհաննիսյանը փաստացի բնակվում է ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային համայնքի Չարենցի 28/17 հասցեում: Նշված հասցեում բնակվում են նաև Ս. Հովհաննիսյանի կինը և երեխաները» (հատոր 1-ին, գ.թ. 33-35):

4) 02.10.2013 թվականին ժամը 15:00-ին, 23.10.2013 թվականին ժամը 12:30-ին, 21.11.2013 թվականին ժամը 10:30-ին նշանակված դատական նիստերի մասին ծանուցագրերը փոստային առաքման միջոցով ուղարկվել են Ստյոպա Հովհաննիսյանին` Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 28-րդ շենքի թիվ 17 հասցեով, սակայն հետ են վերադարձվել` ծրարի վրա «տեղափոխված» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 42-44, 51-53, 63-65):

5) Ի պատասխան Դատարանի 21.11.2013 թվականին ժամը 10:30-ին նշանակված դատական նիստին պատասխանողի ներկայությունն ապահովելու մասին 24.10.2013 թվականի գրության` Ագարակի քաղաքապետը 15.11.2013 թվականի գրությամբ հայտնել է, որ «ՀՀ Սյունիքի մարզի Չարենցի 28/17 հասցեի բնակիչ Ստյոպա Վանիկի Հովհաննիսյանին հնարավոր չի եղել ծանուցել 21.11.2013 թվականի ժամը 10:30-ին նշանակված դատական նիստի մասին, քանի որ վերջինս բացակայում է Ագարակ քաղաքից և նշված հասցեում փաստացի չի բնակվում: Վերոնշյալ հասցեում բնակվող կինը Ս. Հովհաննիսյանի նոր բնակության վայրի հասցեի վերաբերյալ Ագարակի քաղաքապետարանի աշխատակազմին ստույգ տեղեկություններ չի տրամադրում» (հատոր 1-ին, գ.թ. 57, 66):

6) Դատարանի 21.11.2013 թվականի որոշմամբ Ստյոպա Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և գործի վարույթը կասեցվել է մինչև պատասխանողի նկատմամբ հետախուզման ավարտը (հատոր 1-ին, գ.թ. 71):

7) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունքի հարկադիր կատարողի` «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 05.12.2013 թվականի որոշմամբ ավարտվել է Ստյոպա Հովհաննիսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ 02.12.2013 թվականին հարուցված թիվ 09/02-2167/13 կատարողական վարույթը, որի ընթացքում Ստյոպա Հովհաննիսյանը հայտնաբերվել է և ներկայացրել գրավոր հայտարարություն առ այն, որ «2013 թվականի սեպտեմբեր ամսից բնակվում է Ագարակ քաղաքի Չարենցի 28/17 հասցեում» (հատոր 1-ին, գ.թ. 79-80):

8) 07.02.2014 թվականին ժամը 16:00-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը, հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու, քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին որոշումները, ինչպես նաև հայցադիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի պատճենները Ստյոպա Հովհաննիսյանը ստացել է 24.01.2014 թվականին, սակայն դատական նիստին չի ներկայացել (հատոր 1-ին, գ.թ. 96-97, 99):

9) 28.02.2014 թվականին ժամը 15:30-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագրերը Ստյոպա Հովհաննիսյանին ուղարկվել են 07.02.2014 թվականին, 18.02.2014 թվականին և 24.02.2014 թվականին, սակայն դրանք հետ են վերադարձվել` ծրարների վրա` համապատասխանաբար «բնակիչը տեղում չէ», «չի պահանջվել» և «բնակիչը տեղում չէ» նշումներով (հատոր 1-ին, գ.թ. 102-114):

10) Դատարանի «Գործը դատաքննության նշանակելու մասին» 28.02.2014 թվականի որոշումը և 13.03.2014 թվականին ժամը 12:30-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկվել են Ստյոպա Հովհաննիսյանին, սակայն հետ են վերադարձվել` ծրարի վրա «չի պահանջվել» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 121-126):

11) 13.03.2014 թվականին ժամը 12:30-ին նշանակված դատաքննությունն ավարտվել է, և 24.03.2014 թվականին ժամը 17:05-ին նշանակվել է վճռի հրապարակում (հատոր 1-ին, գ.թ. 128-132):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ և 80-րդ հոդվածները չկիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով նախկինում արտահայտած դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել պատշաճ ծանուցված չլինելու փաստը այն դեպքում, երբ վերջինս բարեխղճորեն չի օգտվել իր դատավարական իրավունքներից և պարտականություններից` անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված` ծանուցման հասցեի փոփոխության վերաբերյալ դատարանին տեղեկացնելու պարտադիր պայմանը:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանված են գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները, որի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

Մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով` նույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով (այսուհետ` պատշաճ ձևով):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում իրավահավասարության և մրցակցության սկզբունքների, անձի լսված լինելու իրավունքի համատեքստում բազմիցս անդրադարձել է վկայակոչված հոդվածների վերլուծությանը:

Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի բովանդակությանը, նշել է, որ դրանով նախատեսված նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե՛ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի և մյուսների թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն Արամ Մակարյանն ընդդեմ Խաչիկ Մանուկյանի գործով կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 28-րդ և 80-րդ հոդվածների վերաբերյալ: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Նշված սկզբունքը դրսևորվում է նաև դատարանին և գործին մասնակցող մյուս անձանց հասցեի փոփոխության վերաբերյալ գործին մասնակցող անձի կողմից ծանուցելով: Նման կերպ պաշտպանվում է ոչ միայն հասցեն փոխած անձի իրավունքը, այլև դատավարության մյուս մասնակիցների իրավունքները, քանի որ դատարանը, ծանուցագրերն ուղարկելով փոխված հասցեով, ըստ էության ապահովում է գործի ողջամիտ ժամկետում քննությունը մի կողմից և դատավարության մասնակիցների` դատական նիստին ներկա գտնվելու հնարավորությունը մյուս կողմից: Դրանով է պայմանավորված նաև այն, որ օրենսդիրն իր դատավարական իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվող կողմի վրա է թողնում հետևանքները կրելու ռիսկը, այն է` հասցեն փոփոխելու վերաբերյալ հաղորդման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է հանձնված` անկախ հասցեատիրոջ` այդ հասցեում բնակվելու հանգամանքից (տե՛ս, Արամ Մակարյանն ընդդեմ Խաչիկ Մանուկյանի թիվ ԵԱՆԴ/0326/02/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, պատճառաբանել է, որ Դատարանը ձեռնարկել է ակտիվ միջոցներ Ստյոպա Հովհաննիսյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցելու վերաբերյալ, այդուհանդերձ նման միջոցների ձեռնարկումն ինքնին չի կարող բացառել դատավարական իրավունքի խախտումը, եթե այդպիսին, այնուամենայնիվ, տեղ է գտնում: Մասնավորապես` դատարանի ակտիվ գործողությունները` կողմին ծանուցելու վերաբերյալ, չպետք է և չեն կարող սահմանափակել կամ ի չիք դարձնել անձի արդար դատաքննության սահմանադրական իրավունքը: Ելնելով նշված պատճառաբանություններից` Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ստյոպա Հովհաննիսյանը պատշաճ ձևով չի ծանուցվել ինչպես դատական նիստերի ժամանակի և վայրի, այնպես էլ դատաքննության մասին, որպիսի պայմաններում վերջինիս հնարավորություն չի ընձեռվել ներկայացնելու ապացույցներ, հայտնելու իր իրավական դիրքորոշումը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը պատասխանողի պատշաճ ծանուցման հարցը պարզելիս նախ և առաջ պետք է գնահատման առարկա դարձներ վերջինիս կողմից իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու փաստը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի ուսումնասիրել սույն գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում սխալ հետևության է հանգել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը բազմիցս հետաձգել է գործի քննությունը և ձեռնարկել է օրենքով սահմանված միջոցներ` դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատասխանողին պատշաճ ձևով տեղեկացնելու ուղղությամբ` ծանուցումներն ուղարկելով Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 28-րդ շենքի թիվ 17 հասցեով, սակայն նշված ծանուցագրերը հետ են վերադարձվել` «տեղափոխված», «բնակիչը տեղում չէ» և «չի պահանջվել» նշումներով: Ավելին` Դատարանը, հաշվի առնելով նշված հանգամանքը, փորձել է Ստյոպա Հովհաննիսյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին տեղեկացնել համապատասխան համայնքի ղեկավարի միջոցով, սակայն այդ եղանակով նույնպես հնարավոր չի եղել ծանուցել պատասխանողին, քանի որ վերջինս բացակայել է Ագարակ քաղաքից և նշված հասցեում փաստացի չի բնակվել, իսկ պատասխանողի կինը Ս. Հովհաննիսյանի նոր բնակության վայրի հասցեի վերաբերյալ Ագարակի քաղաքապետարանի աշխատակազմին տեղեկություններ չի տրամադրել: Դատարանի կողմից Ստյոպա Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ինչի արդյունքում Ստյոպա Հովհաննիսյանը հայտնաբերվել է և ներկայացրել գրավոր հայտարարություն առ այն, որ «2013 թվականի սեպտեմբեր ամսից բնակվում է Ագարակ քաղաքի Չարենցի 28/17 հասցեում», որից հետո ծանուցումները կրկին ուղարկվել են վերջինիս կողմից նշված հասցեով: Ընդ որում, 07.02.2014 թվականի դատական նիստի ծանուցագիրը, հայցադիմումը վարույթ ընդունելու, ինչպես նաև գործը դատաքննության նախապատրաստելու մասին և քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին որոշումները և հայցադիմումի ու դրան կից ներկայացված փաստաթղթերի պատճենները` ուղարկված Ագարակ քաղաքի Չարենցի 28/17 հասցեով, Ստյոպա Հովհաննիսյանը պատշաճ ձևով ստացել է: Այսինքն` վերջինս պատշաճ կերպով ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն այդ դատական նիստին ևս չի ներկայացել: Ավելին, Ստյոպա Հովհաննիսյանը ոչ միայն անձամբ չի ներկայացել դատական նիստին, այլև, ստանալով գործը դատաքննության նախապատրաստելու մասին և քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին որոշումները, հայցադիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի պատճենները, չի ներկայացրել հայցադիմումի պատասխան և որևէ կերպ չի օգտվել ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու իր դատավարական իրավունքներից:

Այսպիսով, Դատարանը ձեռնարկել է պատասխանողի պատշաճ ծանուցումն ապահովելուն ուղղված բոլոր հնարավոր միջոցները` նույնիսկ միևնույն դատական նիստի մասին պատասխանողին դատական ծանուցումներ է ուղարկել մի քանի անգամ, սակայն նման եղանակը ևս հնարավոր չի դարձրել վերջինիս հայտնաբերումն Ագարակ քաղաքի Չարենցի 28/17 հասցեում, ինչը ողջամտորեն թույլ է տալիս ենթադրել, որ Ստյոպա Հովհաննիսյանն այդ հասցեում փաստացի չի բնակվում: Ըստ այդմ` հիշյալ հասցեում չբնակվելու կամ չգտնվելու պարագայում դատարանին և/կամ գործին մասնակցող այլ անձանց իր նոր բնակության (գտնվելու) վայրի մասին չիրազեկելու պայմաններում իր դատավարական իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվող կողմի վրա է մնում համապատասխան հետևանքները կրելու ռիսկը, այսինքն` տվյալ դեպքում ծանուցումները համարվում են հանձնված` անկախ անձի` այդ հասցեում բնակվելու (գտնվելու) հանգամանքից:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատաքննության մասնակիցներից յուրաքանչյուրն ինքը պետք է շահագրգռված լինի իր իրավունքների պաշտպանությամբ և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ավարտվելու հարցում և չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կխոչընդոտեն գործի քննության բնականոն ընթացքին և կձգձգեն դատավարությունը: Հակառակ պարագայում կստացվի այնպես, որ կողմերից մեկը, ունենալով անսահմանափակ իրավունքներ, պաշտպանության գործող մեխանիզմը կօգտագործի մյուս կողմին ի վնաս` խախտելով վերջինիս իրավունքները և օրինական շահերը, ինչը կհակասի արդարադատության բուն էությանն ու դատավարության նպատակին, քանի որ դատավարությունը կոչված է վերականգնելու և պաշտպանելու մարդու իրավունքները և օրինական շահերը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ստյոպա Հովհաննիսյանի կողմից իր փաստացի բնակության վայրի մասին տեղեկություններ ներկայացնելուց հետո այդ հասցեում փաստացի չգտնվելու և դատական ծանուցագրերը չստանալու պարագայում վերջինս կրել է իր իսկ մատնանշած հասցեով ուղարկված դատական ծանուցագրերը չստանալու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված բացասական հետևանքները, այն է` հասցեն փոփոխելու վերաբերյալ հաղորդման բացակայության պայմաններում ծանուցումները համարվում են հանձնված` անկախ Ստյոպա Հովհաննիսյանի` այդ հասցեում բնակվելու կամ գտնվելու հանգամանքից: Այսինքն` սույն գործով պատասխանող Ստյոպա Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի ուժով համարվել է պատշաճ ծանուցված: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով սույն գործի փաստերը և չկիրառելով համապատասխան դատավարական նորմը, սխալ եզրահանգման է եկել պատասխանողի` դատական նիստերի մասին ծանուցված չլինելու փաստի վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 03.06.2014 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված`առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործով դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկվել է միայն դատական նիստի վերաբերյալ պատշաճ ծանուցված չլինելու հիմքով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով նկատի ունենալով, որ Ագարակի քաղաքապետարանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ագարակի քաղաքապետարանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ստյոպա Հովհաննիսյանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.03.2014 թվականի վճռին:

2. Ստյոպա Հովհաննիսյանից հօգուտ ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2015
N ՍԴ2/0196/02/13
Որոշում