Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 185-ՐԴ ԵՎ 290-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                             ԵԿԴ/0125/11/13

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0125/11/13

Նախագահող դատավոր` Գ. Ավետիսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ դատախազ     Ա. Դավթյանի

 

    2014 թվականի մարտի 28-ին                   ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի նոյեմբերի 7-ի որոշման դեմ դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա.Արամյանի 2013 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արմեն Գրիգորյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով Ռ.Գալոյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու, իսկ Վ.Կասպարովայի նկատմամբ` մահվան պատճառաբանություններով:

2013 թվականի հուլիսի 3-ին Ա.Գրիգորյանը քննիչի որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին: Դատախազը գրությամբ պատասխանել է, որ բողոքաբերի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բողոքարկման ժամկետը, հետևաբար բողոքի կապակցությամբ որոշում չի կայացրել:

2. 2013 թվականի օգոստոսի 12-ին Ա.Գրիգորյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Ա.Արամյանի 2013 թվականի մայիսի 29-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի բողոքը ճանաչել է հիմնավորված և վերացրել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Ա.Արամյանի 2013 թվականի մայիսի 29-ի որոշումը:

3. Դատախազ Ս.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի նոյեմբերի 7-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Ա.Դավթյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունվարի 14-ի որոշմամբ դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Առաջին ատյանի դատարանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման ժամկետների կապակցությամբ մեջբերել է Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱԴԴ/0014/11/09 գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումը և եզրակացրել, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դատախազին ենթակա է բողոքարկման ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված 7-օրյա, այլ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, թերթ 83-84):

6. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) վերադաս դատախազը պարտավոր էր ղեկավարվել ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի ԵԱԴԴ/0014/11/09 քրեական գործով 2010 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներով, իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ մասերի պահանջներով: Դիմող Ա.Գրիգորյանի բողոքը դատախազը պետք է քննարկեր` ղեկավարվելով ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով` նկատի ունենալով, որ վերոհիշյալ իրավական ակտերի մեկնաբանությունները հավասարապես վերաբերում են ոչ միայն դատարանին, այլև դատախազին: Վերջինս պարտավոր էր պատշաճ ընթացակարգով` ըստ էության քննության առնել Ա.Գրիգորյանի բողոքը, որը չի կատարել: Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում վերոհիշյալ հարցի կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի հետևությունները և ոչ իրավաչափ` վերաքննիչ բողոքի պատճառաբանությունները (...)» (տե՛ս քրեական գործ, 2-րդ հատոր, թերթ 74-76):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ, Ա.Գրիգորյանի բողոքն ըստ էության քննելով` Առաջին ատյանի դատարանը դուրս է եկել իր իրավասության սահմաններից:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոք բերած անձը նշել է, որ Ա.Գրիգորյանի կողմից չի պահպանվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և դատախազական հսկողության շրջանակներում քննիչի որոշումը բողոքարկելու դատավարական կարգը: Մասնավորապես, Ա.Գրիգորյանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը 7-օրյա ժամկետում չի բողոքարկել դատախազին, ինչը վերոնշյալ որոշումը դատարան բողոքարկելու պարտադիր նախապայման է:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը պետք է մերժեր քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշման դեմ Ա.Գրիգորյանի բողոքը:

8. Անդրադառնալով սույն գործով ստորադաս դատարանների կողմից վկայակոչված` Հ. Աթոյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱԴԴ/0014/11/09 որոշմանը` բողոք բերած անձը փաստարկել է, որ նշված որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները վերաբերում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներով սահմանված` միևնույն որոշման դատական բողոքարկման տարբեր ժամկետներին: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման յոթնօրյա ժամկետ, որը վերաբերում է ևԲ դատախազին, ևԲ դատարանին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված է բողոքարկման մեկամսյա ժամկետ, որը վերաբերում է միայն դատարանին:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն ստանալու պահից 7-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատախազին, այնուհետև մեկամսյա ժամկետում` դատարան:

9. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ սույն գործով ստորադաս դատարանները, վերացնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, քրեական հետապնդման մարմնի համար սահմանել են քրեական գործ հարուցելու պարտականություն` անտեսելով այն հանգամանքը, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված քրեական գործի վարույթը բացառող հանգամանք, այն է` անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, իսկ վաղեմության ժամկետներն անցած լինելու պայմաններում քրեական գործ հարուցելը կամ քրեական հետապնդում իրականացնելը քրեադատավարական օրենքի էական խախտումներ են:

10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 17-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 7-ի որոշումները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում բողոքարկելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներով սահմանված դատավարական ժամկետների և կարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում բողոքարկելիս Ա.Գրիգորյանը պահպանե՞լ է արդյոք վերոնշյալ որոշման բողոքարկման դատավարական ժամկետներն ու կարգը:

 

I. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատավարական ժամկետները

 

i

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը համադրված վերլուծության է ենթարկել Հ. Աթոյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(...) դրանցում առկա է ուղղակի հակասություն. առաջին դրույթը սահմանում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման յոթնօրյա ժամկետ, իսկ երկրորդը` մեկամսյա:

(...)

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կոլիզիոն կանոնի կիրառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննության առարկա հարաբերությունների նկատմամբ պետք է գործի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կանոնը` որպես ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտ:

(...) (Վերոշարադրյալ) իրավական դիրքորոշումը բխում է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կոլիզիոն կանոնից, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բողոքարկման մեկամսյա ժամկետը քաղաքացիների համար ավելի նախընտրելի է, քան 185-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետը» (տե՛ս Հայարփի Միշայի Աթոյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱԴԴ/0014/11/09 որոշման 27-29-րդ կետերը):

14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և Հ.Աթոյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դատախազին և դատարան բողոքարկելու միասնական ժամկետ` յոթ օր: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդիրն ամրագրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դատարան բողոքարկելու այլ` մեկամսյա ժամկետ: Այլ խոսքով` Հ.Աթոյանի գործով որոշման մեջ արձանագրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասում և 290-րդ հոդվածի 3-րդ մասում առկա հակասությունը վերաբերում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դատարան և ոչ թե դատախազին բողոքարկելու ժամկետներին: ՈՒստի, զարգացնելով Հ.Աթոյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում բողոքարկելու առումով ՀՀ քրեադատավարական օրենքը հստակ 7-օրյա ժամկետ է սահմանում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մաս):

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը վերաբերում է բացառապես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հարցերին և, հետևաբար, սահմանում է դրա շրջանակներում մինչդատական վարույթն իրականացնող մարմինների ակտերի դատական վերանայման կարգն ու ժամկետները: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով կարգավորվում են հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դատական բողոքարկման ընթացակարգը, ժամկետները և բողոքարկման արդյունքում ընդունվող որոշումների տեսակները: Հետևաբար, համապատասխան որոշումների և գործողությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության կառուցակարգերը, այդ թվում` բողոք բերելու կարգը, ժամկետները և կայացվող որոշումների տեսակները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգավորման շրջանակներից դուրս են գտնվում և յուրաքանչյուր դեպքում կարգավորվում են առանձին նորմերով (օրինակ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով, 263-րդ հոդվածի 1-ին մասով, 267-րդ հոդվածի 3-րդ մասով և այլն):

15. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում բողոքարկելիս կիրառելի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված 7-օրյա և ոչ թե 290-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված 1-ամսյա ժամկետը: Այլ խոսքով` քրեական գործի հարուցումը մերժելու մասին մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումը վերադաս դատախազին ենթակա է բողոքարկման ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված 1-ամսյա ժամկետում, այլ նույն օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված 7-օրյա ժամկետում:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության և դատական վերահսկողության ինստիտուտները, հանդիսանալով մինչդատական վարույթի ընթացքում անձի իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ուղղված կառուցակարգեր, այնուամենայնիվ միմյանցից տարբերվում են մինչդատական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների և որոշումների օրինականության ստուգման ընթացակարգերով և ժամկետներով: Մասնավորապես, դատախազը, հսկողական գործառույթներ իրականացնելով, նպատակ է հետապնդում կանխել, վերհանել և վերացնել վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված սխալները, մինչդեռ դատարանի վերահսկողական գործունեության հիմնական նպատակը իրավապաշտպան գործառույթի իրականացումն է: Նշված գործառութային առանձնահատկություններն էլ հենց պայմանավորում են հսկողության և վերահսկողության ընթացակարգերի տարբերությունը, այդ թվում նաև` ժամկետների առումով (մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և դատախազական հսկողության ինստիտուտների առանձնահատկությունների մասին mutatis mutandis տե՛ս Լաուրա Գարեգինի Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշման 13-րդ կետը):

 

II. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատավարական կարգը

 

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն`

«4. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավորված չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:

Վերոշարադրյալ քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանի կողմից վերլուծության են ենթարկվել Ա.Օհանյանի և Է.Եղինյանի գործերով կայացված որոշումներում: Մասնավորապես, Ա.Օհանյանի գործով որոշման մեջ արձանագրվել է, որ «(...) դատարանը, տալով օրենքի կամայական մեկնաբանություն, գտել է որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը պահանջում է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը նախ բողոքարկել դատախազին, ապա դատարան: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը նման պահանջ չի բովանդակում» (տե՛ս Ալբերտ Օհանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱՔԴ/0001/11/10 որոշման 25-րդ կետը):

Է.Եղինյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) օրենքով նախատեսված դեպքերում դատարանը լիազորված է քննել և լուծել քննիչի որոշումների և գործողությունների դեմ բողոքները, սակայն դատական պաշտպանության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է, որպեսզի բավարարվի օրենքով սահմանված «...եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պայմանը: Ընդ որում, նշված որոշումների և գործողությունների դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան, եթե տեղեկություն է ստացվել դատախազի կողմից բողոքը մերժելու մասին, կամ եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել» (տե՛ս Էրիկ Իգորի Եղինյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԼԴ/0008/11/10 որոշման 19-րդ կետը):

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և, համապատասխանաբար, Ա.Օհանյանի և Է.Եղինյանի գործերով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածները քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում բողոքարկելու տարբեր ընթացակարգեր են նախատեսում: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը չի բովանդակում պահանջ այն մասին, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը մինչև դատական կարգով բողոքարկելը պետք է բողոքարկվի դատախազին: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինական և հիմնավորված չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել դատախազին բողոքարկվելու և ներկայացված բողոքին վերջինիս կողմից բավարարում չտրվելու դեպքում միայն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասն այս ընթացակարգի առումով որևէ բացառություն չի նախատեսում:

18. ՈՒստի, վերանայելով և զարգացնելով Ա.Օհանյանի և Է.Եղինյանի գործերով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը, սահմանելով հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դատական բողոքարկման կարգը, ի թիվս դատարան դիմելու այլ պայմանների, իրավաչափորեն ներառում է նաև իրավունքների պաշտպանության արտադատական միջոցն սպառելու պայման: Մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականությունը վիճարկելու տվյալ կարգը` որպես ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի իրացման միջոց, հստակ սահմանված է օրենքով, որևէ բացառություն չի նախատեսում և նպատակ է հետապնդում քրեական դատավարության մասնակիցների և շահագրգիռ այլ անձանց համար առավել արդյունավետ ձևով ապահովել դատական պաշտպանության իրավունքի անխափան իրականացումը:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումը հիմնված է Է.Եղինյանի գործով որոշմամբ արտահայտված այն մոտեցման վրա, որ «(...) դատական պաշտպանության իրավունքի իրացումը պետք է լինի իրական, այլ ոչ թե պատրանքային, այսինքն` անձն իր իրավունքների և ազատությունների, օրինական շահերի ենթադրյալ խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների շրջանակներում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Ընդ որում, դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է բացառապես ձևական բնույթ ունենան, որպեսզի դիմողը հնարավորություն ունենա իրացնել Սահմանադրությամբ ամրագրված` հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները: Բացի այդ, դատարանի մատչելիության սահմանափակումը պետք է օրինական նպատակ հետապնդի, և գործադրված միջոցի (այսինքն` սահմանափակման) և սահմանափակմամբ հետապնդված նպատակի միջև պետք է առկա լինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս Էրիկ Իգորի Եղինյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԼԴ/0008/11/10 որոշման 17-րդ կետը):

19. Է.Եղինյանի գործով արտահայտված վերոշարադրյալ դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի մատչելիության իրավունքի` սույն որոշման 18-րդ կետում ամրագրված սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, գործադրված միջոցի և սահմանափակմամբ հետապնդված նպատակի միջև առկա է համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Մասնավորապես, մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունը դատական վերահսկողության հետ միասնական նպատակ է հետապնդում, այն է` ապահովել անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև վերականգնել անձանց խախտված իրավունքները և ազատությունները: Ընդ որում, մինչդատական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների և որոշումների օրինականության ստուգման դատավարական կարգերի առանձնահատկություններով պայմանավորված` դատախազական հսկողությունը դատական վերահսկողության համեմատ երբեմն առավել արագ և արդյունավետ կերպով կարող է հասնել իր առջև դրված նպատակների իրագործմանը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կառուցակարգի գործադրման նախապայման դատախազական հսկողության սահմանումը պայմանավորված է անձի իրավունքների և ազատությունների անօրինական կամ անհամաչափ սահմանափակումները հնարավորինս կարճ ժամանակահատվածում և արդյունավետ վերացնելու օրենսդրի կամքով: Բացի այդ, մինչդատական վարույթի օրինականության երաշխավորմանն ուղղված հսկողական և վերահսկողական տվյալ միջոցների զուգակցումը հետապնդում է մեկ այլ իրավաչափ նպատակ. անձանց շահերի քրեաիրավական պաշտպանությունն իրականացնելով արտադատական կառուցակարգի գործադրմամբ` հնարավորինս սահմանափակել դատական գործիքակազմի ներգրավումը և զերծ մնալ ավելորդ հանրային-իրավական միջոցների վատնումից:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը չի բովանդակում պահանջ առ այն, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչև դատական կարգով բողոքարկելը պետք է բողոքարկվի դատախազին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ նորմի բովանդակության բացահայտման համար անհրաժեշտ է հաշվի առնել քրեական դատավարության օրենսգրքի կոնկրետ գլխում կարգավորվող հասարակական հարաբերությունների ուղղվածությունը: Այսպես` «Քրեական գործ հարուցելը» վերտառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխով (որտեղ զետեղված է

185-րդ հոդվածը) կարգավորվում է քրեական գործ հարուցելու դատավարական կարգը և առավելապես ուղղված է քրեական գործ հարուցելու պարտականություն ունեցող սուբյեկտներին` հետաքննության մարմնին, քննիչին և դատախազին, մինչդեռ «Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ» վերտառությամբ 39-րդ գլխով կարգավորվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրականացման դատավարական կարգը, որի իրականացման միակ սուբյեկտը դատարանն է: Հենց այս գլխում էլ զետեղված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը, որն առանց բացառության նախատեսում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինական և հիմնավորված չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել դատախազին բողոքարկվելու և ներկայացված բողոքին վերջինիս կողմից բավարարում չտրվելու դեպքում միայն: Իր հերթին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ «քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»:

20. Վերոնշյալ հարցի կապակցությամբ դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ Սահմանադրական դատարանը: Մասնավորապես, 2009 թվականի դեկտեմբերի 7-ին կայացված թիվ ՍԴՈ-844 որոշման 8-րդ կետում ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(...) Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով, մասնավորապես` ՍԴՈ-652, ՍԴՈ-665 և ՍԴՈ-690, բազմիցս անդրադառնալով արդարադատության մատչելիության և արդյունավետության խնդիրներին, կարևորելով անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար նորմատիվ իրավական բավարար նախադրյալների ստեղծումն ու զարգացումը` միաժամանակ կարևորել է միջազգային պարտավորություններից բխող ներպետական հայեցողական որոշակի ազատությունն արդարադատության մատչելիության և, հատկապես` դատական բողոքարկման իրավունքի օրենսդրական սահմանափակումների հարցում: Այդ կարգը, ի թիվս դատարան դիմելու այլ պայմանների (այդ թվում` ձևական) կարող է իրավաչափորեն ներառել նաև օրենքով սահմանված` իրավունքների պաշտպանության արտադատարանական միջոցն սպառելու պայման (...)»:

21. Հիմք ընդունելով սույն որոշման 18-20-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, եթե քրեական դատավարության մասնակցի կամ այլ շահագրգիռ անձի կողմից չի պահպանվել նշված որոշումը վիճարկելու արտադատական (տվյալ դեպքում` դատախազին բողոքարկելու) կարգը:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա.Արամյանի քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2013 թվականի մայիսի 29-ի որոշումը դիմող Ա.Գրիգորյանի կողմից 2013 թվականի հուլիսի 3-ին բողոքարկվել է դատախազին: Դատախազ Ա.Գրիգորյանը բողոքը չի քննարկել` պատճառաբանելով, որ վերջինս չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բողոքարկման 7-օրյա ժամկետը (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Դիմող Ա.Գրիգորյանը 2013 թվականի օգոստոսի 12-ին բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան: Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի բողոքը ճանաչել է հիմնավորված, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Ա.Արամյանի 2013 թվականի մայիսի 29-ի որոշումը վերացրել է` ի թիվս այլնի պատճառաբանելով, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դատախազին ենթակա է բողոքարկման ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված 7-օրյա, այլ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված` մեկամսյա ժամկետում (տե՛ս սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերը):

Դատախազի բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը դիրքորոշում է հայտնել առ այն, որ դատախազը պարտավոր էր ըստ էության քննության առնել Ա.Գրիգորյանի բողոքը` ղեկավարվելով ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի, այլ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով: Արդյունքում վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերը):

23. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-20-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում բողոքարկելիս Ա.Գրիգորյանը չի պահպանել վերոնշյալ որոշման բողոքարկման դատավարական ժամկետներն ու կարգը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն գործով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել Հ.Աթոյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված դիրքորոշումը (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը) և արդյունքում հանգել են սխալ եզրակացության այն մասին, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ենթակա է դատախազին բողոքարկման ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված յոթնօրյա, այլ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը դիմող Ա.Գրիգորյանի բողոքը քննության է առել` անտեսելով այն հանգամանքը, որ վերջինիս կողմից չի պահպանվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատավարական կարգը, մասնավորապես` վիճարկվող որոշումը սահմանված կարգով չի բողոքարկվել դատախազին: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակից: Իր հերթին Վերաքննիչ դատարանը, անտեսելով Առաջին ատյանի դատարանի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակից դուրս գալու հանգամանքը, նշված որոշումը թողել է օրինական ուժի մեջ` մերժելով դրա դեմ դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: Արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 5-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածներով սահմանված օրինականության սկզբունքը:

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Վերոնշյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և դիմող Ա.Գրիգորյանի բողոքը մերժել:

25. Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ ստորադաս դատարաններն իրավասու չէին իրականացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի ըստ էության քննություն այն պայմաններում, երբ չի պահպանվել տվյալ որոշման` դատախազին բողոքարկելու քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգը, Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի հեղինակի կողմից բարձրացված մյուս հարցին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը բեկանել և դիմող Ա.Գրիգորյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.03.2014
N ԵԿԴ/0125/11/13
Որոշում