Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ, 163-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ, 163-ՐԴ ԵՎ 172-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական      Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0132/02/11

    դատարանի որոշում                                             2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0132/02/11

Նախագահող դատավոր` Ի. Վարդանյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ն. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Յուխանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.05.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Յուխանյանի ընդդեմ Հայկ Յուխանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման` խախտված իրավունքը վերականգնելու, սեփականության իրավունքը ճանաչելու և որպես իրավական հետևանք` անշարժ գույքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Յուխանյանը պահանջել է վերականգնել իր խախտված իրավունքը` ճանաչելով իր սեփականության իրավունքը Երևանի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 արվեստանոցի նկատմամբ և որպես իրավական հետևանք` անվավեր ճանաչել նշված արվեստանոցի նկատմամբ Հայկ Յուխանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հունանյան) (այսուհետ` Դատարան) 19.02.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.05.2013 թվականի որոշմամբ Հայկ Յուխանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 19.02.2013 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Յուխանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 163-րդ և 172-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 130-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 արվեստանոցի նկատմամբ Տիգրան Յուխանյանի սեփականության իրավունքը գրանցված է եղել Սպանդարյան շրջգործկոմի 30.12.1988 թվականի թիվ 34/39 որոշման հիման վրա, և այս փաստաթղթի գոյությունն արդեն իսկ բավարար է հաստատված համարելու այն փաստը, որ վերջինիս կողմից իրականացվել են փայավճարների գծով պարտավորությունները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ գործի նյութերում առկա 29.12.2010 թվականի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ արդեն իսկ հաստատվել է այն փաստը, որ 1993 թվականին կողմերի հայրը` Սարգիս Յուխանյանը, Արաբկիրի շրջգործկոմ ներկայացրել է որդու` Տիգրան Յուխանյանի անունով կեղծ դիմում մյուս որդուն` Հայկ Յուխանյանին, Երևանի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 արվեստանոցի փայատեր ճանաչելու վերաբերյալ, ինչի արդյունքում Տիգրան Յուխանյանը զրկվել է իր սեփականության իրավունքից, այսինքն` քրեական գործի շրջանակներում արդեն իսկ հաստատված է համարվել այն հանգամանքը, որ անվանափոխման մասին դիմումը Տիգրան Յուխանյանը չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանի որոշումն առերևույթ հակասում է ՀՀ Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի թիվ ՎԴ2/0083/05/08, 18.09.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/1341/02/08, 22.04.2010 թվականի թիվ ԱՐԱԴ/0093/02/09 և 27.08.2010 թվականի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշումներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.05.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործկոմի բնակարանային տնտեսության արտադրական գլխավոր վարչության կողմից 26.03.1990 թվականին տրված օրդերի կտրոնի համաձայն` Սպանդարյան շրջգործկոմի 30.12.1988 թվականի թիվ 34/39 որոշման հիման վրա Տիգրան Սարգսի Յուխանյանին հատկացվել է Երևանի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 ստեղծագործական արվեստանոցը (հատոր 1, գ.թ. 15):

2. ՀՀ Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Արաբկիրի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.06.1993 թվականի նիստի թիվ 11/1 արձանագրության քաղվածքի համաձայն` Տիգրան Յուխանյանի դիմումի հիման վրա Երևանի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 արվեստանոցի փայատեր է ճանաչվել Հայկ Յուխանյանը և արձանագրվել է, որ այդ պահի դրությամբ «Արվեստանոցի վարկը և տոկոսները մարված են, պարտքեր չկան» (հատոր 1, գ.թ. 16):

3. ՀՀ Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Արաբկիրի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.06.1993 թվականի թիվ 11/1 որոշման հիման վրա Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործկոմի բնակելի և ոչ բնակելի ֆոնդերի ձևակերպման վարչության կողմից 21.06.1993 թվականին Հայկ Յուխանյանի անվամբ տրվել է թիվ 93-0041 օրդերը (հատոր 1, գ. թ. 14):

4. Արաբկիրի քննչական բաժնի կողմից հարուցված թիվ 14159110 քրեական գործով Հայկ Յուխանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 1993-1994 թվականներին, ստույգ չի հիշում, հայրն իրեն տվել է Երևանի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 արվեստանոցի օրդերն իր անվամբ` խնդրելով այն սեփականաշնորհել, ինքը տեղեկություններ չի ունեցել, որ այն մինչ այդ գրանցված է եղել եղբոր` Տիգրան Յուխանյանի անունով, հայրն իրեն այդ մասին ոչինչ չի ասել, իսկ ինքը եղբոր հետ շփում չի ունեցել: Կեղծիքների մասին ինքը ոչինչ չի իմանում, իսկ եթե որևիցե փաստաթուղթ կեղծված է, ապա գտնում է, որ հավանաբար դա կատարել է հանգուցյալ հայրը` կենդանության օրոք: Քրեական գործի նյութերով հաստատվել է, որ 1993 թվականին Սարգիս Յուխանյանը Արաբկիրի շրջգործկոմ է ներկայացրել որդու` Տիգրան Յուխանյանի անունով կեղծ դիմում Երևանի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 արվեստանոցի փայատեր մյուս որդուն` Հայկ Յուխանյանին, ճանաչելու վերաբերյալ, այսինքն` կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն, սակայն Արաբկիրի քննչական բաժնի 29.12.2010 թվականի քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն` թիվ 14159110 քրեական գործի վարույթը կարճվել է` Հայկ Յուխանյանի արարքում հանցակազմի հատկանիշների բացակայության, ինչպես նաև հանցագործությունը կատարած Սարգիս Յուխանյանի մահացած լինելու պատճառաբանությամբ (հատոր 1, գ.թ. 17-19):

5. Ըստ կադաստրային գործի տվյալների` Երևանի Արաբկիր համայնքի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 հասցեի արվեստանոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված է Հայկ Յուխանյանի անվամբ, հիմք` 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշումը (հատոր 1, գ.թ. 8):

6. ՀՀ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանումում Երքաղխորհդի գործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշման և 21.06.1993 թվականի թիվ 93-0041 օրդերի հիման վրա անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-003-4-40 մատյանի 000151 համարի տակ արվեստանոցի նկատմամբ վերագրանցվել է Հայկ Յուխանյանի սեփականության իրավունքը և 01.09.2004 թվականին տրվել է նոր` թիվ 1497138 սեփականության իրավունքի վկայականը (հատոր 1, գ.թ. 8):

7. ՀՀ նկարիչների միության նախագահի 09.09.2010 թվականի գրության համաձայն` Հայկ Սարգսի Յուխանյանը ՀՀ նկարիչների միության անդամ չէ և չի եղել, իսկ «Կոոպերատիվ արվեստանոց-1»-ի փայատերերին վերաբերող փաստաթղթերը պահվում են ՀՀ ազգային արխիվում, և փայատիրության փոփոխության մասին միջնորդության վերաբերյալ որևէ տեղեկություն չեն կարող հայտնել (քրեական գործի նյութեր):

8. Երքաղխորհրդի գործկոմի «Բնակարանային, բնակշինարարական, ամառանոցային և ավտոտնակների կոոպերատիվներում գտնվող, քաղաքացուն պատկանող գույքը որպես անձնական սեփականություն գույքագրելու մասին» 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշման համաձայն` հանձնարարվել է Երքաղխորհրդի գործկոմի շենքերի, շինությունների անձնագրավորման և գույքագրման վարձակալական վարչությանը կոոպերատիվի անդամ քաղաքացիների դիմումների հիման վրա որպես անձնական սեփականություն գույքագրել բնակարանային, բնակշինարարական, ավտոտնակների և այլ կոոպերատիվներում նրանց պատկանելիք մասը, եթե կոոպերատիվի անդամը լրիվ մուծել է իր փայը` բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի և իր օգտագործմանը տրված այլ շինության կամ տեղի համար (քրեական գործի նյութեր):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Քննության առարկա վճռաբեկ բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ.

- կոոպերատիվի անդամի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերին,

- քրեական գործով կայացված որոշումների ապացուցողական նշանակությանը քաղաքացիական գործի շրջանակներում:

i

ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ վկայակոչված հիմքով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`

- համապատասխան կոոպերատիվի անդամ և փայակուտակման իրավունք ունեցող անձ լինելը,

- փայավճարի լրիվ վճարումը:

բ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախկինում արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս` Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):

Վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

Սույն գործի փաստերի, այն է` Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործկոմի բնակարանային տնտեսության արտադրական գլխավոր վարչության կողմից 26.03.1990 թվականին տրված օրդերի կտրոնի համաձայն` Սպանդարյան շրջգործկոմի 30.12.1988 թվականի թիվ 34/39 որոշման հիման վրա Տիգրան Սարգսի Յուխանյանին հատկացվել է Երևանի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 ստեղծագործական արվեստանոցը: ՀՀ Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Արաբկիրի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.06.1993 թվականի նիստի թիվ 11/1 արձանագրության քաղվածքի համաձայն` Տիգրան Յուխանյանի դիմումի հիման վրա Երևանի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 արվեստանոցի փայատեր է ճանաչվել Հայկ Յուխանյանը և արձանագրվել է, որ այդ պահի դրությամբ արվեստանոցի վարկը և տոկոսները մարված են, պարտքեր չկան: Հայկ Յուխանյանը թիվ 14159110 քրեական գործով ցուցմունք է տվել այն մասին, որ 1993-1994 թվականներին, ստույգ չի հիշում, հայրն իրեն տվել է Երևանի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 արվեստանոցի օրդերն իր անվամբ` խնդրելով այն սեփականաշնորհել, ինքը տեղեկություններ չի ունեցել, որ այն մինչ այդ գրանցված է եղել եղբոր` Տիգրան Յուխանյանի անունով, հայրն իրեն այդ մասին ոչինչ չի ասել, իսկ ինքը եղբոր հետ շփում չի ունեցել: Կեղծիքների մասին ինքը որևէ տեղեկություն չունի, իսկ եթե որևիցե փաստաթուղթ կեղծված է, ապա գտնում է, որ հավանաբար դա կատարել է հանգուցյալ հայրը` կենդանության օրոք: Քրեական գործի նյութերով հաստատվել է, որ 1993 թվականին Սարգիս Յուխանյանը Արաբկիրի շրջգործկոմ է ներկայացրել որդու` Տիգրան Յուխանյանի անունով կեղծ դիմում Երևանի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 արվեստանոցի փայատեր մյուս որդուն` Հայկ Յուխանյանին, ճանաչելու վերաբերյալ, այսինքն` կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն, սակայն Արաբկիրի քննչական բաժնի 29.12.2010 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման համաձայն` թիվ 14159110 քրեական գործի վարույթը կարճվել է` Հայկ Յուխանյանի արարքում հանցակազմի հատկանիշների բացակայության, ինչպես նաև հանցագործությունը կատարած Սարգիս Յուխանյանի մահացած լինելու պատճառաբանությամբ:

Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ Երևանի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 արվեստանոցը Սպանդարյանի շրջգործկոմի 30.12.1988 թվականի թիվ 34/39 որոշման հիման վրա 26.03.1990 թվականին հատկացվել է Տիգրան Յուխանյանին, իսկ հետագայում կեղծ դիմումի հիման վրա դրա նկատմամբ սեփականության իրավունքն անցել է նրա եղբորը` Հայկ Յուխանյանին, որով էլ խախտվել են Տիգրան Յուխանյանի` որպես գույքի սեփականատիրոջ իրավունքները, ուստի դրանք ենթակա են պաշտպանության` մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու միջոցով: Անդրադառնալով պատասխանողի այն պատճառաբանությանը, որ կեղծ դիմումի հիման վրա Հայկ Յուխանյանի սեփականության իրավունքը ճանաչվելու վերաբերյալ մեղադրական դատավճիռ առկա չէ, ուստի հայցն այդ հիմքով ենթակա է մերժման, Դատարանը այն գտել է անհիմն, քանի որ Տիգրան Յուխանյանի կնոջ` Սուսաննա Մուշեղյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում հաստատվել է այն փաստը, որ Հայկ Յուխանյանը Երևանի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 արվեստանոցի փայատեր է ճանաչվել կողմերի հոր` Սարգիս Արիստակեսի Յուխանյանի կողմից 1993 թվականին Արաբկիրի շրջգործկոմ ներկայացված կեղծ դիմումի հիման վրա:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ կոոպերատիվում անդամության փոխանցման և փայի մնացած մասի արժեքի վճարման արդյունքում Հայկ Յուխանյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ կետի ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք Երևանի Հրաչյա Քոչարի 13-րդ շենքի թիվ 14 արվեստանոցի նկատմամբ, և գործում Տիգրան Յուխանյանի կողմից կոոպերատիվի փայավճարներ կատարելու և նրա անվամբ վիճարկվող գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացված լինելու վերաբերյալ որևէ վերաբերելի ապացույցի բացակայության պայմաններում գտել է, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Անանյանի 29.12.2010 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը չի կարող էական նշանակություն ունենալ տվյալ քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար:

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ պատճառաբանությունների համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին, գտնում է, որ տվյալ պարագայում Արաբկիրի քննչական բաժնի 29.12.2010 թվականի քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը պետք է գնահատվի որպես ինքնուրույն գրավոր ապացույց` գործով ձեռք բերված ապացույցների համակցության մեջ` նկատի ունենալով, որ այն տեղեկություն է բովանդակում սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այնպիսի փաստի վերաբերյալ, ինչպիսին է պատասխանողի` կոոպերատիվի անդամ հանդիսանալը: Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, գնահատելով ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Անանյանի 29.12.2010 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման նշանակությունը սույն գործի քննության համար, անհիմն կերպով այն չի ընդունել որպես ապացույց կամ այն հանել է ապացույցների շարքից, որի արդյունքում հանգել է սխալ եզրակացության` բավարարելով վերաքննիչ բողոքը, բեկանելով Դատարանի վճիռը և մերժելով հայցը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է իրականացնել գործի նոր քննություն, որի շրջանակներում պետք է գնահատել ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Անանյանի 29.12.2010 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը` որպես ինքնուրույն ապացույց` այն համադրելով գործում առկա այլ ապացույցների հետ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.05.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.11.2013
N ԵԱՔԴ/0132/02/11
Որոշում