Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 28-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3051/02/11

    դատարանի որոշում                                            2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3051/02/11

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Մեծ Հիմք» Ա/Կ-ի (այսուհետ` Կոոպերատիվ) ներկայացուցիչ Ռոմեն Ահարոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կոոպերատիվի ընդդեմ «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Համալսարան), երրորդ անձինք «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն), «Սալմագ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` «ՀՊՄՀ-ԲԸԱՇՁԲ-8/11» ծածկագրով բաց ընթացակարգի հանձնաժողովի 18.11.2011 թվականի արձանագրությունը և 22.11.2011 թվականի պայմանագիր կնքելու որոշումը 2-րդ չափաբաժնի մասով անվավեր ճանաչելու և Կոոպերատիվի հայտը 2-րդ չափաբաժնի մասով որակավորման չափանիշներին բավարարող համարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է անվավեր ճանաչել «ՀՊՄՀ-ԲԸԱՇՁԲ-8/11» ծածկագրով բաց ընթացակարգի հանձնաժողովի 18.11.2011 թվականի արձանագրությունը և 22.11.2011 թվականի պայմանագիր կնքելու որոշումը 2-րդ չափաբաժնի մասով և Կոոպերատիվի հայտը 2-րդ չափաբաժնի մասով համարել որակավորման չափանիշներին բավարարող:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 10.05.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.07.2012 թվականի որոշմամբ Կոոպերատիվի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.05.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոոպերատիվի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համալսարանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 220-221-րդ հոդվածների և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը 13.04.2012 թվականին սույն քաղաքացիական գործի քննությունը հայտարարել է ավարտված և նշանակել է վճռի հրապարակման օր` 27.04.2012 թվականը:

27.04.2012 թվականին դատական նիստը հայտարարվել է բացված, սակայն վճռի հրապարակման փոխարեն Դատարանը հրապարակել է գործի քննությունը վերսկսելու մասին որոշում և միայն պատասխանողի ներկայացուցչի մասնակցությամբ ավարտել է դատաքննությունը և վճռի հրապարակման օր հայտարարել 10.05.2012 թվականը` ժամը 11:00-ին:

Դատարանը, վերսկսելով գործի քննությունը, այդ որոշումը հրապարակել է 27.04.2012 թվականին, սակայն գործի քննությունը վերսկսելու մասին չի ծանուցել հայցվորին և նրա ներկայացուցչին, որպիսի պայմաններում էլ հայցվորի, ինչպես նաև երրորդ անձանց բացակայությամբ իրականացրել է դատաքննություն և ավարտել գործի քննությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կողմերը պատշաճ չեն տեղեկացվել գործի քննությունը վերսկսելու մասին և գործի քննությանը մասնակից չդառնալու հետևանքով Կոոպերատիվի ներկայացուցիչը զրկված է եղել լրացուցիչ հետազոտված ապացույցների վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից: Փաստորեն` Կոոպերատիվը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, որի արդյունքում խախտվել է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.07.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են, վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ վճռաբեկ բողոքը կազմվել է` հենվելով բացառապես այն հանգամանքի վրա, որ Դատարանը գործի քննությունը վերսկսել է, սակայն այդ մասին կողմերին չի ծանուցել: Մինչդեռ, Դատարանը գործի քննությունը վերսկսել է դատական ակտի հրապարակման փոխարեն, իսկ դատական ակտի հրապարակման օրվա վերաբերյալ Կոոպերատիվը պատշաճ ձևով ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել: Տվյալ դեպքում Դատարանը գործի քննությունը վերսկսել է մինչ այդ քննարկված հանգամանքների վերաբերյալ պատասխանողի կողմից հնչեցված դիրքորոշումը հստակեցնելու նպատակով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 13.04.2012 թվականի դատական նիստում Դատարանը թիվ ԵԿԴ/3051/02/11 քաղաքացիական գործի քննությունը հայտարարել է ավարտված և վճռի հրապարակման օր է հայտարարել 27.04.2012 թվականը (հատոր 1, գ.թ. 180-194):

2) 27.04.2012 թվականին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով Դատարանը, վճիռ կայացնելիս անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսել է գործի քննությունը, նույն օրն ավարտել է դատական նիստը և հայտարարել է վճռի հրապարակման օր` 10.05.2012 թվականի ժամը 11:00-ն (հատոր 1, գ.թ. 180-194):

3) 27.04.2012 թվականին վերսկսված գործի քննության մասին Կոոպերատիվը չի տեղեկացվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

i

Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանվում է գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները, որի 1-ին կետի 3-րդ ենթակետը սահմանում է գործին մասնակցող անձանց ապացույցներ ներկայացնելու և դրանց հետազոտմանը մասնակցելու, իսկ 5-րդ ենթակետը` գործին մասնակցող անձանց` գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ իրենց փաստարկները ներկայացնելու իրավունքը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստում, որի մասին պարտադիր կարգով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք և դատավարության այլ մասնակիցները:

Նույն օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Իսկ քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ ներկայացնելու և դրանց հետազոտմանը մասնակցելու, ինչպես նաև գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ իրենց փաստարկները ներկայացնելու իրավունքը մրցակցության սկզբունքի կարևորագույն տարրերից են: Հետևաբար, դատարանի կողմից պատշաճ ձևով չտեղեկացված գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ գործը քննելը հանդիսանում է մրցակցության և իրավահավասարության սկզբունքների անմիջական խախտում և վճռի բեկանման անվերապահ հիմք է:

Վճռաբեկ դատարանը իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իրավական վերլուծությանը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործը այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տես` Անկերլ ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, Գյումրու քաղաքապետի հայցն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի` սեփականատիրոջ իրավունքների խախտումները վերացնելու պահանջի մասին և «Չապ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի` հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի թիվ ՇԴ/0351/02/08 որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` թեև Դատարանը 13.04.2012 թվականին գործի քննությունը հայտարարել է ավարտված և վճռի հրապարակման օր է նշանակել 27.04.2012 թվականը, սակայն նշված օրը Դատարանը որոշում է կայացրել գործի քննությունը վերսկսելու մասին, նույն օրն ավարտել է գործի քննությունը և վճռի հրապարակման օր է հայտարարել 10.05.2012 թվականը` ժամը 11:00-ն: Սույն գործում չկա որևէ ապացույց Դատարանի կողմից 27.04.2012 թվականին վերսկսված գործի քննության վերաբերյալ Կոոպերատիվին պատշաճ ծանուցելու վերաբերյալ:

Հաշվի առնելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոոպերատիվը զրկված է եղել վերսկսված քաղաքացիական գործի քննությանը մասնակցելու հնարավորությունից, որի արդյունքում խախտվել են ինչպես կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքները, այդ թվում` Կոոպերատիվի` քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված` ապացույցների հետազոտմանը մասնակցելու և քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ իր փաստարկները ներկայացնելու իրավունքները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2012
N ԵԿԴ/3051/02/11
Որոշում