Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ, 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ, 6-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ               Վարչական գործ թիվ ՎԴ4/0014/05/11

    դատարանի որոշում                                             2012 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ4/0014/05/11

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Լ. Սոսյան

                       Հ. Բեդևյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի ապրիլի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 17.11.2011 թվականի որոշման դեմ` ըստ Գյուղապետարանի հայցի ընդդեմ Նորիկ Այվազյանի` հօգուտ Գյուղապետարանի 1.127.208 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գյուղապետարանը պահանջել է Նորիկ Այվազյանից բռնագանձել 1.127.208 ՀՀ դրամ` որպես գույքահարկի գումար:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 07.07.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.11.2011 թվականի որոշմամբ Գյուղապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.07.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուղապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվությունը` խախտելով դատավարական իրավունքի նորմերը:

Վերաքննիչ դատարանը հակասություն է տեսել Նորիկ Այվազյանի սեփականության իրավունքի գրանցման 15.04.2008 թվականի թիվ 2536252 վկայականի և անշարժ գույքի կադաստրի կողմից Գյուղապետարանին տրամադրած տեղեկությունների միջև: Այնինչ վերը նշված վկայականում և տեղեկություններում կադաստրային գրանցման համարները նույնն են: Նշված փաստի անտեսումը հանգեցրել է գործի սխալ լուծմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.11.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել, կամ բեկանել որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 15.04.2008 թվականի թիվ 2536252 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Նորիկ Այվազյանին սեփականության իրավունքով պատկանում է 2.162 հա արդյունաբերական նշանակության հողամաս: Նշված վկայականի «Շինության տվյալները» բաժնից հետևում է, որ հողամասի վրա առկա է պարիսպ, պոմպակայան, լիցքավորման կետ, հեղուկ վառելիքի տարաներ, ջրավազան և տարողություններ: «Հողամասի տվյալները» բաժնում կադաստրային համարը նշված է 04-094-549 (գ.թ. 35-36):

2. Գյուղապետարանի կողմից կազմված տեղեկանքի համաձայն` Նորիկ Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող Փարաքար համայնքում գտնվող շինությունների գույքահարկի գծով պարտավորությունները 2008 թվականին կազմել է 317.589 ՀՀ դրամ, որից ապառքը` 205.227 ՀՀ դրամ, տույժը` 112.362 ՀՀ դրամ, 2009 թվականին կազմել է 476.382 ՀՀ դրամ, որից ապառքը` 307.840 ՀՀ դրամ, տույժը` 168.542 ՀՀ դրամ, 2010 թվականին կազմել է 333.237 ՀՀ դրամ, որից ապառքը` 307.840 ՀՀ դրամ, տույժը` 25.397 ՀՀ դրամ, ընդհանուր գումարը 2008-2010 թվականների համար կազմել է 1.127.208 ՀՀ դրամ (գ.թ. 5):

3. Գյուղապետարանի կողմից դատաքննության ընթացքում Դատարանին ներկայացված տեղեկանքի համաձայն` Գյուղապետարանին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման կողմից տրամադրված, քաղաքացի Նորիկ Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող շինության տվյալներ են` պետական գրանցումը` 15.04.2008 թվական, կադաստրային ծածկագիրը` 04-094-549, կադաստրային գնահատումը 2008-2010 թվականների դրությամբ` 102.613.360 ՀՀ դրամ (գ.թ. 51):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկատեսակ է գույքահարկը:

i

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն` սեփականության իրավունքով անձանց պատկանող գույքի համար գույքահարկ վճարողներն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջե պարտավոր են վճարել գույքահարկ:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գույքահարկով հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա նույն օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է գույքահարկի գումարը, ընդ որում շինությունների հարկման բազա է համարվում նույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով` նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերում նշված հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար` հարկման բազայի 0.3 տոկոսը:

i

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպես նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները` հաշվառող մարմինները հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա երեք տարիների և փոխադրամիջոցների ընթացիկ տարվա գույքահարկի գումարները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոն» (ex officio):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի ուժով վարչական դատարանի կողմից գործի փաստերի ի պաշտոնե պարզման դատավարական իրավունքին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տես ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցն ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ3/0207/05/08 որոշումը):

Սույն գործով Դատարանը Գյուղապետարանի հայցը մերժելու հիմքում դրել է այն փաստը, որ Նորիկ Այվազյանին 15.04.2008 թվականին տրված թիվ 2536252 սեփականության իրավունքի վկայականի ոչ «Շենքի տվյալները» և ոչ էլ «Շինության տվյալները» բաժիններում առևտրի սրահի մասին որևէ նշում չկա: Միաժամանակ նշելով, որ Նորիկ Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում առկա են ոչ պիտանի, ավերված շինություններ, որոնց վիճակն այնպիսի է, որ հնարավոր չէ պարզել դրանց նախնական նպատակային նշանակությունը:

Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, որոշման հիմքում դրել է Նորիկ Այվազյանի սեփականության իրավունքի թիվ 2536252 վկայականը և Գյուղապետարանի կողմից կազմված տեղեկանքը, որոնց մեջ առևտրի սրահի մասին ոչինչ նշված չէ, և եզրակացրել է, որ գույքահարկով հարկման ենթակա օբյեկտի բացակայության պայմաններում Նորիկ Այվազյանը չի համարվում տվյալ գույքի համար գույքահարկ վճարող:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե Դատարանը և թե Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն հետազոտել և չեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ինչի արդյունքում հանգել են չպատճառաբանված եզրահանգումների, որոնք էլ ազդել են գործի ելքի վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանները, հիմք ընդունելով Նորիկ Այվազյանին 15.04.2008 թվականին տրված թիվ 2536252 սեփականության իրավունքի վկայականում առևտրի սրահի նշված չլինելու հանգամանքը, չեն պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Մասնավորապես, Գյուղապետարանի կողմից 25.01.2011 թվականին կազմված թիվ 191 տեղեկանքով Նորիկ Այվազյանի գույքահարկի պարտավորությունները 2008-2010 թվականների դրությամբ կազմել է 1.127.208 ՀՀ դրամ: Գյուղապետարանը վերը նշված գումարները հաշվարկել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման կողմից տրամադրված` Նորիկ Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունների կադաստրային արժեքը:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության համար պարզման ենթակա էական նշանակություն ունեցող փաստերն են`

1. Նորիկ Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող 2.162 հա արդյունաբերական նշանակության հողամասի վրա գտնվող շինությունների կազմը` հիմք ընդունելով 15.04.2008 թվականի թիվ 2536252 սեփականության իրավունքի վկայականի «Շինության տվյալները»:

2. Նշված շինությունների կադաստրային արժեքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ փաստերը պարզելուց հետո միայն Դատարանը և Վերաքննիչ դատարանը կարող էին որոշել հայցը բավարարելու կամ մերժելու հարցը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 17.11.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.04.2012
N ՎԴ4/0014/05/11
Որոշում