ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0246/02/09
դատարանի որոշում 2012 թ.
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0246/02/09
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան
Դատավորներ` Դ. Խաչատրյան
Կ. Չիլինգարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2012 թվականի մարտի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Բավական Սուքիասյանի և Արևիկ Ափոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վանո Ափոյանի ընդդեմ Բավական Սուքիասյանի և Արևիկ Ափոյանի` սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանից վտարելու պահանջի մասին, և ըստ Բավական Սուքիասյանի և Արևիկ Ափոյանի հակընդդեմ հայցի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի հաստատման և ըստ կտակի ժառանգության դեպքում պարտադիր բաժնի իրավունքով մաս առանձնացնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վանո Ափոյանը պահանջել է Բավական Սուքիասյանին և Արևիկ Ափոյանին վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող տնից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Բավական Սուքիասյանը և Արևիկ Ափոյանը պահանջել են ձեռքբերման վաղեմությամբ ճանաչել սեփականության իրավունքն Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեի տան` իրենց կողմից զբաղեցված մասի նկատմամբ և ըստ կտակի ժառանգության դեպքում պարտադիր բաժնի իրավունքով առանձնացնել իրենց կողմից որպես առանձին տնտեսություն օգտագործված մասը:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2010 թվականի վճռով Վանո Ափոյանի հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2010 թվականի վճիռը բեկանվել, և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մնացյան) (այսուհետ` Դատարան) 10.06.2011 թվականի վճռով Վանո Ափոյանի հայցը մերժվել է, իսկ Բավական Սուքիասյանի և Արևիկ Ափոյանի հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` ճանաչվել է Բավական Սուքիասյանի և Արևիկ Ափոյանի սեփականության իրավունքն Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեի տան` ըստ հատակագծի 01, 02, 1-1, 1-2 և 1-3 առանձնացված սենյակների և հողատարածքի` Բավական Սուքիասյանին և Արևիկ Ափոյանին նախկին սեփականատիրոջ կողմից փաստացի փոխանցված մասի նկատմամբ: Հայցապահանջը` ըստ կտակի ժառանգության դեպքում պարտադիր բաժնի իրավունքով մաս առանձնացնելու պահանջի մասին, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.09.2011 թվականի որոշմամբ Վանո Ափոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 10.06.2011 թվականի վճիռը բեկանվել է մասնակիորեն` հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու մասով, և այդ մասով փոփոխվել է` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասով, մերժվել: Վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Բավական Սուքիասյանը և Արևիկ Ափոյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի որոշումն անօրինական է հետևյալ պատճառաբանությամբ.
Բավական Սուքիասյանի ամուսինը` Մերուժան Ափոյանը, ծնվել և մեծացել է վիճելի տանը, որն ի սկզբանե կառուցվել է երեք հարկաբաժիններով երեք որդիների համար: Վիճելի սեփական տունն ի սկզբանե կառուցվել է առանձին մուտքերով և մասնաբաժիններով, որոնք իրարից առանձնացված են հիմնական պատով, առանձին մուտքերով և որոշակի չափի հողամասով: Բավական Սուքիասյանի և Մերուժան Ափոյանի ամուսնությունից հետո` սկսած 1982 թվականից, նշված տան իրենց կողմից զբաղեցված մասը սեփականատեր Լուսիկ Ափոյանի կամքով առանձնացվել է այդ ընտանիքի համար և այդ պահից մինչև հիմա ընտանիքով ապրել են` որպես առանձին տնտեսություն: Ինչպես Մերուժան Ափոյանի օրոք, այնպես էլ նրա մահից` 1995 թվականից հետո, կատարել են կառուցապատման և վերանորոգման աշխատանքներ` որպես իրենց սեփականություն: Չնայած առանձին տնտեսություն վարելուն` ամբողջ տունը գրանցված էր Լուսիկ Ափոյանի անվամբ: Սակայն Լուսիկ Ափոյանը միշտ էլ հայտարարել էր, որ տան արևմուտքի կողմի բնակարանը Մերուժան Ափոյանին է: Բացի այդ, տնային գրքից էլ երևում է, որ Բավական Սուքիասյանի` վիճելի հասցե գալու նպատակը նշված է «մշտական բնակություն»: Կոմունալ ծառայությունների համապատասխան կազմակերպությունների և Բավական Սուքիասյանի միջև կնքվել են բոլոր պայմանագրերն ու անհրաժեշտ փաստաթղթերը, որտեղ մշտապես նշվել է Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեն:
Այսպիսով` Բավական Սուքիասյանը և իր ընտանիքը 1982 թվականից ամբողջությամբ վիճելի հասցեի իրենց մասը տիրապետել են որպես իրենց սեփականություն:
Այն հանգամանքը, որ շուրջ 29 տարի բարեխղճորեն, անընդմեջ և բացահայտ և որպես իրենց սեփականություն Բավական Սուքիասյանն իր ընտանիքի հետ տիրապետում է վիճելի հասցեի` իրենց զբաղեցրած մասը, հաստատվում է էլեկտրաէներգիայի սպառման, խմելու ջրի համար վճարման անդորրագրերով, Արթիկի թիվ 12 թաղի լիազորի տեղեկանքով, Արթիկի քաղաքապետարանի համապատասխան տեղեկանքով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 22.09.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.06.2011 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Համաձայն 17.05.1986 թվականին կազմված Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեի անհատական բնակելի տան տեխնիկական անձնագրի` սեփականատեր Լուսիկ Ափոյանի անվամբ նշումով, գույքագրումը կատարվել է 1975 թվականին` հին գույքաթերթի հիման վրա:
2. Լուսիկ Ափոյանը 10.02.2000 թվականին կազմել է փակ կտակ, որով իր ամբողջ ունեցվածքը կտակել է թոռանը` Վանո Ափոյանին: Լուսիկ Ափոյանի մահից` 09.12.2000 թվականից հետո Վանո Ափոյանին 16.06.2004 թվականին տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 1-ին, գ.թ. 118-119):
3. Վերոնշյալ ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա 348,9 քմ մակերեսով վիճելի բնակարանի և 0,04761 հա հողամասի նկատմամբ 30.05.2006 թվականին գրանցվել է Վանո Ափոյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 7-8):
4. Համաձայն 03.11.2009 թվականի թիվ 12 թաղի կոմիտեի նախագահի տեղեկանքի` Բավական Սուքիասյանը 1982 թվականից բնակվել է Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 քարաշեն բնակարանում իր հանգուցյալ ամուսնու` Մերուժան Ափոյանի հետ համատեղ, այնուհետև նշված բնակարանը կառուցել և վերակառուցել են սկեսրոջ հետ միասին մինչև վերջինիս մահը` 2000 թվականի դեկտեմբեր ամիսը, որից հետո շարունակել են բնակվել նշված բնակարանում (հատոր 1-ին, գ.թ. 81):
5. Բավական Սուքիասյանն Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեում հանդիսանում է խմելու ջրի, էլեկտրական ցանցի ինքնուրույն բաժանորդ (հատոր 1-ին, գ.թ. 82-86):
6. «Պ.Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի մասնագիտական եզրակացության համաձայն` Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեի տունը երկհարկանի է, օգտագործվում է երկու տնատիրությունների կողմից առանձին-առանձին` յուրաքանչյուրի համար առանձնացված հողամասերով (հատոր 3-րդ, գ.թ. 108-113):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
i
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե'ս օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Դատարանը Վանո Ափոյանի հայցը մերժելու և Բավական Սուքիասյանի և Արևիկ Ափոյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասով հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վանո Ափոյանը չի հիմնավորել, որ ժառանգության բացման պահից 9 տարիների ընթացքում, իսկ դրանից առաջ էլ` սկսած 1982 թվականից, անշարժ գույքի սեփականատերերը քայլեր են ձեռնարկել Բավական Սուքիասյանի և նրա ընտանիքի տիրապետությունից վիճելի գույքն ազատելու ուղղությամբ: Մինչդեռ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ Բավական Սուքիասյանն իր ընտանիքի հետ վեճի առարկա գույքը 28 տարի տիրապետել են բարեխիղճ, բացահայտ և տասը տարի անընդմեջ:
Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն գործով Բավական Սուքիասյանն ու Արևիկ Ափոյանը չեն ներկայացրել իրենց պահանջը հիմնավորող ապացույցներ, մասնավորապես այն, որ բարեխղճորեն, բացահայտ և 10 տարի անընդմեջ տիրապետել և օգտագործել են վիճելի գույքը` որպես սեփականը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա փաստերով հաստատվում է հակընդդեմ հայցով հայցվորների` վիճելի հասցեում իրենց զբաղեցրած մասը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը: Ձեռքբերման վաղեմությամբ վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման վերոնշյալ վավերապայմանների առկայությունը հաստատվում է, մասնավորապես, հետևյալ ներքոշարադրյալ փաստերով.
Վիճելի հասցեի տնատիրությունն ի սկզբանե կառուցվել է երեք առանձին բաժիններով, որոնք միմյանցից առանձնացված էին հիմնական պատով, առանձին մուտքով և որոշակի չափի հողամասով: Նշված բաժիններից մեկը Լուսիկ Ափոյանը հատկացրել է իր որդուն` Մերուժան Ափոյանին: Այսինքն` նշված հասցեի վիճելի մասը սկզբնապես տիրապետել է Մերուժան Ափոյանը, ով 1982 թվականից ամուսնացել և շարունակել է տիրապետել նշված գույքն արդեն իր կնոջ և 2 երեխաների հետ: Վիճելի տանն են ծնվել նաև Բավական Սուքիասյանի երկու դուստրերը` Արևիկ և Լուսինե Մերուժանի Ափոյանները: Վերջիններս Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեում բնակվել են առանձին մուտքերով և վարել են առանձին տնտեսություն:
Այնուհետև 1995 թվականին` Մերուժան Ափոյանի մահից հետո, Բավական Սուքիասյանը` որպես իր ամուսնու իրավահաջորդ, ընտանիքով շարունակել է բնակվել վիճելի տանը և որպես իր սեփական գույք` կատարել է կառուցապատման և վերանորոգման աշխատանքներ: Համաձայն 03.11.2009 թվականի թիվ 12 թաղի կոմիտեի նախագահի տեղեկանքի` Բավական Սուքիասյանը 1982 թվականից բնակվել է Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 քարաշեն բնակարանում իր հանգուցյալ ամուսնու` Մերուժան Ափոյանի հետ համատեղ, այնուհետև նշված բնակարանը կառուցել և վերակառուցել են սկեսրոջ հետ միասին մինչև վերջինիս մահը` 2000 թվականի դեկտեմբեր ամիսը, որից հետո շարունակել են բնակվել նշված բնակարանում:
Այսպիսով` վերոգրյալ փաստերը Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրահանգելու, որ սույն գործով առկա է վիճելի գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ չորս վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, ինչը բավարար էր հայցը մերժելու և հակընդդեմ հայցը` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման մասով, բավարարելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2011 թվականի վճռին:
2. Վանո Ափոյանից հօգուտ Բավական Սուքիասյանի և Արևիկ Ափոյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրք:
Վանո Ափոյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումի համար հետաձգված պետական տուրքի գումար, և 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան