Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ, 280...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ, 280-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0235/02/10   

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0235/02/10

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան     

                       Ա. Պետրոսյան     

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդիթեր Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ Վարդիթեր Հովհաննիսյանի հայցի ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Մարտին Պետրոսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ Մարտին Պետրոսյանի հայցի ընդդեմ Վարդիթեր Հովհաննիսյանի` հողամասն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդիթեր Հովհաննիսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքն Արտաշատ քաղաքի 03-001-0003-0013 կադաստրային համարը կրող 570 քմ մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ ժառանգության հիմքով և անվավեր ճանաչել Մարտին Պետրոսյանի անվամբ 14.12.2009 թվականին 0,057 հա տնամերձ հողամասի նկատմամբ կատարված պետական գրանցումը:

Դիմելով դատարան` Մարտին Պետրոսյանը պահանջել է Վարդիթեր Հովհաննիսյանի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել օրենքով սահմանված կարգով իրեն հատկացված սեփականության իրավունքով պատկանող Արտաշատի Կամոյի 14ա հասցեում գտնվող 570 քմ տնամերձ հողամասը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2010 թվականի որոշմամբ նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.09.2010 թվականի վճռով Վարդիթեր Հովհաննիսյանի հայցը բավարարվել է, իսկ Մարտին Պետրոսյանի հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.12.2010 թվականի որոշմամբ Մարտին Պետրոսյանի և Արտաշատի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 14.09.2010 թվականի վճիռը և փոփոխվել է` Վարդիթեր Հովհաննիսյանի հայցը մերժվել է, իսկ Մարտին Պետրոսյանի հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդիթեր Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարտին Պետրոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ, 209-րդ, 211-րդ հոդվածները, 221-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Արտաշատի «Նորվզլու» պայմանական անունով թաղամասից 400 քմ մակերեսով թիվ 40 հողակտորը հատկացվել է Հրանտ Մանուկյանին, որն ընտանիքի հետ, մասնավորապես` Վարդիթեր Հովհաննիսյանի հետ 1995 թվականից բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել է այն, տնկել է պտղատու ծառեր, հոգացել է դրանց պահպանման խնդիրները, կառուցել է շինություն, ինչի վերաբերյալ դատարանին են ներկայացվել գրավոր հայտարարություններ: Նշված ապացույցներն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ 1992 թվականին Մարտին Պետրոսյանին հատկացված հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման նպատակով վերջինս դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանմանը շուրջ 18 տարի անց և այդ ժամանակահատվածում որևէ գործողություն չի իրականացվել նշված հողամասի նկատմամբ իրավունքը պահպանելու կապակցությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.12.2010 թվականի որոշումը և փոփոխել` օրինական ուժ տալ Դատարանի 14.09.2010 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Վարդիթեր Հովհաննիսյանը և Հրանտ Մանուկյանն ամուսնացել են 18.01.1978 թվականին (հատոր 1-ին, գ.թ.31):

2. ՀՀ պատգամավորների Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 16.04.1992 թվականի թիվ 16 արձանագրության որոշմամբ Արտաշատի Կամոյի փողոցի վրա նոր հատկացված տնամերձ հողերից 5-րդ հողակտորը հատկացվել է Մարտին Պետրոսյանին` անհատական բնակելի տուն կառուցելու համար և տրվել է Կամոյի փողոց թիվ 14ա փոստային հասցեն (հատոր 1-ին, գ.թ.72-74):

3. ՀՀ պատգամավորների Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 31.05.1995 թվականի թիվ 14 արձանագրության որոշմամբ Արտաշատի «Նորվզլու» պայմանական անունով թաղամասից հատկացվել է Հրանտ Մանուկյանին հողակտոր` բնակարանային շինարարության համար և 1995 թվականի հունիսին Հրանտ Մանուկյանին տրվել է թիվ 36 միասնական օրդերը` 400 քմ մակերեսով թիվ 40 հողակտորի վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ.15-16):

4. 14.12.2009 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2433202 վկայականի համաձայն`Արտաշատի Կամոյի փողոց թիվ 14ա հասցեում գտնվող 0,057 հա մակերեսով տնամերձ հողամասի սեփականատերը Մարտին Պետրոսյանն է, հիմք` ՀՀ պատգամավորների Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 16.04.1992 թվականի թիվ 16 արձանագրության որոշումը և հատակագիծը (հատոր 1-ին, գ.թ. 75-77):

5. Վարդիթեր Հովհաննիսյանին հասցեագրված Արտաշատի քաղաքապետի 14.04.2010 թվականի թիվ 025/166 գրությամբ հայտնվել է, որ Հրանտ Մանուկյանին «Նորվզլու» պայմանական անունով թաղամասում հատկացված թիվ 36 միասնական օրդերում նշված թիվ 40 հողակտորը գոյություն չունի (հատոր 1-ին, գ.թ.36):

6. Արտաշատի քաղաքապետի խորհրդականի 24.06.2010 թվականի թիվ 025/173ա գրության համաձայն` «Արտաշատ քաղաքի Կամո փողոցի անվանակոչման մասին քաղաքապետարանում տեղեկություններ չեն պահպանվել, իսկ Ազատամարտիկների փողոցն անվանակոչվել է Արտաշատի քաղաքային խորհրդի գործկոմի 27.04.1995թ. թիվ 11 արձանագրության որոշմամբ»: «Թե ինչ պատճառով Մարտին Պետրոսյանի կողմից ժամանակին չի մուծվել նշված հողի հարկը, չենք կարող ճշգրիտ պատասխանել, հնարավոր է այն հանգամանքը, որ իրեն թույլ չեն տվել մշակել հողակտորը: Հողի հարկը սկսած 1992 թ ամբողջությամբ մուծվել է Մ. Պետրոսյանի կողմից 2009 թ-ին: Քաղաքապետարանում պահպանվել է ինչպես 1992 թ Կամոյի փողոցում հատկացված թվով 10 հողակտորների, այնպես էլ 1995 թ հատկացված «Նորվզլու» պայմանական թաղամասի, հետագայում Ազատամարտիկների փողոցի թվով 36 հողակտորների հատակագծերը, որոնք գրությանը կից ներկայացվում է դատարան» (հատոր 1-ին, գ.թ. 83):

7. Մարինե Բադալյանը, Հռիփսիկ Ալոյանը, Հակոբ Արամյանը, Հենրիկ Հովհաննիսյանը երաշխավորագրերով հայտնել են, որ «Կամոյի փողոցի N 5 տնամերձ հողամասը տրվել է 1995թ Հրանտ Միքայելի Մանուկյանին: Մենք որպես այդ փողոցի բնակիչներ երաշխավորում ենք և հաստատում, որ այդ հողատարածքը տարիներ շարունակ մշակել, զբաղվել են ծառատնկմամբ, աճեցրել են խաղողի վազեր և բանջարեղեն» (հատոր 1-ին, գ.թ.17, 30):

8. 17.06.2010 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Դատարանը մերժել է սույն գործով երրորդ անձ Մարտին Պետրոսյանի ներկայացուցչի միջնորդությունը վկա հրավիրելու մասին (հատոր 2-րդ, գ.թ.61):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության ...:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Նշված նորմերի համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուս անձի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման վերաբերյալ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես` դրանք են.

1) Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2) Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը: Այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3) Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4) Տիրապետումը պետք է լինի բացահայտ: Այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս ըստ հայցի Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյանների և Քնարիկ Աղազարյանի` բնակտարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և բնակելի տնից վտարելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Մանվել Սարիբեկյանի և Քնարիկ Աղազարյանի ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, ինչպես նաև ըստ Մանվել Սարիբեկյանի և Քնարիկ Աղազարյանի հայցի ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը վկա կանչում է կողմի միջնորդությամբ:

Սույն քաղաքացիական գործով ներկայացվել են հայտարարություններ, որոնց համաձայն` Մարինե Բադալյանը, Հռիփսիկ Ալոյանը, Հակոբ Արամյանը, Հենրիկ Հովհաննիսյանը հայտնել են, որ «Կամոյի փողոցի N 5 տնամերձ հողամասը տրվել է 1995 թ Հրանտ Միքայելի Մանուկյանին: Մենք որպես այդ փողոցի բնակիչներ երաշխավորում ենք և հաստատում, որ այդ հողատարածքը տարիներ շարունակ մշակել, զբաղվել են ծառատնկմամբ, աճեցրել են խաղողի վազեր և բանջարեղեն»:

Սույն գործով երրորդ անձ Մարտին Պետրոսյանի ներկայացուցիչը ներկայացրել է միջնորդություն վերոնշյալ հայտարարությունները ստորագրած անձանց սույն քաղաքացիական գործով նշված հանգամանքների վերաբերյալ վկայություն տալու համար ներգրավելու մասին:

Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետը, նշված միջնորդությունը մերժել է:

ՀՀ քաղաքացիական դատավարության 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը միջնորդության մերժման հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետը, չի հիմնավորել այն հանգամանքը, որ որևէ օրենքով առկա է անշարժ գույքի տիրապետման և օգտագործման փաստը նաև վկաների ցուցմունքներով հաստատելու արգելք կամ սահմանափակում:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատարանները միջոցներ չեն ձեռնարկել պարզելու համար գործում առկա հայտարարություններով արձանագրված փաստերի հավաստիությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.12.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.07.2011
N ԱՎԴ/0235/02/10
Որոշում