Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 22-ՐԴ ՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ            Վարչական գործ թիվ ՎԴ3/0043/05/10

    Վարչական գործ թիվ ՎԴ3/0043/05/10                              2011 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Միքանդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 08.07.2010 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Արտաշատի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ Ընկերության` 105.564.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` 28.12.2009 թվականի թիվ 1008516 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է արձակել Ընկերությունից 105.564.200 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն:

ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան) 01.02.2010 թվականին արձակել է վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 28.12.2009 թվականի թիվ 1008516 ակտը:

Դատարանի 02.03.2010 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի:

Դատարանի 08.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տեսչությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ հոդվածը, 26-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ պարբերությունը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով չի պարզել գործի լուծման համար վճռորոշ նշանակություն ունեցող այն փաստը, թե արդյոք Ընկերությունը պակաս է ցույց տվել 2007 թվականի և 2008 թվականի շրջանառությունը, քանի որ վճռում, ի հիմնավորումն պակաս ցույց տրված շրջանառության վերաբերյալ Դատարանի հետևությունների, առկա չէ որևէ ապացույցի վկայակոչում:

Դատարանը, համարելով, որ վիճարկվող ակտի անբաժանելի մասը կազմող «27 թերթ» փաստաթղթերի բովանդակությունն էական է սույն վեճի լուծման համար, և հղում կատարելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածին, Տեսչությունից պահանջել է այդ փաստաթղթերը, սակայն վերջինս, անտեսելով Դատարանի պահանջը, դրանք չի ներկայացրել: Այնուամենայնիվ, նման պայմաններում Դատարանը հնարավոր է համարել ավարտել դատաքննությունը, ավելին, հաստատված է համարել Տեսչության վկայակոչած այն փաստը, որը պետք է ապացուցվեր նշված ապացույցների միջոցով:

Դատարանը չի գնահատել գործում առկա ապացույցներն այն մասին, որ ստուգման հանձնարարագիրը հանձնվել է ոչ թե Ընկերության տնօրենին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, այլ Նվեր Հովակիմյանին, ով այդ ժամանակ Ընկերության հաշվապահն էր: Ստուգումը կասեցնելու, ինչպես նաև ստուգման ժամկետը երկարաձգելու մասին հրամանները նույնպես ներկայացվել են Ընկերության հաշվապահ Նվեր Հովակիմյանին:

Ընկերության տնօրենը 24.06.2010 թվականին միջնորդել է նշանակել փորձաքննություն` պատճառաբանելով, որ վիճարկվող ակտում առկա հաշվարկները սխալ են, սակայն Դատարանը նշված միջնորդությունը մերժել է, ինչի արդյունքում Ընկերությունը փաստորեն զրկվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ ամրագրված իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 08.07.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Դատարանը գործը քննելիս թույլ չի տվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և Դատարանի վճիռն օրինական է, բխում է գործող օրենքների պահանջներից, իսկ Ընկերության վճռաբեկ բողոքն անհիմն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի 18.09.2009 թվականի թիվ 1008516 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում (գ.թ. 6):

2) Նշված ստուգման արդյունքում Տեսչությունը 28.12.2009 թվականին կազմել է թիվ 1008516 ակտը, որով Ընկերությանն առաջադրվել է 105.564.200 ՀՀ դրամի պարտավորություն: Նույն ակտի վերջին էջում առկա ծանուցման համաձայն` «ակտին կցվում են ակտի անբաժանելի մասը հանդիսացող ընդամենը 27 թերթ» (գ.թ. 7-13):

3) Դատարանը 24.05.2010 թվականի դատական նիստի ժամանակ Տեսչությունից պահանջել է ներկայացնել նշված ակտի անբաժանելի մասը կազմող փաստաթղթերը (գ.թ. 110-112):

4) Տեսչության ներկայացուցիչը 03.06.2010 թվականի դատական նիստի ժամանակ նշված փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել այն մասին, որ ստուգումը կասեցնելու և այն երկարաձգելու մասին հրամաններն արդեն իսկ ներկայացվել են (գ.թ. 122):

5) Նշված ակտի անբաժանելի մասը կազմող 27 թերթից բաղկացած փաստաթղթերը սույն գործում առկա չեն, իսկ ստուգումը կասեցնելու և այն երկարաձգելու մասին գործում առկա հրամանները բաղկացած են յուրաքանչյուրը մեկ էջից, ընդհանուր` 2 էջ (գ.թ. 70, 109):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես, պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

i

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներով արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև դատարանի իրավունքն է, սակայն դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս, օրինակ` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի` 131.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը, վարչական գործ թիվ ՎԴ/5525/05/08(2009 թ.)):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով նախկինում կայացրած իր որոշումներով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը և այն համադրելով նույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթների հետ, արձանագրում է, որ գործի փաստերն ի պաշտոնե պարզելու գործընթացում դատարանի կողմից ողջամիտ միջոցների ձեռնարկումը չի կարող կրել ձևական բնույթ, այլ նման միջոցների ձեռնարկման դեպքում դատարանը պարտավոր է դրանց կատարման նկատմամբ լինել հետևողական: Իսկ այդպիսի հետևողականության ցուցաբերման անարդյունավետության դեպքում դատարանը պարտավոր է վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետևանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա` հաշվի առնելով նաև, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 24.05.2010 թվականի դատական նիստի ժամանակ Տեսչությունից պահանջել է ներկայացնել 28.12.2009 թվականի թիվ 1008516 ակտի անբաժանելի մասը կազմող 27 թերթից բաղկացած փաստաթղթերը, իսկ Տեսչության ներկայացուցիչը 03.06.2010 թվականի դատական նիստի ժամանակ նշված փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել այն մասին, որ ստուգումը կասեցնելու և այն երկարաձգելու մասին հրամաններն արդեն իսկ ներկայացվել են:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերում Դատարանի կողմից Տեսչությունից պահանջված 28.12.2009 թվականի թիվ 1008516 ակտի անբաժանելի մասը կազմող 27 թերթից բաղկացած փաստաթղթերն առկա չեն, իսկ Տեսչության ներկայացուցչի մատնանշած ստուգումը կասեցնելու և այն երկարաձգելու մասին հրամանները բաղկացած են յուրաքանչյուրը մեկ էջից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, Տեսչությունից պահանջելով ներկայացնել 28.12.2009 թվականի թիվ 1008516 ակտի անբաժանելի մասը կազմող 27 թերթից բաղկացած փաստաթղթերը, վերջինիս կողմից դրանց ներկայացման վերաբերյալ չի ցուցաբերել հետևողականություն, ինչից հետևում է, որ սույն գործի փաստերն ի պաշտոնե պարզելու գործընթացում Դատարանի կողմից ողջամիտ միջոցների ձեռնարկումը կրել է ձևական բնույթ, որն ազդել է գործի ելքի վրա, քանի որ նշված ապացույցների բացակայության պայմաններում Տեսչության 28.12.2009 թվականի թիվ 1008516 ակտում արձանագրված խախտումները չեն հիմնավորվում ներկայացված փաստաթղթերով:

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքում նշված մյուս փաստարկներին չի անդրադառնում, քանի որ Դատարանի կողմից թույլ տրված վերոգրյալ խախտման պայմաններում դրանք սույն գործի լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով ներկայացված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 08.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.04.2011
N ՎԴ3/0043/05/10
Որոշում