Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 296-ՐԴ, 297...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 296-ՐԴ, 297-ՐԴ, 299-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1179/02/09

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1179/02/09

 

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                    Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ         Մ. Դրմեյանի

                                      Վ. Աբելյանի

                                      Ս. Անտոնյանի

                                      Վ. Ավանեսյանի

                                      Ա. Բարսեղյանի

                                      Գ. Հակոբյանի

                                      Է. Հայրիյանի

                                      Տ. Պետրոսյանի

                                      Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վալերինա Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վալերինա Գևորգյանի ընդդեմ Գեղամ Գևորգյանի` գումարի բռնագանձման և Գեղամ Գևորգյանի հակընդդեմ հայցի` փոխառության պայմանագիրը չկնքված համարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վալերինա Գևորգյանը պահանջել է Գեղամ Գևորգյանից բռնագանձել 12.000.000 ՀՀ դրամ պարտքի գումարը և տոկոսներ` բանկային տոկոսադրույքի չափով` սկսած 01.08.2009 թվականից մինչև գումարը վերադարձնելու օրը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գեղամ Գևորգյանը պահանջել է 01.03.2008 թվականի փոխառության պայմանագիրը համարել չկնքված:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 05.03.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.10.2010 թվականի որոշմամբ Դատարանի 05.03.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վալերինա Գևորգյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գեղամ Գևորգյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ, 297-րդ, 299-րդ, 345-րդ, 347-րդ, 878-րդ, 880-րդ, 886-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ, 882-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայցադիմումում գրվել է, որ փոխառության գումարը կողմերի հայրական տան վաճառքից Վալերինա Գևորգյանին հասանելիք բաժինն է, որը պատասխանողի կողմից չի տրվել, ինչպես նաև թվարկելով կողմերի սեփականություն հանդիսացող բնակարանների առուվաճառքի պայմանագրերը և կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածը` հանգել է այն հետևության, որ պատասխանող Գեղամ Գևորգյանը Վալերինա Գևորգյանից դրամ կամ այլ գույք չի ստացել, կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:

Տվյալ պարագայում, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բնակարանները վաճառվել են մի քանի անգամ ավելի մեծ գումարներով, քան ցույց են տրված առուվաճառքի պայմանագրերում, և եթե Վալերինա Գևորգյանին հասանելիք գումարը պակաս լիներ 12.150.000 ՀՀ դրամից, պատասխանողը փոխառության պայմանագիր չէր կնքի և այդ գումարը վերադարձնելու պարտավորություն չէր ստանձնի:

Այսինքն` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նոտարական կարգով վավերացված փոխառության պայմանագիրը Գեղամ Գևորգյանի պարտավորությունը հավաստող, պատշաճ և վերաբերելի ապացույց է:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մինչև Վալերինա Գևորգյանի կողմից դատարան դիմելը Գեղամ Գևորգյանը փոխառության պայմանագիրը չկնքված լինելու հարց չի բարձրացրել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.10.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.03.2010 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Գեղամ Գևորգյանը 2008 թվականի մարտ ամսին «փոխառության պայմանագիրը» կնքելիս իրականում փոխառությամբ նշված գումարն իր քրոջից` Վալերինա Գևորգյանից, չի ստացել, այն կրել է ձևական բնույթ և նպատակ է ունեցել ապահովել Վալերինա Գևորգյանի բնակարանի հարցի լուծումը:

Ավելին, պատասխանողի քույրը` Վալերինա Գևորգյանը, նույնպես իր հայցադիմումով ընդունել է, որ փոխառության գումարն իրականում իրենց հայրական տան վաճառքից Վալերինա Գևորգյանի հասանելիք բաժինն է, որը հիմք է ընդունվել Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը բեկանելիս: Այսինքն` անվիճելի է այն հանգամանքը, որ 12.150.000 ՀՀ դրամ գումար Գեղամ Գևորգյանին չի տրվել, ուստի փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված:

Բացի այդ, միակ ճիշտ հոդվածը, որը վկայակոչել է բողոք բերած անձը` ՀՀ քաղաքացիական օրենսգքի 886-րդ հոդվածն է, իսկ այդ հոդվածի կիրառման դեպքում պետք է կիրառվեր բոլորովին այլ վերնագրով և բովանդակությամբ պայմանագիր` այդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1. Վալերինա Գևորգյանի (փոխատու) և Գեղամ Գևորգյանի (փոխառու) միջև 01.03.2008 թվականին կնքված փոխառության պայմանագրի 1-ին կետի համաձայն` Փոխատուն փոխառուին փոխառության կարգով առանց տոկոսների տալիս է 12.150.000 ՀՀ դրամ` սկսած սույն պայմանագրի կնքման օրվանից մինչև 2009 թվականի մարտի 1-ը ժամկետով:

Նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն` Փոխառուն փոխատուից ստացել է առանց տոկոսների 12.150.000 ՀՀ դրամը, որը պարտավորվում է վերադարձնել հետևյալ կերպ` 150.000 ՀՀ դրամը վճարել 02.03.2008 թվականին, իսկ մնացած 12.000.000 ՀՀ դրամը մինչև 01.03.2009 թվականը:

Նույն պայմանագրի 7-րդ կետի համաձայն` նոտարի ներկայությամբ պայմանագիրը ստորագրող կողմերը հայտարարել են, որ իրենք գործունակ են, ամբողջովին գիտակցում են և հասկանում պայմանագրով նախատեսված բոլոր կետերի իմաստը և նշանակությունը, ինչպես նաև հայտարարել են, որ պայմանագիրը ստորագրում են կամավոր և իրենց համար ձեռնտու պայմաններով (գ.թ. 4):

2. Սույն գործում առկա Վալերինա Գևորգյանի 11.06.2009 թվականի հայցադիմումի համաձայն` եղբորից` Գեղամ Գևորգյանից, հայցի առարկայի հիմքում ընկած վիճելի փոխառության գումարը նրանց հայրական տան վաճառքի իրեն հասանելիք բաժինն է, որը պատասխանողն իրեն չի տվել` թողնելով անօթևան և առանց գոյության միջոցների (գ.թ. 3):

3. Սույն գործում առկա Գեղամ Գևորգյանի 18.09.2009 թվականի հակընդդեմ հայցում նշվել է. «Իրականում կողմերի փոխհարաբերություններում գործել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 886-րդ հոդվածի 1-ին կետը, այսինքն` կողմերը, նախկինում լինելով մեկ ընտանիք, վաճառել են Թումանյան փողոցի 30 հասցեում գտնվող իրենց երեքսենյականոց ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող տունը 40.420.000 ՀՀ դրամով, որտեղ պատասխանող Վալերինա Գևորգյանի հասանելիք բաժինը կազմել է 5.770.000 ՀՀ դրամ, այլ ոչ թե 12.150.000 ՀՀ դրամ գումար» (գ.թ. 36):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր և իրեղեն ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ պատասխանողը խախտել է փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորության պայմանը, այն է` 12.000.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու մասով պարտավորությունը չի կատարել և սկսած 01.03.2009 թվականից` հայցվորի դրամական միջոցները պահում է ապօրինի և խուսափում է դրանք վերադարձնելուց:

Միաժամանակ, Դատարանը, անդրադառնալով հակընդդեմ հայցվորի այն փաստարկին, որ փոխառության պայմանագիրը կնքելիս փոխատուից իրականում գումար չի ստացել, այլ այն կնքել է հայրական տան` փոխատուին հասանելիք բաժնեմասի վերաբերյալ, որն ավելի է նշված, քան իրականում կազմել է, փաստել է, որ փոխառության պայմանագրում պատասխանողը նախ նշել է, որ այդ գումարը ստացել է, ինչը կողմերի հայրական տան հայցվորին հասանելիք բաժնեմասի գումարն է, և բացի այդ, այն կնքվում է ձեռնտու պայմաններով:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել բողոք բերած անձի վկայակոչած փաստարկները, այսինքն` չի նշել դրանք մերժելու հիմքերը: Մասնավորապես, Դատարանը գնահատման չի արժանացրել հայցվորի վկայակոչած այն փաստարկը, որ փոխառության գումարն իրենց հայրական տան վաճառքից Վալերինա Գևորգյանին հասանելիք բաժինն է, որը պատասխանողն իրեն չի տվել` թողնելով անօթևան և առանց գոյության միջոցների:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքի հիմքում բարձրացված հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցադրումը.

Արդյո՞ք Վալերինա Գևորգյանի (փոխատու) և Գեղամ Գևորգյանի (փոխառու) միջև 01.03.2008 թվականին կնքված փոխառության պայմանագրով նորացվել է նրանց միջև նախկինում գոյություն ունեցող պարտավորությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը դադարում է կողմերի միջև գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը նույն անձանց միջև մեկ այլ պարտավորությամբ փոխարինելու մասին համաձայնությամբ, որը նախատեսում է դրա այլ առարկա կամ կատարման այլ եղանակ (նորացում):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 886-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կողմերի համաձայնությամբ առուվաճառքից, գույքի վարձակալությունից կամ այլ հիմքերից ծագած պարտքը կարող է փոխարինվել փոխառության պարտավորությամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` փոխառության պարտավորությունում պարտքը փոխարինվում է նորացման վերաբերյալ պահանջների պահպանմամբ (հոդված 430) և փոխառության պայմանագիր կնքելու համար նախատեսված ձևով (հոդված 878):

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ պարտավորության դադարման ձև է նաև պարտավորության դադարումը նորացմամբ, որը կնքվում է նորացման վերաբերյալ պահանջների պահպանմամբ և փոխառության պայմանագիր կնքելու համար նախատեսված ձևով: Նշվածից հետևում է, որ այն դեպքում երբ կողմերի միջև գոյություն ունեցող պարտավորությունը նորացվում է փոխառության պարտավորությամբ, ապա նորացումը կարգավորվում է ինչպես նորացման, այնպես էլ փոխառությանը վերաբերող նորմերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

Նույն օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

Սույն գործի փաստերի համաձայն` Վալերինա Գևորգյանի (փոխատու) և պատասխանող Գեղամ Գևորգյանի (փոխառու) միջև 01.03.2008 թվականին կնքված փոխառության պայմանագրով փոխատուն փոխառուին փոխառության կարգով առանց տոկոսների տալիս է 12.150.000 ՀՀ դրամ` սկսած սույն պայմանագրի կնքման օրվանից մինչև 2009 թվականի մարտի 1-ը ժամկետով, որը փոխառուն պարտավորվում է վերադարձնել հետևյալ կերպ` 150.000 ՀՀ դրամը վճարել 02.03.2008 թվականին, իսկ մնացած 12.000.000 ՀՀ դրամը` մինչև 2009 թվականի մարտի 1-ը:

Բացի այդ, սույն գործում առկա Վալերինա Գևորգյանի 11.06.2009 թվականի հայցադիմումի համաձայն` վիճելի փոխառության գումարը նրանց` իր և եղբոր` Գեղամ Գևորգյանի հայրական տան վաճառքից իրեն հասանելիք բաժինն է, որը պատասխանողն իրեն չի տվել` թողնելով անօթևան և առանց գոյության միջոցների, իսկ 18.09.2009 թվականի հակընդդեմ հայցով Գեղամ Գևորգյանն ընդունել է, որ իրականում կողմերի փոխհարաբերություններում գործել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 886-րդ հոդվածի 1-ին կետը, այսինքն` կողմերը, նախկինում լինելով մեկ ընտանիք, վաճառել են Թումանյան փողոցի 30 հասցեում գտնվող իրենց երեքսենյականոց ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող տունը 40.420.000 ՀՀ դրամով: Միաժամանակ, վերջինս վիճարկել է միայն Վալերինա Գևորգյանին հասանելիք գումարի չափը, այն է` 12.150.000 ՀՀ դրամի փոխարեն 5.770.000 ՀՀ դրամ վճարելու պարտավորության առկայությունը:

Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կողմերն ընդունել և չեն վիճարկել այն փաստը, որ 01.03.2008 թվականին կնքված փոխառության պայմանագրում առկա փոխառության գումարը կողմերի հայրական տան վաճառքից հետո Վալերինա Գևորգյանին հասանելիք բաժինն է, որը նա չի ստացել: Այսինքն` ըստ էության, կողմերն ընդունել են, որ իրենց միջև նախկինում գոյություն ունեցող` գույքի իրացումից ստացված գումարի բաշխման պարտավորությունը փոխարինվել է (նորացվել) փոխառության պայմանագրով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով փոխառության պայմանագրի առկայության և դրանով նախատեսված գումար վճարելու պարտավորության կատարումը հիմնավորող որևէ ապացույցի բացակայության պայմաններում անհիմն է վճռաբեկ բողոքի պատասխանի այն փաստարկը, համաձայն որի` իրականում Վալերինա Գևորգյանին հասանելիք գումարի չափը 12.150.000 ՀՀ դրամի փոխարեն 5.770.000 ՀՀ դրամ էր:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2010 թվականի վճռին:

2. Գեղամ Գևորգյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 720.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.04.2010 թվականի և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.11.2010 թվականի որոշումներով հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ԵԿԴ/1179/02/09
Որոշում