Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 304-ՐԴ, 306...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 304-ՐԴ, 306-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական      Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2506/02/09

    դատարանի որոշում                                           2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2506/02/09

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Ա. Թումանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի       

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի       

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Յուրի և Սիլվա Զարգարյանների ընդդեմ Արշակ Զարգարյանի, Գայանե Բարսեղյանի և Արթուր Հարությունյանի` առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Յուրի և Սիլվա Զարգարյանները պահանջել են անվավեր ճանաչել Արշակ Զարգարյանի և Գայանե Բարսեղյանի միջև 03.09.2009 թվականին և Գայանե Բարսեղյանի ու Արթուր Հարությունյանի միջև 08.10.2009 թվականին կնքված էքսկավատորի առուվաճառքի պայմանագրերը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2010 թվականի որոշմամբ Յուրի և Սիլվա Զարգարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի 29.01.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 22.09.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.12.2010 թվականի որոշմամբ Դատարանի 22.09.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Յուրի և Սիլվա Զարգարյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 132-րդ հոդվածները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ, 306-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` էքսկավատորի տեխնիկական վկայագիրը, Գայանե Բարսեղյանի և «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի միջև կնքված տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև Արթուր Հարությունյանի և «ՇՄՇ-23» ԲԲԸ-ի միջև կնքված մեխանիզմի վարձակալության պայմանագիրը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը պետք է արձանագրեր վերոհիշյալ ապացույցների ոչ պատշաճ գնահատում, քանի որ դրանց պատշաճ գնահատման արդյունքում Դատարանը կփաստեր, որ վեճի առարկա երկու գործարքներն էլ կնքվել էին հստակ իրավաբանական հետևանքներ առաջացնելու մտադրությամբ և առաջացրել են այդ հետևանքները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Գայանե Բարսեղյանը և Արթուր Հարությունյանը տարբեր ընկերությունների հետ կնքել են էքսկավատորի վարձակալության պայմանագրեր, փաստացի շահագործել են նշված գույքը: Նշվածը նույնպես վկայում է էքսկավատորի առուվաճառքի պայմանագրերի կնքման պահին նրանց իրական մտադրությունների մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.12.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ Դատարանի վճռով կատարված եզրահանգումները օրինական են և հիմնավոր, իսկ առուվաճառքի պայմանագրերը` կեղծ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության 05.11.2009 թվականի թիվ 13-4799 գրության համաձայն` HYNDAI R-170 W-7 մակնիշի 10-86ՏԼ պետհամարանիշի էքսկավատորը հաշվառվել է Արշակ Զարգարյանի անվամբ /հիմք` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2009 թվականի վճիռը/ (հատոր 1-ին, գ.թ. 46):

2. 03.09.2009 թվականի էքսկավատորի առուվաճառքի պայմանագրով Գայանե Բարսեղյանն Արշակ Զարգարյանից գնել է HYNDAI R-170 W-7 մակնիշի 10-86ՏԼ պետհամարանիշով էքսկավատորը (հատոր 1-ին, գ.թ.99):

3. 17.09.2009 թվականի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով Գայանե Բարսեղյանը վարձավճարի դիմաց «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին է հանձնել HYNDAI R-170 W-7 մակնիշի 10-86ՏԼ պետհամարանիշով էքսկավատորը (հատոր 3-րդ, գ.թ. 7):

4. 08.10.2009 թվականի էքսկավատորի առուվաճառքի պայմանագրով Արթուր Հարությունյանը Գայանե Բարսեղյանից գնել է HYNDAI R-170 W-7 մակնիշի 10-86ՏԼ պետհամարանիշով էքսկավատորը (հատոր 1-ին, գ.թ.97, հատոր 3-րդ, գ.թ. 12):

5. 14.01.2010 թվականի մեխանիզմի վարձակալության պայմանագրով Արթուր Հարությունյանը վարձավճարի դիմաց «ՇՄՇ-23» ԲԲԸ-ին է հանձնել HYNDAI R-170 W-7 մակնիշի 10-86ՏԼ պետհամարանիշով էքսկավատորը (հատոր 3-րդ, գ.թ. 8-10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գործարքի կեղծ լինելը փաստելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ այն կնքվել է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության, այսինքն` նպատակ չի հետապնդել կողմերի համար առաջացնել իրավունքներ և պարտականություններ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Արշակ Զարգարյանի և Գայանե Բարսեղյանի միջև կնքված 03.09.2009 թվականի էքսկավատորի առուվաճառքի պայմանագիրը և Գայանե Բարսեղյանի ու Արթուր Հարությունյանի միջև կնքված 08.10.2009 թվականի էքսկավատորի առուվաճառքի պայմանագիրը կեղծ գործարքներ են, որոնցով իրականում Արշակ Զարգարյանը նպատակ է ունեցել խուսափել Յուրի և Սիլվա Զարգարյանների հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումից:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով հաստատվում է այն փաստը, որ վերոնշյալ գործարքները կնքվել են առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է 17.09.2009 թվականի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիրը, համաձայն որի` Գայանե Բարսեղյանը վարձավճարի դիմաց «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին է հանձնել HYNDAI R-170 W-7 մակնիշի 10-86ՏԼ պետհամարանիշով էքսկավատորը, ինչպես նաև 14.01.2010 թվականի մեխանիզմի վարձակալության պայմանագիրը, համաձայն որի` Արթուր Հարությունյանը վարձավճարի դիմաց «ՇՄՇ-23» ԲԲԸ-ին է հանձնել HYNDAI R-170 W-7 մակնիշի 10-86ՏԼ պետհամարանիշով էքսկավատորը, որոնք վկայում են կողմերի` իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության մասին:

Ինչ վերաբերում է Արշակ Զարգարյանի` Յուրի և Սիլվա Զարգարյանների հանդեպ ունեցած պարտավորությունների առկայությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ փաստը բավարար չէ` պատասխանողների միջև կնքված գործարքները կեղծ լինելու, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության բացակայությունը հաստատված համարելու համար:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 02.12.2010 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2010 թվականի որոշումը և այն փոփոխել. Յուրի և Սիլվա Զարգարյանների հայցը մերժել:

2. Յուրի և Սիլվա Զարգարյաններից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 14.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև հօգուտ Արթուր Հարությունյանի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2011
N ԵԱՔԴ/2506/02/09
Որոշում