ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1836/02/08
դատարանի որոշում 2010 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1836/02/08
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան
դատավորներ` Ա. Խառատյան
Կ. Չիլինգարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի հոկտեմբերի 01-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կլարա Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2010 թվականի որոշման դեմ` ըստ Հայկազ Թությանի հայցի ընդդեմ Կլարա Ասատրյանի` կառուցապատողի իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հայկազ Թությանը պահանջել է ճանաչել կառուցապատողի իրավունքը` Երևանի Խորենացի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 32 հասցեում գտնվող 67,4 քմ մակերեսով շինության նկատմամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.09.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2009 թվականի որոշմամբ Կլարա Ասատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի 24.09.2008 թվականի վճիռը բեկանվել և ուղարկվել է նոր քննության:
Դատարանի 10.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.02.2010 թվականի որոշմամբ Դատարանի 10.11.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կլարա Ասատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկազ Թությանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի հետազոտել և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա 22.01.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է այն հանգամանքը, որ վիճահարույց շինությունը կառուցվել է Կլարա Ասատրյանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.02.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն, գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործի բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, պարզել է վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը, որի արդյունքում կայացրել է հիմնավորված որոշում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Օրջոնիկիձեի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 16.11.1991 թվականի որոշմամբ գրանցվել է «Արթուր-7» կոոպերատիվի կանոնադրությունը, և որպես կոոպերատիվի գործունեության հասցե նշվել է Երևանի Մարքսի (ներկայիս Խորենացի) փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 32 տունը` առանց լրացուցիչ կառուցումներ կատարելու իրավունքի, (1-ին հատոր գ.թ. 41):
2) Երևանի Խորենացի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 32 հասցեում գտնվող ինքնակամ շինությունում, առանց լրացուցիչ կառուցումներ կատարելու իրավունքի գործունեություն է իրականացրել «Արթուր-7» կոոպերատիվը (1-ին հատոր գ.թ. 83):
3) 17.02.1999 թվականի նվիրատվության պայմանագրի և Երևանի քաղաքապետի 27.10.1998 թվականի թիվ 865 որոշման հիման վրա Կլարա Ասատրյանը դարձել է Երևանի Խորենացի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 32 տան և ինքնակամ շինության սեփականատերը (1-ին հատոր գ.թ. 72):
4) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 30.08.2005 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Հայկազ և Սարգիս Թությանների հայցն ընդդեմ Կլարա Ասատրյանի, Երևանի քաղաքապետի` անօրինական կառույցն օրինականացնելու մասին որոշման մասը և դրա հիման վրա Կլարա Ասատրյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն ու հողատարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և շինության նկատմամբ Հայկազ Թությանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջները: Հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ «հայցվորները չեն ներկայացրել որևէ գրավոր ապացույց վիճելի շինությունը իրենց կողմից կառուցելու վերաբերյալ» (1-րդ հատոր գ.թ. 76):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
2004 թվականին Հայկազ և Սարգիս Թությանները դիմել են դատարան Երևանի քաղաքապետի անօրինական կառույցն օրինականացնելու մասին որոշման մասը և դրա հիման վրա Կլարա Ասատրյանին Երևանի Մարքսի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 32 տան նկատմամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն ու հողատարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և շինության նկատմամբ Հայկազ Թությանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջներով, ինչը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.08.2005 թվականի վճռով մերժվել է: Հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ «հայցվորները չեն ներկայացրել որևէ գրավոր ապացույց վիճելի շինությունն իրենց կողմից կառուցելու վերաբերյալ»:
Սույն գործով Հայկազ Թությանը, դիմելով դատարան, պահանջել է ճանաչել կառուցապատողի իրավունքը` Երևանի Խորենացու փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 32 հասցեում գտնվող 67,4 քմ մակերեսով շինության նկատմամբ:
Վերաքննիչ դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները սույն գործով կիրառելի չեն, քանի որ որպես հաստատված հանգամանք չի նշվել այն հանգամանքը, որ վիճելի շինությունը կառուցվել է Կլարա Ասատրյանի կողմից, «հետևաբար բողոք բերողի փաստարկը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը խախտելու վերաբերյալ անհիմն է»:
Այսինքն` Դատարանը նորից փորձել է ապացուցել դատական ակտերով հաստատված այն հանգամանքները, որոնք այլևս ապացուցման ենթակա չեն, մասնավորապես այն, որ Հայկազ Թությանը վիճելի շինության կառուցողը չէ:
Մինչդեռ վերը նշված օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում Դատարանն իրավունք չուներ քննարկման առարկա դարձնել վիճելի տարածքը Հայկազ Թությանի կողմից կառուցած լինելու հարցը և ճանաչել Հայկազ Թությանի կառուցապատողի իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ սույն գործով Դատարանը նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռներով հաստատված հանգամանքները կրկին քննարկման առարկա է դարձրել, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված այն պատճառաբանությանը, որ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները սույն գործով կիրառելի չեն, քանի որ որպես հաստատված հանգամանք չի նշվել այն հանգամանքը, որ վիճելի շինությունը կառուցվել է Կլարա Ասատրյանի կողմից, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառելիությանը, տվել է այդ հոդվածի անհիմն մեկնաբանություն: Մասնավորապես, սույն գործով վերոնշյալ հոդվածի կիրառման համար բավարար է այն հանգամանքը, որ Դատարանը կրկին անդրադարձել և քննության առարկա է դարձրել նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքը, այն է` վիճելի շինությունը Հայկազ Թությանի կողմից կառուցած լինելու կամ չլինելու հանգամանքը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի կողմից վերոնշյալ հոդվածի կիրառելիությունը բացառվել է զուտ այն հիմքով, որ Դատարանի վճռով չի հաստատվել վիճելի շինությունը Կլարա Ասատրյանի կողմից կառուցված լինելու հանգամանքը, առանց հիմնավորելու այդ փաստի կարևորությունը և կապը վերոնշյալ հոդվածի կիրառման հետ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով` Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2010 թվականի որոշումը և այն փոփոխել Հայկազ Թությանի հայցը մերժել:
2. Հայկազ Թությանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ, որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան