ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ թիվ 3-34 (ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2007 թ.
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Ա. Խառատյան
Ա. Թումանյան
Քաղաքացիական գործ թիվ 06-3100/2006 թ.
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
2007 թվականի հունվարի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նունե Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 06-3100/2006թ. քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Նունե Մանուկյանի ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն)` աշխատանքում վերականգնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանն իրեն վերականգնել նախկին աշխատանքում:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հուլիսի 14-ի վճռով Նունե Մանուկյանի հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2006 թվականի սեպտեմբերի 25-ի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նունե Մանուկյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերության կողմից չի պահպանվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջն այն մասին, որ գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Նման առաջարկ հայցվորն Ընկերությունից չի ստացել:
2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չպետք է կիրառեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը, քանի որ պայմանագիր կնքելիս կողմերը փոխադարձ համաձայնությամբ այն չեն ընդգրկել պայմանագրում, փոխարենը նախատեսել են միայն նույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործատուի պարտավորությունը` աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողին ոչ ուշ, քան երկու ամիս առաջ ծանուցելու վերաբերյալ:
3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.
Պատասխանողի ներկայացուցիչն առաջին ատյանի դատարանում հայտնել է, որ չի կարող որևէ ապացույց ներկայացնել, այն մասին, որ հայցվորին համապատասխան աշխատանք առաջարկելու հնարավորությունները բացակայել են: Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը, հայցը մերժելիս հիմք է ընդունել Ընկերության մարդկային ռեսուրսների գլխավոր տնօրինության տեղեկանքն այն մասին, որ գործատուն իրեն համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորություն չի ունեցել: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գործում առկա բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ:
Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հուլիսի 14-ի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 2002 թվականի հոկտեմբերի 2-ին Ընկերության և Նունե Մանուկյանի միջև կնքված պայմանագրով վերջինս նշանակվել է աշխատանքի տնտեսագետի պաշտոնում:
2) Ընկերության տնօրենների խորհրդի 2005 թվականի հուլիսի 22-ի թիվ 06/05 որոշմամբ հաստատվել է Ընկերության նոր կառուցվածքը, և որոշվել է, արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված, աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով թվով 374 աշխատող ազատել աշխատանքից:
3) 2006 թվականի ապրիլի 18-ին Նունե Մանուկյանը ծանուցվել է 2006 թվականի ապրիլի 21-ից աշխատանքից ազատման և Ընկերության հետ կնքած աշխատանքային պայմանագրի լուծման մասին:
4) Ընկերության գործադիր գլխավոր տնօրենի 2006 թվականի ապրիլի 19-ի թիվ 503-Կ հրամանով Նունե Մանուկյանն ազատվել է աշխատանքից, և լուծվել է նրա հետ կնքված թիվ 1077 աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշվել է վերջնահաշվարկ կատարել և ծանուցման ժամկետանց 57 օրվա համար վճարել տուժանք:
5) Ընկերության կողմից Վերաքննիչ դատարանին ներկայացված գրության (ամսաթիվը և համարակալումը բացակայում են) համաձայն` Ընկերությունն իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում Նունե Մանուկյանին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորություն չի ունեցել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տես` Աշոտ Միրզոյան ընդդեմ «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերության, 2006 թվականի հոկտեմբերի 26, քաղ. գործ թիվ 3-1775/ՎԴ (աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի գումարը բռնագանձելու պահանջներով)):
Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին և գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա: Մրցակցության սկզբունքի տարրեր են սահմանված նույն օրենսգրքի 48-րդ հոդվածում, համաձայն որի` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:
Սույն գործով որոշելու համար թե դատավարության որ կողմի վրա է ընկնում Ընկերությունում համապատասխան այլ աշխատանքի առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը, Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում, հայցվորը կարող է նման ապացույց ձեռք բերել միայն պատասխանողից, քանի որ Ընկերությունում համապատասխան այլ աշխատանքի առկայության կամ բացակայության փաստը հավաստող ապացույցը պետք է առկա լիներ Ընկերության ներքին փաստաթղթերում.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործատուն չի կարող անմիջականորեն կիրառել աշխատանքից ազատելու իր լիազորությունը, քանի որ այդ լիազորության իրականացման համար անհրաժեշտ է աշխատողի հրաժարումը առաջարկված աշխատանքից:
Հետևաբար, գործատուն կրում է անուղղակի ապացուցման պարտականություն աշխատողի հանդեպ նրան արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում աշխատանքից ազատելիս ապացուցելու, որ իր մոտ բացակայում է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք:
Որպես ապացուցման պարտականության կատարման և դատարանի կողմից դրանց գնահատման չափանիշ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված է ապացույցների թույլատրելիությունը, ըստ որի` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Սույն քաղաքացիական գործով բացակայում է համապատասխան թույլատրելի ապացույցը (օրինակ` կազմակերպության աշխատողների քանակը և պաշտոնների անվանումները սահմանող փաստաթղթերը) այն մասին, որ պատասխանող Ընկերությունում առկա չէ հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք:
Նունե Մանուկյանի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք չլինելու վերաբերյալ փաստը Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել Ընկերության կողմից ներկայացված գրությամբ, համաձայն որի` Ընկերությունն իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում Նունե Մանուկյանին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորություն չի ունեցել:
Դատաքննության ընթացքում Ընկերության ներկայացուցիչը պնդել է Ընկերությունում համապատասխան աշխատանքի բացակայությունը, սակայն այդ փաստը հաստատող թույլատրելի և վերաբերելի որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել:
Նշված հետևությունների համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ Ընկերության ներկայացուցիչը համապատասխան աշխատանքի բացակայության վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ որևէ ապացույց չի ներկայացրել, մինչդեռ նման ապացույցը պետք է առկա լիներ և հիմք հանդիսանար Նունե Մանուկյանին առանց այլ համապատասխան աշխատանք առաջարկելու աշխատանքից ազատման հրամանի համար: Վերաքննիչ դատարանում Ընկերության կողմից ներկայացված ապացույցը Վճռաբեկ դատարանը, սույն գործի փաստերից ելնելով, թույլատրելի չի համարում:
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել նույն օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը: Ընկերության գլխավոր տնօրենի 2006 թվականի ապրիլի 19-ի թիվ 503-Կ հրամանում նախատեսվում է պատասխանողին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վճարել նրա միջին ժամային աշխատավարձը 57 օրվա համար:
Տվյալ դեպքում տուժանքի գումարի վճարումը ազատում է պատասխանողին տվյալ նորմի խախտման հետ կապված հետագա որևիցե պատասխանատվությունից:
Բացի այդ, հայցվորի պնդումը, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պայմանագիր կնքելիս կողմերին հայտնի է եղել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը, սակայն կողմերը փոխադարձ համաձայնությամբ այն չեն ընդգրկել պայմանագրում, ուստի և այն կիրառելի չէ, անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ աշխատանքային օրենսդրությամբ: Աշխատանքային օրենսգրքով կարգավորման բացակայության պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առաջացած իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պայմանագրի պայմանների մասին ընդհանուր դրույթները, մասնավորապես 437-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով: Նույն օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):
Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ չեն կարող փոփոխել կամ իրենց միջև ծագող պայմանագրային հարաբերությունների նկատմամբ չկիրառել օրենքով նախատեսված նորմատիվ պահանջը:
Այսպիսով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործատուի պարտականության չկատարման միակ իրավական հետևանք է հանդիսանում նույն հոդվածի 2-րդ մասում սահմանված տուժանքի վճարումը և չի կարող հանգեցնել աշխատանքային պայմանագրի լուծման կապակցությամբ ընդունած իրավական ակտի անվավերությանը:
3) բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Բողոքի առաջին հիմքի պատճառաբանությունից ուղղակիորեն բխում է, որ Վերաքննիչ դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի գնահատել գործում առկա ապացույցները:
Այսպիսով, սույն բողոքի առաջին և երրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ