Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 22-ՐԴ, 2 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ               Վարչական գործ թիվ ՎԴ-3/0099/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ-3/0099/05/08                               2008 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լյովիկ Սուքիասյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 19.05.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արմինե Աբրոյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արարատի մարզի Մասիսի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), ՀՀ Արարատի մարզի Այնթափի գյուղապետարանի, Լյովիկ Սուքիասյանի, երրորդ անձ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի նոտարական գրասենյակի` ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի 7-րդ փողոց թիվ 32 տուն հասցեում գտնվող Լյովիկ Սուքիասյանի անվամբ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, Արմինե Աբրոյանի սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի 7-րդ փողոցի 194,7 քմ մակերեսով թիվ 32 տան և 0,065 հա տնամերձ հողամասի նկատմամբ գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմինե Աբրոյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի 7-րդ փողոց թիվ 32 տուն հասցեում գտնվող Լյովիկ Սուքիասյանի անվամբ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը և պարտավորեցնել գրանցելու իր սեփականության իրավունքը նույն հասցեում գտնվող 194,7 քմ մակերեսով բնակելի տան և 0,065 հա տնամերձ հողամասի նկատմամբ:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լյովիկ Սուքիասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմինե Աբրոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 22-րդ, 24-րդ և 113-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի գնահատել պատասխանողի կողմից ներկայացված և գործում առկա մի շարք ապացույցներ, մասնավորապես այն փաստը, որ Արմինե Աբրոյանի անունով 10.12.1992 թվականին տրված անհատական բնակֆոնդի բնակելի տան տեխնիկական անձնագրում նշված բնակելի տան մակերեսը` 126 քմ, համապատասխանում է Լյովիկ Սուքիասյանին տրված բնակելի տան տեխնիկական անձնագրում բնակելի տան մակերեսին` 126 քմ: Նշվածից հետևում է, որ Լյովիկ Սուքիասյանին տրված սեփականության իրավունքի վկայագրում նշված 194,7 քմ ներառում է նաև 83.1 քմ չջեռուցվող մակերեսը:

Դատարանի այն պատճառաբանությունը, որ Լյովիկ Սուքիասյանին տրված սեփականության իրավունքի վկայականներում բացի 650 քմ տնամերձ հողամասից բնակելի տան մակերեսը 114,3 քմ մակերեսի փոխարեն արդեն նշվել է 194,7 քմ, ինչը 80,4 քմ-ով ավելի է 10.07.1996 թվականի նվիրատվության պայմանագրում կատարված 114,3 քմ մակերեսից, անհիմն է, քանի որ Լյովիկ Սուքիասյանը նվիրատվության պայմանագրով ստացած տարածքին ավելացրել է չջեռուցվող 83,1 քմ մակերեսով տարածքը, որը նա կառուցել և ջեռուցվող է դարձրել, և դա ընդգրկվել է սեփականության իրավունքի վկայականում:

i

2) Դատարանը կիրառել է 1964 թվականի ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ և 257-րդ հոդվածները, «Անշարժ գույքի մասին» ՀՀ նախկին օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Լյովիկ Սուքիասյանը նվիրատվության պայմանագիրը կնքելուց հետո անմիջապես այն ներկայացրել է պետական գրանցման և միայն 4 ամիս անց է ստացել սեփականության իրավունքի վկայական, որն իր մեղքով չի եղել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 19.05.2008 թվականի վճիռը և դատական ակտը փոփոխել` հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

10.07.1996 թվականի նվիրատվության պայմանագրով Արմինե Աբրոյանն օտարել է վիճելի տան միայն 114,3 քմ մակերեսը, իսկ դեռևս 20.10.1992 թվականին ձեռք բերված 83,1 քմ մակերեսով չջեռուցվող տարածքը մնացել է իր սեփականության ներքո, ինչը տեխնիկական գույքագրման վարչության Մասիսի տեղամասի կողմից 27.11.1996 թվականին պետական գրանցում կատարելիս անտեսվել է, և սեփականության իրավունքի վկայականի հատակագծում ներառվել է ամբողջ երկհարկանի տունը, այդ թվում` 83,1 քմ մակերեսով չջեռուցվող տարածքը, որի չափերը չեն փոխվել 1996 թվականից հետո:

Այսպես կոչված «չջեռուցվող տարածքն» արդեն իսկ ընդգրկված է եղել և կազմել Արմինե Աբրոյանի բնակելի տան մաս: Լյովիկ Սուքիասյանն այդ տարածքում վերակառուցում չի կատարել, այն առ այսօր այնպիսին է, ինչպես եղել է 1992 թվականին:

Անհիմն են նաև Լյովիկ Սուքիասյանին և Արմինե Աբրոյանին տրված տեխնիկական անձնագրերում բնակելի տան մակերեսների չափերը նույնը լինելու մասին հիմնավորումները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 10.07.1996 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Արմինե Աբրոյանը ՀՀ Մասիսի շրջանի Այնթափ գյուղի` իրեն սեփականության իրավունքով պատկանող տնատիրությունը` 81,6 քմ մակերեսով բնակելի տարածությամբ, 32,7 քմ մակերեսով օժանդակ տարածքով, 650 քմ մակերեսով տնամերձ հողամասի հետ միասին նվիրել է Լյովիկ Սուքիասյանին:

2. Նվիրատվության պայմանագիրը նոտարական կարգով վավերացվել է 10.07.1996 թվականին, իսկ Լյովիկ Սուքիասյանի նվիրատվության պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցվել է 27.11.1996 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` 10.07.1996 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Արմինե Աբրոյանը ՀՀ Մասիսի շրջանի Այնթափ գյուղի` իրեն սեփականության իրավունքով պատկանող տնատիրությունը` 81,6 քմ մակերեսով բնակելի տարածությամբ, 32,7 քմ մակերեսով օժանդակ տարածքով, 650 քմ մակերեսով տնամերձ հողամասի միասին նվիրել է Լյովիկ Սուքիասյանին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից:

Հիմք ընդունելով պայմանագրում պարունակող բառերի տառացի նշանակությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն պայմանագրի առարկա է ամբողջ բնակելի տունը (տնատիրությունը)` որպես մեկ ամբողջական միավոր: Չնայած պայմանագրում նշվել է միայն բնակելի մակերեսը և օժանդակ շինությունները, սակայն դա չի նշանակում, որ չջեռուցվող մակերեսը պայմանագրում հատուկ նշված չլինելու պարագայում չի օտարվել:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Սույն գործով կիրառելի ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բնակելի տան և շինանյութերի նվիրատվության պայմանագրերը պետք է կնքված լինեն սույն օրենսգրքի համապատասխանաբար 241 և 241.1 հոդվածներով սահմանված ձևով:

Նույն օրենսգրքի 241-րդ հոդվածի համաձայն` գյուղական բնակավայրերում գտնվող բնակելի տան առուծախի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր և գրանցվի պատգամավորների գյուղական խորհրդի կոմիտեում: Բնակելի տան առուծախի պայմանագիրը կնքված է համարվում նրա գրանցման պահից: Գրանցումը պետք է կատարվի նոտարական վավերացման օրվանից ամենաուշը երեք ամսում: Այս հոդվածի կանոնների չկատարումը անվավեր է դարձնում տան առուծախի պայմանագիրը:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ դրանցով կարգավորվում են ոչ թե բնակելի տան նկատմամբ գնորդի իրավունքների պետական գրանցման, այլ բնակելի տան առուծախի պայմանագրի գրանցման հարցը, որով պայմանավորվում է դրա կնքման պահը: Այսինքն` վերոնշյալ հոդվածներով նախատեսվում է անշարժ գույքի օտարման պայմանագրի գրանցման պարտավորություն և դրա չգրանցման հետևանքը, այն է` պայմանագրի անվավերությունը: Հետևաբար, պայմանագրի անվավերության հիմք էր պայմանագրի չգրանցումը, իսկ արդեն իսկ գրանցված պայմանագիրը չի կարող անվավեր ճանաչվել այն հիմքով, որ պայմանագրի գրանցումը կատարվել է դրա համար օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերը հիմնավոր համարելով` Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ, 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 19.05.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Արմինե Աբրոյանի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.10.2008
N ՎԴ-3/0099/05/08
Որոշում