ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ6/0207/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ6/0207/05/08 2008 թ.
Դատավոր` Ա. Միրզոյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Ե. Խունդկարյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի դեկտեմբերի 26-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Լաերտ Դոխոլյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 22.08.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Վալենտինա Վերմիշյանի և Գագիկ Մացակյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վալենտինա Վերմիշյանը և Գագիկ Մացակյանը պահանջել են վերացնել Կադաստրի ղեկավարի 08.05.2008 թվականի մերժման գրությունը և պարտավորեցնել գրանցելու Վալենտինա Վերմիշյանի ու Գագիկ Մացակյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի նկատմամբ:
Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 22.08.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործի քննությանը մասնակից չդարձված անձ Լաերտ Դոխոլյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացվել Վալենտինա Վերմիշյանի ու Գագիկ Մացակյանի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի, ինչպես նաև Կադաստրի կողմից:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վարչական դատարանը խախտել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
i
Դատարանը գործի քննությանը մասնակից չդարձված Լաերտ Դոխոլյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որը հանգեցրել է գործի սխալ լուծման: Ըստ էության, Լաերտ Դոխոլյանին պատկանող ավտոտնակն ու դրա տակ գտնվող հողամասը հատկացվել է հայցվորներին: Կիրովականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 13.12.1983 թվականի նիստի որոշման թիվ 23/12-17 արձանագրության քաղվածքի համաձայն` գործադիր կոմիտեն, հաշվի առնելով Դոխոլյանների բարեկամներ Արփենիկ և Վահան Մացակյանների գրավոր համաձայնությունը, Լաերտ Դոխոլյանին թույլատրվել է Շիրվանզադեի փողոցի թիվ 16 հասցեում կառուցել ավտոտնակ: Նշված տան` Արփենիկ և Վահան Մացակյանների սեփականության իրավունքի վկայագրից հանված լուսապատճենի համաձայն` հողամասի հատակագծում նշված միայն մեկ ավտոտնակն է պատկանում Արփենիկ և Վահան Մացակյաններին, իսկ վերը նշված թույլտվության հիման վրա Լաերտ Դոխոլյանի կողմից կառուցված ավտոտնակը Մացակյանների սեփականության մեջ ներառված չէ: Այսինքն` Լաերտ Դոխոլյանը Կիրովականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 13.12.1983 թվականի վերը նշված որոշման համաձայն, կառուցելով հիշյալ ավտոտնակը և մինչև օրս բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետելով այն, դրա նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, իսկ նախկին ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի հիմքով 1991 թվականից դարձել է ավտոտնակի զբաղեցրած հողամասի սեփականատեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 22.08.2008 թվականի վճիռը` նշված հասցեի հողամասում Լաերտ Դոխոլյանին պատկանող ավտոտնակի և դրա զբաղեցրած հողամասի մասով, և գործն այդ մասով ուղարկել Վարչական դատարան` նոր քննության:
2.1 Վալենտինա Վերմիշյանի և Գագիկ Մացակյանի ներկայացուցչի կողմից ներկայացված` վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Վճռաբեկ բողոք բերած անձը չի հիմնավորել, թե դատական ակտն ինչ եղանակով պետք է տարածվի իր իրավունքների կամ պարտականությունների վրա:
Վանաձոր քաղաքի Շիրվանզադեի 16-րդ հասցեում գտնվող հողատարածքը (հայցվորները ստացել են ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր), որի վրա կառուցված է ավտոտնակը սեփականության իրավունքով պատկանել է հայցվորների իրավանախորդներին:
Բողոք բերողի այն պնդումը, թե ավտոտնակը կառուցվել է իր կողմից և այն սեփականության իրավունքով պատկանում է իրեն, անհիմն է, քանի որ Լաերտ Արշալույսի Դոխոլյանի անվամբ Վանաձոր քաղաքի Շիրվանզադեի 16-րդ հասցեում կամ այլ հասցեում ավտոտնակ հաշվառված կամ գրանցված չէ:
Բողոք բերողի այն պնդումը, թե հայցվորների բարեկամները համաձայնություն են տվել իրենց հողամասում ավտոտնակ կառուցելու համար, որը հաստատված է 13.12.1983 թվականի Կիրովականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի թիվ 23/12-17 արձանագրությամբ, անհիմն է, քանի որ ներկայացված փաստաթուղթը Վանաձոր քաղաքի Շիրվանզադեի 16-րդ հասցեի կադաստրային գործում առկա չէ:
2.2 Կադաստրի կողմից ներկայացված` վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Վանաձոր քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 16 հասցեում գտնվող տնատիրությունում առկա է ավտոտնակ, որի պատկանելությունը պարզված չէ, և որի վերաբերյալ կադաստրային գործում որևէ փաստաթուղթ առկա չէ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կիրովականի քաղսովետի գործադիր կոմիտեի ինվենտարիզացիոն բյուրոյի կողմից 26.04.1983 թվականին տրված գույքային թերթի համաձայն` Շիրվանզադեի փողոց թիվ 16 տունը 3/4 մասով սեփականության իրավունքով պատկանել է Արփենիկ Եգորի Մացակյանին, 1/4 մասով` Վահան Մացակի Մացակյանին: Նշված գույքային թերթի համաձայն` տնատիրության հողատարածությունը կազմել է 600,5 քմ:
2) Վահան Մացակի Մացակյանը մահացել է 11.09.2002 թվականին:
3) 03.04.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 07.03.1995 թվականին մահացած Արփենիկ Եգորի Մացակյանի ժառանգներ են` Վալենտինա Անուշավանի Վերմիշյանը, և Գագիկ Վահանի Մացակյանը: Ժառանգությունը բաղկացած է ք. Վանաձոր, Շիրվանզադեի փողոց թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի 3/4 մասից:
4) 03.04.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 11.09.2002 թվականին մահացած Վահան Մացակի Մացակյանի գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսացել կինը` Վալենտինա Անուշավանի Վերմիշյանը, և որդին` Գագիկ Վահանի Մացակյանը: Ժառանգական գույքը բաղկացած է ք. Վանաձոր, Շիրվանզադեի փողոց թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի 1/4 մասից:
5) 08.05.2008 թվականին Վալենտինա Անուշավանի Վերմիշյանը և Գագիկ Վահանի Մացակյանը դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Վանաձորի տարածքային ստորաբաժանում և խնդրել են ք. Վանաձոր Շիրվանզադեի փողոց թիվ 16 հասցեի տան և հողամասի նկատմամբ գրանցել իրենց սեփականության իրավունքը:
6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Վանաձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարի 12.05.2008 թվականի թիվ 57-2496 գրությամբ մերժվել է պետական գրանցման կատարումը, պատճառաբանելով, որ կադաստրային գործում բացակայում են հողհատկացման փաստաթղթերը, որի հետևանքով հնարավոր չէ որոշել հատկացված հողամասի չափերը, սահմանների տեղադրությունը և մակերեսը, ինչպես նաև հնարավոր չէ որոշել գոյություն ունեցող երկու ավտոտնակներից մեկի պատկանելությունը:
7) Կիրովականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 13.12.1983 թվականի նիստի որոշման թիվ 23/12-17 արձանագրության քաղվածքի համաձայն` գործադիր կոմիտեն, հաշվի առնելով Դոխոլյանների բարեկամներ Արփենիկ և Վահան Մացակյանների գրավոր համաձայնությունը, Լաերտ Արշալույսի Դոխոլյանին թույլատրել է առաջինների կողմից օգտագործվող հողամասում` Շիրվանզադեի փողոցի թիվ 16 հասցեում, կառուցել ավտոտնակ (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
8) Քաղաքացիներ Ռեգալ Մալխասյանի, Լևոն Մացակյանի և Գոհար Մխոյանի նոտարական կարգով վավերացված 01.09.2008 թվականի հայտարարության համաձայն` Լաերտ Դոխոլյանը «1983 թվականին ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Շիրվանզադե փողոց թիվ 16 հասցեում կառուցել է ավտոտնակ և մինչև օրս շահագործում է այն» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վարչական դատարանը կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավասու են վճռաբեկության կարգով բողոքարկելու այդ ակտը: Նման դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի և գործերի վարույթը վճռաբեկ դատարանում իրականացնելու վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը` համաձայն նույն հոդվածի առաջին մասի:
i
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի, 17.11.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Սույն գործով Դատարանի վճռով անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարի` սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին 08.05.2008 թվականի վարչական ակտը, ինչպես նաև Կադաստրը պարտավորեցվել է գրանցելու Վալենտինա Վերմիշյանի և Գագիկ Մացակյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տան ու հողամասի նկատմամբ, այդ թվում նաև նշված հասցեում գտնվող ավտոտնակի և դրա տակ գտնվող հողամասի նկատմամբ: Այնինչ, սույն վճռաբեկ բողոքին կից ներկայացված` Կիրովականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 13.12.1983 թվականի նիստի որոշման թիվ 23/12-17 արձանագրության քաղվածքի համաձայն` գործադիր կոմիտեն, հաշվի առնելով Դոխոլյանների բարեկամներ, սույն գործով հայցվորների իրավանախորդներ Արփենիկ և Վահան Մացակյանների գրավոր համաձայնությունը, Լաերտ Արշալույսի Դոխոլյանին թույլատրել է Արփենիկ և Վահան Մացակյանների կողմից օգտագործվող հողամասում` Շիրվանզադեի փողոցի թիվ 16 հասցեում, կառուցել ավտոտնակ, որը Ռեգալ Մալխասյանի, Լևոն Մացակյանի և Գոհար Մխոյանի նոտարական կարգով վավերացված 01.09.2008 թվականի հայտարարության համաձայն կառուցվել և մինչ օրս շահագործվում է Լաերտ Դոխոլյանի կողմից:
Վերոնշյալ ապացույցները Դատարան չեն ներկայացվել այն պատճառով, որ Լաերտ Դոխոլյանը մասնակից չի դարձվել գործի քննությանը, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
i
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 22.08.2008 թվականի վճռի` Լաերտ Դոխոլյանի կողմից օգտագործվող ավտոտնակի և հողամասի մասը, և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան