30.08.2024 -
Օրինակ N _____
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
29 մարտի 2023 թվականի N 2-Ն
ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԱՅԴՊԻՍԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 18.1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
(վերնագիրը փոփ. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Հավելված
ՀՀ պաշտպանության նախարարի
2023 թվականի մարտի 29-ի
N 2-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԱՅԴՊԻՍԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
(վերնագիրը փոփ. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին (այսուհետ` զինծառայող) ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկման, ներառյալ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու, և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները (այսուհետ` կարգ):
(1-ին կետը փոփ. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 47-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում նախատեսված` «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման հավելվածի (այսուհետ` որոշում) 38-րդ կետի համաձայն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչությունը (այսուհետ` գլխավոր վարչություն) կազմում է ատեստավորման արդյունքներով որակավորված զինծառայողների անվանացուցակ, որում նշվում են զինծառայողի ծառայության վայրի զորամասը (զինվորական կառավարման մարմինը), զինծառայողի զինվորական կոչումը, ազգանունը, անունը և հայրանունը, զբաղեցրած զինվորական պաշտոնը, խումբը և ատեստավորման հանձնաժողովի եզրակացության համարը, կայացման օրը, տարին, ամիսը, ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականը, պարտադիր ատեստավորման համար հիմք հանդիսացող պաշտոնի նշանակման հրամանի ընդունման օրը, ամիսը, տարին և համարը և ուղեկցող գրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչություն (այսուհետ` ֆինանսաբյուջետային վարչություն):
(2-րդ կետը փոփ. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անվանացուցակը ստանալու հիման վրա ֆինանսաբյուջետային վարչությունն ապահովում է օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի և որոշման 3-րդ կետի համաձայն ատեստավորմանը կամավոր մասնակցած զինծառայողի ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով և որոշման 4-րդ կետով սահմանված պարտադիր ատեստավորում անցած զինծառայողի դեպքում` զինվորական պաշտոնի նշանակվելու օրվանից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշմամբ սահմանված համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման և վճարման գործընթացը` զինծառայողի դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ:
4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով իրականացվում է նաև ատեստավորման արդյունքներով օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նախատեսված` «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացված զինծառայողի հավելավճարի հաշվարկման և վճարման գործընթացը:
5. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնելու ընթացքում զինծառայողին համապատասխան պաշտոնի շրջանակներում ատեստավորման արդյունքներով հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է զինծառայողին օրենքի 37-րդ հոդվածով սահմանված հիմքերով համապատասխան հավասար կամ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված հիմքերով համապատասխան ցածր զինվորական պաշտոնի կամ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն համապատասխան զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու դեպքերում: Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է նաև օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքով զինվորական պաշտոնից ազատելու դեպքում` հաշվի առնելով օրենքի 61-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջները:
(5-րդ կետը փոփ. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնելու ընթացքում զինծառայողին համապատասխան պաշտոնի շրջանակներում ատեստավորման արդյունքներով հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է զինծառայողին օրենքի 36-րդ հոդվածի համաձայն համապատասխան բարձր զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում` եթե նախկինում զինծառայողը նշանակված է եղել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող համապատասխան խմբի բարձր զինվորական պաշտոնի (նախկինում զբաղեցրել է այդ խմբի պաշտոն): Եթե հավելավճար ստացող զինծառայողը համապատասխան խմբի բարձր զինվորական պաշտոնի նշանակվում է առաջին անգամ, ապա հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է մինչև համապատասխան բարձր զինվորական պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ը, և ատեստավորման արդյունքներով «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվելու դեպքում զինծառայողին հաշվարկվում և վճարվում է նաև բարձր պաշտոնում ատեստավորման արդյունքներին համապատասխանող հավելավճարի չափի և մինչև ատեստավորումը հաշվարկված հավելավճարի չափի տարբերությունը (այդպիսին առկա լինելու դեպքում)` բարձր զինվորական պաշտոնի նշանակելու օրվանից:
(5.1-ին կետը լրաց. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
5.2. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնելու ընթացքում զինծառայողին համապատասխան պաշտոնի շրջանակներում հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է զինծառայողին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում` մինչև այդ պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ը, և ատեստավորման արդյունքներով «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվելու դեպքում զինծառայողին հաշվարկվում և վճարվում է նաև ատեստավորման արդյունքներին համապատասխանող հավելավճարի չափի և մինչև ատեստավորումը հաշվարկված հավելավճարի չափի տարբերությունը (այդպիսին առկա լինելու դեպքում)` մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի նշանակելու օրվանից:
(5.2-րդ կետը լրաց. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
6. Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցվում է զինծառայողին`
1) պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու դեպքում` արձակման օրվանից.
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
3) օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 9-րդ կետերում սահմանված հիմքերով կամ 3-րդ մասի համաձայն զինվորական պաշտոնից ազատելու դեպքերում` պաշտոնից ազատելու օրվանից.
4) օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում սահմանված հիմքով զինվորական պաշտոնից ազատելու դեպքում` պաշտոնից ազատելու օրվանից.
5) օրենքի 44-րդ հոդվածով սահմանված այլ պետական մարմին տեղափոխելու դեպքում` տեղափոխման կապակցությամբ զինվորական պաշտոնից ազատելու օրվանից.
6) օրենքի 45-րդ հոդվածով սահմանված այլ մարմին գործուղելու դեպքում` գործուղման կապակցությամբ զինվորական պաշտոնից ազատելու օրվանից.
7) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ հատկացնելու դեպքում` արձակուրդ հատկացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.
8) օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացություն կայացվելու դեպքում` եզրակացության կայացման օրվան հաջորդող ամսվա 1-ից.
9) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կամ «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կամ «զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով» կամ «հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում» կարգապահական տույժ տալու դեպքում` կարգապահական տույժն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.
10) սույն կետի 9-րդ ենթակետում չնախատեսված և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված այլ կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժ տալու դեպքում` վերջինը տրված կարգապահական տույժն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.
11) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժ տալու հիմքով զինվորական պաշտոնից ազատելու և ցածր զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում` պաշտոնից ազատելու օրվանից:
(6-րդ կետը փոփ. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
6.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոն զբաղեցնելու ընթացքում համապատասխան պաշտոնի շրջանակներում հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցվում է զինծառայողին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում` մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոնից ազատելու օրվանից: Սույն կարգի 5.1-ին և 5.2-րդ կետերով, ինչպես նաև օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետներում զինծառայողի պարտադիր ատեստավորում չիրականացվելու դեպքում զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցվում է համապատասխան ժամկետները լրանալու օրվանից:
(6.1-ին կետը լրաց. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
7. Անհարգելի պատճառով ծառայության չներկայացած օրերի համար զինծառայողին հավելավճար չի հաշվարկվում:
8. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի ծագման օրվանից հետո զինծառայողին կրկին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող համապատասխան հավասար կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող ցածր զինվորական պաշտոնի նշանակելու պարագայում վերսկսվում է զինծառայողին մինչև զինվորական պաշտոնից ազատելը հաշվարկված հավելավճարի վճարումը` պաշտոնի նշանակելու օրվանից:
(8-րդ կետը փոփ. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
9. Սույն կարգի 6-րդ կետի 11-րդ ենթակետով նախատեսված դեպքի ծագման օրվանից հետո զինծառայողին կրկին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող համապատասխան հավասար զինվորական պաշտոնի նշանակելու պարագայում վերսկսվում է զինծառայողին մինչև զինվորական պաշտոնից ազատելը հաշվարկված հավելավճարի վճարումը` պաշտոնի նշանակելու օրվանից:
(9-րդ կետը փոփ. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
10. Սույն կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքում արձակուրդից վերադառնալու, իսկ 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու պարագայում, բացառությամբ «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժի, վերսկսվում է զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը` համապատասխանաբար արձակուրդից վերադառնալու կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից: «Պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը վերսկսվում է` եթե զինծառայողը կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվա դրությամբ զբաղեցնում է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող համապատասխան զինվորական պաշտոն կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվանից հետո օրենքով սահմանված կարգով նշանակվել է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի:
(10-րդ կետը փոփ. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
11. Սույն կարգի 8-րդ, 9-րդ կամ 10-րդ կետերը կիրառելի չեն այն զինծառայողի նկատմամբ, որին այդ կետերի համաձայն զինվորական պաշտոնի նշանակելու օրվա դրությամբ լրացել է զինծառայողի` օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պարտադիր ատեստավորման եռամյա ժամկետը, որի պարագայում զինծառայողին հավելավճարի հաշվարկումն իրականացվում է նրա ատեստավորման արդյունքներով «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացվելու դեպքում:
12. Սույն կարգի 6-րդ կետի 8-րդ ենթակետով և 6.1-ին կետով նախատեսված դեպքերում հավելավճարը դադարեցնելու ամսվա 1-ից զինծառայողի համար վերսկսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշմամբ սահմանված լրավճարի հաշվարկումը` ըստ զինծառայողի զբաղեցրած զինվորական պաշտոնի խմբի, զինվորական կոչման և ստաժի համար սահմանված չափով:
(12-րդ կետը փոփ. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
13. Սույն կարգի 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 6-րդ կամ 6.1-ին կետերում սահմանված դեպքերի և 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ ու 12-րդ կետերում սահմանված հանգամանքների ծագման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու ստորաբաժանումը կամ պաշտոնատար անձն այդ մասին գրավոր տեղեկացնում է ֆինանսաբյուջետային վարչությանը:
(13-րդ կետը փոփ. 15.08.2024 թիվ 5-Ն հրաման)
Պաշտոնական հրապարակման օրը` 30 մարտի 2023 թվական: