ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2023 թվականի N 110-Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒԺ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի կնքման ընթացակարգերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունվարի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի հունվարի 26-ի
N 110-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒԺ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿՆՔՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգերով կարգավորվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի (այսուհետ` միջազգային բնույթի փաստաթուղթ) կնքման` ստորագրման կամ այլ ձևով ընդունման հետ կապված հարաբերությունները:
2. Միջազգային բնույթի փաստաթուղթը միջազգային իրավունքի սուբյեկտների կամ միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ որպես այդպիսին չճանաչված կազմավորման (կազմավորումների) միջև կնքվող գրավոր պայմանավորվածություն է, որը Հայաստանի Հանրապետության համար չի առաջացնում միջազգային հանրային իրավունքով սահմանված իրավունքներ և պարտավորություններ, ինչպես նաև գույքային պարտավորություններ, չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, չի առաջացնում ֆինանսական պարտավորություններ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար և չի հանդիսանում միջազգային պայմանագիր օրենքի իմաստով:
3. Միջազգային բնույթի փաստաթուղթը կարող է ունենալ հռչակագրի, հուշագրի, փոխըմբռնման հուշագրի, մտադրությունների հուշագրի, հայտարարության, ծրագրի, արձանագրության, համաձայնության, նամակների կամ հայտագրերի փոխանակման, ինչպես նաև, փոխադարձ համաձայնությամբ, այլ անվանմամբ փաստաթղթի տեսք:
4. Միջազգային բնույթի փաստաթղթով սահմանվում է ոլորտային և այլ համագործակցություն:
5. Վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրերի շրջանակներում կամ դրանցից բխող միջազգային բնույթի փաստաթղթերն իրավասու մարմնի կողմից համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ տասնօրյա ժամկետում:
6. Սույն ընթացակարգերը տարածվում են միջազգային կապեր և համագործակցություն իրականացնելու` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` իրավասու մարմին) կողմից ստորագրվող միջազգային բնույթի փաստաթղթերի վրա, բացառությամբ իրավասու մարմնի և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների միջև հետախուզական, այդ թվում` արտաքին հետախուզական և հակահետախուզական գործունեությանն առնչվող միջազգային բնույթի փաստաթղթերի կնքման դեպքերի:
(6-րդ կետը փոփ. 11.05.2023 թիվ 693-Ն որոշում)
2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
7. Իրավասու մարմինը միջազգային բնույթի փաստաթղթի նախագիծը` հայերեն թարգմանությամբ, դրա ստորագրման հիմնավորմամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` ստորագրման արտաքին քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դրական եզրակացությունը ստանալուց հետո իրավասու մարմինը միջազգային բնույթի փաստաթղթի նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, պետական գույքի կառավարման ոլորտի լիազորված մարմին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ շահագրգիռ պետական մարմիններ:
9. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային բնույթի փաստաթղթի նախագծի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ:
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային բնույթի փաստաթղթի նախագծում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության վերաբերյալ, այդ թվում` միջազգային բնույթի փաստաթղթով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների և տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին: Սույն կետով նախատեսված եզրակացությունը ստանալու նպատակով` իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նաև տեղեկատվություն միջազգային բնույթի փաստաթղթով նախատեսվող ծախսերը տվյալ մարմնի բյուջեով նախատեսված լինելու վերաբերյալ:
11. Պետական գույքի կառավարման ոլորտի լիազորված մարմինը տրամադրում է եզրակացություն միջազգային բնույթի փաստաթղթի նախագծում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության վերաբերյալ:
12. Շահագրգիռ մարմինները տրամադրում են կարծիք միջազգային բնույթի փաստաթղթի նախագծի` օրենսդրությամբ իրենց վերապահված գործունեության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ:
13. Իրավասու մարմինը սույն ընթացակարգերի 9-11-րդ կետերով նախատեսված եզրակացությունները, ինչպես նաև 12-րդ կետով նախատեսված այլ շահագրգիռ պետական մարմինների կարծիքները ստանալուց հետո դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` փաստաթղթի միջազգային պայմանագիր լինելու կամ կարգավորման ենթակա հարաբերությունները միջազգային բնույթի փաստաթղթով կնքելու վերաբերյալ եզրակացություն ստանալու համար:
14. Սույն ընթացակարգերի 7-13-րդ կետերում նշված մարմիններն իրենց եզրակացություններն ու կարծիքները իրավասու մարմին են ներկայացնում միջազգային բնույթի փաստաթուղթը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
15. Սույն ընթացակարգերի 7-13-րդ կետերում նշված մարմինների տրամադրած եզրակացությունների և կարծիքների հիման վրա իրավասու մարմինը որոշում է`
1) փաստաթղթի հետագա ընթացքն իրականացնել սույն ընթացակարգերին համապատասխան, կամ
2) փաստաթղթի հետագա ընթացքն իրականացնել օրենքի դրույթներին համապատասխան, եթե առկա է եզրակացություն այն մասին, որ փաստաթուղթը համարվում է միջազգային պայմանագիր, կամ եթե այն պարունակում է ֆինանսական կամ գույքային պարտավորություն, կամ եթե այն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կամ
3) դադարեցնել փաստաթղթի ընթացքը, եթե Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է բացասական կարծիք ստորագրման արտաքին քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ կամ փաստաթղթի կնքման նպատակահարմարության հարցը լրացուցիչ փաստարկված հիմնավորմամբ համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:
16. Միջազգային բնույթի փաստաթղթի հետագա ընթացքը սույն ընթացակարգերով շարունակելու դեպքում իրավասու մարմինը, ըստ անհրաժեշտության, լրամշակում է միջազգային բնույթի փաստաթուղթը, պատրաստում է դրա նույնական հայերեն օրինակը և տասնօրյա ժամկետում սույն ընթացակարգերի 8-12-րդ կետերով նախատեսված փաստաթղթերով փոխանցում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` վերջինիս միջոցով մյուս կողմի հետ փոխհամաձայնեցման նպատակով:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը միջազգային բնույթի փաստաթղթի փոխհամաձայնեցումը մյուս կողմի հետ ապահովում է անմիջականորեն` ըստ անհրաժեշտության համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
17. Այն դեպքում, երբ միջազգային բնույթի փաստաթուղթը կնքվելու է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, իրավասու մարմինը նախագծի փաթեթը տասնօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` միջազգային բնույթի փաստաթղթի կնքման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությունը ստանալու նպատակով: Փաթեթը ներառում է նախագիծը, սույն ընթացակարգերի 7-13-րդ կետերով նախատեսված եզրակացությունները և միջազգային բնույթի փաստաթղթի ստորագրման հիմնավորումը:
18. Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից միջազգային բնույթի փաստաթղթի կնքման ընթացակարգերը շարունակելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը ստանալուց հետո իրավասու մարմինը միջազգային բնույթի փաստաթղթի նախագիծը փոխհամաձայնեցնում է մյուս կողմի հետ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
19. Փոխհամաձայնեցված միջազգային բնույթի փաստաթուղթն առանց հատուկ լիազորությունների ստորագրում է իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորությամբ` այլ պաշտոնատար անձ:
20. Իրավասու մարմնի գրավոր առաջարկությամբ միջազգային բնույթի փաստաթուղթը կարող է ստորագրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, նախարարի տեղակալը, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը` առանց հատուկ լիազորությունների:
21. Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքվող միջազգային բնույթի փաստաթուղթը ստորագրելու համար լիազորագիր չի պահանջվում:
22. Այլ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքվող միջազգային բնույթի փաստաթղթի ստորագրման համար լիազորագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ` իրավասու մարմնի գրավոր առաջարկությամբ:
3. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ
23. Միջազգային բնույթի փաստաթուղթը ստորագրվում է հայերենով և համաձայնեցված օտար լեզուներով կամ միայն օտար լեզվով: Միայն օտար լեզվով ստորագրվելու դեպքում իրավասու մարմինն ապահովում է միջազգային բնույթի փաստաթղթի հայերեն թարգմանությունը:
24. Միջազգային բնույթի փաստաթղթի` օտար լեզվից հայերեն կամ հայերենից օտար լեզուներ թարգմանությունն ապահովում է իրավասու մարմինը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով:
Հայերեն և օտար լեզվով թարգմանության հաստատումը ստորագրումից առաջ իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
25. Միջազգային բնույթի փաստաթղթի տեքստը, որպես կանոն, պարունակում է դրույթ, որը սահմանում է, որ կնքվող փաստաթուղթը չի հանդիսանում միջազգային պայմանագիր:
(25-րդ կետը փոփ. 11.05.2023 թիվ 693-Ն որոշում)
26. Միջազգային բնույթի փաստաթղթի բնօրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի պահոցում (դեպոզիտում), իսկ դրա պատճենը` իրավասու մարմնում և այն մարմիններում, որոնց իրավասության ոլորտին այն առնչվում է:
27. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վարում է միջազգային բնույթի փաստաթղթերի գրանցամատյան և, անհրաժեշտության դեպքում, հրապարակում է դրանք իր պաշտոնական կայքէջում:
28. Միջազգային բնույթի փաստաթուղթը հրապարակվում է իրավասու մարմնի պաշտոնական կայքէջում` իրավասու մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
29. Միջազգային բնույթի գաղտնի փաստաթղթերը համաձայնեցվում, կնքվում և պահպանվում են սույն ընթացակարգերին համապատասխան` պահպանելով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների գաղտնի փաստաթղթաշրջանառության կարգը:
Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունվարի 2023 թվական: