ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/13489/02/19
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13489/02/19 2022 թ.
Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան
Դատավորներ` Ա. Խառատյան
Դ. Սերոբյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Մ. Դրմեյան
զեկուցող Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Է. Սեդրակյան
2022 թվականի հուլիսի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ագնեսա Դարբինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Արարատ Բաբայանի ընդդեմ Ագնեսա Դարբինյանի, Աշոտ և Ագնես Շափաղաթյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ագնեսա Դարբինյանի, Ագնես Շափաղաթյանի ընդդեմ Արարատ Բաբայանի` կնքված պարտավորագիրը չկնքված, դրանով իսկ անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արարատ Բաբայանը պահանջել է Ագնեսա Դարբինյանից, Աշոտ և Ագնես Շափաղաթյաններից հօգուտ իրեն բռնագանձել 1.140.000 ՀՀ դրամ գումար, 1.140.000 ՀՀ դրամ գումարի բանկային տոկոսի հաշվարկային դրույքը մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, որից` 380.000 ՀՀ դրամի բանկային տոկոսի հաշվարկի սկիզբը` կետանցի օր ընդունել 01.03.2018 թվականը, իսկ 760.000 ՀՀ դրամի բանկային տոկոսի հաշվարկի սկիզբ` կետանցի օր ընդունել 01.09.2018 թվականը, ինչպես նաև 1.140.000 ՀՀ դրամ գումարի և այդ գումարի բանկային տոկոսի հաշվարկային դրույքի (1.140.000+255.000*2%=27.900) նախապես վճարված պետական տուրքի 2%-ը` 27.900 ՀՀ դրամ գումարը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ագնեսա Դարբինյանը, Ագնես Շափաղաթյանը պահանջել են իրենց և Արարատ Բաբայանի միջև 16.02.2018 թվականի թվագրմամբ կազմված պարտավորագիրը ճանաչել չկնքված, դրանով իսկ առոչինչ և անվավեր:
i
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 04.06.2021 թվականի վճռով վճռվել է. «Հայցը բավարարել մասնակի. Ագնեսա Դարբինյանից, Աշոտ Շափաղաթյանից, Ագնես Շափաղաթյանից հօգուտ Արարատ Բաբայանի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես չկատարված պարտավորության գումար և 113.819 ՀՀ դրամ` որպես հաշվարկված տոկոսագումար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ` սկսած 07.05.2019 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման պահը ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների պարտքի մայր գումարի` 1.000.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և Ագնեսա Դարբինյանից, Աշոտ Շափաղաթյանից, Ագնես Շափաղաթյանից հօգուտ Արարատ Բաբայանի բռնագանձել տոկոսներ: Սկզբնական հայցը մնացած մասով մերժել: (...) Ագնեսա Դարբինյանի, Ագնես Շափաղաթյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Արարատ Բաբայանի` կնքված պարտավորագիրը չկնքված, դրանով իսկ անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.10.2021 թվականի որոշմամբ Ագնեսա Դարբինյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ագնեսա Դարբինյանը (ներկայացուցիչ Արևիկ Եղիազարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված նորմերը, որոնք պետք է կիրառեր:
Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչ հիմնավորմամբ բողոքաբերի կողմից ներկայացված փաստաթղթերը վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ չեն կամ չեն նկարագրում բողոքաբերի գույքային դրությունը կամ գույքային ծանր դրությունը: Բողոքաբերը նշել է, որ իր միակ եկամտի աղբյուրը` 55.420 ՀՀ դրամ թոշակն է, որն արդեն իսկ նկարագրում է իր գույքային ծանր դրությունը, իսկ այդ գումարից` 3% պետական տուրք վերաքննիչ բողոքի համար վճարելու (33.414.57 ՀՀ դրամ) դեպքում, հաշվի առնելով նաև ՀՀ-ում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, կհայտնվի ծայրահեղ ծանր վիճակում, որը ստորադաս դատարանն օբյեկտիվորեն չի գնահատել:
Հաշվի առնելով վերոգրյալը և չսահմանափակելով անձի դատական պաշտպանության իրավունքը, ապահովելով այդ իրավունքի գերակայությունը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բողոքաբերը 78 տարեկան է, որևէ տեղ չի աշխատում, նույնիսկ ի վիճակի էլ չի աշխատելու, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ, հանդիսանում է կենսաթոշակառու, իսկ ապրուստի միակ միջոցը հանդիսանում է 55.420 ՀՀ դրամը, այդ ամենն արդեն իսկ նկարագրում է նրա գույքային դրությունը: Այդ հանգամանքին դատարանն ընդհանրապես չի անդրադարձել և որևէ պատճառաբանություն չի բերել, թե ինչու նշված ապացույցները ընդունելի չեն ստորադաս դատարանի համար:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 04.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ դատավարական փաստերը`
1) Դատարանի 04.06.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Ագնեսա Դարբինյանը, վկայակոչելով չաշխատելու, կենսաթոշակառու լինելու և այդ պահին պետական տուրքի գումարը վճարելու հնարավորության բացակայության փաստերը, միջնորդել է իրեն ազատել կամ հետաձգել պետական տուրք վճարելու պարտականությունից (հատոր 4-րդ, գ.թ. 3)
2) Վերաքննիչ դատարանը Ագնեսա Դարբինյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է հետևյալ պատճառաբանությամբ` «(...) Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված կանոնների` վերաքննիչ բողոքում նշված չեն գործին մասնակցող անձանց` տվյալ դեպքում հայցվոր Արարատ Բաբայանի, պատասխանողներ Աշոտ Շափաղաթյանի, Ագնես Շափաղաթյանի անուններն ու հասցեները, վերաքննիչ բողոքը չի բովանդակում նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որն ազդել է գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքը չի բովանդակում նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, վերաքննիչ բողոքին կցված չեն վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց` տվյալ դեպքում հայցվոր Արարատ Բաբայանին, պատասխանողներ Աշոտ Շափաղաթյանին, Ագնես Շափաղաթյանին, ինչպես նաև բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները: (...) բողոք ներկայացրած անձը Վերաքննիչ դատարանին չի ներկայացրել իր գույքային դրության մասին որևէ ապացույց, ինչի պատճառով վերջինս չի կարող վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը: Ավելին, չի ներկայացրել նաև գույքային դրությունը բնութագրող տեղեկություններ ներկայացնելու անհնարինությունը հավաստող որևէ ապացույց կամ հիմնավորում: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ չկան բավարար հիմքեր դատողություն անելու այն մասին, որ անձի գույքային դրությունը ծանր է, մինչդեռ դատարանը պետական տուրքի վճարումից ազատելու կամ վճարման ժամկետը հետաձգելու արտոնություն սահմանում է բացառապես ելնելով կողմի գույքային ծանր դրությունից, ինչի վերաբերյալ ապացույց բողոք ներկայացրած անձի կողմից չի ներկայացվել, որպիսի հիմնավորմամբ հարուցված միջնորդությունը` պետական տուրքի վճարումից ազատելու կամ վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ, ենթակա է մերժման: (...)» (հատոր 4-րդ, գ.թ. 6-9):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար դատարանի մատչելիության իրավունքի իրացման երաշխավորման նպատակով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու հիմքերին:
i
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին (մասնավորապես` Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
i
ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլոց, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
i
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: (...):
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` (...) դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում (...):
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման խնդրին, արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Ի հավելումն վերոգրյալի` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ նշել է, որ պետական տուրքի գծով արտոնությունները, այդ թվում` դրա տարաժամկետումը կամ վճարման հետաձգումը, նպատակ են հետապնդում վերացնել արդարադատության մատչելիության այնպիսի խոչընդոտները, որոնք պայմանավորում են անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության պատճառով դատարան դիմելու, վերադաս ատյան բողոք ներկայացնելու անհնարինությունը: Այդ նպատակից ելնելով` օրենսդիրը, ի տարբերություն պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելուն, դատարանի համար առավել լայն հայեցողական լիազորություն է սահմանել պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ հետաձգելու հարցում: Վերջինս պայմանավորված է դատարանի դերով` որպես արդարադատություն իրականացնող մարմնի, որը միաժամանակ պետք է ապահովի անձի արդարադատության մատչելիության իրավունքը (տե՛ս, Դավիթ Սաակյանն ընդդեմ Լյուսա Սահակյանի և մյուսների թիվ ԵՔԴ/0820/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ (...) (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու միջնորդություն ներկայացված լինելու ցանկացած դեպքում դատարանները պետք է գնահատման առարկա դարձնեն պետական տուրք վճարելու անձի ունակությունը` այդ փաստի հաստատմանը ծառայող ապացույցների և գործի հանգամանքների հիման վրա, և դրա արդյունքում հանգեն հետևության:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Ագնեսա Դարբինյանը 02.08.2021 թվականին փոստային առաքման միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 04.06.2021 թվականի վճռի դեմ: Միաժամանակ վերաքննիչ բողոքում ներառել է պետական տուրքի վճարումից ազատելու կամ հետաձգելու վերաբերյալ միջնորդություն` այն պատճառաբանությամբ, որ Ագնեսա Դարբինյանը չի աշխատում, կենսաթոշակառու է, նման պայմաններում ի վիճակի չէ վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրք վճարել (հատոր 4-րդ, գ.թ. 3): Նշված միջնորդությունը Վերաքննիչ դատարանը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ` «(...) բողոք ներկայացրած անձը Վերաքննիչ դատարանին չի ներկայացրել իր գույքային դրության մասին որևէ ապացույց, ինչի պատճառով վերջինս չի կարող վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը: Ավելին, չի ներկայացրել նաև գույքային դրությունը բնութագրող տեղեկություններ ներկայացնելու անհնարինությունը հավաստող որևէ ապացույց կամ հիմնավորում: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ չկան բավարար հիմքեր դատողություն անելու այն մասին, որ անձի գույքային դրությունը ծանր է, մինչդեռ դատարանը պետական տուրքի վճարումից ազատելու կամ վճարման ժամկետը հետաձգելու արտոնություն սահմանում է բացառապես ելնելով կողմի գույքային ծանր դրությունից, ինչի վերաբերյալ ապացույց բողոք ներկայացրած անձի կողմից չի ներկայացվել, որպիսի հիմնավորմամբ հարուցված միջնորդությունը` պետական տուրքի վճարումից ազատելու կամ վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ, ենթակա է մերժման: (...)»:
Վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանության հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է հետևյալը.
Բողոք բերած անձը, թեև վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել համապատասխան ապացույցներ` միջնորդությունը հիմնավորելու համար, այդուհանդերձ` գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ագնեսա Դարբինյանը AM0395543 անձնագրի պատճենի համաձայն` ծնվել է 25.05.1943 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 10): Ագնեսա Դարբինյանը ներկայացրել էր 12.05.2017 թվականին տրված կենսաթոշակի N 70485 վկայականի պատճենը, ըստ որի` Ագնեսա Դարբինյանին անժամկետ նշանակվել է տարիքային աշխատանքային թոշակ, ամսական 55.420 ՀՀ դրամ: Բացի այդ, ներկայացվել էր նաև ՀՀ առողջապահության նախարարության Բ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից տրված էպիկրիզի պատճենը, ըստ որի` պատասխանող Ագնեսա Դարբինյանի մոտ ախտորոշվել է քաղցկեղ, կատարվել է վիրահատություն և այժմ գտնվում է տեղամասային օնկոլոգի հսկողության ներքո (հատոր 2-րդ, գ.թ. 2, 67):
Հաշվի առնելով վերոգրյալը և չսահմանափակելով անձի դատական պաշտպանության իրավունքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովելով այդ իրավունքի գերակայությունը, հաշվի առնելով, նաև այն հանգամանքը, որ բողոքաբերը 78 տարեկան է, որևէ տեղ չի աշխատում, ունի առողջական լուրջ խնդիրներ, հանդիսանում է կենսաթոշակառու, իսկ ապրուստի միակ միջոցը հանդիսանում է 55.420 ՀՀ դրամ թոշակը, այդ ամենն արդեն իսկ հիմնավորվում են բողոքաբերի գույքային դրությունը:
Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել բողոքաբեր Ագնեսա Դարբինյանի գույքային դրությունը` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պահանջվող պետական տուրքի գումարը վճարելու ունակության տեսանկյունից, ինչի հետևանքով վերջինս զրկվել է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից` հանգեցնելով դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման և այդ իրավունքի բուն էության խաթարման: Վերաքննիչ դատարանի կողմից չի ապահովվել դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով խախտելով Ագնեսա Դարբինյանի` Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերի խախտումները վերացնելուց հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է որոշի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանի դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին Ագնեսա Դարբինյանի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասով վերացնել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. Դրմեյան
Զեկուցող Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Է. Սեդրակյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 18 հուլիսի 2022 թվական:
Միասնական կայք` 14.11.22-27.11.22