Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ` ՏԵՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ` ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/7809/05/16

    դատարանի որոշում                       2020 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7809/05/16

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 03-ին

դռնբաց դատական նիստում քննելով Հարություն Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.02.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հարություն Սարգսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` 19.09.2016 թվականի թիվ 1605073157 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հարություն Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 19.09.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1605073157 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 31.01.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.02.2018 թվականի որոշմամբ Հարություն Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.01.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 08.11.1968 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի «ա» կետը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածը, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի արարքը չի կարող դիտվել վարչական իրավախախտում և չի կարող հանգեցնել պատասխանատվության, քանի որ խաչմերուկն այնքան անհարմար էր գծանշված, որ հնարավոր չէր այդ գիծը չհատել: Այսինքն` վիճարկվող վարչական ակտով արձանագրված արարքի կատարման պահին Երևան քաղաքի Բաղրամյան և Օրբելի փողոցների խաչմերուկի հատվածում թիվ 1.1 գծանշման պահանջը պահպանելը հնարավոր չէր: Նշված հանգամանքն ընդունել է նաև Ծառայությունը` հետագայում այդ գծանշումը մի քանի մետրով հետ տանելով:

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ապացույցների ճիշտ գնահատում: Հետևաբար Հարություն Սարգսյանը չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության այդ խաչմերուկում թիվ 1.1 գիծը հատելու համար, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.02.2018 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

i

1) Ծառայության 19.09.2016 թվականի թիվ 1605073157 որոշմամբ Հարություն Սարգսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Հարություն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող «KIA» մակնիշի «25 ՍՍ 352» պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 29.08.2016 թվականին` ժամը 09:57-ին, Երևան քաղաքի Բաղրամյան և Օրբելի փողոցների խաչմերուկի հատվածում չի պահպանել թիվ 1.1 գծանշման պահանջը (գ.թ. 7).

2) Ծառայության պետի 21.10.2016 թվականի թիվ 17-4-22463 որոշմամբ Ծառայության 19.09.2016 թվականի թիվ 1605073157 որոշման դեմ Հարություն Սարգսյանի վարչական բողոքը թողնվել է առանց բավարարման, իսկ որոշումը` անփոփոխ (գ.թ. 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 08.11.1968 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի «ա» կետի մեկնաբանությունն առերևույթ հակասում է թիվ ՎԴ/5620/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե ճանապարհային գծանշման պահանջների` տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտման համար վարչական պատասխանատվության հարցի լուծումը կարո՞ղ է արդյոք պայմանավորվել արարքի կատարման վայրում և պահին տվյալ գծանշման պահանջները ողջամտորեն պահպանելու հնարավորության հանգամանքով:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Վերոհիշյալ իրավական նորմի բովանդակությունից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու համար: Ընդ որում, նշված զանցանքների համար օրենսդիրը որպես վարչական տույժի միջոց է ընտրել տուգանքը` 5.000 ՀՀ դրամի չափով:

i

«Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 08.11.1968 թվականի կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 08.02.2006 թվականին) 4-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` նույն կոնվենցիայի Պայմանավորվող կողմերը (...) պարտավորվում են միջոցներ ձեռք առնել, որպեսզի իրենց տարածքում տեղակայված ճանապարհային նշանները և ազդանշանները, լուսային ճանապարհային ազդանշանները և ճանապարհների գծանշումը կազմեն միասնական համակարգ և պատրաստվեն ու տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի դրանք հեշտությամբ ընկալել:

Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասը կազմող վերոգրյալ միջազգային պայմանագրի վկայակոչված իրավադրույթը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային գծանշումները պետք է կատարվեն այնպես, որ ճանապարհային երթևեկության մասնակիցները հեշտությամբ դրանք ընկալելու հնարավորություն ունենան: Այլ կերպ ասած` ճանապարհային գծանշումների պահանջները պետք է ողջամտորեն ընկալելի լինեն ճանապարհային երթևեկության մասնակիցներին, ինչն էլ հանդիսանում է այդ պահանջների կատարման անհրաժեշտ նախադրյալը: Փաստորեն, ճանապարհային գծանշումները` որպես ճանապարհային երթևեկությունը կարգավորող կարևոր միջոցներ, պետք է օժտված լինեն ընկալելիության և կատարելիության բավարար մակարդակով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ճանապարհային գծանշման պահանջները պահպանելու համար սահմանված պատասխանատվության կիրառման պայմաններին, արձանագրել է, որ այն դեպքում, երբ ճանապարհային գծանշման պահանջները ողջամտորեն հնարավոր չէ կատարել բնականոն երթևեկության պայմաններում, ապա երթևեկության մասնակիցը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության այդ գծանշման պահանջները չկատարելու համար:

Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ տրանսպորտային միջոցների վարորդների կատարած զանցանքների համար պատասխանատվություն կրող սուբյեկտները թիվ 1.3 գծանշման պահանջը չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող են ենթարկվել պատասխանատվության միայն այն դեպքում, երբ այդ գծանշման պահանջները հնարավոր է ողջամտորեն կատարել ճանապարհի տվյալ հատվածում: Այլ կերպ ասած` տրանսպորտային միջոցների վարորդների կատարած զանցանքների համար պատասխանատվություն կրող սուբյեկտները չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը միմյանցից բաժանող գիծը հատելու համար չեն կարող ենթարկվել պատասխանատվության, եթե այդ գիծը ճանապարհի տվյալ հատվածում և երթևեկության տվյալ պայմաններում ողջամտորեն հնարավոր չէր չհատել (տե՛ս, ըստ հայցի Հարություն Սարգսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/5620/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային գծանշման պահանջների` տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտման համար վարչական պատասխանատվության հարցի լուծումը պայմանավորված է արարքի կատարման վայրում և պահին տվյալ գծանշման պահանջները ողջամտորեն պահպանելու հնարավորության հանգամանքով:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու լիազորությունն օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթով իրեն վերապահված լիազորությունը, 28.06.2007 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը, որի թիվ 1 հավելվածի 168-րդ կետի համաձայն` ճանապարհային գծանշումները կիրառվում են ինքնուրույն կամ ճանապարհային նշանների և լուսացույցների հետ միասին:

i

Նույն որոշման թիվ 1 հավելվածի 169-րդ կետի համաձայն` ճանապարհային գծանշումները բաժանվում են 2 խմբի` (1) հորիզոնական, (2) ուղղաձիգ, իսկ 170-րդ կետի համաձայն` հորիզոնական գծանշումը երթևեկելի մասի վրա գծեր, սլաքներ, գրառումներ և այլ նշումներ են ու սահմանում են երթևեկության որոշակի ռեժիմ և կարգ (...):

i

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի թիվ 2 Ձևի համաձայն` թիվ 1.1 հորիզոնական գծանշումը հոծ գիծ, որը բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), նշում ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տալիս երթևեկելի մասի սահմանները, ուր մուտքն արգելված է, ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները: Թիվ 1.1 գիծը հատելն արգելվում է:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թիվ 1.1 գիծը` որպես հորիզոնական գծանշում, սահմանում է երթևեկության որոշակի ռեժիմ և կարգ: Ընդ որում, տրանսպորտային միջոցների վարորդներին արգելված է հատել այդ հորիզոնական գիծը: Փաստորեն, տրանսպորտային միջոցների վարորդների կատարած զանցանքների համար պատասխանատվություն կրող սուբյեկտները կարող են պատասխանատվության ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նաև թիվ 1.1 գծանշման պահանջները չկատարելու, այսինքն` հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը միմյանցից բաժանող և այլ գործառույթներ իրականացնող հոծ գիծը հատելու համար: Ընդ որում, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` անհրաժեշտ է հաշվի առնել նաև արարքի կատարման վայրում և պահին տվյալ գծանշման պահանջը ողջամտորեն պահպանելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` այն դեպքում, երբ թիվ 1.1 գծանշման պահանջը չկատարելը հայտնաբերվել է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով, ապա տվյալ տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտման համար պատասխանատվություն կրող սուբյեկտը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում (տե՛ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի արդյունքում թիվ 1.1 գծանշման պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտ ընդունելու իրավական նախադրյալներից մեկն այն է, որ տվյալ իրավիճակում թիվ 1.1 գծանշման պահանջը կատարելու օբյեկտիվ հնարավորությունը ողջամտորեն կասկած չի հարուցում: Այսինքն` վարչական վարույթում ձեռք բերված լուսանկարի կամ տեսանյութի ուսումնասիրությունից չպետք է կասկած հարուցի նաև այն հանգամանքը, որ տվյալ իրավիճակում թիվ 1.1 գծանշման պահանջը ողջամտորեն հնարավոր էր կատարել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հարություն Սարգսյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 19.09.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1605073157 որոշումը: Նշված վարչական ակտով Հարություն Սարգսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ Հարություն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող «KIA» մակնիշի «25 ՍՍ 352» պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 29.08.2016 թվականին ժամը 09:57-ին, Երևան քաղաքի Բաղրամյան և Օրբելի փողոցների խաչմերուկի հատվածում չի պահպանել թիվ 1.1 գծանշման պահանջը:

Դատարանը մերժել է Հարություն Սարգսյանի հայցը` Ծառայության կողմից ներկայացված տեսանյութի ուսումնասիրությամբ հաստատված համարելով վիճարկվող վարչական ակտով Հարություն Սարգսյանին վերագրվող իրավախախտման փաստը և գտնելով, որ վերջինս իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության:

Վերաքննիչ դատարանը մերժել է Հարություն Սարգսյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության համաձայնելով Դատարանի պատճառաբանությունների հետ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Ծառայության 19.09.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1605073157 որոշմամբ Հարություն Սարգսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Երևան քաղաքի Բաղրամյան և Օրբելի փողոցների խաչմերուկի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության հանդիպակաց ուղղություններն իրարից բաժանող թիվ 1.1 գծանշման պահանջը չկատարելու համար, և այդ արարքը հայտնաբերվել է տեսանկարահանող սարքի միջոցով:

Տվյալ դեպքում վարչական վարույթում ձեռք բերված տեսանյութի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կասկած չի հարուցում նաև այն հանգամանքը, որ իրավախախտման կատարման պահին` 29.08.2016 թվականին ժամը 09:57-ին, Հարություն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող «KIA» մակնիշի «25 ՍՍ 352» պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ողջամտորեն կարող էր, ուստի պարտավոր էր կատարել Երևան քաղաքի Բաղրամյան և Օրբելի փողոցների խաչմերուկի հատվածում գտնվող թիվ 1.1 գծանշման պահանջը, ինչը, սակայն, չի կատարել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտում նկարագրված իրավախախտման, այն է` ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի թիվ 2 Ձևի թիվ 1.1 գծանշման պահանջի խախտման համար վարչական պատասխանատվության կիրառումը բխում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վերոգրյալ իրավանորմերի պահանջներից, ինչպես նաև համապատասխանում է թիվ ՎԴ/5620/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշմամբ «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 08.11.1968 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի «ա» կետին տրված մեկնաբանությանը, ուստի այն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են, որպիսի իրավաչափ հետևության հանգել են ստորադաս դատարանները:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Դատարանը, մերժելով Հարություն Սարգսյանի հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի նշված վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Տվյալ դեպքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի մինչև 01.01.2020 թվականը գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի «թ» կետի հիմքով ազատված լինելով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը վիճարկելու պահանջ ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից Հարություն Սարգսյանը սույն վճռաբեկ բողոքի համար պետական տուրք չի վճարել, ուստի պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.02.2018 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակման օրը` 24 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.07.2020
N ՎԴ/7809/05/16
Որոշում