Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ԵՎ 80-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/8117/05/18

    Վարչական գործ թիվ ՎԴ/8117/05/18        2019 թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի սեպտեմբերի 30-ին

քննելով ըստ հայցի Գագիկ Սիմոնյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` Գագիկ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցի թիվ 19/2 հասցեին կից ավել օգտագործվող հողամասը որպես ընդլայնում օտարելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ տրամադրելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Գագիկ Սիմոնյանի ներկայացուցիչ Նարեկ Գասպարյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Սիմոնյանը պահանջել է պարտավորեցնել Քաղաքապետարանին տրամադրել բարենպաստ վարչական ակտ` իրեն սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցի թիվ 19/2 հասցեին կից ավել օգտագործվող հողամասը որպես ընդլայնում օտարելու վերաբերյալ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) 07.08.2018 թվականի որոշմամբ Գագիկ Սիմոնյանի հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 03.09.2018 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.10.2018 թվականի որոշմամբ Գագիկ Սիմոնյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.09.2018 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Սիմոնյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

i

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը և 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վարչական դատարանի 07.08.2018 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ հայցվորը չի ծանրաբեռնվել որևէ պարտավորությամբ, այլ դատարանի կողմից ստացել է առաջարկ` փոխելու սխալ ներկայացված հայցատեսակը և դրանով պայմանավորված ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն: Հայցվորն իր հերթին չի ընդունել դատարանի կողմից կատարված մատնանշումները` առաջնորդվելով տնօրինչականության սկզբունքով և պնդել է սկզբնական ներկայացված հայցատեսակը: Տվյալ դեպքում Դատարանը չէր կարող 07.08.2018 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ մատնանշած առաջարկը դիտարկել որպես թերության մատնանշում, իսկ այն չշտկելը` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ հայցադիմումի ընդունումը մերժվել է նաև գործողության կատարման հայցի շրջանակներում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու հիմքով: Մինչդեռ ՀՀ վարչական դատարանը 07.08.2018 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ ի սկզբանե բաց թողնված էր համարել ոչ թե ներկայացված գործողության կատարման հայցի, այլ փոփոխվելիք պարտավորեցման հայցի դատավարական ժամկետը: Իսկ հայցատեսակը փոփոխելու առաջարկը հայցվորի կողմից չընդունվելու պարագայում պարզապես անհրաժեշտություն չի եղել ներկայացնելու միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, քանի որ հայցվորը պնդել է սկզբնապես ներկայացված գործողության կատարման հայցը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու)` վարչական դատարանի առաջարկը հայցվորի կողմից չընդունվելու իրավական հետևանքների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) սխալ հայցատեսակով ձևակերպված պահանջ ունենալու համար վերադարձվելուց հետո կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը կարող է արդյո՞ք մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` հայցադիմումի սխալները չվերացնելու հիմքով, եթե կրկին ներկայացված հայցադիմումն ունի պահանջի այն նույն ձևակերպումը, ինչ սկզբնական հայցադիմումը,

2) արդյո՞ք դատարանն իրավասու է մերժել հայցադիմումի ընդունումն այն դեպքում, երբ հայցադիմումը վերադարձնելիս հայցվորին առաջարկվել է ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով և այդ փոփոխությամբ պայմանավորված ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն, սակայն հայցվորը հայցադիմումը կրկին ներկայացնելիս շարունակել է պնդել ի սկզբանե ներկայացված հայցատեսակը և հայցատեսակի փոփոխություն չկատարելու պայմաններում չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն,

3) արդյո՞ք դատարանն իրավասու է հայցադիմումի սխալը չվերացնելու հիմքով մերժել հայցադիմումի ընդունումը, եթե այդ սխալն արձանագրված (մատնանշված) չի եղել հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը (...) առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերևույթ սխալները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկը դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքն է, որը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ:

Վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի լույսի ներքո ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) կառուցակարգի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշմամբ: Այդ որոշման շրջանակում ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքի ուժով վարչական դատարանի վրա դրված է որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականություն: Այդ պարտականության դրսևորումներից մեկը ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելն է: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու վարչական դատարանի` գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքի էությունից բխող պարտականությունը վարչական դատավարությունում կարող է իրականացվել թե՛ գործի հարուցման, թե՛ գործը դատաքննության նախապատրաստելու, թե՛ դատաքննության փուլերի ընթացքում: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատարանի կողմից ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ հայցվորին առաջարկ անելու պարտականությունը կարող է կատարվել նաև գործի հարուցման փուլում: Հայցադիմումի ընդունելիության (գործի հարուցման) փուլում նշված դատավարական գործողությունը պետք է կատարվի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման շրջանակներում: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատարան ներկայացված հայցադիմումում հայցվորի պահանջը տվյալ վիճելի իրավահարաբերությունից բխող և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ճիշտ հայցատեսակին չհամապատասխանող կերպով ձևակերպված լինելը հիմք է հանդիսանում տվյալ հայցադիմումը վերադարձնելու համար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի խախտման հիմքով: Այլ կերպ ասած` այն դեպքում, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում առկա են բավարար հիմքեր հանգելու այն եզրակացության, որ անձի կողմից վարչական դատարան ներկայացված հայցապահանջը ձևակերպված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային համահունչ, ապա տվյալ հայցադիմումը ենթակա է վերադարձման` որպես բավարար չափով հստակ կամ որոշակի չձևակերպված պահանջ պարունակող հայցադիմում (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Որպես վերոգրյալ իրավական դիրքորոշումների ամփոփում` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է հետևյալ եզրակացության.

1) հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության դեպքում վարչական դատարանը պարտավոր է առաջարկել հայցվորին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով (մատնանշել ճիշտ հայցատեսակը),

i

2) եթե հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության և վարչական դատարանի կողմից պատշաճ հայցատեսակի մատնանշման պարտականության պատշաճ կատարման պայմաններում հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված սկզբնական ոչ ճիշտ հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է կայացնել այդ հայցապահանջի շրջանակներում հարուցված վարչական գործի հետագա ճակատագիրը լուծող դատական ակտ (տե՛ս, Գագիկ Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերոգրյալ իրավական դիրքորոշումներից բխում է, որ վարչական դատարանը ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ հայցվորին առաջարկ անելու իր պարտականությունը կարող է կատարել նաև հայցադիմումի ընդունելության փուլում` հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ: Այդ որոշմամբ վարչական դատարանը հայցվորի կողմից ոչ ճիշտ հայցատեսակի ընտրությունը որակում է որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հայցադիմումի բովանդակությանը ներկայացվող պահանջի չպահպանում, այն է` բավարար չափով հստակ կամ որոշակի չձևակերպված հայցապահանջի ներկայացում:

Վճռաբեկ դատարանը, ելնելով վարչական դատավարությունում մեկ այլ հիմնարար դրույթի` տնօրինչականության սկզբունքի էությունից, արձանագրում է, որ ստանալով սխալ հայցատեսակով ձևակերպված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը` հայցվորը կարող է կատարել, inter alia, հետևյալ դատավարական գործողությունները.

1) ընդունել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ դատարանի առաջարկը և կրկին ներկայացվող հայցադիմումի մեջ պահանջը ձևակերպել դատարանի կողմից մատնանշված պատշաճ հայցատեսակին համահունչ,

2) չընդունել դատարանի առաջարկը և կրկին ներկայացվող հայցադիմումի մեջ պահանջը ձևակերպել նույն կերպ, ինչպես որ այն ձևակերպված է եղել սկզբնապես ներկայացված հայցադիմումի մեջ:

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի և 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ, մի կողմից, օրենսդիրը հնարավորություն է ընձեռել հայցվորին հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում վերացնելու հայցադիմումում պահանջի ձևակերպման հետ կապված սխալը և կրկին ներկայացնելու այն վարչական դատարան, որի դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը: Մյուս կողմից, եթե նշված ժամկետում հայցվորը չի վերացնում հայցադիմումում պահանջի ձևակերպման հետ կապված սխալը և հայցադիմումը` նշված թերությունը շտկված վիճակում, կրկին չի ներկայացնում դատարան, ապա վարչական դատարանը որոշում է կայացնում հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, եթե հայցադիմումի տվյալ սխալը չվերացնելն արգելք է գործի քննության համար (տե՛ս, Արթուր Ավթանդիլյանը և այլոք ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/1707/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանն իրավասու է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով մերժել հայցադիմումի ընդունումը միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ դատարանն արձանագրել է (մատնանշել է) հայցադիմումում առկա համապատասխան սխալը,

2) հայցվորը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո կրկին ներկայացրել է հայցադիմումը` չվերացնելով դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված սխալը,

3) տվյալ սխալը չվերացնելն արգելք է գործի քննության համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու համար պարտադիր պայման է հայցադիմումում առկա` հայցվորի կողմից չվերացված և գործի քննության համար արգելք հանդիսացող սխալը դատարանի կողմից դեռևս հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված լինելու հանգամանքը:

Փաստորեն, հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ նշված սխալները (հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի թերությունները) չշտկելու դատավարական հետևանքն այն է, որ դատարանը կարող է այդ սխալները չվերացնելը գնահատել որպես գործի քննության համար արգելք և այդ հիմքով մերժել կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, եթե հայցվորը չի ընդունում հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ դատարանի կողմից կատարված առաջարկը` ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ, և կրկին ներկայացվող հայցադիմումի մեջ պահանջը ձևակերպում է նույն կերպ, ինչպես որ այն ձևակերպված է եղել սկզբնապես ներկայացված հայցադիմումի մեջ, ապա դա չի նշանակում, որ հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար: Այլ կերպ ասած` ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ կատարված առաջարկը չընդունելը և հայցապահանջի ձևակերպման թերությունը չվերացնելը չեն կարող ընկալվել և դիտարկվել որպես գործի քննության համար արգելք: Այդ դեպքում կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով:

Վերոհիշյալ դատողությունները հիմնված են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված և հետևողականորեն պաշտպանվող այն իրավական դիրքորոշման վրա, որ սխալ հայցատեսակի ընտրությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ հայցադիմումի ընդունումը մերժելու համար:

i

Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում բազմիցս ընդգծել է, որ հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ հայցադիմումի ընդունումը պետք է մերժվի հայցը դատարանին ենթակա չլինելու հիմքով (տե՛ս, օրինակ, Գագիկ Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Վերոգրյալ գաղափարը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ներդրվել է իրավակիրառ պրակտիկայի հիմքում` ելնելով այն նկատառումից, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական հայցի տեսակները և դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Վարչական հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից` հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած` վարչական հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Վարչական հայցի տեսակների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք` անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու և վարչական արդարադատությունից հրաժարվելու համար: Նման մոտեցումը Վճռաբեկ դատարանը գնահատում է որպես դատավարական նորմերի մեխանիկական ընկալման և կիրառման հետևանք, ինչի արդյունքում խաթարվում է դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Այսպիսով, ամփոփելով վերոհիշյալ վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սխալ հայցատեսակով ձևակերպված պահանջ ունենալու համար վերադարձնելուց հետո կրկին ներկայացված և նույն պահանջը պարունակող հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել հայցադիմումի սխալները չվերացնելու հիմքով, քանի որ հայցապահանջի ձևակերպման թերությունը չվերացնելը գործի քննության համար արգելք չէ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով:

Սույն գործի փաստերի համաձայն` Գագիկ Սիմոնյանը 01.08.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Քաղաքապետարանի` խնդրելով պարտավորեցնել վերջինիս տրամադրել բարենպաստ վարչական ակտ` Գագիկ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցի թիվ 19/2 հասցեին կից ավել օգտագործվող հողամասը որպես ընդլայնում օտարելու վերաբերյալ: Ընդ որում, հայցադիմումի մեջ հայցվորը նշել է, որ 01.11.2017 թվականին դիմում է ներկայացրել Քաղաքապետարան` վարչական վարույթ հարուցելու և բարենպաստ վարչական ակտ կայացնելու վերաբերյալ: Այդ դիմումին ի պատասխան` Քաղաքապետարանից 08.11.2017 թվականին ստացվել է թիվ 18-06/2-70942 գրությունը, որի համաձայն` տարածքի քաղաքաշինական կառուցապատման ծրագրերը դեռևս հստակեցված չեն, և հարցին կարող են անդրադառնալ հստակեցումից հետո: Այնուհետև, հայցվոր Գագիկ Սիմոնյանը 30.03.2018 թվականին ըստ էության նույն խնդրանքով կրկին դիմում է ներկայացրել Քաղաքապետարան, որի վերաբերյալ որևէ պատասխան գրություն չի ստացվել: Քաղաքապետարանի կողմից անպատասխան է թողնվել նաև Գագիկ Սիմոնյանի կողմից 29.06.2018 թվականին ներկայացված դիմումը, որով վերջինս խնդրել է վերանայել 30.03.2018 թվականին ներկայացված դիմումը: Հաշվի առնելով վերոգրյալը` Գագիկ Սիմոնյանը համարում է, որ տվյալ դեպքում կիրառելի է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասը: Ըստ հայցվորի` բարենպաստ վարչական ակտ ընդունելուն ուղղված իր դիմումի վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում որոշում չընդունվելու պայմաններում նշված իրավադրույթի ուժով այն համարվում է ընդունված: Ըստ այդմ, Գագիկ Սիմոնյանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցով դիմել է դատարան` օրենքի ուժով ընդունված վարչական ակտը տրամադրելու պահանջով (գ.թ. 4-7):

ՀՀ վարչական դատարանի 07.08.2018 թվականի որոշմամբ Գագիկ Սիմոնյանի հայցադիմումը վերադարձվել է: ՀՀ վարչական դատարանը գտել է, որ սույն գործով ճիշտ հայցատեսակը ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման, այլ նույն օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցն է: Ըստ ՀՀ վարչական դատարանի` Գագիկ Սիմոնյանը 01.11.2017 թվականին դիմել է Քաղաքապետարան և ստացել է մերժում Քաղաքապետարանի 08.11.2017 թվականի գրությամբ: Հետևաբար ՀՀ վարչական դատարանը գտել է, որ «(...) կրկին նույն հարցով Քաղաքապետարան դիմելով` հայցվորը չի կարող հայցել օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը, այլ պետք է ներկայացնի պարտավորեցման հայց (...)»: Միաժամանակ ՀՀ վարչական դատարանը փաստել է, որ հայցվորը բաց է թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` պարտավորեցման հայցով դատարան դիմելու երկամսյա ժամկետը և չի ներկայացրել այն վերականգնելու մասին միջնորդություն (գ.թ. 22-25):

Կրկին ներկայացված հայցադիմումի մեջ հայցվորը պնդել է, որ տվյալ դեպքում պարտավորեցման հայց չի կարող ներկայացվել, քանի որ Քաղաքապետարանի 08.11.2017 թվականի գրությունը մերժում չէ: Ըստ Գագիկ Սիմոնյանի` սույն գործով միակ ճիշտ ճանապարհը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայց ներկայացնելն է: Կրկին ներկայացված հայցադիմումը բովանդակում է Գագիկ Սիմոնյանի սկզբնական հայցադիմումի պահանջը և դրան կից ներկայացված չէ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն (գ.թ. 31-32):

Դատարանը 03.09.2018 թվականի որոշմամբ մերժել է Գագիկ Սիմոնյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով: Դատարանն իր որոշմամբ նշել է, որ «(...) հայցվորը չի վերացրել դատարանի մատնանշած թերությունը, իսկ թերությունները չվերացնելն արգելք է գործի քննության համար: Նախ` դատարանն օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժվել է 08.11.2017 թվականի գրությամբ` իր բոլոր իրավական հետևանքներով: Երկրորդ` եթե նույնիսկ հայցվորն այդ գրությունը չի որակում որպես մերժում, միևնույնն է` բաց է թողել հայցադիմում ներկայացնելու երկամսյա ժամկետը այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը` նախատեսված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով (...)»: Փաստորեն, Դատարանը գտել է, որ ինչպես ՀՀ վարչական դատարանի 07.08.2018 թվականի որոշմամբ մատնանշված պարտավորեցման հայցի, այնպես էլ հայցվորի պնդած գործողության կատարման հայցի դեպքում վերջինս բաց է թողել դատարան դիմելու ժամկետը և չի ներկայացրել այն վերականգնելու մասին միջնորդություն: Նման պայմաններում ներկայացված հայցի քննությունն անհնար է, ուստի հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման (գ.թ. 52-53):

Վերաքննիչ դատարանը 27.10.2018 թվականի որոշմամբ մերժել է Գագիկ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 03.09.2018 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ` ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի դիրքորոշումը: Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ հայցվոր կողմը կամ պետք է կատարեր ՀՀ վարչական դատարանի 07.08.2018 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման պահանջը (եթե համաձայն էր որոշման հետ) կամ բողոքարկեր այն (եթե գտնում էր, որ որոշման հիմքում դրված եզրահանգումներն անհիմն են) (գ.թ. 81-85):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով իրավասու չէր մերժելու Գագիկ Սիմոնյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ հայցվորը չի վերացրել ՀՀ վարչական դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 07.08.2018 թվականի որոշմամբ արձանագրված թերությունը: Տվյալ թերությունը վերաբերել է Գագիկ Սիմոնյանի կողմից ընտրված հայցատեսակի սխալ լինելուն: Սակայն հայցվորը կրկին ներկայացված հայցադիմումում չի ընդունել ՀՀ վարչական դատարանի առաջարկը և ներկայացված գործողության կատարման հայցը չի փոխարինել պարտավորեցման հայցով: Իսկ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն` հայցվորի կողմից ՀՀ վարչական դատարանի այդ առաջարկը չընդունելը չէր կարող արգելք հանդիսանալ գործի քննության համար:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 07.08.2018 թվականի որոշումը ստանալուց հետո Գագիկ Սիմոնյանն իրավունք ուներ պնդելու իր կողմից ի սկզբանե ներկայացված հայցատեսակը և պարտավոր չէր ընդունել դատարանի առաջարկը: Գագիկ Սիմոնյանը, չընդունելով ՀՀ վարչական դատարանի առաջարկը, պարտավոր չէր բողոքարկել ՀՀ վարչական դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 07.08.2018 թվականի որոշումը, և կարող էր կրկին ներկայացնել իր հայցադիմումը նույն պահանջով` առանց իրացնելու ՀՀ վարչական դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 07.08.2018 թվականի որոշումը բողոքարկելու իր իրավունքը: Հետևաբար Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ հայցվոր կողմը կամ պետք է կատարեր ՀՀ վարչական դատարանի 07.08.2018 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման պահանջը (եթե համաձայն էր որոշման հետ) կամ բողոքարկեր այն (եթե գտնում էր, որ որոշման հիմքում դրված եզրահանգումներն անհիմն են):

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, հաշվի առնելով, որ Գագիկ Սիմոնյանը կրկին ներկայացված հայցադիմումով շարունակել է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, պարտավոր էր ոչ թե մերժել հայցադիմումի ընդունումը, այլ գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Գագիկ Սիմոնյանի կողմից կրկին ներկայացված և սկզբնական հայցադիմումի մեջ նշված նույն պահանջը պարունակող հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել հայցադիմումի սխալները չվերացնելու հիմքով, քանի որ հայցապահանջի ձևակերպման թերությունը չվերացնելը գործի քննության համար արգելք չէ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գագիկ Սիմոնյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել նաև` պարտավորեցման հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու պատճառաբանությամբ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Գագիկ Սիմոնյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժելիս Դատարանն իրավասու չէր հղում անել այն հանգամանքին, որ հայցվորը չի ներկայացրել ՀՀ վարչական դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 07.08.2018 թվականի որոշմամբ մատնանշված` պարտավորեցման հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը: Գագիկ Սիմոնյանի մոտ նման միջնորդություն ներկայացնելու պարտականություն կառաջանար այն դեպքում, երբ վերջինս ընդուներ ՀՀ վարչական դատարանի առաջարկը և կատարեր հայցատեսակի փոփոխություն` գործողության կատարման հայցի փոխարեն ներկայացնելով պարտավորեցման հայց:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գագիկ Սիմոնյանի կողմից կրկին ներկայացված և սկզբնական հայցադիմումի մեջ նշված նույն պահանջը պարունակող հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել պարտավորեցման հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու պատճառաբանությամբ:

Ի վերջո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գագիկ Սիմոնյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել նաև` գործողության կատարման հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու պատճառաբանությամբ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 07.08.2018 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք հայցվորի կողմից պահպանվել են գործողության կատարման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետները: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործողության կատարման հայցի ներկայացման ժամկետը պահպանած չլինելու հանգամանքը և այդ հանգամանքով պայմանավորված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 07.08.2018 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի կողմից չարձանագրվելու պայմաններում հետագայում այդ հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելը խախտել է իրավական որոշակիության սկզբունքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից 07.08.2018 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման մեջ հայցվորի կողմից գործողության կատարման հայցով դատարան դիմելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության մասին անդրադարձ չլինելու պայմաններում Դատարանն իրավասու չէր Գագիկ Սիմոնյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումին կից նման միջնորդություն ներկայացված չլինելը գնահատել որպես այնպիսի սխալ, որի չվերացնելն արգելք է գործի քննության համար:

Այսպիսով, Դատարանն իրավասու չէր մերժելու Գագիկ Սիմոնյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ հայցվորը բաց է թողել գործողության կատարման հայցով դատարան դիմելու ժամկետը և չի ներկայացրել այն վերականգնելու մասին միջնորդություն:

Ամփոփելով վերոգրյալ վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Գագիկ Սիմոնյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը ենթակա չէր մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, քանի որ կրկին ներկայացված հայցադիմումի մեջ առկա չեն այնպիսի սխալներ, որոնք չվերացնելն արգելք է սույն գործի քննության համար: Մերժելով Գագիկ Սիմոնյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը` Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 03.09.2018 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.09.2019
N ՎԴ/8117/05/18
Որոշում