Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/1036/02/17    

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1036/02/17   2019 թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Մ. Հարթենյան  

                       Ա. Մկրտչյան      

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հուլիսի 31-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Եգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Եգորյանի ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի` թիվ ԿԳ-16062 կարգապահական վարույթով ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 23.11.2016 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տիգրան Եգորյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհրդի 23.11.2016 թվականի թիվ ԿԳ/188-Ա որոշումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 02.05.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2018 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Տիգրան Եգորյանի միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.09.2018 թվականի որոշմամբ Տիգրան Եգորյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Եգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ, 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 370-րդ հոդվածը և 372-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր 11.09.2018 թվականի որոշմամբ արձանագրելով, որ 14.08.2018 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չի վերացվել Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշմամբ արձանագրված խախտումը, այն է չի ներկայացվել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց, հաշվի չի առել, որ 15.08.2018 թվականի գրությամբ վերաքննիչ բողոք ներկայացրած անձը, ի թիվս այլնի, ներկայացրել է նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը` 10.000 ՀՀ դրամի չափով:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերը պատշաճ ուսումնասիրման առարկա դարձնելու դեպքում Վերաքննիչ դատարանը կարող էր հանգել այն հետևության, որ վերաքննիչ բողոքում առկա խախտումները պատշաճ կարգով վերացվել են օրենքով սահմանված ժամկետում, այն է` կցվել է պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, մերժելով ներկայացված վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումը, խախտել է բողոքաբերի` դատարանի մատչելիության իրավունքը, մասնավորապես` վերջինս զրկվել է իր խախտված իրավունքները դատական կարգով վերականգնելու հնարավորությունից:

Բացի այդ, հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանին հասցեագրված գրությունը, որին կից ներկայացվել է նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը, փոստային ծառայության միջոցով ուղարկվել է 15.08.2018 թվականին, մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կայացվել է 11.09.2018 թվականին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ժամկետում խախտումը վերացնելու, վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու, սակայն խախտման վերացման ապացույցը մեկ օր ուշացումով ներկայացնելը պետք է համարել, որ թույլ տրված խախտումը չի վերացվել:

 

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

i

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանն իր 12.07.2016 թվականի ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` (...), պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին գործը ստանալու օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում` վճռի դեմ ներկայացված բողոքով.

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (...):

Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (...) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը` խախտումները վերացնելու համար որոշակի ժամկետի տրամադրմամբ վերադարձնելը նպատակ է հետապնդում հնարավորություն տալ դատական ակտը բողոքարկած անձին վերացնելու մատնանշված խախտումները և այն կրկին` առանց խախտումների ներկայացնել: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք ներկայացրած անձն օրենքով սահմանված ժամկետում վերացնում է վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված բոլոր խախտումները և այն կրկին է ներկայացնում` թույլ չտալով վերաքննիչ բողոքի նոր խախտումներ, ապա կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է վարույթ ընդունել:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» համապատասխան դրույթները, իրավական դիրքորոշում է հայտնել վճարահաշվարկային համակարգի վերաբերյալ, արձանագրելով, որ այն իրենից ներկայացնում է որոշակի տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն (վճարային գործիքներ, քլիրինգ և այլն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Ընդ որում` տվյալ որոշմամբ անդրադառնալով նաև վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությանը, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` վճարել կամ հանձնարարել այլ բանկի` վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար (տե՛ս, Ստեփան Ոսկանյանն ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2967/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2018 թվականի որոշումը):

Սույն գործով Տիգրան Եգորյանը 15.06.2018 թվականին Դատարանի 02.05.2018 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հիմք` փոստային ծրար, հատոր 3-րդ, գ.թ. 3-13):

Վերաքննիչ դատարանը, 16.07.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ բողոքաբերն իր գույքային դրության վերաբերյալ որևէ փաստարկ չի նշել և այդ առումով ապացույցներ չի ներկայացրել, որպիսի պայմաններում ներկայացված միջնորդությունն առհասարակ անհիմն է: Միաժամանակ տվյալ որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ միայն գույքային դրության վերաբերյալ բավարար տեղեկությունների առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը կարող է գնահատել ու, ելնելով դրա բնույթից, որոշել պետական տուրքի վճարումը հետաձգելու հարցը, ինչպես նաև հաստատված համարել պետական տուրքը բողոք ներկայացնելու պահին վճարելու անհնարինությունը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը, մերժելով պետական տուրքի վճարումը հետաձգելու Տիգրան Եգորյանի միջնորդությունը, վերաքննիչ բողոքը վերադարձրել է` սահմանելով 15 օրյա ժամկետ վերաքննիչ բողոքը ստանալուց հետո թույլ տրված խախտումը վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 16-17):

Տիգրան Եգորյանը 14.08.2018 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ վերաքննիչ բողոքում, որպես վերաքննիչ բողոքին կցված փաստաթղթերի ցանկ, նշվել է պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ հետագայում` մեկ օր անց` 15.08.2018 թվականին, Տիգրան Եգորյանի կողմից ներկայացվել է Վերաքննիչ դատարանին հասցեագրված կից գրություն, որին կցվել է վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա էլեկտրոնային համակարգով վճարված պետական տուրքի անդորրագիրը` 10.000 ՀՀ դրամ գումարի չափով (հիմք` փոստային ծրարները, հատոր 3-րդ գ.թ. 25-38, 41, 48, 49):

Վերաքննիչ դատարանը 11.09.2018 թվականին որոշում է կայացրել «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին»: Միաժամանակ պատճառաբանել է, որ «Տիգրան Եգորյանի կողմից 14.08.2018 թվականին կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրված խախտումները չի վերացրել, այն է` չի ներկայացվել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցներ: (...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները...: (...): ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի իրացման կարգը սահմանում է օրենսդիրը, ինչը ենթադրում է, որ շահագրգիռ անձինք իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար դատարան պետք է դիմեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Դատարան դիմելու իրավունքն իրացնելու համար անձինք պարտադիր պետք է պահպանեն օրենսդրի կողմից նախատեսված դատարան դիմելու կարգը և պայմանները» (հատոր 3-րդ գ.թ. 60-61):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վերաքննիչ դատարանը, 16.07.2018 թվականի որոշմամբ վերադարձնելով Տիգրան Եգորյանի առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը և սահմանելով ժամկետ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար, որպես վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք արձանագրել է, որ բողոքաբերն իր գույքային դրության վերաբերյալ որևէ փաստարկ չի նշել և այդ առումով ապացույցներ չի ներկայացրել, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի հիմքով ենթակա է վերադարձման:

Տիգրան Եգորյանը, 14.08.2018 թվականին կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, վերաքննիչ բողոքի 4-րդ կետում ներկայացվող փաստաթղթերի ցանկի «4.5»-րդ կետով նաև նշել է «պետական տուրքի վճարման անդորրագիր»: Այնուհետև, մեկ օր անց, այն է` 15.08.2018 թվականին, Տիգրան Եգորյանը ներկայացրել է Վերաքննիչ դատարանին հասցեագրված կից գրություն, որին կցել է վերաքննիչ բողոքի համար էլեկտրոնային համակարգով 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարելու անդորրագիրը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա վերաքննիչ բողոքի համար էլեկտրոնային համակարգով վճարված պետական տուրքի անդորրագրի ուսումնասիրությունից հետևում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես` նշված վճարման անդորրագրում առկա է փաստաթղթի համարը` թիվ 6897-0582-6894-0880-4122, վճարման օրը, ամիսը, տարին` 14.08.2018 թվական, վճարված գումարի չափը` 10.000 ՀՀ դրամ, վճարման նպատակը` «դատարան տրվող (...) գանգատների, (...) համար», վճարող ընկերության անվանումը` «Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ (բողոքաբեր Տիգրան Եգորյան), ստացող` ՀՀ դատական դեպարտամենտ, գանձապետական հաշվեհամար` 900005016010, ինչպես նաև գործարքի տվյալները:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տիգրան Եգորյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն առաջին անգամ վերադարձնելիս Վերաքննիչ դատարանը հստակ մատնանշել էր վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումը, այն է` վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարված չլինելու հանգամանքը, ինչն էլ հետագայում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով Տիգրան Եգորյանի կողմից վերացվել է: Մասնավորապես` վերջինիս կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է վերաքննիչ բողոքի համար էլեկտրոնային համակարգով 14.08.2018 թվականին 10.000 ՀՀ դրամի չափով վճարված պետական տուրքի անդորրագիրը (հիմք` Տիգրան Եգորյանի կողմից Վերաքննիչ դատարանին հասցեագրված 15.08.2018 թվականի կից գրություն):

Փաստորեն, բողոք բերող անձը Վերաքննիչ դատարանի 16.07.2018 թվականի որոշմամբ սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք և նույն օրը վճարել պետական տուրք, և միայն մեկ օր անց այն ներկայացրել է Վերաքննիչ դատարանին հասցեագրված կից գրությամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տիգրան Եգորյանը 14.08.2018 թվականին կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքում պահպանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է` վերացրել է Վերաքննիչ դատարանի 16.07.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված խախտումը, սակայն, Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ժամկետում վճարելով պետական տուրքը, այն Վերաքննիչ դատարան է ուղարկել մեկ օր ուշացումով:

Փաստորեն Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ բողոքաբերի կողմից չի վերացվել խախտումները, այն է` չի ներկայացվել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցներ, ըստ էության չի անդրադարձել այն հարցին, որ իրականում պետական տուրքը վճարվել է Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ժամկետում` 14.08.2018 թվականին, սակայն դատարան է ներկայացվել 1 օր ուշացումով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ժամկետում վճարելով պետական տուրքը` բողոքաբերն իրականում 1 օր ուշացումով է ներկայացրել պետական տուրքի վճարման անդորրագիրը` դրանով իսկ խախտելով սահմանված երկշաբաթյա ժամկետը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բողոքաբերն ըստ էության վերացրել է արձանագրված խախտումը, իսկ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել 14.08.2018 թվականին վճարած և միայն մեկ օր ուշացումով ներկայացրած պետական տուրքի վճարման անդորրագրին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Տիգրան Եգորյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, քանի որ անհիմն կերպով է մերժել Տիգրան Եգորյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 02.05.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 11.09.2018 թվականի ««Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին»» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ և 406-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.07.2019
N ԵԿԴ/1036/02/17
Որոշում