Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 103-ՐԴ, 22 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/1720/02/16    

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1720/02/16   2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Ս. Թորոսյան

                       Կ. Չիլինգարյան

 

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մայիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Անահիտ Մարտիրոսյանի դիմումի` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2017 թվականի որոշման դեմ Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անահիտ Մարտիրոսյանը պահանջել է Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 1-ին հարկում գտնվող 59,62 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով այդ տարածքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 03.02.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.10.2017 թվականի որոշմամբ որպես գործին մասնակից չդարձված անձ Համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.02.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անահիտ Մարտիրոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 178-րդ, 187-րդ և 188-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշումը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 109-րդ, 187-րդ և 188-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի հետևանքով անտեսել է, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 1-ին հարկում գտնվող 59,62 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը Համայնքի սեփականությունն է և որպես այդպիսին ենթակա է տնօրինման Համայնքի ավագանու կողմից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Անահիտ Մարտիրոսյանը նշված տարածքը ենթարկել է ինքնակամ ձևափոխման, որի պայմաններում անգամ նշված տարածքը Համայնքի սեփականությունը չհանդիսանալու դեպքում այդ տարածքի նկատմամբ իրավունքի ճանաչման վեճի քննությունն ընդդատյա չէ դատարանին, քանի որ դրա կարգավիճակը ենթակա է որոշման միայն իրավասու մարմնի` Երևանի քաղաքապետի կողմից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ նշված տարածքը` որպես ոչ բնակելի տարածք, գտնվում է բազմաբնակարան շենքի 1-ին հարկում, ուստի որպես ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող և չսեփականաշնորհված տարածք Համայնքի սեփականությունն է, իսկ Անահիտ Մարտիրոսյանը, վկայակոչելով Երևանի Կենտրոն համայնքի թաղապետի կողմից 1999 թվականին այդ տարածքն իրեն տրամադրված լինելու հանգամանքը, իր տիրապետման ողջ ընթացքում իրազեկ է եղել և գիտակցել է, որ օգտագործվող տարածքն ունի օրինական տնօրինող, և որ ինքն այդ տարածքը չի օգտագործում որպես սեփականություն, ինչը բացառում է բարեխղճության առկայությունը:

Դատարանն առանց որևէ հիմնավորման հետևություն է արել այն մասին, որ այդ տարածքը բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածք է, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ քաղաքացիական գործի վարույթը կարճել վեճը դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Համայնքը վիճելի տարածքի նկատմամբ չունի օրենքով սահմանված կարգով գրանցված որևէ իրավունք: Այդ տարածքը բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածք է, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշումների ուժով չէր կարող փոխանցվել Երևան քաղաքի սեփականությանը:

Վեճի առարկա տարածքն Անահիտ Մարտիրոսյանի տիրապետմանն է անցել առանց որևէ բռնության գործադրման, այն տրամադրվել է դեռևս 1999 թվականին Կենտրոն համայնքի թաղապետի կողմից, ինչն էլ բավարար հիմք է տվել դիմումատուին համոզմունք ձևավորելու առ այն, որ գույքն իրեն է անցնում որպես սեփականություն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կոմիտեի կողմից 19.04.2016 թվականին տրված գույքի առանձին որակական-քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 92-րդ ոչ բնակելի տարածք հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Գրիգոր Մնոյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 23).

2) Կոմիտեի կողմից 20.04.2016 թվականին տրված գույքի առանձին որակական-քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 հասցեում Երևանի քաղաքապետարանի անվամբ գրանցված անշարժ գույք չի հայտնաբերվել (հատոր 1-ին, գ.թ. 26).

3) Դատարանի կողմից կատարված տեղատեսության արձանագրության համաձայն` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի առաջին հարկում գտնվող ոչ բնակելի տարածքն Անահիտ Մարտիրոսյանի կողմից ձևափոխվել է և դարձվել է երկուսենյականոց բնակարան` բաղկացած հյուրասենյակից, ննջասենյակից, խոհանոցից և կոմունալ հարմարություններից (հատոր 1-ին, գ.թ. 61).

4) «ՊԻԿԵՏ» ՍՊԸ-ի աշխատակցի կողմից կազմված շինության փաստացի հատակագծի համաձայն` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 92-րդ ոչ բնակելի տարածքի հարևանությամբ Անահիտ Մարտիրոսյանն օգտագործում է ընդհանուր 59,62 քմ մակերեսից բաղկացած բնակարան (հատոր 1-ին, գ.թ. 28).

5) Երևանի քաղաքապետարանի «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի 06.05.2017 թվականի գրությամբ հայտնվել է, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 92-րդ ոչ բնակելի տարածքի հարևանությամբ գտնվող 59,62 քմ մակերեսով տարածքը երկուսենյականոց բնակարան է (հատոր 2-րդ, գ.թ. 15):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման, դրա արդյունքում նաև նույն օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք սույն գործով կայացված դատական ակտը վերաբերում է Համայնքի` որպես գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ստորադաս դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, գլխավոր դատախազը և նրա տեղակալները` պետական շահերի պաշտպանության հարցերով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:

ՀՀ սահմանադրական դատարանը 04.10.2016 թվականի թիվ ՍԴՈ-1310 որոշմամբ արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի` նույն օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց ցանկը` նույն օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետի առկայության պարագայում սպառիչ չէ և չի արգելափակում գործին մասնակից չդարձված անձանց` վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունքը, երբ այդ ակտերը վերաբերում են տվյալ անձանց իրավունքներին ու պարտականություններին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, հիմք ընդունելով (2005 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, օրինակ, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից` գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Անելիք բանկ» ՓԲԸ-ի և «Երդիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Անահիտ Մարտիրոսյանը դիմում է ներկայացրել Դատարան` պահանջելով Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 1-ին հարկում գտնվող 59,62 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով այդ տարածքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը: Դատարանը, պատճառաբանելով, որ վիճելի գույքի նկատմամբ որևէ անձի սեփականության իրավունք գրանցված չէ, այն Անահիտ Մարտիրոսյանի տիրապետմանն է անցել առանց որևէ բռնության գործադրման, վերջինս նշված գույքն ավելի քան 17 տարի անընդհատ և բացահայտ տիրապետել է որպես իր սեփականը` կատարելով վերանորոգման աշխատանքներ, կնքելով էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր ու պատշաճ վճարելով վարձավճարները, վճիռ է կայացրել վերը նշված տարածքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Անահիտ Մարտիրոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին:

Համայնքը` որպես գործին մասնակից չդարձված անձ, վերաքննության կարգով բողոքարկելով Դատարանի վճիռը, վերաքննիչ բողոքում որպես իրավական հիմք վկայակոչել է նաև ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշումը, իսկ որպես փաստական հիմք` այն, որ այդ տարածքն ընդհանուր օգտագործման տարածք չէ և սեփականաշնորհված չէ, ուստի այն Համայնքի սեփականությունն է, մինչդեռ Համայնքը գործին մասնակից չի դարձվել:

Վերաքննիչ դատարանը, Համայնքի վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռը օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ վեճի առարկա տարածքը բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածք է, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշման ուժով չէր կարող փոխանցվել Երևան քաղաքի սեփականությանը, ավելին` Երևան քաղաքի սեփականությունը հավաստող որևէ թույլատրելի ապացույց սույն գործում առկա չէ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշման 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի չսեփականաշնորհված բնակարանները և պետական գրանցում չունեցող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների) համարվում են Երևան քաղաքի սեփականությունը:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշման հիմքով Համայնքին բազմաբնակարան բնակելի շենքից սեփականության իրավունքով բնակարան փոխանցելու համար անհրաժեշտ պայման է, որ այդ բնակարանը գտնվի Երևան քաղաքի վարչական տարածքում և լինի չսեփականաշնորհված, իսկ նույն շենքից ոչ բնակելի տարածք փոխանցելու համար այն չպետք է համարվի նաև ընդհանուր օգտագործման տարածք: Ընդ որում` վերջին դեպքում այդ տարածքը չպետք է ունենա պետական գրանցում (բացառությամբ պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների):

Հաշվի առնելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կայացված դատական ակտը Համայնքի ենթադրյալ իրավունքներին վերաբերելու համար էական նշանակություն ունի սույն գործով վեճի առարկա անշարժ գույքի իրավական կարգավիճակը, այն է` արդյո՞ք այն ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածք է, թե` ոչ, և արդյո՞ք այն չունի պետական գրանցում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ Դատարանի կողմից կատարված տեղատեսության արձանագրության` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի առաջին հարկում գտնվող ոչ բնակելի տարածքը սույն գործով դիմումատու Անահիտ Մարտիրոսյանի կողմից ձևափոխվել է և դարձվել է երկուսենյականոց բնակարան: Սույն գործով վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ առկա չէ որևէ գրանցված իրավունք: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև սույն գործով անվիճելի է վեճի առարկա անշարժ գույքի` որևէ մեկի անվամբ պետական գրանցում չունենալու փաստը, սակայն դրա կարգավիճակն այդպես էլ չի հիմնավորվել գործում առկա որևէ ապացույցով, ավելին` Դատարանի կողմից կատարված տեղատեսությամբ հաստատվել է, որ դիմումատու Անահիտ Մարտիրոսյանի կողմից կատարվել է վեճի առակա գույքի փաստացի կարգավիճակի փոփոխություն` առանց պարզելու դրա համապատասխանությունն իրավական կարգավիճակին: Այսինքն` սույն գործով այդպես էլ չի պարզվել վեճի առարկա գույքի իրավական կարգավիճակը, որպիսի պայմաններում կայացված դատական ակտը ՀՀ կառավարության վկայակոչված որոշման ուժով կարող էր վերաբերել Համայնքի ենթադրյալ իրավունքներին, այն է` սեփականության իրավունքի ձեռքբերման օրինական ակնկալիքին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերոգրյալի անտեսմամբ, առանց համապատասխան ապացույցի առկայության, եզրահանգում է կատարել առ այն, որ վեճի առարկա տարածքը բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածք է, որպիսի պայմաններում Համայնքը դրա նկատմամբ որևէ հավակնություն ունենալ չի կարող:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործը հարուցվել և քննվել է հատուկ վարույթի կարգով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործի հարուցման հիմքը հայցի կամ դիմումի առկայությունն է, հետևաբար շահագրգիռ անձը քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունն իրականացնում է դատարան կա՛մ հայց, կա՛մ դիմում ներկայացնելով: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած է դիմումը, թե հայցադիմումը, օրենսդիրն առանձնացրել է հատուկ և հայցային վարույթները, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են և ունեն գործերի քննության իրենց բնորոշ առանձնահատկություններ: Այսպես` հայցային վարույթը քաղաքացիական դատավարության հիմնական տեսակն է, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, հողային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ իրավահարաբերություններից ծագող սուբյեկտիվ իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վերաբերող վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված դատարանի գործողությունը, որը կարգավորվում է քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերով: Իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են`

1) կողմի` խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքն` հայց,

2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,

3) հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով:

Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը: Հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով`

1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,

2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,

3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք,

4) հատուկ վարույթում չկա նաև հայց:

Այսպիսով, հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն` հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը (տե՛ս, ըստ դիմումի Ասատուր Հարությունյանի թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյոք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյոք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա: Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ (տե՛ս, ըստ դիմումի Աշոտ Սիմոնյանի թիվ ԵԷԴ/0543/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով ներկայացված պահանջին, գտնում է, որ վերոնշյալ իրավաբանական փաստերի հաստատման հետ ծագել է իրավունքի մասին վեճ, որը հանգում է Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 92-րդ ոչ բնակելի տարածքի հարևանությամբ գտնվող 59,62 քմ մակերեսով տարածքի նկատմամբ միաժամանակ և՛ դիմողի, և՛ Համայնքի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման ակնկալիք ունենալուն: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Մարտիրոսյանի` հատուկ վարույթի կանոններով հարուցված դիմումը` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 1-ին հարկում գտնվող 59,62 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով այդ տարածքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, պետք էր թողնել առանց քննության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով հիմքով սույն գործով դիմումն առանց քննության թողնելու համար:

 

i

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով նշել է, որ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք է իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականի ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` վերաքննիչ ատյանում դատական ակտի վերանայման վարույթում գործին մասնակից չդարձված անձանց այնպիսի իրավունքների ու պարտականությունների ընձեռումը, որոնք սահմանված են գործին մասնակցող անձանց համար: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ, որպես գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք, վերջիններս գործին մասնակցող անձանց իրավունքներից օգտվում և վերջիններիս համար սահմանված պարտականությունները կրում են ոչ միայն վերաքննիչ, այլ նաև` վճռաբեկ ատյանում:

Վերոգրյալով պայմանավորված` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործին մասնակից չդարձված անձինք, օգտվելով գործին մասնակցող անձանց բոլոր իրավունքներից և կրելով գործին մասնակցող անձանց համար սահմանված նույն պարտականությունները, մի կողմից` իրավունք ունեն պահանջելու դատական ծախսերի հատուցում, մյուս կողմից` կարող են նաև կրել գործին մասնակցող անձանց դատական ծախսերի հատուցման պարտականություն դատական ծախսերի բաշխման ընդհանուր կանոնին համապատասխան (տե՛ս, օրինակ, Լուսինե Ավագյանն ընդդեմ Համլետ և Սուսանա Ճարոյանների թիվ ԵԱՆԴ/2466/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Նկատի ունենալով, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պահպանվել են իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականի ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումները` գործին մասնակից չդարձված անձանց` գործին մասնակցող անձանց իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կրելու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախկինում հայտնած դիրքորոշումները կիրառելի են նաև ներկա կարգավորման պայմաններում:

i

Բացի այդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. գույքային պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, ոչ գույքային պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով: Նույն հոդվածի 4-րդ մասի «ե» կետի համաձայն` հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար պետական տուրքը գանձվում է` այլ դիմումների համար` բազային տուրքի եռապատիկի չափով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «ա», «բ», «գ» կետերի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է` գույքային պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով, հատուկ վարույթների գործերով` բազային տուրքի ութապատիկի չափով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա», «բ», «գ» կետերի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է` գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի 20-պատիկի չափով, հատուկ վարույթների գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

Համանման կարգավորումներ են բովանդակում ներկայիս խմբագրությամբ գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերը, նույն հոդվածի 4-րդ մասի «դ» կետը, նույն հոդվածի 6-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերը, նույն հոդվածի 7-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերը:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի վկայակոչված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար` հաշվի առնելով այնպիսի հանգամանքներ, ինչպիսին են ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը և դրա բողոքարկման ծավալը: Մասնավորապես, պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ վարույթի կարգով է քննվում տվյալ գործը, տարբերակվել են հայցային և հատուկ վարույթի կարգով քննվող գործերի համար սահմանված պետական տուրքի գանձման դրույքաչափերը: Տարբերակված մոտեցում է ցուցաբերվել նաև հայցային վարույթի կարգով քննվող գործերի դեպքում դրամական (գույքային) և ոչ դրամական (ոչ գույքային) պահանջների համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ի տարբերություն հայցային վարույթի գործերի, հատուկ վարույթի գործերով պետական տուրքի չափի հաշվարկման համար հիմք է ընդունել ինքնին գործի` հատուկ վարույթի կարգով քննվելու հանգամանքը` պետական տուրքի չափը սահմանելով բազային տուրքի որոշակի բազմապատիկի չափով` ըստ դատավարության յուրաքանչյուր փուլի, այն դեպքում, երբ հայցային վարույթի գործերով պետական տուրքի չափն ուղղակիորեն պայմանավորված է գործով ներկայացված պահանջի բնույթով, իսկ դրա` դրամային (գույքային) լինելու դեպքում` նաև հայցագնի չափով:

Սույն գործով Անահիտ Մարտիրոսյանը հատուկ վարույթի կանոններով հարուցված իր դիմումի համար վճարել է 8.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, Համայնքը վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար` համապատասխանաբար 20.000 ՀՀ դրամ և 40.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Համայնքը վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարել է օրենքով սահմանված պետական տուրքի գումարը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ Համայնքի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթակա են հատուցման դիմող Անահիտ Մարտիրոսյանի կողմից: Ըստ այդմ` հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «գ» կետը և նույն հոդվածի 9-րդ մասի «գ» կետը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Մարտիրոսյանից հօգուտ Համայնքի ենթակա է բռնագանձման 8.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, և 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի նախապես վճարված պետական տուրքի գումար:

Միաժամանակ նկատի ունենալով, որ Համայնքն ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ բողոքի համար վճարել է օրենքով սահմանվածից ավել պետական տուրքի գումար, մասնավորապես` վերաքննիչ բողոքի համար ավել վճարված պետական տուրքի գումարը կազմում է 12.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքի համար` 30.000 ՀՀ դրամ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ավել վճարված պետական տուրքի գումարները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համապատասխան պահանջի դեպքում ենթակա են վերադարձման այն վճարած անձին: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համապատասխան պահանջի դեպքում հիմքով վերադարձման է ենթակա նաև Անահիտ Մարտիրոսյանի կողմից դիմումի համար ավել վճարված 5.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2017 թվականի որոշումը և Անահիտ Մարտիրոսյանի դիմումը` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 1-ին հարկում գտնվող 59,62 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով այդ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, թողնել առանց քննության:

2. Անահիտ Մարտիրոսյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Անահիտ Մարտիրոսյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ռ. Հակոբյան

Զեկուցող`  Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/1720/02/16 քաղաքացիական գործով 24.05.2019 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

24.05.2019 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2019 թվականի մայիսի 24-ին գրավոր ընթացակարգով քննելով Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2017 թվականի որոշման դեմ` ըստ Անահիտ Մարտիրոսյանի դիմումի` գույքը տիրազուրկ ճանաչելու և տիրապետող անձի սեփականությանն այն հանձնելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2017 թվականի որոշումը և Անահիտ Մարտիրոսյանի դիմումը` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 1-ին հարկում գտնվող 59,62քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով այդ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, թողնել առանց քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անահիտ Մարտիրոսյանը պահանջել է Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 1-ին հարկում գտնվող 59,62 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով այդ տարածքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 03.02.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.10.2017 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.02.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անահիտ Մարտիրոսյանը:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

«Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 178-րդ, 187-րդ և 188-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշումը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 109-րդ, 187-րդ և 188-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի հետևանքով անտեսել է, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 1-ին հարկում գտնվող 59,62 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը Համայնքի սեփականությունն է և որպես այդպիսին ենթակա է տնօրինման Համայնքի ավագանու կողմից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Անահիտ Մարտիրոսյանը նշված տարածքը ենթարկել է ինքնակամ ձևափոխման, որի պայմաններում անգամ նշված տարածքը Համայնքի սեփականությունը չհանդիսանալու դեպքում այդ տարածքի նկատմամբ իրավունքի ճանաչման վեճի քննությունն ընդդատյա չէ դատարանին, քանի որ դրա կարգավիճակը ենթակա է որոշման միայն իրավասու մարմնի` Երևանի քաղաքապետի կողմից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ նշված տարածքը` որպես ոչ բնակելի տարածք, գտնվում է բազմաբնակարան շենքի 1-ին հարկում, ուստի որպես ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող և չսեփականաշնորհված տարածք Համայնքի սեփականությունն է, իսկ Անահիտ Մարտիրոսյանը, վկայակոչելով Երևանի Կենտրոն համայնքի թաղապետի կողմից 1999 թվականին այդ տարածքն իրեն տրամադրված լինելու հանգամանքը, իր տիրապետման ողջ ընթացքում իրազեկ է եղել և գիտակցել է, որ օգտագործվող տարածքն ունի օրինական տնօրինող, և որ ինքն այդ տարածքը չի օգտագործում որպես սեփականություն, ինչը բացառում է բարեխղճության առկայությունը:

Դատարանն առանց որևէ հիմնավորման հետևություն է արել այն մասին, որ այդ տարածքը բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածք է, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ քաղաքացիական գործի վարույթը կարճել վեճը դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով»:

 

2.1 Որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ Վճռաբեկ դատարանը նշել է, որ`

«Համայնքը վիճելի տարածքի նկատմամբ չունի օրենքով սահմանված կարգով գրանցված որևէ իրավունք: Այդ տարածքը բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածք է, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշումների ուժով չէր կարող փոխանցվել Երևան քաղաքի սեփականությանը:

Վեճի առարկա տարածքն Անահիտ Մարտիրոսյանի տիրապետմանն է անցել առանց որևէ բռնության գործադրման, այն տրամադրվել է դեռևս 1999 թվականին Կենտրոն համայնքի թաղապետի կողմից, ինչն էլ բավարար հիմք է տվել դիմումատուին համոզմունք ձևավորելու առ այն, որ գույքն իրեն է անցնում որպես սեփականություն»:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանը նշել է, որ`

«1) Կոմիտեի կողմից 19.04.2016 թվականին տրված գույքի առանձին որակական-քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 92-րդ ոչ բնակելի տարածք հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Գրիգոր Մնոյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 23).

2) Կոմիտեի կողմից 20.04.2016 թվականին տրված գույքի առանձին որակական-քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 հասցեում Երևանի քաղաքապետարանի անվամբ գրանցված անշարժ գույք չի հայտնաբերվել (հատոր 1-ին, գ.թ. 26).

3) Դատարանի կողմից կատարված տեղատեսության արձանագրության համաձայն` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի առաջին հարկում գտնվող ոչ բնակելի տարածքն Անահիտ Մարտիրոսյանի կողմից ձևափոխվել է և դարձվել է երկուսենյականոց բնակարան` բաղկացած հյուրասենյակից, ննջասենյակից, խոհանոցից և կոմունալ հարմարություններից (հատոր 1-ին, գ.թ. 61).

4) «ՊԻԿԵՏ» ՍՊԸ-ի աշխատակցի կողմից կազմված շինության փաստացի հատակագծի համաձայն` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 92-րդ ոչ բնակելի տարածքի հարևանությամբ Անահիտ Մարտիրոսյանն օգտագործում է ընդհանուր 59,62 քմ մակերեսից բաղկացած բնակարան (հատոր 1-ին, գ.թ. 28).

5) Երևանի քաղաքապետարանի «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի 06.05.2017 թվականի գրությամբ հայտնվել է, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 92-րդ ոչ բնակելի տարածքի հարևանությամբ գտնվող 59,62 քմ մակերեսով տարածքը երկուսենյականոց բնակարան է (հատոր 2-րդ, գ.թ. 15)»:

 

4. Որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշվել են, որ`

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման, դրա արդյունքում նաև նույն օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք սույն գործով կայացված դատական ակտը վերաբերում է Համայնքի` որպես գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ստորադաս դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, գլխավոր դատախազը և նրա տեղակալները` պետական շահերի պաշտպանության հարցերով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:

ՀՀ սահմանադրական դատարանը 04.10.2016 թվականի թիվ ՍԴՈ-1310 որոշմամբ արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի` նույն օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց ցանկը` նույն օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետի առկայության պարագայում սպառիչ չէ և չի արգելափակում գործին մասնակից չդարձված անձանց` վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունքը, երբ այդ ակտերը վերաբերում են տվյալ անձանց իրավունքներին ու պարտականություններին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, հիմք ընդունելով (2005 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, օրինակ, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից` գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Անելիք բանկ» ՓԲԸ-ի և «Երդիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Անահիտ Մարտիրոսյանը դիմում է ներկայացրել Դատարան` պահանջելով Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 1-ին հարկում գտնվող 59,62 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով այդ տարածքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Դատարանը, պատճառաբանելով, որ վիճելի գույքի նկատմամբ որևէ անձի սեփականության իրավունք գրանցված չէ, այն Անահիտ Մարտիրոսյանի տիրապետմանն է անցել առանց որևէ բռնության գործադրման, վերջինս նշված գույքն ավելի քան 17 տարի անընդհատ և բացահայտ տիրապետել է որպես իր սեփականը` կատարելով վերանորոգման աշխատանքներ, կնքելով էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր ու պատշաճ վճարելով վարձավճարները, վճիռ է կայացրել վերը նշված տարածքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Անահիտ Մարտիրոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին:

Համայնքը` որպես գործին մասնակից չդարձված անձ, վերաքննության կարգով բողոքարկելով Դատարանի վճիռը, վերաքննիչ բողոքում որպես իրավական հիմք վկայակոչել է նաև ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշումը, իսկ որպես փաստական հիմք` այն, որ այդ տարածքն ընդհանուր օգտագործման տարածք չէ և սեփականաշնորհված չէ, ուստի այն Համայնքի սեփականությունն է, մինչդեռ Համայնքը գործին մասնակից չի դարձվել:

Վերաքննիչ դատարանը, Համայնքի վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռը օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ վեճի առարկա տարածքը բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածք է, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշման ուժով չէր կարող փոխանցվել Երևան քաղաքի սեփականությանը, ավելին` Երևան քաղաքի սեփականությունը հավաստող որևէ թույլատրելի ապացույց սույն գործում առկա չէ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշման 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի չսեփականաշնորհված բնակարանները և պետական գրանցում չունեցող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների) համարվում են Երևան քաղաքի սեփականությունը:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշման հիմքով Համայնքին բազմաբնակարան բնակելի շենքից սեփականության իրավունքով բնակարան փոխանցելու համար անհրաժեշտ պայման է, որ այդ բնակարանը գտնվի Երևան քաղաքի վարչական տարածքում և լինի չսեփականաշնորհված, իսկ նույն շենքից ոչ բնակելի տարածք փոխանցելու համար այն չպետք է համարվի նաև ընդհանուր օգտագործման տարածք: Ընդ որում` վերջին դեպքում այդ տարածքը չպետք է ունենա պետական գրանցում (բացառությամբ պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների):

Հաշվի առնելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կայացված դատական ակտը Համայնքի ենթադրյալ իրավունքներին վերաբերելու համար էական նշանակություն ունի սույն գործով վեճի առարկա անշարժ գույքի իրավական կարգավիճակը, այն է` արդյո՞ք այն ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածք է, թե` ոչ, և արդյո՞ք այն չունի պետական գրանցում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ Դատարանի կողմից կատարված տեղատեսության արձանագրության` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի առաջին հարկում գտնվող ոչ բնակելի տարածքը սույն գործով դիմումատու Անահիտ Մարտիրոսյանի կողմից ձևափոխվել է և դարձվել է երկուսենյականոց բնակարան: Սույն գործով վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ առկա չէ որևէ գրանցված իրավունք: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև սույն գործով անվիճելի է վեճի առարկա անշարժ գույքի` որևէ մեկի անվամբ պետական գրանցում չունենալու փաստը, սակայն դրա կարգավիճակն այդպես էլ չի հիմնավորվել գործում առկա որևէ ապացույցով, ավելին` Դատարանի կողմից կատարված տեղատեսությամբ հաստատվել է, որ դիմումատու Անահիտ Մարտիրոսյանի կողմից կատարվել է վեճի առկա գույքի փաստացի կարգավիճակի փոփոխություն` առանց պարզելու դրա համապատասխանությունն իրավական կարգավիճակին: Այսինքն` սույն գործով այդպես էլ չի պարզվել վեճի առարկա գույքի իրավական կարգավիճակը, որպիսի պայմաններում կայացված դատական ակտը ՀՀ կառավարության վկայակոչված որոշման ուժով կարող էր վերաբերել Համայնքի ենթադրյալ իրավունքներին, այն է` սեփականության իրավունքի ձեռքբերման օրինական ակնկալիքին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերոգրյալի անտեսմամբ, առանց համապատասխան ապացույցի առկայության, եզրահանգում է կատարել առ այն, որ վեճի առարկա տարածքը բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածք է, որպիսի պայմաններում Համայնքը դրա նկատմամբ որևէ հավակնություն ունենալ չի կարող:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործը հարուցվել և քննվել է հատուկ վարույթի կարգով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործի հարուցման հիմքը հայցի կամ դիմումի առկայությունն է, հետևաբար շահագրգիռ անձը քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունն իրականացնում է դատարան կա՛մ հայց, կա՛մ դիմում ներկայացնելով: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած է դիմումը, թե հայցադիմումը, օրենսդիրն առանձնացրել է հատուկ և հայցային վարույթները, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են և ունեն գործերի քննության իրենց բնորոշ առանձնահատկություններ: Այսպես` հայցային վարույթը քաղաքացիական դատավարության հիմնական տեսակն է, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, հողային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ իրավահարաբերություններից ծագող սուբյեկտիվ իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վերաբերող վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված դատարանի գործողությունը, որը կարգավորվում է քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերով: Իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են`

1) կողմի` խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքն` հայց,

2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,

3) հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով:

Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը: Հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով`

1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,

2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,

3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք,

4) հատուկ վարույթում չկա նաև հայց:

Այսպիսով, հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն` հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը (տե՛ս, ըստ դիմումի Ասատուր Հարությունյանի թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյոք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյոք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա: Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ (տե՛ս, ըստ դիմումի Աշոտ Սիմոնյանի թիվ ԵԷԴ/0543/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով ներկայացված պահանջին, գտնում է, որ վերոնշյալ իրավաբանական փաստերի հաստատման հետ ծագել է իրավունքի մասին վեճ, որը հանգում է Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 92-րդ ոչ բնակելի տարածքի հարևանությամբ գտնվող 59,62քմ մակերեսով տարածքի նկատմամբ միաժամանակ և՛ դիմողի, և՛ Համայնքի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման ակնկալիք ունենալուն: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Մարտիրոսյանի` հատուկ վարույթի կանոններով հարուցված դիմումը` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 1-ին հարկում գտնվող 59,62քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով այդ տարածքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, պետք էր թողնել առանց քննության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով հիմքով սույն գործով դիմումն առանց քննության թողնելու համար»:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2017 թվականի որոշումը և Անահիտ Մարտիրոսյանի դիմումը` Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 1-ին հարկում գտնվող 59,62քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով այդ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, թողնել առանց քննության:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

 

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակից չդարձված անձինք առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, հիմք ընդունելով (2005 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում (տե՛ս, օրինակ, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ), անդրադառնալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, նշել է, որ այն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որն ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության բաղադրատարրերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն իր հերթին ենթադրում է res jսdicata սկզբունքի հարգում: Վերջինս էլ նշանակում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջելու վերջնական և կատարման ենթակա վճռի վերանայում պարզապես գործը կրկին քննելու և վեճը նորից լուծելու նպատակով: Գործը վերանայելու` վերադաս դատարանի իրավասությունը պետք է իրականացվի դատական սխալները և արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու, այլ ոչ թե նոր քննություն սկսելու նպատակով: Վերջնական և կատարման ենթակա դատական ակտի վիճարկումը թույլատրելի է միայն էական և անհետաձգելի հանգամանքների դեպքում (տե՛ս, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի ՄԻԵԴ-ի 24.07.2003 թվականի վճիռը, գանգատ թիվ 52854/99, կետ 51-52):

Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից` գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Անելիք բանկ»ՓԲԸ-ի և «Երդիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Անահիտ Մարտիրոսյանը դիմում է ներկայացրել Դատարան` պահանջելով Երևանի Խորենացու փողոցի թիվ 43 շենքի 1-ին հարկում գտնվող 59,62քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով այդ տարածքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Դատարանը, պատճառաբանելով նաև, որ վիճելի գույքի նկատմամբ որևէ անձի սեփականության իրավունք գրանցված չէ, այն Անահիտ Մարտիրոսյանի տիրապետմանն է անցել առանց որևէ բռնության գործադրման, վերջինս նշված գույքն ավելի քան 17 տարի անընդհատ և բացահայտ տիրապետել է որպես իր սեփականը` կատարելով վերանորոգման ու ձևավորման աշխատանքներ, կնքելով էլեկտրոէներգիայի մատակարարման պայմանագիր ու պատշաճ վճարելով վարձերը, վճիռ է կայացրել վերը նշված տարածքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Անահիտ Մարտիրոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին:

Վերաքննիչ բողոք է ներկայացրել Համայնքը` որպես գործին մասնակից չդարձված անձ` վերաքննիչ բողոքի հիմքում որպես իրավական հիմք վկայակոչելով նաև ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշումը, իսկ որպես փաստական հիմք` որ այդ տարածքը չի հանդիսանում ընդհանուր օգտագործման տարածք և սեփականաշնորհված չէ, ուստի այն Համայնքի սեփականությունն է, մինչդեռ Համայնքը գործին մասնակից չի դարձվել:

Վերաքննիչ դատարանը Համայնքի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 03.02.2017 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ` պատճառաբանելով նաև, որ վեճի առարկա տարածքը բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածք է, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշումների ուժով չի կարող փոխանցվել Երևան քաղաքի սեփականությանը, ավելին` Երևան քաղաքի սեփականությունը հավաստող որևէ թույլատրելի ապացույց սույն գործում առկա չէ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին` հարկ եմ համարում արձանագրել հետևյալը`

ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշման 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի չսեփականաշնորհված բնակարանները և պետական գրանցում չունեցող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների) համարվում են Երևան քաղաքի սեփականությունը:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն`

ոչ բնակելի տարածք է` շենքում կամ շինությունում ֆիզիկական անձանց բնակության համար չնախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքը (շինությունը),

բազմաբնակարան շենք է` շենքը, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք, և որի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվել բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև,

բազմաբնակարան շենքի շինության սեփականատիրոջ սեփականություն են` շինության ամբողջ ներքին տարածքը, դռները, պատուհանները, կրող կառույց չհանդիսացող ներքին կոնստրուկցիաները, միայն տվյալ շինության սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումները, ինչպես նաև շինության այլ պատերի, հատակի ու առաստաղի ներքին մակերեսները` հարդարման նյութերի հաստության ներառմամբ:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշման 4-րդ կետի հիմքով Երևանին բազմաբնակարան բնակելի շենքից սեփականության իրավունքով բնակարան փոխանցելու համար անհրաժեշտ պայման է, որ այդ բնակարանը գտնվի Երևան քաղաքի վարչական տարածքում և լինի չսեփականաշնորհված, իսկ նույն շենքից ոչ բնակելի տարածք փոխանցելու համար` որ այն չհամարվի բազմաբնակարան շենքի, շինության սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր օգտագործման տարածք: Ընդ որում` վերջին դեպքում այդ տարածքը չպետք է ունենա պետական գրանցում (բացառությամբ պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների):

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, գտնում եմ, որ դրանք հիմնավոր են և բխում են վերը նշված իրավական դիրքորոշումներից, քանի որ ինչպես արդեն իսկ վերը նշվեց, գործին մասնակից չդարձված անձինք առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ է: Տվյալ դեպքում դատական ակտը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված լինելու համար անհրաժեշտ էր, որպեսզի Համայնքը վերաքննիչ բողոքով հիմնավորեր վիճելի տարածքը ՀՀ կառավարության վերը նշված որոշման ուժով Համայնքին փոխանցված լինելու կամ փոխանցման ենթակա լինելու պարտադիր պայմանների միաժամանակյա առկայությունը: Մինչդեռ Համայնքը, ինչպես ներկայացված վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ բողոքում վկայակոչելով փաստեր այն մասին, որ վիճելի տարածքը չի հանդիսանում ընդհանուր օգտագործման տարածք և սեփականաշնորհված չէ, դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել: Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանն իր հերթին եզրակացություն կատարելով այդ փաստերի վերաբերյալ ապացույցների անբավարար լինելու մասին` վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2017 թվականի որոշումը բեկանելու համար, որպիսի պայմաններում այն պետք է թողնել օրինական ուժի մեջ:

 

Դատավոր` Գ. Հակոբյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.05.2019
N ԵԿԴ/1720/02/16
Որոշում