Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 76-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 76-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԿԴ/0017/12/16
Գործ թիվ ԿԴ/0017/12/16
Նախագահող դատավոր` Մ. Պապոյան

 

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս.Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ  Լ.Թադևոսյանի
Հ.Ասատրյանի
Ե.Դանիելյանի
Ա.Պողոսյանի
Ս.Օհանյանի
քարտուղարությամբ Մ.Պետրոսյանի
մասնակցությամբ
դատապարտյալ Թ.Սաղաթելյանի
պաշտպան Ռ.Սաֆարյանի

  

                 

2016 թվականի նոյեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ դատապարտյալ Թելման Դավիթի Սաղաթելյանի և պաշտպան Ռ. Սաֆարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 3-ի դատավճռով Թելման Դավիթի Սաղաթելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, ու ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով և տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

i

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի կիրառմամբ Թ.Սաղաթելյանն ազատվել է պատժի կրումից:

i

2. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ բողոքը բավարարել է և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 3-ի դատավճիռը` Թ. Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատժի մասով, բեկանել և փոփոխել է: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով Թ. Սաղաթելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով: Իսկ արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժի մեջ հաշվակցվել է ամբաստանյալի` 6 (վեց) ամիս արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով և տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով` պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:

i

3. ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի` 2015 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ դատապարտյալ Թ. Սաղաթելյանի նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետը, և վերջինիս նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մասը կրճատվել է մեկ երրորդով ու վերջնական թողնվել է կրելու ազատազրկում` 2 (երկու) տարի 8 (ութ) ամիս ժամկետով:

4. ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը (այսուհետ` նաև ՔԿՀ-ի վարչակազմ) 2016 թվականի մարտի 29-ին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` դատապարտյալ Թ. Սաղաթելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:

5. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ ՔԿՀ-ի վարչակազմի միջնորդագիրը բավարարվել է, և որոշվել է դատապարտյալ Թ. Սաղաթելյանին պայմանական վաղաժամկետ ազատել պատժի մնացած մասը` 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 4 (չորս) օրը կրելուց:

6. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի մայիսի 31-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 14-ի որոշումը բեկանելու և դատապարտյալ Թ. Սաղաթելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու մասին:

7. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել դատապարտյալ Թ. Սաղաթելյանն ու պաշտպան Ռ. Սաֆարյանը:

Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

i

8. Թ. Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել, և վերջինս դատապարտվել է այն բանի համար, որ «Նա իրեն պատկանող, ավտոտրանսպորտային պատահարների պարտադիր ապահովագրական ընկերություններում չհաշվառված «Միցուբիշի ԻՈ» մակնիշի 31 OS 529 հ/հ ավտոմեքենան 2013 թվականի մարտի 29-ին Անժելա Ջանգիրյանին վստահելուց հետո, վերջինիս կողմից Երևան քաղաքի Խուդյակով փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, Ա. Կարապետյանի ու Հ. Գրիգորյանի ավտոմեքենաներին բախվելու և նրանց նյութական վնաս պատճառելու հետևանքով նյութական վնաս չկրելու համար, Անժելա Ջանգիրյանի հետ նախնական համաձայնության գալով, Ա. Ասատուրյանի և Հ. Գրիգորյանի օժանդակությամբ, ապահովագրական «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲ ընկերությունից խաբեության եղանակով խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու և նույն ընկերությանը խաբեությամբ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու ուղղակի դիտավորությամբ, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանին դրդել է չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչից հետո Ա. Ասատուրյանը, դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները, հերքել է Ա. Ջանգիրյանի մեղավորությունը և հիմնավորել վթարում ակնհայտ անմեղ Համլետ Գրիգորյանի մեղավորությունը: Ա. Ասատուրյանի կողմից կայացված որոշումը ներկայացնելով Համլետ Գրիգորյանի ավտոմեքենայի ապահովագրական` «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲ ընկերություն` Թ. Սաղաթելյանը և Ա. Ջանգիրյանը խմբով` Ա. Ասատուրյանի և Հ. Գրիգորյանի օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել են Թ. Սաղաթելյանին պատկանող ավտոմեքենային պատճառված գույքային վնասի փոխհատուցման ձևակերպմամբ տրված խոշոր չափերի հասնող գումարը և նույն ընկերությանը խաբեությամբ պատճառել նաև խոշոր չափերի վնաս` Ա.Կարապետյանի ավտոմեքենային պատճառված գույքային վնասի փոխհատուցման ձևով» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 8, 16, 21-22):

9. 2016 թվականի մարտի 29-ին ՔԿՀ-ի վարչակազմը, նախապես ստանալով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունը, միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով դատապարտյալ Թ. Սաղաթելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատել (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 1-2, 6):

9.1. Համաձայն ՔԿՀ-ի վարչակազմի կողմից ներկայացված` դատապարտյալ Թ. Սաղաթելյանի բնութագրում, ի թիվս այլնի, լրացված հետևյալ տեղեկությունների` դատապարտյալը ամուսնացած է, խնամքի տակ են գտնվում երեք երեխաներ, կրթությունը միջնակարգ է, մասնագիտություն, մասնագիտական հմտություններ չունի, մինչև դատապարտվելը չի աշխատել, ֆիզիկապես առողջ է, նախկինում դատված չէ, տույժի և խրախուսանքի չի ենթարկվել, մասնակցել է հիմնարկում իրականացվող միջոցառումներին և աշխատանքներին, քաղաքացիական հայց չունի, արտաքին աշխարհի և ընտանիքի հետ կապը պահպանում է, բնավորությամբ հանգիստ է, շփվող, կատարած հանցանքի համար զղջում է, բնակարանային և նյութակենցաղային խնդիրներ չունի (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 3):

10. Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Ըստ նյութերում առկա քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից տրված բնութագրի` դատապարտյալ Թ.Սաղաթելյանը բնութագրվում է դրական, նրա ուղղման գործընթացի և ընթացիկ գնահատման արդյունքները միջին են, իսկ ռիսկայնության աստիճանը` ցածր:

i

(...) Հաշվի առնելով դատապարտյալ Թ.Սաղաթելյանի` պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը, ուղղման գործընթացի և ընթացիկ գնահատման արդյունքներն ու ռիսկայնության աստիճանը, ինչպես նաև նախկինում դատապարտված չլինելու հանգամանքը, դատարանը գտնում է, որ դատապարտյալի կրած պատիժը բավարար է նրա ուղղվելու համար, և որ դատապարտյալ Թ.Սաղաթելյանն ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, միջնորդագիրը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի, 76-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ մասի 1-ին կետի բովանդակությունից, ենթակա է բավարարման և Թ. Սաղաթելյանին պետք է պայմանական վաղաժամկետ ազատել պատժի մնացած մասը` 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 4 (չորս) օր, կրելուց (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 43-46):

11. Վերաքննիչ դատարանը 2016 թվականի մայիսի 31-ի որոշմամբ փաստել է. «(...) Առաջին ատյանի դատարանի որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի դատարանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի քննարկման ժամանակ հիմնվել է միայն պատժի կրման ընթացքում դատապարտյալ Թ. Սաղաթելյանի վարքագծի վրա և որոշում կայացնելիս (...) քննարկման առարկա չի դարձրել և հաշվի չի առել Թ. Սաղաթելյանի կատարած արարքների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը:

Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով Թ. Սաղաթելյանի կատարած արարքների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, մասնավորապես` վերջինի գործողությունների վտանգավորությունը, գտնում է, որ Թ.Սաղաթելյանը դեռևս չի ուղղվել, այսինքն` պատժի նպատակներն իրականացված չեն և նա կարիք ունի շարունակելու պատիժը կրել:

Իսկ ինչ վերաբերում է դատապարտյալ Թ. Սաղաթելյանի դրականորեն բնութագրվելուն և ռիսկայնությունը ցածր լինելուն, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում դրանք բավարար չեն` գալու հետևության, որ դատապարտյալ Թ. Սաղաթելյանն ուղղվել է և կարիք չունի շարունակելու պատիժը կրել (...)» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 36):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

12. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Բողոքի հեղինակները փաստել են, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված ու պատճառաբանված չէ: Մասնավորապես` ըստ բողոքաբերների` Վերաքննիչ դատարանը խախտել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ու հետազոտման վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտականությունը, ինչը հանգեցրել է դատապարտյալի դատավարական իրավունքների, արդարացի քննության սկզբունքի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկների` բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը պատիժ նշանակելիս դեռևս 2014 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ արդեն իսկ հաշվի է առել և՛ կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը, և՛ բնույթը, ինչպես նաև դատապարտյալի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Բացի այդ, բողոքաբերների կարծիքով` Վերաքննիչ դատարանի կողմից կոնկրետ որևէ փաստ, հիմք չի բերվել, որն արգելող հանգամանք կլիներ Թ. Սաղաթելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար կամ բացասական է անդրադարձել նրա ուղղվելու վրա:

Վերոգրյալի հետ մեկտեղ բողոքաբերները նշել են, որ Առաջին ատյանի դատարանը պատժի կրումից դատապարտյալ Թ. Սաղաթելյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելիս որևէ օրենսդրական պահանջ և արգելք չի խախտել, ղեկավարվել է Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի նոյեմբերի 30-ի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներով:

13. Հիմք ընդունելով վերոնշյալը` բողոքի հեղինակները խնդրել են դատապարտյալ Թ. Սաղաթելյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մայիսի 31-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 14-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ պատժի կրումից դատապարտյալ Թ. Սաղաթելյանին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը իրավաչափ չէ:

i

15. ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պատժից պայմանական վաղաժամկետ ազատում և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինում դատարանը կիրառում է պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդագրով (...)»:

i

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված նվազագույն ժամկետը: Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալն ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը»:

i

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պատժի ժամկետի` օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը: Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշում կայացնելու դեպքում որոշումը ներկայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությանը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացնում դատարան միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունն ստանալու դեպքում»:

16. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կառուցակարգը նախատեսող, դրա գործադրման կարգն ու պայմանները սահմանող քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրության` վերը մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ա.Ղազարյանի գործով որոշման մեջ` ձևավորելով, ի թիվս այլնի, հետևյալ իրավական դիրքորոշումները.» (...) Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորության հարցը լուծելիս դատարանը, հիմնվելով պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի ներկայացրած նյութերի, այդ թվում` դատապարտյալի բնութագրում լրացվող տեղեկությունների վրա, պետք է կատարի դրանց մանրամասն վերլուծություն, հետազոտում և գնահատում: Մասնավորապես, դատարանը պետք է օբյեկտիվ գնահատման ենթարկի առկա, ի թիվս այլնի, հետևյալ տեղեկությունները`

ա) դատապարտյալի տարիքը, սեռը, կրթությունը, մասնագիտությունը, մասնագիտական հմտությունները, աշխատանքը` մինչև դատապարտվելը, առողջական վիճակը, ընտանեկան դրությունը, խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը,

բ) նախկին դատվածության առկայությունը, նախկինում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման, ներման, համաներման կամ այլ հիմքով պատիժը ոչ ամբողջությամբ կրելուց ազատման հանգամանքը (...):

գ) հանցագործության արդյունքում դատապարտյալի կողմից տուժողին պատճառած վնասի առկայությունը, առկայության դեպքում այն հարթելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները (...):

դ) պատժի կրման ողջ ժամանակահատվածի ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագիծը, մասնավորապես` խրախուսանքների, տույժերի առկայությունը կամ բացակայությունը, առկայության դեպքում դրանց հիմքում ընկած հանգամանքները, մասնակցությունը ինքնագործ միավորումների աշխատանքին, կրթական, աշխատանքային, մշակութային և այլ բնույթի ծրագրերին, հանրօգուտ միջոցառումներին, դատապարտյալի վարքը, բնավորությունը, խառնվածքը, հոգեբանական առանձնահատկությունները և դրանց դինամիկան, ընտանիքի անդամների, արտաքին աշխարհի հետ կապը, դատապարտյալի վերաբերմունքը կատարած հանցագործությանն ու դատավճռին, դատապարտյալի մոտ բացասական հակումների առկայությունը կամ բացակայությունը, առկայության դեպքում դրանց նվազեցման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները,

ե) պատժի կրումից ազատվելուց հետո դատապարտյալի բնակարանային, աշխատանքային, նյութակենցաղային ապահովվածությունը և հետագա ծրագրերը: (...)

(...) Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելիս գնահատման ենթակա վերոնշյալ չափանիշները սպառիչ չեն, և դատարանը օրենքով իրեն վերապահված թույլատրելի հայեցողության շրջանակներում կարող է հաշվի առնել ցանկացած այլ հանգամանք` պայմանով, որ այն լինի իրական և հնարավորություն ընձեռի հիմնավորված հետևության հանգելու պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում պատժի նպատակների իրացվելիության հարցում:

i

(...) Կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը (մեղքի ձև և տեսակ, հանցագործության նպատակ ու շարժառիթ, հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցագործության կատարման եղանակ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան, հանցակցության դեպքում` հանցագործությանը հանցավորի մասնակցության աստիճան և այլն) թեև ունի նշանակություն պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելու համար, սակայն այն ինքնին չի կարող պատժից վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հիմք դիտարկվել. նշյալ հանգամանքները պետք է գնահատվեն համակցության մեջ` դատապարտյալի անձի և պատժի կրման ընթացքում նրա դրսևորած վարքագծի համակողմանի ուսումնասիրության հետ մեկտեղ: Պատժից ազատելու քննարկվող տեսակի հարցը լուծելիս կատարված հանցագործության բնույթին և վտանգավորության աստիճանին որոշիչ նշանակություն չտալու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ դրանք, ընկած լինելով ոչ միայն հանցագործությունների դասակարգման (ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդված), այլև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների հիմքում և ապահովելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար դրույթների իրացումը, դատարանի կողմից պարտադիր հաշվի են առնվում պատիժ նշանակելիս` պատժի տեսակը և չափը որոշելիս (ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդված): Հետևաբար քննարկվող ինստիտուտի գործադրման հարցը բացառապես հանցագործության որակական և քանակական հատկանիշների հիման վրա լուծելը կամ դրանց հիմնական, առաջնային նշանակություն վերագրելը չի կարող իրավաչափ համարվել (...)» (տե՛ս Արմեն Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 1-ի ԱՐԱԴ/0002/12/16 որոշման 21-րդ կետը):

17. Սույն գործի նյութերից երևում է, որ 2016 թվականի մարտի 29-ին ՔԿՀ-ի վարչակազմը, նախապես ստանալով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունը, միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` դատապարտյալ Թ. Սաղաթելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 4-րդ և 9-րդ կետերը): Միջնորդագրին կից ներկայացված` դատապարտյալ Թ. Սաղաթելյանի բնութագրի համաձայն` դատապարտյալը ամուսնացած է, խնամքի տակ են գտնվում երեք երեխաներ, կրթությունը միջնակարգ է, մասնագիտություն, մասնագիտական հմտություններ չունի, մինչև դատապարտվելը չի աշխատել, ֆիզիկապես առողջ է, նախկինում դատված չէ, տույժի և խրախուսանքի չի ենթարկվել, մասնակցել է հիմնարկում իրականացվող միջոցառումներին և աշխատանքներին, քաղաքացիական հայց չունի, արտաքին աշխարհի և ընտանիքի հետ կապը պահպանում է, բնավորությամբ հանգիստ է, շփվող, կատարած հանցանքի համար զղջում է, բնակարանային և նյութակենցաղային խնդիրներ չունի (տե՛ս սույն որոշման 9.1.-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ միջնորդագիրը բավարարել է` իր որոշման հիմքում դնելով այն, որ ըստ նյութերի` դատապարտյալ Թ.Սաղաթելյանը բնութագրվում է դրական, նրա ուղղման գործընթացի և ընթացիկ գնահատման արդյունքները միջին են, իսկ ռիսկայնության աստիճանը` ցածր (տե՛ս սույն որոշման 5-րդ և 10-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և դատապարտյալ Թ.Սաղաթելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու մասին որոշում կայացնելով, փաստել է, որ ստորադաս դատարանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի քննարկման ժամանակ հիմնվել է միայն պատժի կրման ընթացքում դատապարտյալ Թ.Սաղաթելյանի վարքագծի վրա և որոշում կայացնելիս քննարկման առարկա չի դարձրել ու հաշվի չի առել Թ.Սաղաթելյանի կատարած արարքների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով դատապարտյալ Թ.Սաղաթելյանի կատարած արարքների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, մասնավորապես` վերջինի գործողությունների վտանգավորությունը` Վերաքննիչ դատարանը նշել է, որ Թ.Սաղաթելյանը դեռևս չի ուղղվել, և նա կարիք ունի շարունակելու պատիժը կրել, իսկ վերջինիս դրականորեն բնութագրվելն ու ռիսկայնության ցածր լինելը բավարար չեն գալու հետևության, որ նա ուղղվել է և կարիք չունի շարունակելու պատիժը կրել (տե՛ս սույն որոշման 6-րդ և 11-րդ կետերը):

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով Ա.Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած և սույն որոշման 16-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, դատապարտյալ Թ.Սաղաթելյանի կատարած արարքների բնույթի ու հանրության համար վտանգավորության աստիճանի հիման վրա փաստելով, որ Թ.Սաղաթելյանը կարիք ունի շարունակելու պատիժը կրել, ինչպես նաև արձանագրելով, որ Թ.Սաղաթելյանի դրականորեն բնութագրվելն ու ռիսկայնության ցածր լինելը բավարար չեն գալու հետևության, որ նա ուղղվել է (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), կայացրել է ոչ իրավաչափ որոշում: Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ Վերաքննիչ դատարանը Թ.Սաղաթելյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու անհնարինությունը պայմանավորել է բացառապես Թ.Սաղաթելյանի կատարած արարքների բնույթով ու հանրային վտանգավորության աստիճանով` անտեսելով այն, որ դրանք թեև ունեն նշանակություն պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելու համար, սակայն ինքնին չեն կարող պատժից վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիրը մերժելու հիմք դիտարկվել:

Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատիժը պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը բացառապես հանցագործության որակական և քանակական հատկանիշների հիման վրա լուծելը կամ դրանց հիմնական, առաջնային նշանակություն վերագրելը չի կարող իրավաչափ համարվել (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը): Հետևաբար հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի նաև այն դատողությունը, որ Առաջին ատյանի դատարանը համապատասխան միջնորդագրի քննարկման ժամանակ հիմնվել է միայն պատժի կրման ընթացքում դատապարտյալ Թ. Սաղաթելյանի վարքագծի վրա և որոշում կայացնելիս քննարկման առարկա չի դարձրել և հաշվի չի առել Թ.Սաղաթելյանի կատարած արարքների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

19. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի կրումից դատապարտյալ Թ. Սաղաթելյանին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

i

20. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և դատապարտյալ Թ.Սաղաթելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու մասին որոշում կայացնելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Սույն խախտումը ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Թ.Սաղաթելյանի վերաբերյալ ներկայացված նյութերի հետազոտման հիման վրա եկել է հիմնավոր եզրահանգման նրա` պատժի հետագա կրման աննպատակահարմարության կապակցությամբ: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանը, բավարարելով պատիժը կրելուց դատապարտյալ Թ.Սաղաթելյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: ՈՒստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 14-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մայիսի 31-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ դատապարտյալ Թելման Դավիթի Սաղաթելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 14-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ս.Ավետիսյան
Դատավորներ` Լ.Թադևոսյան
Հ.Ասատրյան
Ե.Դանիելյան
Ա.Պողոսյան
Ս.Օհանյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.11.2016
N ԿԴ/0017/12/16
Որոշում