Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 345-ՐԴ 347-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 345-ՐԴ 347-ՐԴ ԵՎ 351-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԱՎԴ/0412/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0412/02/13             2014 թ.

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Դ. Խաչատրյան  

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի   

                                              Ս. Անտոնյանի  

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարեն Քալանթարյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2014 թվականի որոշման դեմ ըստ Կարեն Քալանթարյանի հայցի ընդդեմ Մուշեղ Շախկուլյանի, երրորդ անձ Մարգարիտ Մարտիրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Կարեն Քալանթարյանը պահանջել է Մուշեղ Շախկուլյանից բռնագանձել 4.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես 01.06.2010 թվականի ստացականով ստանձնած պարտավորության և 22.05.2013 թվականի պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրով նախատեսված գումար, ինչպես նաև 4.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 02.06.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը:

Կարեն Քալանթարյանը, հրաժարվելով հայցային պահանջի` 2.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասից և հստակեցնելով հայցապահանջը, պահանջել է Մուշեղ Շախկույյանից բռնագանձել 2.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես 01.06.2010 թվականի ստացականով ստանձնած պարտավորության և 22.05.2013 թվականի պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրով նախատեսված գումար, ինչպես նաև բռնագանձվող գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, որից 1.0 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ` սկսած 02.06.2011 թվականից մինչև 12.08.2013 թվականը, 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ` սկսած 02.06.2011 թվականից մինչև 02.11.2013 թվականը, իսկ 2.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ` սկսած 02.06.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Ենոքյան) (այսուհետ Դատարան) 03.02.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Մուշեղ Շախկույյանից հօգուտ Կարեն Քալանթարյանի բռնագանձել 1.100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, սկսած 02.06.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 1.100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ` ըստ համապատասխան ժամանակահատվածների, հաշվարկել ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկային դրույքաչափով տոկոսները և այն ևս բռնագանձել Մուշեղ Շախկույյանից հօգուտ Կարեն Քալանթարյանի, իսկ բռնագանձվող գումարի 2 տոկոսը հօգուտ ՀՀ պետական բյուջե: Մնացած` 900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի բռնագանձման մասով, հայցապահանջը մերժել: Մուշեղ Շախկույյանից հօգուտ Կարեն Քալանթարյանի բռնագանձել նաև կետանցով վճարված 2.900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, համապատասխանաբար` 1.0 ԱՄՆ դոլարի նկատմամբ` 02.06.2011 թվականից մինչև 02.06.2012 թվականը, 1.0 ԱՄՆ դոլարի նկատմամբ` 02.06.2011 թվականից մինչև 02.11.2013 թվականը, 900 ԱՄՆ դոլարի նկատմամբ` 02.06.2011 թվականից մինչև 07.05.2013 թվականը, բռնագանձվող գումարի 2 տոկոսը հօգուտ ՀՀ պետական բյուջեի: Մուշեղ Շախկուլյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրք:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 30.04.2014 թվականի որոշմամբ Կարեն Քալանթարյանի` Դատարանի 03.02.2014 թվականի վճռի` 900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի բռնագանձումը մերժելու մասի դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.02.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարեն Քալանթարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ 347- րդ և 351-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ 51-րդ և 53-րդ հոդվածները, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մարգարիտ Մարտիրոսյանի կողմից 07.05.2013 թվականին տրված ստացականը որևէ տեղեկություն չի պարունակում այն մասին, որ այդ ստացականով պատասխանող Մուշեղ Շախկուլյանը պարտավորության կատարումը դրել է իր մոր` Վարդիթեր Գևորգյանի վրա կամ այլ կերպ լիազորել է նրան` դա կատարելու: Այսինքն` Վերաքննիչ դատարանն իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, թե 07.05.2013 թվականին Մարգարիտ Մարտիրոսյանի կողմից Մուշեղ Շախկուլյանի մորից Վարդիթեր Գևորգյանից 750 ԱՄՆ դոլար և 60.000 ՀՀ դրամ ստանալու փաստը որքանով կապ ունի Մարգարիտ Մարտիրոսյանի և Մուշեղ Շախկուլյանի միջև առկա պարտավորության հետ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 01.06.2010 թվականի ստացականով պարտավորության կողմեր են պարտապան Մուշեղ Շախկուլյանը և պահանջատեր Մարգարիտ Մարտիրոսյանը, հետևաբար Վարդիթեր Գևորգյանը նշված պարտավորության կողմ չէ, իսկ 07.05.2013 թվականի Մարգարիտ Մարտիրոսյանի ստացականում առկա չէ որևէ տեղեկություն Մուշեղ Շախկուլյանի կողմից իր պարտքն այլ անձի փոխանցելու կամ պարտքն այլ անձի կողմից վճարելու լիազորություն տրամադրելու կամ 07.05.2013 թվականի ստացականով Մուշեղ Շախկուլյանի ստանձնած պարտավորությունը Մարգարիտ Մարտիրոսյանին վերադարձնելու մասին: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա 07.05.2013 թվականի ստացականը սույն գործի համար վերաբերելի և թույլատրելի ապացույց չէ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Մարգարիտ Մարտիրոսյանը չի ապացուցել Վարդիթեր Գևորգյանի հետ այլ դրամական իրավահարաբերություն ունենալու հանգամանքը: Մինչդեռ, Մուշեղ Շախկուլյանը պետք է ապացուցեր 07.05.2013 թվականի ստացականով Մարգարիտ Մարտիրոսյանի կողմից ստացած գումարը Մարգարիտ Մարտիրոսյանի և Մուշեղ Շախկուլյանի միջև առկա պարտավորության հետ կապ ունենալու փաստը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության կամ հայցն ամբողջությամբ բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) Նոտարական կարգով վավերացված 22.05.2013 թվականի Մարգարիտ Մարտիրոսյանի (Ցեդենտի) և Կարեն Քալանթարյանի (Ցեսիոնարի) միջև կնքված «Պահանջի իրավունքի զիջման» մասին պայմանագրի համաձայն` Մուշեղ Շախկուլյանը 01.06.2010 թվականի ստացականով Մարգարիտ Մարտիրոսյանի հանդեպ ունեցել է 4.000 ԱՄՆ դոլարի պարտավորություն և պարտավորվել է վերադարձնել մինչև 01.06.2011 թվականը, որպիսի պահանջի իրավունքը (ներառյալ` օրենքով սահմանված կարգով բանկային տոկոսի) Մարգարիտ Մարտիրոսյանը զիջել է Կարեն Քալանթարյանին` ամբողջ ծավալով ի կատարումն Ցեդենտի և Ցեսիոնարի միջև կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրով չկատարված պարտավորության, ինչը համարժեք է զիջվող պահանջի իրավունքի գումարին (հատոր 1-ին, գ.թ 46-47):

2) 12.08.2013 թվականի և 02.11.2013 թվականի ստացականների համաձայն` Կարեն Քալանթարյանը Մուշեղ Շախկուլյանից ստացել է 1.000-ական ԱՄՆ դոլար` որպես 01.06.2010 թվականի ստացականով Մարգարիտ Մարտիրոսյանի հանդեպ ստանձնած պարտավորության և 22.05.2013 թվականի պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով զիջված պարտավորության մասնակի կատարում (հատոր 1- ին գ.թ 98, «):

3) 07.05.2013 թվականի ստացականի համաձայն` Մարգարիտ Մարտիրոսյանը 07.05.2013 թվականին Մուշեղ Շախկուլյանի մորից` Վարդիթեր Գևորգյանից ստացել է 750 ԱՄՆ դոլար և 60.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ 92-94):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտավորությունը երրորդ անձի կողմից պատշաճ կատարելուն և պարտքն այլ անձի փոխանցելու ինստիտուտի իրավական կարգավորման առանձնահատկություններին, ինչպես նաև պարտավորությունների կատարման դեպքում ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը լուծելու վերաբերյալ կանոններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի, է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանն և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխելու հարցն անհրաժեշտ է դիտարկել պարտավորական իրավահարաբերության ծագման հիմքերի, կատարման և դադարման առանձնահատկությունների կանոնակարգման լույսի ներքո:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն`փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի և 2-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը: Պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պարտավորական իրավահարաբերությունների ծագման հիմք է նաև փոխառության պայմանագիրը, որը, լինելով երկկողմանի պայմանագիր, սահմանում է փոխառուի (պարտապանի) հիմնական պարտականությունը, այն է փոխատուին (պարտատիրոջը) փոխառությամբ ստացված գումարը վերադարձնելը փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով: Ընդ որում, միայն տվյալ փաստի առկայության դեպքում փոխառությամբ ստանձնված պարտավորությունը համարվում է պատշաճ կատարված, իսկ պարտավորությունը դադարած:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի փոխառու (պարտապան) Մուշեղ Շախկուլյանի կողմից փոխատու (պարտատեր) Մարգարիտ Մարտիրոսյանին փոխառությամբ ստացված գումարը վերադարձնելու օրենքով սահմանված պարտավորության կատարման փաստի առկայությունը, որի ապացուցման բեռը կրում է պատասխանող Մուշեղ Շախկուլյանը: Ընդ որում, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածը գործում է պարտապանի կողմից գումարը վերադարձված չլինելու կանխավարկածը, քանի դեռ պատասխանողը չի ապացուցել հակառակը:

Սույն գործով Դատարանը, հայցի` 900 ԱՄՆ դոլարը բռնագանձելու մասը մերժելու հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 397-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը, 878-րդ հոդվածի 2-րդ կետը, հանգել է այն հետևության, որ Մարգարիտ Մարտիրոսյանը պահանջի իրավունքի զիջման մասին Մուշեղ Շախկուլյանին տեղեկացրել է 29.05.2013 թվականին, մինչդեռ վերջինիս մորից` Վարդիթեր Գևորգյանից 750 ԱՄՆ դոլար և 60.000 ՀՀ դրամը ստացել է դրանից առաջ` 07.05.2013 թվականին: Միաժամանակ Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, նշել է, որ Մարգարիտ Մարտիրոսյանի այն փաստարկը, ըստ որի Մուշեղ Շախկուլյանն իր հանդեպ ունեցել է նաև այլ դրամական պարտավորություններ և իրեն վճարված 750 ԱՄՆ դոլարը և 60.000 ՀՀ դրամն այլ պարտքերի գումարներն են, Մարգարիտ Մարտիրոսյանի կողմից չի ապացուցվել:

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով դատական ակտը, Դատարանի պատճառաբանությունը համարել է հիմնավոր և նշել, որ 07.05.2013 թվականին Մարգարիտ Մարտիրոսյանի կողմից տրված ստացականը թույլատրելի և վերաբերելի ապացույց է վիճելի իրավահարաբերության նկատմամբ:

Վերը նշված իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա 01.06.2010 թվականի ստացականով պարտավորության կողմերն են պարտատեր Մարգարիտ Մարտիրոսյանը և պարտապան Մուշեղ Շախկուլյանը, ով պահանջատիրոջ հանդեպ ստանձնել է պարտավորություն` 4.000 ԱՄՆ դոլարը մինչև 01.06.2011 թվականը վերադարձնելու մասին, որպիսի պահանջի իրավունքը նոտարական կարգով վավերացված 22.05.2013 թվականի «Պահանջի իրավունքի զիջման» մասին պայմանագրով Մարգարիտ Մարտիրոսյանը զիջել է Կարեն Քալանթարյանին:

12.08.2013 թվականի և 02.11.2013 թվականի ստացականներով հիմնավորվում է փաստ այն մասին, որ Մուշեղ Շախկուլյանը 01.06.2010 թվականի փոխառությամբ ստանձնած գումարից 2.000 ԱՄՆ դոլարը վերադարձրել է պարտատիրոջը:

Գործում առկա չէ սույն վճռաբեկ բողոքի փաստարկում վկայակոչված վիճելի. 900 ԱՄՆ դոլարը Մուշեղ Շախկուլյանի կողմից Մարգարիտ Մարտիրոսյանին վերադարձնելու փաստը հիմնավորող ապացույց:

Ինչ վերաբերում է Մուշեղ Շախկուլյանի կողմից ներկայացված 07.05.2013 թվականի ստացականին, ըստ որի Մարգարիտ Մարտիրոսյանը Մուշեղ Շախկուլյանի մորից` Վարդիթեր Գևորգյանից, ստացել է 750 ԱՄՆ դոլարը և «մի հատ 60 հազար», ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն սույն գործով վերաբերելի ապացույց չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով: Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է գրավոր ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով նախատեսված ապացույցների թույլատրելիությանը, գտել է, որ դատարանը պետք է վերոնշյալ հոդվածը կիրառելիս ցույց տա, թե որ հոդվածով է արգելված ապացույցի նման տեսակով նման փաստի հաստատումը (աե՛ս, Վարդիթեր Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանի և այլոց թիվ ԱՎԴ/0235/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ դատարանն ապացույցների վերաբերելիության կանոնները կիրառելիս պետք է հաշվի առնի, որ վերաբերելի են այն ապացույցները, որոնք անհրաժեշտ են քննվող գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար: Այդ մասին է վկայում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածը, որի համաձայն նախագահողը ղեկավարում է դատական նիստը մերժելով այն ամենը, ինչն առնչություն չունի քննվող գործի հետ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանն ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը լուծելիս պետք է պահպանի վերոնշյալ կանոնները, որից հետո որոշի փաստի հաստատված լինելու կամ չլինելու հարցը:

Վճռաբեկ դատարանը, զարգացնելով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը լուծելու վերաբերյալ կանոնները, արձանագրում է, որ նյութական և դատավարական օրենսդրության նորմերով սահմանվում են ապացուցողական կանխավարկածներ` ապացուցման առարկայի մեջ մտնող որոշակի փաստերի գոյության կամ բացակայության վերաբերյալ իրավական ենթադրություններ, որոնք հերքելու պարտականությունն օրենքով դրված է դատավարության կոնկրետ մասնակցի վրա: Հատկանշական է, որ ապացուցման պարտականությունը բաշխելու հատուկ կանոնները (ապացուցողական կանխավարկածները) ամրագրված են նյութական նորմերում: Ընդ որում, դատարանը, ապացույցների ներկայացման և հետազոտման գործընթացում կատարելով կարգավորիչ գործառույթներ, վերջնականորեն լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտը հիմնավորելու համար անհրաժեշտ ու միաժամանակ բավարար ապացուցողական նյութ ապահովելու նպատակով դատարանը պարտավոր է ապացույցների վերաբերելիության կանոնին համապատասխան կարգավորել ապացույցներ ներկայացնելու, պահանջելու, հետազոտելու գործընթացը` բացառելով գործի ծանրաբեռնումը ոչ պետքական և նշանակություն չունեցող ապացույցներով: Հատկանշական է, որ ապացույցների վերաբերելիության կանոնը կիրառելիս դատարանը ղեկավարվում է իր ներքին համոզմամբ, իսկ թույլատրելիության կանոնը կիրառելիս` միայն օրենքով, որը մի շարք դեպքերում ուղղակիորեն արգելում է օգտվել այս կամ այն ապացուցման միջոցից, թեկուզև այն վերաբերի գործի փաստերին:

Այսպես, թույլատրելիության ընդհանուր կանոնից բխում է, որ բացի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացուցման միջոցներից, դատարանն իրավունք չունի կիրառելու այլ ապացույցներ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը կարգավորում է այն հարցը, թե նշված ապացուցման միջոցներից որի կիրառումն է թույլատրում կոնկրետ իրավահարաբերությունը, գործարքը կամ իրավաբանական փաստը հաստատելիս, այդ հարցը լուծվում է նյութական իրավունքի նորմերով: Հետևաբար, մինչև գործում առկա որևէ ապացույցի վերաբերելիության և թույլատրելիության վերաբերյալ հարցը լուծելիս դատարանը նախ պետք է ապացույցներ ներկայացնելու պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխի` ճշգրիտ որոշելով նրանցից յուրաքանչյուրի ապացուցման պարտականությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև պարտավորական իրավահարաբերությունների ծագման հիմքերը, կատարման և դադարման առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա 07.05.2013 թվականի ստացականի վերաբերելիության հարցն անհրաժեշտ է դիտարկել պարտավորությունը պարտապանի փոխարեն այլ անձի կողմից կատարմանը վերաբերող նորմերի լույսի ներքո:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 351-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանը կարող է պարտավորության կատարումը դնել երրորդ անձի վրա, եթե օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից կամ դրա էությունից չի բխում պարտավորությունն անձամբ կատարելու պարտապանի պարտականությունը: Այդ դեպքում պարտատերը պարտավոր է ընդունել պարտապանի փոխարեն երրորդ անձի կողմից պարտավորության կատարումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտքի փոխանցման ձևի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված կանոնները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` հասարակ գրավոր կամ նոտարական ձևով կնքված գործարքի վրա հիմնված պահանջը պետք է զիջվի նույն ձևով: Այն գործարքով, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, պահանջի զիջումը պետք է գրանցվի այդ իրավունքների գրանցման համար սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պարտավորական իրավահարաբերություններում պարտատերն ու պարտապանը մինչև պարտավորության դադարումը մնում են անփոփոխ: Չնայած այդ հանգամանքին` օրենսդրի կողմից իրավունք է վերապահվել ինչպես պարտատիրոջը, այնպես էլ պարտապանին օրենքով սահմանված կարգով կատարելու անձանց փոփոխություն պարտավորության մեջ մինչև դրա դադարումը: Պարտավորության մեջ անձերի փոփոխության դեպքում պարտավորությունը չի դադարում, այլ տեղի է ունենում սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների փոխանցում մեկ անձից մյուսին: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի հիմքով օրենսդիրը հնարավորություն է ընձեռել պարտապանին իր պարտքն այլ անձի փոխանցելով` դուրս գալ պարտավորություններից և իր փոխարեն ներգրավելու պարտավորության մեջ այլ անձի:

Միաժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ պարտատիրոջ համար էական և կարևոր է այն հանգամանքը, թե ով է ստանձնելու պարտավորությունը պատշաճ կատարելու պարտականությունը, պարտքի փոխանցումն այլ անձի կարող է իրականացվել միայն պարտատիրոջ համաձայնությամբ: Ընդ որում, պարտքի իրավունքի փոխանցման գործարքը կնքվում է գործարքի այն ձևով (հասարակ գրավոր կամ նոտարական վավերացումով), որի վրա հիմնված է պարտքի փոխանցումը: Այսպիսով, պարտքի փոխանցման դեպքում նախկին պարտապանն ամբողջությամբ ազատվում է պարտավորության կատարումից, իսկ նոր պարտապանը ստանձնում է նրա իրավունքները և պարտականությունները, այդ իսկ պատճառով նոր պարտապանն իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ առարկելու այն ծավալով և բովանդակությամբ, որոնք հիմնված են պարտատիրոջ և սկզբնական պարտապանի հարաբերությունների վրա:

Ի տարբերություն պարտքը փոխանցելուն` պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարելու դեպքում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 351-րդ հոդվածի 1-ին կետ) պարտապանը կարող է պարտավորության կատարումը դնել երրորդ անձի վրա, եթե օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից կամ դրա էությունից չի բխում պարտավորությունն անձամբ կատարելու պարտապանի պարտականությունը: Տվյալ դեպքում պարտապանը պարտավորությունից դուրս չի գալիս, և երրորդ անձը նրա փոխարեն պարտավորության մեջ չի մտնում: Այսպես հանձնարարությունը կարող է լինել գրավոր (լիազորագրի տեսքով) կամ պարտքը հաստատող փաստաթղթի մեջ կատարվում է նշում պարտապանի կողմից ստանձնած պարտավորությունը վերջինիս հանձնարարությամբ երրորդ անձի կողմից կատարելու մասին:

Այդ իսկ պատճառով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 351-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով պարտավորության կատարման դեպքում պարտատիրոջ համաձայնությունն անհրաժեշտ չէ, և պարտատերը պարտավոր է ընդունել պարտապանի փոխարեն երրորդ անձի կողմից պարտավորության կատարումը:

Սույն գործով պատասխանող Մուշեղ Շախկուլյանը, հայցադիմումի պատասխանի հիմքում դնելով այն հանգամանքը, որ Մարգարիտ Մարտիրոսյանի կողմից տրված 07.05.2013 թվականի ստացականից հետևում է 900 ԱՄՆ դոլարը Մարգարիտ Մարտիրոսյանին վճարելու փաստը, Դատարանից պահանջել է պարտքի գումարը նշված մասով համարել կատարված:

Վերը նշվածը համադրելով սույն որոշման իրավական վերլուծությունների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտքը փոխանցելու փաստը սույն գործով պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող կողմը, այսինքն` պատասխանողը` պարտապան Մուշեղ Շախկուլյանը: Ընդ որում, սույն գործի փաստերի շրջանակում որպես վերաբերելի ապացույց` կարող է համարվել միայն նյութական նորմով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 351-րդ հոդված, 404-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր, 406-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր) սահմանված ապացույցի տեսակը` օրենքով սահմանված կարգով պարտապանի կողմից տրված լիազորագիրը կամ երրորդ անձի կողմից պարտապանի հանձնարարությունը կատարելու վերաբերյալ գրավոր ապացույց:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա չէ նաև Մուշեղ Շախկուլյանի կողմից իր պարտքը մորը` Վարդիթեր Գևորգյանին փոխանցելու կամ իր պարտքը վերադարձնելու լիազորություն կամ հանձնարարություն տրամադրելու վերաբերյալ որևէ գրավոր ապացույց: Ավելին, 07.05.2013 թվականի ստացականն իր մեջ չի պարունակում որևէ տեղեկություն Մուշեղ Շախկուլյանի կողմից իր մորը տրված հանձնարարության մասին` Մարգարիտ Մարտիրոսյանի հանդեպ ունեցած պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարելու վերաբերյալ:

Հետևաբար, 07.05.2013 թվականի ստացականը որպես 01.06.2010 թվականի ստացականով Մարգարիտ Մարտիրոսյանի և Մուշեղ Շախկուլյանի միջև առկա պարտավորության կատարման համար վերաբերելի ապացույց չէ և այդ մասով վիճելի պարտավորության դադարման հիմք չէ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Մարգարիտ Մարտիրոսյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ուժով չի ներկայացրել որևէ ապացույց, որ 07.05.2013 թվականի ստացականը որևէ կապ չունի սույն վեճի հետ, որ այդ ստացականը կապված է այլ պարտավորության կատարման հետ և չի հաստատում պատասխանողի կողմից սույն պարտքի գումարը վերադարձնելու փաստը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228- րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2014 թվականի որոշումը և գործն ըստ հայցի Կարեն Քալանթարյանի ընդդեմ Մուշեղ Շախկուլյանի, երրորդ անձ Մարգարիտ Մարտիրոսյանի` 900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու և Կարեն Քալանթարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բյուջե 27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար չվճարված պետական տուրք բռնագանձելու պահանջի մասով ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի

25.06.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2014
N ԱՎԴ/0412/02/13
Որոշում