Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` Հ ...

 

 

020.1008.240112

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 9-ՐԴ ԿԵՏԻ` «ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ՊԱՀԻՑ» ԴՐՈՒՅԹԻ ԵՎ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 հունվարի 2012թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ`

դիմող Հ. Հովհաննիսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Հասմիկ Հովհաննիսյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` «նախաքննության ավարտման պահից» դրույթի և 201-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Հ. Հովհաննիսյանի` 31.10.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը սահմանում է.

«1. Տուժողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

...

9) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ....»:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Քրեական գործով տուժողի իրավահաջորդ հանդիսացող դիմողը և նրա ներկայացուցիչները 28.10.2010թ. և 03.11.2010թ. միջնորդություններ են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչին, որոնցով համապատասխանաբար խնդրել են իրենց տրամադրել քրեական գործով ապացույց ճանաչված նոթատետրի, տուժողի ձեռագրի ազատ նմուշների էջերի լուսապատճենները, դեպքի վայրի զննման արձանագրության, տուժողի հագուստի զննման արձանագրության լուսապատճենները: Քննիչի` 04.11.2010թ. և 06.11.2010թ. որոշումներով նշված միջնորդությունները մերժվել են: Քննիչի որոշումները բողոքարկվել են ՀՀ զինվորական դատախազին: ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի բաժնում քննվող գործերի բաժնի ավագ դատախազի` 02.12.2010թ. որոշումներով բողոքները մերժվել են: Նշված որոշումները դիմողի և նրա ներկայացուցիչների կողմից բողոքարկվել են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Վերջինս իր` 30.12.2010թ. որոշմամբ մերժել է բողոքներն այն հիմնավորմամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` տուժողն իրավունք ունի քրեական գործի նյութերին ծանոթանալ միայն նախաքննության ավարտման պահից և 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախաքննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով նշված որոշման դեմ դիմողի և նրա ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը, 24.03.2011թ. որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 02.05.2011թ. որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը:

3. Ըստ դիմողի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` «նախաքննության ավարտման պահից» դրույթը և 201-րդ հոդվածի 1-ին մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 23-րդ հոդվածի 3-րդ մասին, 27-րդ հոդվածի 2-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 20-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածին:

Դիմողի պնդմամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասն ստացել է այնպիսի կամայական մեկնաբանություն և կիրառություն, որով փոխվել է այդ նորմի իմաստը, և այն դիտարկվել է որպես տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակում նախատեսող իրավական նորմ: Հետևաբար, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն առաջացրել է իրավական անորոշություն:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` «նախաքննության ավարտման պահից» դրույթը և 201-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում են «ձևականություններ, պայմաններ, սահմանափակումներ կամ պատժամիջոցներ», որոնք չեն հետապնդում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված իրավաչափ նպատակներից որևէ մեկը և չեն կարող դիտվել որպես ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ: Ըստ դիմողի` նախաքննության ընթացքում տուժողի համար քրեական գործի նյութերի մատչելիությունը չապահովելը սահմանափակում է տուժողի` տեղեկություններ ստանալու` ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու` ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով նախատեսված իրավունքները:

4. Պատասխանողն առարկելով դիմողի փաստարկների դեմ` նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը, սահմանելով նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության պահանջը, նպատակ ունի պայմաններ ստեղծել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական դատավարության այս փուլում իր առջև դրված խնդիրներն արդյունավետ լուծելու համար: Բացի դրանից, նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության պահանջն ընդհանուր է և նպատակ չի հետապնդում սահմանափակել տուժողի իրավունքները: Այդ պահանջը հավասարապես վերաբերում է ինչպես տուժողին, այնպես էլ` մեղադրյալին:

Ըստ պատասխանողի` վիճարկվող դրույթներն իրավաչափորեն են սահմանափակում անձի` ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու` ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով նախատեսված իրավունքները: Ինչ վերաբերում է նախաքննության փուլում տուժողի իրավունքներն իրացնելու հնարավորությանը, ապա, ըստ պատասխանողի, օրենսգիրքը նախատեսում է տուժողի` նախաքննության ընթացքում որոշակի փաստաթղթերի ծանոթանալու իրավունքը, ինչը հնարավորություն է տալիս տուժողին նախնական քննության փուլում առավելագույնս իրականացնել իր իրավունքները:

Պատասխանողը գտնում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` «նախաքննության ավարտման պահից» դրույթն անորոշ չէ, քանզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածը հստակ սահմանում է նախնական քննության փուլի ավարտման պահը:

5. Սույն գործի շրջանակներում առաջադրված սահմանադրաիրավական վեճը սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում քննության առնել քրեական դատավարությունում տուժողի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության երաշխավորման տեսանկյունից, ինչպես նաև քրեական գործի մինչդատական վարույթում մրցակցության և հրապարակայնության սկզբունքների կիրառելիության շրջանակների համատեքստում: Ըստ այդմ, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.

- քրեական գործի նախնական քննության փուլում մրցակցության և հրապարակայնության սկզբունքների կիրառելիության շրջանակը,

- քրեական գործի նախնական քննության ընթացքում տուժողի համար մատչելի տեղեկատվության շրջանակը,

- արդյո՞ք ապահովված է անհրաժեշտ հավասարակշռություն, մի կողմից, նախնական քննության գաղտնիության ընդհանուր կանոնով հետապնդվող նպատակի, մյուս կողմից` մինչդատական վարույթում տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակի միջև,

- քրեական գործի նախաքննության փուլում տուժողի համար տեղեկատվության ապահովման վերաբերյալ արված միջնորդություններով ընդունված դատավարական որոշումների հիմնավորվածության և պատճառաբանվածության իրավական պահանջների պահպանման ապահովումը:

6. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք: Սահմանադրաիրավական այդ դրույթն ունի սկզբունքային նշանակություն` օրենքով երաշխավորելու իրավական պաշտպանության այն միջոցները, որոնք անհրաժեշտ են անձի իրավունքները և ազատություններն անիրավաչափ գործողություններից պաշտպանելու, հասցված վնասը վերականգնելու համար: Այդ նորմատիվ պահանջն անվերապահ կիրառելի է հավասարապես իրավական ցանկացած, այդ թվում` նաև քրեադատավարական գործընթացում և, մասնավորապես` քրեական գործի նախնական քննության փուլում: Օրենքով սահմանված կարգով այդ փուլի շրջանակներում են ձեռք բերվում և հետազոտվում հանցագործության կատարման փաստի հետ կապված բոլոր հանգամանքները, որպիսիք ապացուցողական հիմք կարող են հանդիսանալ քրեական դատավարության հետագա փուլերում դրանց վերջնական իրավական գնահատական տալու և անհրաժեշտության դեպքում պետական հարկադրանք կիրառելու համար: Հետևաբար, իրավական այդ գործընթացների նախնական փուլի շրջանակներում անձի` իր իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավունքի երաշխավորումը նույնքան կարևոր է, որքան հետագա փուլերում: Սակայն, ելնելով քրեական դատավարության ողջ գործընթացում և վերջինիս առանձին փուլերում լուծվող խնդիրների և առաջադրված նպատակների, դրանց լուծման իրավական միջոցների ու մեթոդների առանձնահատկություններից, միաժամանակ նաև` այդ գործընթացներում ներգրավված բոլոր անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, օբյեկտիվորեն կարող են նախատեսվել իրավական պաշտպանության առանձնահատուկ համապատասխան միջոցներ և ձևեր, որպիսիք միտված լինեն նաև քրեական հետապնդում իրականացնող իրավասու մարմինների առջև օրենքով դրված խնդիրների արդյունավետ իրականացմանը, անձի խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնմանը: Այդպիսի միջոց է քրեական գործով նախաքննության գաղտնիության ապահովումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 201-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը, այն է` նախնական քննության գաղտնիության ընդհանուր կանոնը: Նախնական քննության գաղտնիության ընդհանուր կանոնից, ի թիվս այլնի, բխում է օրենսգրքի վիճարկվող մյուս նորմը` 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, որը տուժողին թույլատրում է գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալ նախաքննության ավարտից հետո:

Նախնական քննության գաղտնիության սկզբունքն ինքնանպատակ չէ: Նախնական քննության մարմիններին ուղղված` քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման օրենսդրական պահանջը չի կարող արդյունավետ կատարվել, նախնական քննության խնդիրները չեն կարող արդյունավետ լուծում ստանալ նախնական քննության տվյալների գաղտնիության բացառման պայմաններում:

ՀՀ գործող քրեադատավարական օրենսդրությունը` մինչդատական վարույթում մրցակցության սկզբունքի կիրառման սահմանների և շրջանակի առնչությամբ որդեգրել է այն հայեցակարգային մոտեցումը, որն առկա է մայրցամաքային իրավունքի երկրներում: Ըստ այդ մոտեցման` մինչդատական վարույթում մրցակցության սկզբունքն ունի սահմանափակ, ոչ լայն կիրառություն: Այս փուլում օբյեկտիվորեն առկա են այդ սկզբունքի ընդամենն առանձին տարրեր:

Ինչ վերաբերում է նախնական քննության փուլում հրապարակայնության սկզբունքի կիրառելիությանը, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Դատական քննության հրապարակայնությունը» վերտառությամբ 16-րդ հոդվածի համաձայն` հրապարակայնության սկզբունքը վերաբերում է դատական քննության փուլին և կիրառելի է քրեական դատավարության այդ փուլի նկատմամբ:

7. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը, սահմանելով նախնական քննության գաղտնիության ընդհանուր կանոնը, միաժամանակ գործի վարույթն իրականացնող մարմնին հայեցողություն է վերապահում թույլատրել նախնական քննության տվյալների հրապարակում: Համաձայն այդ դրույթի` նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` տուժողի իրավունքները սահմանող դրույթների համադրված վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել քրեական գործի այն նյութերի շրջանակը, որոնց մատչելիությունը տուժողի համար երաշխավորված է նախնական քննության ընթացքում` մինչև նախաքննության ավարտը` անկախ վարույթն իրականացնող մարմնի հայեցողությունից:

Այսպես, տուժողն իրավունք ունի ծանոթանալու առաջադրված մեղադրանքին (ՀՀ քր. դատ. օր.-ի 59-րդ հոդվ., 1-ին մաս, 1-ին կետ), քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է (59-րդ հոդվ., 1-ին մաս, 8-րդ կետ), իր խնդրանքով անվճար ստանալ որպես մեղադրյալ ներգրավելու մասին, քրեական գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումների պատճենները, մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը (59-րդ հոդվ., 1-ին մաս, 11-րդ կետ): Ընդ որում, որպես նշված իրավունքի իրացումն ապահովող երաշխիք` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածն ամրագրում է քննիչի պարտավորությունը` քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկել տուժողին` պարզաբանելով այդ որոշման բողոքարկման կարգը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածը սահմանում է տուժողի կոնկրետ իրավունքները փորձաքննություն նշանակելիս և կատարելիս: Տուժողը փորձաքննություն նշանակելիս և կատարելիս իրավունք ունի մինչև փորձաքննությունը ծանոթանալ այն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալ իր իրավունքների պարզաբանում (247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Ընդ որում, փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը ծանոթանալու իր իրավունքի իրացման արդյունքում տուժողն իրավունք ունի բացարկ հայտնել փորձագետին, միջնորդել, որ փորձագետ նշանակվի իր մատնանշած անձանց թվից, քննիչի թույլտվությամբ ներկա գտնվել փորձաքննության կատարմանը, քննիչին առաջադրել լրացուցիչ հարցեր: Փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում տուժողն իրավունք ունի նաև միջնորդել, որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն, քննիչի կողմից փորձագետի եզրակացությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում ծանոթանալ փորձագետի եզրակացությանը:

Տուժողը նաև պետք է տեղեկացվի սկզբնական քրեական գործից նոր գործի անջատման և դրա հետագա ընթացքի մասին (184-րդ հոդվածի 5-րդ մաս): Տուժողը ծանոթացվում է նաև քննչական խմբի կողմից քննությունը կատարելու մասին որոշմանը, և նրան պարզաբանվում է ցանկացած քննիչին բացարկ հայտնելու իր իրավունքը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 194-րդ հոդվածով նախատեսված այս պահանջը կարևոր իրավական երաշխիք է տուժողի` նույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում ամրագրված` բացարկներ հայտնելու իրավունքի իրացման համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածն ամրագրում է քննիչի` քրեական գործով վարույթը կասեցնելու, ինչպես նաև վարույթը վերսկսելու մասին որոշումներին տուժողին տեղեկացնելու պարտավորությունը: Ընդ որում, այս պարտավորության հստակ ամրագրումն իրավական երաշխիք է ստեղծում քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բողոքարկելու` տուժողի իրավունքի իրացման համար:

Բացի վերոնշյալներից, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի` տուժողին պարտադիր կարգով տրամադրվում է մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետն ամրագրում է տուժողի ներկայացուցչի իրավունքը` տուժողի շահերին առնչվող մասով առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացրած կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ: Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի ներառում որևէ դրույթ, որն ուղղակիորեն կսահմաներ տուժողի կամ նրա ներկայացուցչի` դատավարության մյուս մասնակիցների կողմից մինչդատական վարույթում ներկայացված բողոքների մասին տեղեկացվելու իրավունքը և վարույթն իրականացնող մարմնի` այդ բողոքները տուժողին կամ նրա ներկայացուցչին ծանոթացման համար տրամադրելու պարտավորությունը, այնուամենայնիվ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով ամրագրված նորմը ենթադրում է նաև մինչդատական վարույթում ներկայացված բողոքներին մինչև նախաքննության ավարտը ծանոթանալու` տուժողի հնարավորությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ նախնական քննության փուլում` մինչև նախաքննության ավարտը տուժողի համար մատչելի` քրեական գործի վերոհիշյալ նյութերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածին համապատասխան, հավասարապես մատչելի են նաև տուժողի իրավահաջորդի համար:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2006թ. հունիսի 14-ի` «Հանցագործության զոհերի աջակցության վերաբերյալ» R(2006)8 հանձնարարականի 6.1 կետի համաձայն` անդամ պետությունները պետք է հանցագործության զոհի համար երաշխավորեն իրենց գործին առնչվող և իրենց շահերի պաշտպանության ու իրավունքների իրացման համար անհրաժեշտ տեղեկատվություն: Նույն հանձնարարականի 6.5-րդ կետում, որը վերաբերում է հանցագործության զոհի համար երաշխավորվող` քրեական գործի վարույթին առնչվող տեղեկատվության ծավալին, ամրագրված է. «Պետությունը պետք է համապատասխան միջոցներով երաշխավորի, որ հանցագործության զոհերը տեղեկացվեն իրենց բողոքների արդյունքների, քրեական գործի ընթացքի համապատասխան փուլերի և իրավասու դատարանի դատավճռի վերաբերյալ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ նորմերի վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն առանձնացնում է մինչև նախնական քննության ավարտը (գործով մեղադրական եզրակացություն կազմելը) տուժողի և/կամ նրա ներկայացուցչի, ինչպես նաև տուժողի իրավահաջորդի համար մատչելի` գործի նյութերի որոշակի ողջամիտ շրջանակ, որոնց վերաբերյալ տուժողի տեղեկացվածությունը նախնական քննության փուլում ապահովում է տուժողի` բացարկներ հայտնելու, միջնորդություններ հարուցելու, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի գործողություններն ու որոշումները բողոքարկելու իրավունքներն իրացնելու հնարավորությունը և այդպիսով երաշխավորում է նաև տուժողի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը մինչդատական վարույթի ընթացքում:

Ինչ վերաբերում է նախնական քննության այն տվյալներին, որոնք մինչև դրա ավարտը կարող են հրապարակվել միայն վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ և կարող են մատչելի դառնալ տուժողին միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից իր հայեցողության իրացման արդյունքում, ապա այդ կապակցությամբ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև ընդգծել, որ վարույթն իրականացնող մարմնի` շահագրգիռ անձին քրեական գործի նյութերից այս կամ այն փաստաթղթի տրամադրումը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված, ինչպես դա նախատեսված է ՀՀ քր. դատ. օր.-ի 102-րդ հոդվածով: Սկզբունքային մոտեցումը պետք է լինի այն, որ նախնական քննության տվյալների հրապարակման թույլտվություն տալու` վարույթն իրականացնող իրավասու մարմնի հայեցողությունը չպետք է լինի բացարձակ: Այդ կապակցությամբ կայացված որոշումը պետք է հետապնդի նախաքննության շահերի իրական պաշտպանության նպատակ: Այս առնչությամբ հատկանշական է, որ եվրոպական մի շարք երկրների /Էստոնիա, Սերբիա և այլն/ քրեական դատավարության օրենսգրքերը հստակ սահմանում են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում չի թույլատրվում քրեական գործի նյութի հրապարակումը: Մասնավորապես, դրանք առնչվում են հասարակական կարգի պաշտպանությանը, հանցագործության բացահայտմանը խոչընդոտելուն, քրեական դատավարությանը վնասելուն և հանցանքի կատարմանը նպաստելուն, առևտրային գաղտնիքին և իրավաբանական անձի գործունեությանը վնաս պատճառելուն, ընտանեկան կամ անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելուն կամ անձի պատիվը ոտնահարելուն, անչափահասի շահերին վնաս պատճառելուն և այլն: Այս ուղղությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսդրության զարգացումը լրացուցիչ երաշխիքներ կստեղծի տուժողի շահերի պաշտպանության և նախաքննության նկատմամբ վստահության ամրապնդման գործում:

8. Վիճարկվող դրույթների սահմանադրականությունը` տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխավորման տեսանկյունից գնահատելու նպատակով սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև ճշգրտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված` քրեական գործի նյութերին ծանոթանալու` տուժողի իրավունքի իրացման պահը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Նախնական քննության ավարտը» վերտառությամբ 196-րդ հոդվածը սահմանում է նախնական քննության ավարտման պահը, այն է` նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի միջոցների կիրառման համար քրեական գործը դատարան ուղարկելու մասին կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կազմելով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Մեղադրական եզրակացություն կազմելուց առաջ գործի նյութերին ծանոթացնելը» վերտառությամբ 265-րդ հոդվածը և «Քրեական գործի նյութերին ծանոթանալու կարգը» վերտառությամբ 266-րդ հոդվածը կարգավորում են մեղադրական եզրակացությունը կազմելուց առաջ, այն է` նախնական քննության ավարտից առաջ, գործի նյութերին` շահագրգիռ սուբյեկտներին, այդ թվում` տուժողին, ծանոթացնելու հետ կապված հարաբերությունները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նշված դրույթների համադրված վերլուծությունը վկայում է, որ գործի նյութերին` շահագրգիռ սուբյեկտների, այդ թվում` տուժողի կողմից ծանոթանալու ժամանակահատվածը կազմում է նախաքննության ինքնուրույն մաս, նախորդում է նախաքննության ավարտին, և, հետևաբար, տուժողը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող հոդվածով սահմանված` գործի նյութերին ծանոթանալու իր իրավունքն իրացնում է մինչև նախաքննության ավարտը:

Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածն ամրագրում է գործի նյութերին ծանոթանալուց հետո` լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու կամ նոր դատավարական որոշումներ կայացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը: Ընդ որում, նույն հոդվածը հստակորեն սահմանում է միջնորդությունը բավարարելուց հրաժարվելու դեպքում հրաժարվելու մասին որոշման բողոքարկման կարգը:

Սահմանադրական դատարանը, արձանագրելով, որ իրավակիրառական պրակտիկան ևս զարգացել է նշված ուղղությամբ, միաժամանակ կարևորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «նախաքննության ավարտման պահից» ձևակերպման մեկնաբանումը և կիրառումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ, 265-րդ և 266-րդ հոդվածների տրամաբանությանը համապատասխան:

Նախնական քննության փուլում տուժողի վերոհիշյալ իրավունքների, նախաքննություն իրականացնող մարմինների համապատասխան պարտականությունների համադրված վերլուծության հիման վրա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տուժողի` գործի նյութերին ծանոթանալու իրավունքն իրացվում է մինչև մեղադրական եզրակացություն կազմելը, այն է` նախաքննության ինքնուրույն մաս կազմող և դրա ավարտին նախորդող ժամանակահատվածում` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները չեն խոչընդոտում տուժողի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը: Ըստ այդմ, սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրական մակարդակում ապահովված է արդարացի հավասարակշռություն, մի կողմից, նախնական քննության գաղտնիության ընդհանուր կանոնով հետապնդվող իրավաչափ նպատակի, մյուս կողմից` մինչդատական վարույթում տուժողի իրավունքների իրացումը և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակի միջև: Բացի դրանից, անհրաժեշտ է քրեական դատավարությունը դիտարկել համակարգային ամբողջականության մեջ և իրավունքների իրացման որևէ փուլում օրենքի հիման վրա նախատեսված ընթացակարգային իրավաչափ սահմանափակումը չի կարող դիտարկվել որպես Սահմանադրության 18-րդ հոդվածով նախատեսված իրավունքների ոտնահարում:

Վերոհիշյալի հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները, հաշվի առնելով քրեական դատավարության առանձնահատկությունները, չեն կարող որակվել որպես անձի` տեղեկություններ ստանալու` ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու` ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով նախատեսված իրավունքների սահմանափակում: Վեճի առարկա հոդվածներով նախատեսված իրավակարգավորումներն իրենց համակարգային ամբողջականության մեջ հետապնդում են իրավաչափ նպատակ, և դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումները պայմանավորված չեն տվյալ իրավանորմերի սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, որով դրանք ամրագրված են ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` «նախաքննության ավարտման պահից» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 հունվարի 2012 թվականի

ՍԴՈ-1008

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.01.2012
N ՍԴՈ-1008
Որոշում