Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ, 23-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                Վարչական գործ թիվ ՎԴ3/0324/05/10

    դատարանի որոշում                                              2011 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ3/0324/05/10

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Լ. Սոսյան      

                       Հ. Բեդևյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով անհատ ձեռնարկատեր Աշոտ Աբրահամյանի (այսուհետ` Աշոտ Աբրահամյան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.02.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Արարատի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Աշոտ Աբրահամյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Աշոտ Աբրահամյանից 205.692 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 02.12.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.02.2011 թվականի որոշմամբ Դատարանի 02.12.2010 թվականի վճռի դեմ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 02.12.2010 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է: Որոշվել է Աշոտ Աբրահամյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 205.692 ՀՀ դրամ, որից 114.200 ՀՀ դրամ, որպես` հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարի ապառք, 91.492 ՀՀ դրամ, որպես` տույժ: Միաժամանակ, որոշվել է Աշոտ Աբրահամյանից հօգուտ Տեսչության բռնագանձել 10.400 ՀՀ դրամ, որպես` հայց և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքերի փոխհատուցում:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Աբրահամյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տեսչությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 23-րդ, 24-րդ, 59-րդ, 117.12-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելով և փոփոխելով, հիմք է ընդունել Տեսչության կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված 28.02.2007 թվականի հայտարարագրերը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դրանք չեն կարող օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցներ հանդիսանալ, քանի որ նախ դրանք Դատարանում չեն ներկայացվել, իսկ վերաքննիչ բողոքին կից Վերաքննիչ դատարանին ներկայացվելու ժամանակ դրանց օրինակները վերաքննիչ բողոքին կից չեն ներկայացվել Աշոտ Աբրահամյանին: Այսինքն` Աշոտ Աբրահամյանը հնարավորություն չի ունեցել ծանոթանալ այդ ապացույցներին և հայտնել իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նշված հայտարարագրերը վերաբերելի և թույլատրելի ապացույցներ չեն, քանի որ Աշոտ Աբրահամյանը ոչ 28.02.2007 թվականին և ոչ էլ որևէ այլ օր որևէ հայտարարագիր չի կազմել ու Տեսչությանը չի ներկայացրել: Ավելին, Վերաքննիչ դատարանը չի էլ պարզել, թե այդ հայտարարագրերը ստորագրված են, թե` ոչ:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործի ապացույցները, ինչպես նաև չի տվել բողոքարկվող դատական ակտի հիմնավորումները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, ընդունելով նոր ապացույցներ և դրանք դնելով Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու հիմքում, Տեսչության վրա չի դրել դատական ծախսերի եռապատիկը վճարելու պարտավորություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.02.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, գնահատելով գործի փաստական հանգամանքները, իրավացիորեն գտել է, որ Դատարանի վճիռը ենթակա է բեկանման, և Տեսչության հայցը ենթակա է բավարարման: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը եկել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ Աշոտ Աբրահամյանը 2006 թվականի հունվարի 1-ից հետո շարունակել է գործունեություն իրականացնել, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 28.02.2007 թվականին Աշոտ Աբրահամյանը Տեսչություն է ներկայացրել անհատ ձեռնարկատիրոջ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Վերաքննիչ դատարանը, օբյեկտիվորեն գնահատելով գործի փաստական հանգամանքները, եկել է ճիշտ եզրահանգման, որ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունները սույն գործի նկատմամբ կիրառելի չեն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 13.10.2004 թվականի անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման թիվ 01 Ա 087452 վկայականի համաձայն` Աշոտ Աբրահամյանը գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր (գ.թ. 6):

2) Տեսչության մնացորդի վերաբերյալ տեղեկանք-հաշվարկի և սոցիալական ապահովագրության վճարի անձնական հաշվի քարտի համաձայն` 26.10.2010 թվականի դրությամբ Աշոտ Աբրահամյանի պարտավորությունը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով, կազմում է 205.692 ՀՀ դրամ, այդ թվում` 114.200 ՀՀ դրամ` ապառք, 91.492 ՀՀ դրամ` տույժ (գ.թ. 8-16):

3) Վերաքննիչ բողոքին կից ներկայացված 2005 և 2006 թվականների համար անհատ ձեռնարկատիրոջ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին 28.02.2007 թվականի հայտարարագրերի «Հայտարարագիր ներկայացնողի ստորագրությունը» տողում առկա չեն հայտարարագիր ներկայացնողի ստորագրությունները (գ.թ. 39-40):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վերաքննիչ դատարանն ընդունում է սույն օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ գտնում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն: Եթե դատավարության մասնակիցը չի հիմնավորում, որ վարչական դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, ապա դատական ծախսերը, անկախ գործի ելքից, սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված չափով կրում է այդ դատավարության մասնակիցը:

Նշված հոդվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտը վերանայելով վերաքննիչ բողոքի սահմաններում, միաժամանակ կաշկանդված չէ դատավարության մասնակիցների կողմից նոր ապացույցների ներկայացմամբ: Բացառություն է այն դեպքը, երբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված նոր ապացույցը տվյալ գործի լուծման համար էական նշանակություն չունի: Ընդ որում, եթե դատավարության մասնակիցը չի հիմնավորում վարչական դատարանում գործի քննության ժամանակ ապացույցն իր կամքից անկախ հանգամանքներով չներկայացնելու հանգամանքը, ապա դատական ծախսերը, անկախ գործի ելքից, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված չափով կրում է այդ դատավարության մասնակիցը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում ապացույց չներկայացրած դատավարության մասնակիցը կրում է դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը` դատական ծախսերի եռապատիկի չափով:

Սույն գործով Տեսչությունն իր վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է նոր ապացույցներ` 2005 և 2006 թվականների համար անհատ ձեռնարկատիրոջ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին 28.02.2007 թվականի հայտարարագրերը, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից ընդունվել են և դրվել որոշման հիմքում: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը դատական ծախսերի հարցը լուծելիս այն բռնագանձել է Աշոտ Աբրահամյանից:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ընդունելով Տեսչության կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված նոր ապացույցները, թույլ չի տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի խախտում:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարան ներկայացված նոր ապացույցները չեն կարող օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցներ համարվել, քանի որ դրանք Դատարանում չեն ներկայացվել:

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշում հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ դատական ակտի իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Աիդա Շահվերդյանի հայցն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի գույքի մասնավորեցման աճուրդային հանձնաժողովի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Կարեն Շխոյանի և Հրազդանի նոտարական տարածքի նոտարի` մասնակի` 11,76 քմ մակերեսով միջանցիկ տարածքի մասով Հրազդան համայնքի գույքի մասնավորեցման աճուրդային հանձնաժողովի 04.02.2008 թվականի «Գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին» թիվ 1 արձանագրությունը, Հրազդանի քաղաքապետարանի և Կարեն Շխոյանի միջև 03.03.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34 շենքի 1-ին հարկի ոչ բնակելի տարածքի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին գործով Վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի թիվ ՎԴ/4056/05/09 որոշումը):

Սույն գործով վերաքննիչ բողոքը բավարարելիս Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Աշոտ Աբրահամյանը 2006 թվականի հունվարի 1-ից հետո շարունակել է գործունեությունը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ 28.02.2007 թվականին հարկային տեսչություն ներկայացված հայտարարագրերով ապացուցվում է այն հանգամանքը, որ Աշոտ Աբրահամյանը 2005 թվականին գործունեություն է իրականացրել:

Մինչդեռ, սույն գործում առկա` վերաքննիչ բողոքին կից ներկայացված 2005 և 2006 թվականների համար անհատ ձեռնարկատիրոջ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին 28.02.2007 թվականի հայտարարագրերի «Հայտարարագիր ներկայացնողի ստորագրությունը» տողում առկա չեն հայտարարագիր ներկայացնողի ստորագրությունները:

Վերը նշվածը հաշվի առնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել 2005 և 2006 թվականների համար անհատ ձեռնարկատիրոջ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին 28.02.2007 թվականի հայտարարագրերը: Մասնավորապես, չի գնահատել այն հանգամանքը, որ նշված հայտարարագրերի «Հայտարարագիր ներկայացնողի ստորագրությունը» տողում առկա չեն հայտարարագիր ներկայացնողի ստորագրությունները:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանն ընդունելով նոր ապացույցներ և դրանք դնելով Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու հիմքում, Տեսչության վրա չի դրել դատական ծախսերի եռապատիկը վճարելու պարտավորություն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է, քանի որ դատական ծախսերի հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 10-րդ մասի ուժով պետք է նախ պարզեր վարչական դատարանում գործի քննության ժամանակ նոր ապացույցը Տեսչության կամքից անկախ հանգամանքներից չներկայացնելու հանգամանքը, որից հետո նոր անդրադառնար դատական ծախսերի բաշխման հարցին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Անհատ ձեռնարկատեր Աշոտ Աբրահամյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.02.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.07.2011
N ՎԴ3/0324/05/10
Որոշում