ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0274/02/08
դատարանի որոշում 2011 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0274/02/08
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի
2011 թվականի հուլիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2010 թվականի որոշման դեմ ըստ հայցի Սարգիս Մարգարյանի ընդդեմ Գայանե Կարապետյանի` ապօրինի զավթած ճանապարհը և սեփականության իրավունքով պատկանող տարածքն ազատելուն պարտավորեցնելու պահանջի մասին և Գայանե Կարապետյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սարգիս Կարապետյանի, երրորդ անձ Կարբիի գյուղապետարանի, Հարություն Շահբազյանի, Վազգեն Սամսոնյանի և Երվանդ Նանյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աշտարակի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ապօրինի տիրապետման և 012-021 ծածկագրի տակ գտնվող ճանապարհն ու առուն ազատել պարտավորեցնելու և 012-018 ծածկագրի տակ գտնվող Սարգիս Մարգարյանի անվամբ հաշվառված տնամերձ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և այդ չափով անշարժ գույքի գրանցման միասնական մատյանում կատարված գրառումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան Սարգիս Մարգարյանը պահանջել է պարտավորեցնել Գայանե Կարապետյանին ազատել ապօրինի զավթած ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող սեփականության իրավունքով պատկանող 1.800 քմ տարածքից ճանապարհին կից 200 քմ տարածքն ու ճանապարհը և վերականգնել նախկին տեսքը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գայանե Կարապետյանը պահանջել է պարտավորեցնել Սարգիս Մարգարյանին ազատելու ապօրինի տիրապետման ներքո գտնվող ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում 012-021 ծածկագրով ճանապարհը և առուն, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող Սարգիս Մարգարյանի անվամբ 012-018 ծածկագրով գրանցված 140 քմ տնամերձ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը և այդ չափով մասնակի անվավեր ճանաչել Սարգիս Մարգարյանի անվամբ անշարժ գույքի գրանցման միասնական մատյանում կատարված պետական գրանցումը:
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.02.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` Արագածոտնի մարզի Կարբի համայնքում 012-018 ծածկագրի տակ գտնվող Սարգիս Մարգարյանի անվամբ հաշվառված 140 քմ տնամերձ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և նշված չափով սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2010 թվականի որոշմամբ Սարգիս Մարգարյանի և Գայանե Կարապետյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են` Դատարանի 25.02.2010 թվականի վճիռը բեկանվել է և հայցը մերժելու ու հակընդդեմ հայցը մասնակիրորեն բավարարելու մասերով այն փոփոխվել է` հայցը բավարարվել է` Գայանե Կարապետյանը պարտավորեցվել է ազատել Արագածոտնի մարզի Կարբի համայնքում 012-018 ծածկագրի տակ գտնվող Սարգիս Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող իր կողմից ապօրինի զբաղեցրած 140 քմ հողամասը, իսկ հակընդդեմ հայցը`Արագածոտնի մարզի Կարբի համայնքում 012-018 ծածկագրի տակ գտնվող Սարգիս Մարգարյանի անվամբ հաշվառված 140 քմ տնամերձ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և նշված չափով սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով մերժվել է: Հայցի` ապօրինի զավթած ճանապարհն ազատել պարտավորեցնելու և հակընդդեմ հայցի` պատասխանողների ապօրինի տիրապետման և 012-021 ծածկագրի տակ գտնվող ճանապարհն ու առուն ազատել պարտավորեցնելու պահանջների մասերով գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Կարապետյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սարգիս Մարգարյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 132-րդ հոդվածները, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Գայանե Կարապետյանը 1994 թվականից բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է վիճելի 140 քմ տնամերձ հողամասը, տնկել է պտղատու, բերքատու ծառեր, հոգացել է դրանց պահպանման խնդիրները, ինչի վերաբերյալ Դատարանին են ներկայացվել բազմաթիվ գրավոր հայտարարություններ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ սեփականության իրավունք կարող է ձեռք բերվել ինչպես առուվաճառքի պայմանագրի, այնպես էլ ձեռքբերման վաղեմության ուժով, հետևաբար 140 քմ տնամերձ հողամասի վերաբերյալ առուվաճառքի պայմանագրի առկայության դեպքում իմաստազուրկ կլիներ պահանջել դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչել ձեռքբերման վաղեմության ուժով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.02.2010 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Սույն գործով Գայանե Կարապետյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց վիճելի գույքը բարեխիղճ ձեռք բերելու, տասը տարի տիրապետելու, ինչպես նաև Սարգիս Մարգարյանի կողմից վիճելի գույքից հրաժարվելու վերաբերյալ, իսկ ներկայացված հարկերի վճարման անդորրագրերը վերաբերում են Գայանե Կարապետյանին պատկանող գույքին, քանի որ վերջինս չէր կարող հարկեր վճարել Սարգիս Կարապետյանի գույքի համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1) 16.10.2003 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1565306 վկայականի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող 012-018 կադաստրային համարի ներքո գրանցված 0,18 հա մակերեսով տնամերձ հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Սարգիս Մարգարյանին, Հեղինե Նանյանին, Քրիստինե և Վելգեմ Մարգարյաններին (հատոր 1-ին, գ.թ.17-18):
2) 16.10.2003 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1543417 վկայականի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող 012-017 կադաստրային համարի ներքո գրանցված 0,18 հա մակերեսով տնամերձ հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Գայանե, Գոհար, Հրանտ Կարապետյաններին (հատոր 2-րդ, գ.թ. 5-8):
3) Կադաստրի 18.07.2008 թվականի թիվ 2595 գրության համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման ժամանակ Կարբի համայնքում 012-017 և 012-018 ծածկագրերով հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ստացել են համապատասխանաբար 0,18 հա և 0,18 հա հողամասեր, սակայն քարտեզագրման արդյունքների ճշգրտումից հետո նշված հողամասերի չափը կազմել է 0,2011 հա և 0,1623 հա (հատոր 1-ին, գ.թ. 35):
4) Կադաստրի 30.09.2009 թվականի թիվ 1406 գրության համաձայն` Կարբի համայնքում 012-019 ծածկագրով հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցում չի կատարվել, իսկ 012-001, 012-002, 012-017, 012-018 և 012-019 ծածկագրերով տնամերձ հողամասերի համար տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականներում նշված մակերեսները չեն համապատասխանում քարտեզում համապատասխան ծածկագրերով հողամասերի իրական մակերեսներին: Սեփականության իրավունքի գրանցման վկայականներում նշված չափերի և գծված հողամասերի իրական չափերը հետևյալն են` 012-001 ծածկագրով սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված է 0,13 հա, իսկ հողամասի փաստացի չափն ըստ հատակագծի կազմում է 0,118 հա, 012-002 ծածկագրով սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված է 0,14 հա, իսկ հողամասի փաստացի չափն ըստ հատակագծի կազմում է 0,143 հա, 012-017 ծածկագրով սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված է 0,18 հա, իսկ հողամասի փաստացի չափն ըստ հատակագծի կազմում է 0,2 հա, 012-018 ծածկագրով սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված է 0,18 հա, իսկ հողամասի փաստացի չափն ըստ հատակագծի կազմում է 0,1623 հա, 012-020 ծածկագրով սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված է 0,13 հա, իսկ հողամասի փաստացի չափն ըստ հատակագծի կազմում է 0,158 հա, 012-017 և 012-018 ծածկագրերով հողամասերի միջև առկա է անհամապատասխանություն սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող և քարտեզում նշված հողամասերի միջև, բաժանման գիծը չի համապատասխանում փաստացի օգտագործմանը: 140 քմ հողամասը փաստացի օգտագործում է Գայանե Կարապետյանը, որը սեփականության իրավունքի գրանցման վկայականով պատկանում է Սարգիս Մարգարյանին (հատոր 2-րդ, գ.թ. 30-31):
5) Կադաստրի 02.10.2009 թվականի թիվ 1417 գրության համաձայն` Կարբի համայնքում 012-021 ծածկագրով հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 503 քմ, որն ամբողջովին զբաղեցրել են քաղաքացիները: Գայանե Կարապետյանը զբաղեցրել է 115,5 քմ, ըստ կադաստրային ծածկագրերի` 012-001 հողամասի սեփականատերը զբաղեցրել է 012-001 և 012-019 ծածկագրերով հողամասերի միջև ընկած 76,0 քմ հողատարածքը, իսկ 311,5 քմ հողատարածքը զբաղեցրել են 012-018 և 012-002 ծածկագրերով հողամասերի սեփականատերերը: Գայանե Կարապետյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականում և փաստացի զբաղեցրած հողամասի չափի միջև առկա է անհամապատասխանություն: Նախկին հատակագծում նշված թիվ 19 և 20 գագաթների միջև ընկած չափն ըստ հատակագծի կազմում է 13,95 մ, իսկ իրական փաստացի չափը կազմում է 13,0 մ, այսինքն` առկա է հողատարածք` 21,5 քմ մակերեսով, որը գծված է Գ. Կարապետյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականում, սակայն փաստացի օգտագործում է Սարգիս Մարգարյանը (հատոր 2-րդ, գ.թ. 34-35):
6) Կարբիի գյուղական համայնքի ղեկավարի 01.08.2008 թվականի տեղեկանքի համաձայն` 0,183 հա տնամերձ հողամասը պատկանում է Սարգիս Մարգարյանին: Հողատեսքի հարկերը մուծվել են Սարգիս Մարգարյանի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 80):
7) Կարբի գյուղապետարանի 12.02.2010 թվականի տեղեկանքի համաձայն` Ս. Մարգարյանին Կարբի համայնքում գտնվող սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքի 0,162 հա հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 12.02.2010 թվականի դրությամբ կազմում են` 2005-2010 թվականների համար 9.655 ՀՀ դրամ, հողատարածքի գտնվելու վայրն է 012-018, իսկ 0,183 հա հողի հարկի գծով կազմում է` 2000-2010 թվականների համար 19.258 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 106-107):
8) Կարբիի գյուղապետարանի 12.02.2010 թվականի տեղեկանքի համաձայն` Գ.Կարապետյանին Կարբի համայնքում սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող 0,2 հա հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 12.02.2010 թվականի դրությամբ կազմում են` 2007-2010 թվականների համար 1.380 ՀՀ դրամ, 0,158 հա հողի հարկի գծով կազմում են` 2007-2010 թվականների համար 1.147 ՀՀ դրամ: Գ. Կարապետյանը Կարբի գյուղում ունի 0,2 հա տնամերձ հողամաս, որի տարեկան հարկը կազմում է 4.800 ՀՀ դրամ, և 0,158 հա տնամերձ հողամաս, որի տարեկան հարկը կազմում է 3.792 ՀՀ դրամ: Կարբիի գյուղապետարանում այդ հողամասերի վերաբերյալ հողի հարկի հարկային պարտավորություններ առկա չեն (հատոր 1-ին, գ.թ. 38, հատոր 2-րդ, գ.թ.104-105):
9) Լյուդվիգ Թադևոսյանը հայտարարությամբ հայտնել է, որ «իմ հողամասի ճանապարհը եղել է վերևի մասով Արտավազդ Նանյանի հողամասի հարևանությամբ, ընդհանուր ճանապարհով, որի մասին հայտնել եմ Սարգիս Մարգարյանին» (հատոր 1-ին, գ.թ. 33):
10) Դատարանի տեղատեսություն կատարելու մասին 23.11.2009 թվականի արձանագրության համաձայն` պարզվել է, որ Գայանե Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում, ճանապարհի վրա տեղադրված է մետաղյա դարպաս: Այգու ներքևի մասում առկա է եռանկյունաձև տարածք, որն առվով տարանջատված է Սարգիս Մարգարյանին պատկանող հողատարածքից: Առվի վրա առկա են ցցեր, իսկ ցցով տարանջատված մասում տնկված են պտղատու, բերքատու ծառեր: Գայանե Կարապետյանի հայտարարությամբ շուրջ 16 տարի առաջ այն 300 դոլարով գնել է Սարգիս Մարգարյանից, իսկ Սարգիս Մարգարյանը հայտարարել է, որ այն չի վաճառել Գայանե Կարապետյանին, այլ վերջինս հողամասը տիրապետում է ապօրինաբար (հատոր 2-րդ, գ.թ. 83-84):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
i
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իրսեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս ըստ հայցի Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջների մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում բազմիցս անդրադարձել է որոշման իրավական հիմնավորմանը:
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշմամբ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա դատական ակտի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը (տե՛ս ըստ հայցի Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանի ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ԿԴ3/0026/02/08 որոշումը):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս ըստ հայցի «ԱՎԱ» ՍՊԸ-ի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սերգեյ Գաբրիելյանի և Վիոլետա Գաբրիելյանի անշարժ գույքի անհատույց օգտագործման 03.03.2005 թվականի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, տարածքից վտարելու պահանջների մասին, և ըստ Սերգեյ Գաբրիելյանի հակընդդեմ հայցի` պայմանագիրը շինծու գործարք ճանաչելու և որպես շինծու գործարքի հետևանք ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրին վերաբերող կանոնները կիրառելու պահանջների մասին քաղաքացիական գործ ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի թիվ 3-89(ՏԴ) որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հակընդդեմ հայցը մերժելիս պատճառաբանել է, որ սույն գործում բացակայում է Գայանե Կարապետյանի կողմից վիճելի գույքի ինչպես բարեխիղճ, այնպես էլ տասը տարի անընդմեջ տիրապետելու փաստը հավաստող որևէ ապացույց:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով չի իրականացրել քաղաքացիական գործում առկա ապացույցների պատշաճ գնահատում, մասնավորապես` սույն գործի փաստերի համաձայն` Կարբի համայնքում 012-017 և 012-018 ծածկագրերով հողամասերի միջև առկա է անհամապատասխանություն սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող և քարտեզում նշված հողամասերի միջև, բաժանման գիծը չի համապատասխանում փաստացի օգտագործմանը, Գայանե Կարապետյանին պատկանում է 0,183 հա հող, սակայն կատարել է 0,2 հա հողի հարկի վճարում, իսկ Սարգիս Մարգարյանին պատկանում է 0,183 հա հող, սակայն կատարել է 0,162 հա հողի հարկի վճարում: Գործում առկա մեկ այլ ապացույցի համաձայն` (Կարբիի գյուղական համայնքի ղեկավարի 01.08.2008 թվականի տեղեկանք) 0,183 հա տնամերձ հողամասը պատկանում է Սարգիս Մարգարյանին: Հողատեսքի հարկերը մուծվել են Սարգիս Մարգարյանի կողմից:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա են հակասական ապացույցներ, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման առարկա չեն դարձել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը Գայանե Կարապետյանի և Սարգիս Մարգարյանի կողմից հողամասերի համար կատարած վճարումների վերաբերյալ պատշաճ գնահատում չի կատարել:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան