ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ՇԴ3/0018/02/09
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0018/02/09 2009 թ.
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
Դատավորներ` Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռուզաննա Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռուզաննա Հարությունյանի ընդդեմ Արթիկի Դ. Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի (այսուհետ` Դպրոց)` նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդը բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռուզաննա Հարությունյանը պահանջել է վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդը ամբողջ ժամանակահատվածի համար: Ռուզաննա Հարությունյանը փոփոխելով հայցապահանջը, հրաժարվել է հարկադիր պարապուրդի համար բռնագանձման պահանջից:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 08.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի: Վճռվել է Ռուզաննա Հարությունյանին վերականգնել նախկին աշխատանքում, իսկ հարկադիր պարապուրդի հետևանքով չվճարված աշխատավարձի համար վճարելու պահանջի մասով` կարճել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.06.2009 թվականի որոշմամբ բեկանվել է Դատարանի 08.04.2009 թվականի վճռի` հայցի բավարարման մասը և այն փոփոխվել է` նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, 220-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, և նույն հոդվածի 113-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում բացակայում է Ռուզաննա Հարությունյանին աշխատանքից ազատելու ժամանակ նրա մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք չլինելու վերաբերյալ փաստը հիմնավորող որևէ ապացույց:
Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով և այն փոփոխելով, չի պատճառաբանել, թե որ ապացույցի հիման վրա է հիմնավորված համարել, որ երաժշտական դպրոցում առկա չէ հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում բացակայում են երաժշտական դպրոցում աշխատողների քանակը և պաշտոնների անվանումները սահմանող փաստաթղթերը:
Դպրոցում իրականում կրճատումներ չեն եղել, և նույնիսկ Ռուզաննա Հարությունյանի աշխատանքի ազատման պահին էլ առկա էր այլ աշխատանք:
Բացի այդ, Արթիկի համայնքի ավագանու 27.03.2009 թվականի նիստի թիվ 7 որոշման քաղվածքի համաձայն` երաժշտական դպրոցում ավելացել է երաժշտական դասատուի հաստիք, իսկ 29.05.2009 թվականի նիստի թիվ 10 որոշման քաղվածքի համաձայն, որը Դատարանում գործի քննության ժամանակ առկա չի եղել, Արթիկի երաժշտական դպրոցում ևս ավելացվել է երաժշտական դասատուի հաստիք, որը սույն գործի համար նշանակություն ունեցող ապացույց է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.06.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.04.2009 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Դպրոցի տնօրենի 01.09.1984 թվականի թիվ 47 հրամանի քաղվածքի համաձայն` 01.09.1984 թվականից Ռուզաննա Հարությունյանը Դպրոցում ընդունվել է աշխատանքի որպես դասատու (գ.թ. 37):
2. Արթիկի քաղաքապետի 26.11.2008 թվականի թիվ 246 գրությամբ` ուղղված Դպրոցի տնօրեն Է. Գևորգյանին, հայտնվել է, որ տեղական բյուջեի սղության պատճառով նախատեսվում է կառուցվածքային փոփոխություններ և հաստիքների կրճատումներ: Տվյալ գրությամբ նշված չեն, թե որ հաստիքներն են կրճատվում (գ.թ. 31):
3. Դպրոցի տնօրենի 27.01.2009 թվականի թիվ 12 հրամանի քաղվածքի համաձայն` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ինչպես նաև հիմք ընդունելով քաղաքապետարանի 26.11.2008 թվականի թիվ 246 գրությունը` տեղական բյուջեի սուղ միջոցների պատճառով հաստիքային միավորների կրճատման վերաբերյալ, 27.01.2009 թվականից Ռուզաննա Հարությունյանը ազատվել է աշխատանքից (գ.թ. 6):
4. Արթիկի համայնքի ավագանու 13.01.2009 թվականի նիստի թիվ 3 որոշման քաղվածքի համաձայն` ավելացել են տեղական եկամուտները, փակվել են կրեդիտորական պարտքերը և հնարավորություն է ստեղծվել համայնքային հիմնարկների և համայնքի ղեկավարի աշխատակազմի հաստիքացուցակներում կատարել հաստիքների ավելացում: (գ.թ. 51-52):
5. Սույն գործում առկա չէ Դպրոցում պաշտոնների անվանումները սահմանող փաստաթղթերի և աշխատողների թվաքանակի կրճատման վերաբերյալ որևէ ապացույց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցադրումները.
Արդյոք տեղական բյուջեի սղության պատճառով նախատեսված կառուցվածքային փոփոխությունների և հաստիքների կրճատումների հետևանքով Դպրոցում կրճատվել է Ռուզաննա Հարությունյանի հաստիքը և արդյո՞ք Ռուզաննա Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն ունեցել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:
Սույն գործով Դատարանը, հայցի բավարարման հիմքում դնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը և հաստատված համարելով, որ սույն գործով աշխատանքից ազատման իրավական հիմքը հաստիքների կրճատումն է, ինչպես նաև այն, որ 13.01.2009 թվականի նիստի թիվ 3 որոշմամբ ավելացել է ընդհանուր առմամբ 33 հաստիք, հանգել է այն հետևության, որ գործատուն Ռուզաննա Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելիս ունեցել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք:
Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով և այն փոփոխելով, նույնպես հաստատված է համարել, որ սույն գործով աշխատանքից ազատման իրավական հիմքը հաստիքների կրճատումն է և հանգել է այն հետևության, որ հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունը գործատուի մոտ բացակայել է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):
Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված չեն այն ապացույցները, որոնց հիման վրա Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ սույն գործով աշխատանքից ազատման իրավական հիմքը հաստիքների կրճատումն է, և երաժշտական դպրոցում առկա չէ Ռուզաննա Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք:
Այսինքն` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում բացակայում է երաժշտական դասատուի հաստիքի կրճատումն հիմնավորող որևէ ապացույց:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան