Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԷՄԻԼԻՅԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ԷՄԻԼԻՅԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ Ք ...

 

 

020.0754.270508

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԷՄԻԼԻՅԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 231.1. ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ 233 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍ)` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 27 մայիսի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող` քաղ. Է. Մելիքյանի և նրա ներկայացուցիչ Հ. Հարությունյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Էմիլիյա Մելիքյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 4-րդ մասի (նոր խմբագրությամբ 233 հոդվածի 4-րդ մաս)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղ. Է. Մելիքյանի` 28.12.2007թ. դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հունիսի 17-ին, Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 1998թ. օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ից:

Սկզբնապես դիմողի կողմից վիճարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1. հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության, 231.1. հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթների սահմանադրականությունը: Սահմանադրական դատարանի կողմից դիմումը քննության է ընդունվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 4-րդ մասի առնչությամբ:

Օրենսգրքի 231.1. հոդվածը վերնագրված է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը», որի 4-րդ մասը սահմանում է.

«4. Առանց ժամկետի սահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում բողոք բերող անձը չի կարող կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածը դիմողի նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-98-Ն` ՀՀ Ազգային ժողովի կողմից 21.02.2007թ. ընդունված, 15.03.2007թ. ՀՀ Նախագահի կողմից ստորագրված, 07.04.2007թ. ուժի մեջ մտած ՀՀ օրենքի խմբագրությամբ: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2007թ. ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ լուծել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի` մինչև նշված օրենքի ընդունումը գործող խմբագրությամբ տեքստի սահմանադրականության հարցը. նշված տեքստը բաղկացած է եղել միայն 3 մասից և չի ներառել վիճարկվող դրույթը: Վերջինս ավելացվել է վերոհիշյալ օրենքով: Հետագայում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-277-Ն ՀՀ օրենքով` ընդունված ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի նոյեմբերի 28-ին, որը ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 2007թ. դեկտեմբերի 20-ին, ուժի մեջ է մտել 01.01.2008թ., ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 231.1. հոդվածը վերաձևակերպվել է որպես գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդված:

2. Համաձայն վերջնական դատական ակտի` ՀՀ կառավարության 10.06.2004թ. նիստում ընդունվել է ՀՀ պետական գույքը մասնավորեցնելու մասին որոշում, որով նախատեսվել է «Պարեն» ԳԱՆ ՊՓԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով: Հետագայում, առանց կառավարության կողմից կրկին քննարկման, փոխվել է գույքի մասնավորեցման ձևը` վերածվելով ուղղակի վաճառքի:

Դիմողը, իր մի շարք աշխատակիցների հետ, դիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` պահանջելով անվավեր ճանաչել կառավարության նշված որոշումը: Դատարանի 25.01.2005թ. վճռով դիմումը մերժվել է: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի հունիսի 28-ի վճռով ևս դիմումը մերժվել է: Դիմողը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատ, որն իր 20.09.2005թ. որոշմամբ բեկանել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը` ՀՀ կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու մասով, և գործի վարույթը կարճել է` վճռի մնացած մասը թողնելով անփոփոխ:

Հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի 16.11.2006թ. ՍԴՈ-665 որոշումը, դիմողը դիմում է ներկայացրել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման մասին, որն էլ իր` 23.03.2007թ. վճռով դիմումը թողել է առանց բավարարման: Դիմողը կրկին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան, որն իր` 28.06.2007թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձրել է, գտնելով, որ գործը վարույթ ընդունելու հիմքերը բացակայում են:

3. Դիմողը 28.12.2007թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` գտնելով, որ ՀՀ քաղ. դատ.օր.-ի 231.1. հոդվածի 4-րդ մասի դրույթները` ՀՀ վճռաբեկ դատարանի իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, հակասում են ՀՀ Սահմանադրության 3, 6 (1-ին, 2-րդ և 5-րդ մասեր), 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին, և դրանք անհրաժեշտ է անվավեր ճանաչել:

Դիմողը մասնավորապես մատնանշում է, որ Հայաստանի Հանրապետությունը, իրեն հռչակելով որպես իրավական պետություն, Սահմանադրության 18 և 19 հոդվածներով հստակ նախատեսում և երաշխավորում է յուրաքանչյուր անձի` իր խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու իրավունքը` օրենքով սահմանված կարգով ու ծավալով:

Ըստ դիմողի` վիճարկվող դրույթում թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար վճռաբեկ դատարանի կողմից ժամկետների սահմանումը պետք է հետապնդի դատական պաշտպանության իրավունքի իրականացման ապահովման, այլ ոչ թե այդ իրավունքի սահմանափակման նպատակ: Ժամկետ չսահմանելը չի կարող բացառել օրենքով իսկ սահմանված ժամկետում թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու իրավունքը (առնվազն մեկ անգամ` բարեխղճորեն օգտվելով դատավարական իրավունքներից): Վճռաբեկ դատարանը չի կարող իրագործել թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ սահմանելու կամ չսահմանելու իրավունքը` առանց պատճառաբանություններ նշելու:

Դիմողի պնդմամբ` վիճարկվող դրույթի և ՀՀ Սահմանադրության նշված հոդվածների միջև հակասությունը կայանում է նրանում, որ վիճարկվող դրույթը պարունակում է վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված սովորական ժամկետներում ընդհանուր կարգով վճռաբեկ բողոք ներկայացնելու սահմանափակում:

4. Առարկելով դիմողի պնդումների դեմ` պատասխանող կողմը գտնում է, որ վեճի առարկա նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Պատասխանողի կարծիքով, վճռաբեկ բողոքը քննության ընդունելուն վերաբերող դատավարական կանոնները նպատակ են հետապնդում ապահովել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` վճռաբեկ դատարանի գործունեության նպատակի` օրենքի միատեսակ կիրառությունը: Հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքը քննության ընդունելու կամ չընդունելու որոշումը կարող է էական նշանակություն ունենալ անձի սահմանադրական իրավունքների իրականացման համար, և այն, որ վճռաբեկ բողոքը քննության չընդունելու մասին որոշումը վերջնական դատական ակտ է, օրենսդիրը ՀՀ դատական օրենսգրքի 53 հոդվածի 1-ին մասում սահմանել է բողոքը քննության ընդունելու կամ չընդունելու համար հատուկ ընթացակարգ, ինչը պայմանավորված է անձի իրավունքների դատական պաշտպանության երաշխավորման անհրաժեշտությամբ, և իրենից ներկայացնում է բողոքարկողի համար լրացուցիչ դատավարական երաշխիք:

Ըստ պատասխանողի` ՀՀ վճռաբեկ դատարանին, իր գործառնական կարգավիճակին համապատասխան, օրենքով վերապահվել են ինչպես պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազորություններ` պայմանավորված ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի երկրորդ մասում ամրագրված հիմնադրույթի իրացման անհրաժեշտությամբ: Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 3-րդ մասի համաձայն, վերապահվել է հայեցողական լիազորություն:

Պատասխանողը գտնում է, որ այս մոտեցումները բխում են նաև ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի դրույթներից, և հենց այդ մոտեցումներից ելնելով է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել է համապատասխան փոփոխություններ: Վիճարկվող նորմերը որոշակի են ու հստակ, բխում են դատական համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումներից, համարժեք են արդարադատական համակարգի եվրոպական զարգացումներին:

Միաժամանակ, պատասխանողը` անդրադառնալով դատական համակարգի զարգացման բնագավառում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականներին, արել է այն հիմնական հետևությունը, որ տարբեր մոտեցումներ են ցուցաբերվում դատական տարբեր ատյանների իրավասությունների սահմանման ու դրանց իրականացման կարգերի նկատմամբ, ընդ որում, երրորդ ատյանի դատարան բողոքներ պետք է բերվեն առաջին հերթին այնպիսի գործերով, որոնք կարող են նպաստել իրավունքի զարգացմանը կամ կարող են նպաստել օրենքի միանման մեկնաբանմանը: Այդ շրջանակը կարող է նաև նեղացվել այն գործերի վերաբերյալ բողոքներով, որոնք առնչվում են իրավունքի այնպիսի հարցերի, որպիսիք ողջ հասարակության համար կարևորություն չեն ներկայացնում:

5. Դիմողի փաստարկները հիմնականում առնչվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 3-րդ մասում ամրագրված` վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու համար վճռաբեկ դատարանի կողմից ժամկետ սահմանելու հայեցողական լիազորության վերաբերյալ դրույթին, որի սահմանադրականության հարցն արդեն իսկ քննության առարկա է դարձել ՀՀ սահմանադրական դատարանում:

Սահմանադրական դատարանը իր` 2007թ. ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ առանձնակիորեն կարևորել է այն իրավական երաշխիքներն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտությունը, որոնք կոչված են ապահովելու վճռաբեկ դատարանի կողմից` նշված հայեցողական լիազորության իրավաչափ և ոչ կամայական իրականացումը: Մասնավորապես, սահմանադրական դատարանն իր որոշման 11-րդ կետում շեշտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 3-րդ կետում կիրառված «թերություններ» արտահայտության հստակ ըմբռնելի բովանդակությունը սահմանելը, բողոքատու անձանց կողմից վճռաբեկ բողոքն օրենսգրքի 230 հոդվածի պահանջներին ըստ ձևի համապատասխանեցնելու պայմանները, կարգը և ժամկետն օրենսդրորեն հստակեցնելը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա վճռաբեկ վարույթում առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Սահմանադրական դատարանն իր նշված որոշման եզրակափակիչ մասի 3-րդ կետում ամրագրել է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 2-րդ կետը (2006թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) ... վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար, նաև` արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6 (1-ին և 2-րդ մասեր), 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»: Այսինքն` վճռաբեկ դատարանի կողմից` նշված հայեցողական լիազորության իրավաչափ և ոչ կամայական իրականացումն ապահովող կարևոր իրավական երաշխիք պետք է հանդիսանար նաև վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանման պարտադիր պայմանն օրենքով հստակ սահմանելը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական դատարանի նշված որոշման ընդունումից ի վեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում վերոհիշյալ իրավական երաշխիքները լիարժեքորեն չեն ապահովվել:

Այսպես` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007թ. նոյեմբերի 28-ի օրենքի 75 հոդվածի համաձայն` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 233 հոդվածի 2-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից 10 օրվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված, բացառությամբ սույն օրենսգրքի 234 հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի»: Նույնաբովանդակ դրույթ է ըստ էության ամրագրված նաև ՀՀ դատական օրենսգրքի 50 հոդվածի 4-րդ մասում. վերջինս ևս վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանման պահանջը չի տարածում այն որոշումների վրա, որոնցում վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմքն այն է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը չի կարող էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը` նման բացառություն սահմանելով, լիարժեքորեն չի ապահովել սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշման կատարումը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ օրենսդիրը դեռևս չի սահմանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 3-րդ մասում (գործող օրենսգրքի 233 հոդվածի 3-րդ մաս) կիրառված «թերություններ» արտահայտության հստակ ըմբռնելի բովանդակությունը:

Վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու համար վճռաբեկ դատարանի կողմից ժամկետ սահմանելու հայեցողական լիազորության իրավաչափ և ոչ կամայական իրականացման ապահովմանը միտված անհրաժեշտ իրավական երաշխիքներն օրենսդրորեն ոչ լիարժեքորեն ամրագրելու պայմաններում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.02.2007թ. ՀՕ-98-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածը

(07.07.2006թ. խմբագրությամբ) լրացվել է վիճարկվող դրույթով:

Փաստորեն, մի կողմից` չեն ստեղծվել վերոհիշյալ հայեցողական լիազորության իրավաչափ իրականացումն ապահովող իրավական երաշխիքներ, մյուս կողմից` վիճարկվող դրույթով բացառվել է կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունն այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը չի սահմանում բողոքի թերությունները շտկելու համար ժամկետ: Այսինքն` բացակայում են ինչպես հայեցողական լիազորության կամայական իրականացումը կանխելու երաշխիքները, այնպես էլ այդ հայեցողական լիազորության ոչ իրավաչափ իրականացումը հաղթահարելու միջոցը:

6. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով համապատասխանաբար հայցադիմումը, դիմումը, վերաքննիչ բողոքը, անհատական դիմումը վերադարձնելու հետ կապված հարաբերությունների իրավակարգավորման ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայն այդ իրավակարգավորման հիմքում ընկած տրամաբանության` հայցադիմումի, դիմումի, վերաքննիչ բողոքի, անհատական դիմումի թերությունները չեն կարող խոչընդոտել դրանց քննության ընդունման հարցի դրական լուծմանը և կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը: Նշված տրամաբանությունն էլ իր հերթին բխում է դատարանի մատչելիությունն ապահովելու անհրաժեշտությունից:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92 հոդվածի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե դրանում առկա են այդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտումներ: Հայցադիմումում թույլ տրված խախտումները, նույնն է, թե թերությունները վերացվելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումն ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը: Ընդ որում, հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Նույն օրենսգրքի 213 հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանը գործն ստանալուց հետո եռօրյա ժամկետում կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, եթե բողոքում թույլ են տրվել նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների խախտումներ: Համապատասխան խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Այս դեպքում ևս, վերադարձնելու որոշումը ենթակա է բողոքարկման. այն բողոքարկվում է վճռաբեկության կարգով:

Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78 հոդվածի` վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում: Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերևույթ թերությունները: Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացվելու օրը: Հարկ է նկատել, որ այս հոդվածում հայցադիմումի «թերություններ» և «խախտումներ» հասկացությունները նույնացված են:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի համաձայն` դիմողը դիմումը վերադարձնելը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկել սահմանադրական դատարանի նախագահին, որն այդ հարցով ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց մեկ օր հետո ընդունում է վերջնական որոշում:

Վերոհիշյալ իրավակարգավորումը վկայում է, որ ստեղծված են այնպիսի իրավական երաշխիքներ, որոնք գործնականում կբացառեն թերությունների կամ օրենքի համապատասխան պահանջների խախտումների պատճառաբանությամբ հայցադիմումի, դիմումի, վերաքննիչ բողոքի կամ անհատական դիմումի քննության ընդունման հարցի դրական լուծումը: Նախևառաջ, անձը դատարանի մատնանշած թերությունները շտկելուց հետո ըստ էության ազատ է շտկված փաստաթուղթը կրկին ներկայացնելու հարցում. կրկին ներկայացնելու հնարավորությունը կախվածության մեջ չէ իրավասու դատարանի հայեցողությունից, և, երկրորդ` անձն ունի արդյունավետ պաշտպանության միջոց ընդդեմ հայցադիմումը, դիմումը, վերաքննիչ բողոքը կամ անհատական դիմումը վերադարձնելու մասին իրավասու դատարանի որոշման. օրենսդրությունն ամրագրում է նման որոշումը բողոքարկելու հնարավորություն:

Մինչդեռ վճռաբեկ բողոքի պարագայում` վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու հնարավորության օգտագործումը կախվածության մեջ է դրված վճռաբեկ դատարանի հայեցողությունից, և այդ հայեցողության կամայական դրսևորման դեմ բացակայում է արդյունավետ պաշտպանության որևէ միջոց: Նման պայմաններում, ի խախտումն վերոհիշյալ իրավակարգավորման հիմքում ընկած տրամաբանության, վիճարկվող դրույթի կիրառումը թույլ է տալիս այնպիսի վիճակի առաջացման հնարավորություն, երբ բողոքի թերությունները կարող են խոչընդոտել անձին իրացնելու դատական ակտը բողոքարկելու իր իրավունքը և, հետևաբար` նաև դատարանի մատչելիության իրավունքը:

7. Իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ վճռաբեկ դատարանի կողմից իր` խնդրո առարկա հայեցողական լիազորության իրականացումն առանձին դեպքերում կրում է ոչ իրավաչափ և կամայական բնույթ: Մասնավորապես, վճռաբեկ դատարանի 28 հունիսի 2007թ. որոշման մեջ որպես վճռաբեկ բողոքի թերություն մատնանշվել է այն հանգամանքը, որ նշված չէ. «...թե վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով կայացվելիք դատական ակտն որ օրենքի միատեսակ կիրառության համար կարող է էական նշանակություն ունենալ»: Վճռաբեկ դատարանն իր այս որոշմամբ թերությունները շտկելու համար ժամկետ չի սահմանել: Մինչդեռ մեկ այլ` 15 նոյեմբերի 2007թ. որոշմամբ վճռաբեկ դատարանը, վերադարձնելով վճռաբեկ բողոքը, նշել է. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում նշված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը բացակայում են, քանի որ բողոք բերած անձի հիմնավորումները, թե որ օրենքների միատեսակ կիրառության համար վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով կայացվելիք դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ, թերի են, այսինքն` սույն վճռաբեկ բողոքի սահմաններում վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով կայացվելիք դատական ակտը օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն չի կարող ունենալ»: Չնայած նրան, որ այս դեպքում ևս թերությունն ըստ էության նույնաբնույթ է, այս որոշմամբ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել սահմանել ժամկետ թերությունը շտկելու համար: Վճռաբեկ դատարանն իր մեկ այլ` 2007թ. փետրվարի 22-ի որոշմամբ սույն գործով դիմողի վճռաբեկ բողոքը վերադարձրել է` թերությունը վերացնելու համար ժամկետ չսահմանելով, այն պատճառաբանությամբ, որ բողոքատուն բողոքին չի կցել բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այսինքն` նման ձևական բնույթի թերությունը հիմք է հանդիսացել անձի` վճռաբեկ դատարանի կողմից իր գործի քննության հնարավորությունը բացառելու համար:

Իրավակիրառական պրակտիկայի նման դրսևորումների պայմաններում, հաշվի առնելով, որ ի կատարումն սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշման` չեն ստեղծվել վճռաբեկ դատարանի խնդրո առարկա հայեցողական լիազորության իրավաչափ և ոչ կամայական իրականացումն ապահովող օրենսդրական լիարժեք երաշխիքներ, ինչպես նաև նկատի ունենալով, որ բացակայում է որևէ արդյունավետ պաշտպանության միջոց ընդդեմ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշման, սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթն իրավական արգելք է հանդիսանում վճռաբեկ դատարանի միջոցով իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման համար:

8. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 231.1. հոդվածի 4-րդ մասում ամրագրված նորմը հանդիսանում է մասնավոր նորմ նույն օրենսգրքի 224 հոդվածի 3-րդ մասում ամրագրված այն ընդհանուր նորմի առնչությամբ, որի համաձայն` նույն անձը նույն դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերել միայն մեկ անգամ: Վիճարկվող նորմի և 224 հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմի նման առնչության պայմաններում, իրավական դաշտում վիճարկվող դրույթի բացակայության դեպքում ևս, հնարավոր կլինի 224 հոդվածի 3-րդ մասում ամրագրված ընդհանուր նորմի ուժով անձին արգելել կրկին ներկայացնել շտկված վճռաբեկ բողոքը, եթե վճռաբեկ դատարանը թերությունները շտկելու համար ժամկետ չի սահմանել: Այսինքն` մասնավոր նորմի վերացման դեպքում կգործի ընդհանուր նորմը` իրավակիրառական պրակտիկայում բողոք ներկայացրած անձի համար առաջացնելով միևնույն բացասական իրավական հետևանքները, ինչ վիճարկվող դրույթը: Հաշվի առնելով նշված դրույթների նման համակարգային փոխկապակցվածությունը` սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասին համապատասխան, հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224 հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցին:

9. Միջազգային իրավունքում հայտնի սկզբունքը` «Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (res judicata), ամրագրված է ինչպես միջազգային դատական մարմինների հիմնադիր փաստաթղթերում, այնպես էլ մի շարք պետությունների` քրեական և քաղաքացիական արդարադատության վերաբերյալ օրենսդրության մեջ: Այս սկզբունքը ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը որպես իրավական որոշակիության արդյունք ենթակա է հարգանքի: Նշված սկզբունքն իր ամբողջական և տրամաբանական դրսևորումն է գտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 4-րդ մասում, որի համաձայն` բողոքը թողնվում է առանց քննության այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել: Սահմանադրական դատարանն իր 2007թ. հուլիսի 20-ի ՍԴՈ-709 որոշման մեջ նշված դրույթը գնահատել է որպես իրավազոր պահանջ, «... քանզի բողոքն առանց քննության թողնելու նման հիմքի նախատեսումը կոչված է բացառելու կրկին անդրադառնալ այնպիսի հարցերի քննությանը, որոնց կապակցությամբ արդեն իսկ վճռաբեկ դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումը, երբ ի հայտ չեն եկել նոր հանգամանքներ»: Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ նշված դրույթում օգտագործվող` «բողոքում նշված հիմքով» և «նույն գործով» ձևակերպումները ենթադրում են, որ նույնաբնույթ է համարվում կրկին ներկայացված այն բողոքը, որում նույն դիմողը միևնույն առարկայի վերաբերյալ նույն պատճառաբանություններով ներկայացված բողոքի հիման վրա ձգտում է հասնել նպաստավոր որոշման:

Միջազգային իրավունքում հայտնի վերոհիշյալ սկզբունքը, սակայն, աղավաղված և այդ սկզբունքի նպատակին ոչ համահունչ դրսևորում է ստացել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224 հոդվածի 3-րդ մասում: Այդ մասում ամրագրված դրույթն իր ձևակերպումներով միտված է ոչ թե նրան, որպեսզի բացառվի այնպիսի հարցերի քննությանը կրկին անդրադառնալը, որոնց կապակցությամբ արդեն իսկ վճռաբեկ դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումը, այլ խոչընդոտում է անձի` վճռաբեկ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացմանը:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226 հոդվածը սահմանում է վճռաբեկ բողոք բերելու երկու հիմք, դրանք են` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումները, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա: Այն դեպքում, երբ նշված հիմքերից մեկով ներկայացված վճռաբեկ բողոքը չի ընդունվում քննության կամ մերժվում է, օրենսգրքի 224 հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթը թույլ չի տալիս անձին նույն դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնել նաև մյուս հիմքով:

Նշված դրույթը ոչ միայն խոչընդոտում է անձին լիարժեք կերպով իրացնելու օրենքով նախատեսված հիմքերով վճռաբեկ բողոք բերելու իր իրավունքը, այլ նաև բացառում է վիճարկվող դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգումը վճռաբեկության կարգով լրիվ ծավալով իրականացնելու հնարավորությունը, քանզի օրենսգրքի 239 հոդվածի ուժով վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերով և հիմնավորումներով:

Բացի դրանից, վիճարկվող դրույթը վերացնելու դեպքում օրենսգրքի 224 հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթը կշարունակի իրավական խոչընդոտ հանդիսանալ վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու և վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետում կրկին ներկայացնելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2007 թվականի փետրվարի 21-ին և նոյեմբերի 28-ին ընդունված օրենքներով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների փոփոխություններն ու լրացումները և հաշվի առնելով, որ վեճի առարկա 231.1. հոդվածի 4-րդ մասը բովանդակային փոփոխության չի ենթարկվել, այլ վերաձևակերպվել է որպես 233 հոդվածի 4-րդ մաս, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 4-րդ մասը (նոր խմբագրությամբ 233 հոդվածի 4-րդ մասը)` առանց ժամկետի սահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում կրկին բողոք ներկայացնելու իրավունքի սահմանափակման առումով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

i

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 4-րդ մասի հետ համակարգային առումով փոխկապակցված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224 հոդվածի 3-րդ մասի դրույթը` նույն անձի կողմից նույն դատական ակտի դեմ մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերելու արգելքի մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 (1-ին մաս) հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

27 մայիսի 2008 թվականի

ՍԴՈ-754

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ ՔԱՂԱՔԱՑԻ ԷՄԻԼԻՅԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 231.1. ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ 233 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍ)` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 754 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 62 հոդվածի 7 կետով և «Սահմանադրական դատարանի կանոնակարգ»-ի 35 հոդվածով, ներկայացնում եմ հատուկ կարծիք:

1. Վերը նշված գործով սահմանադրական դատարանն իր ՍԴՈ 754 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1 հոդվածի 4-րդ մասը (նոր խմբագրությամբ 233 հոդվածի 4-րդ մասը)` առանց ժամկետի սահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում կրկին բողոք ներկայացնելու իրավունքի սահմանափակման առումով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 4-րդ մասի հետ համակարգային առումով փոխկապակցված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224 հոդվածի 3-րդ մասի դրույթը` նույն անձի կողմից նույն դատական ակտի դեմ մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերելու արգելքի մասով ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 (1-ին մաս) հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:

Սահմանադրական դատարանը նման եզրահանգման եկել է հիմնականում մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները և չի անդրադարձել ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածների 1-ին մասերի սահմանադրաիրավական իմաստի պարզաբանմանը:

Մասնավորապես, Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Իսկ Սահմանադրության 19 հոդվածի 1-ին մասը հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Հաշվի առնելով, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները վերաբերում են վճռաբեկ դատարանի դատավարական կարգավիճակին (գործունեության կարգին)` անհրաժեշտ էր նաև տալ ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի 2-րդ մասի մեկնաբանումը, ըստ որի Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:

Մեր կարծիքով, սահմանադրական դատարանն օրենքները սահմանադրական վերահսկողության ենթարկելիս, առաջին հերթին պետք է տա ոչ միայն վիճարկվող օրենքի դրույթների մեկնաբանումը, այլ Սահմանադրության համապատասխան դրույթների իր մեկնաբանումը, որոնց ենթադրաբար հակասում են վիճարկվող օրենքի դրույթները:

Հիմնավոր չէ այն մոտեցումը, երբ միայն օրենքի դրույթները մեկնաբանելով դրանք ճանաչվում են Սահմանադրությանը հակասող:

2. Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ 754 որոշման 7-րդ կետում փաստելով, որ վճռաբեկ դատարանը միևնույն իրավիճակում տարբերակված մոտեցում է դրսևորել, եկել է այն եզրահանգման, որ վերը նշված գործով «իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ վճռաբեկ դատարանի կողմից իր` խնդրո առարկա հայեցողական լիազորության իրականացումն առանձին դեպքերում կրում է ոչ իրավաչափ և կամայական բնույթ»: Մեր կարծիքով, տվյալ խնդիրն ընդհանրապես չի առնչվում վիճարկվող դրույթի սահմանադրականությանը, այլ վերաբերում է վճռաբեկ դատարանի կողմից իր հայեցողական լիազորության իրականացման իրավաչափությանը, հետևաբար և` իրավունքի կիրառման օրինականությանը, ինչն` ըստ ՀՀ Սահմանադրության չի հանդիսանում սահմանադրական վերահսկողության օբյեկտ և դուրս է սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակներից:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
27.05.2008
N ՍԴՈ-754
Որոշում