Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՒՆԵՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/4095/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/4095/02/19         2022 թ.

Նախագահող դատավոր` Ա. Կուրեխյան

    Դատավորներ`        Ս. Գրիգորյան

                       Գ. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Հ. Բեդևյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով` Էրիկ Եղինյանի բերած վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Էրիկ Եղինյանի ընդդեմ «Սի-Էմ-Ջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն)` պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորելու, զրպարտելու, հասարակության մոտ իրեն հեղինակազրկելու և հրապարակային վիրավորանք հասցնելու կապակցությամբ Ընկերությունից հօգուտ իրեն 1.000.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու, իրենից գրավոր ներողություն խնդրելուն և հերքում տպագրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էրիկ Եղինյանը պահանջել է պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորելու, զրպարտելու, հասարակության մոտ իրեն հեղինակազրկելու և հրապարակային վիրավորանք հասցնելու կապակցությամբ Ընկերությունից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, պարտավորեցնել Ընկերությանը իրենից գրավոր ներողություն խնդրել և հերքում տպագրել:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 04.05.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Գ. Խանդանյան, դատավորներ` Ս. Թորոսյան, Տ. Նազարյան) 18.06.2021 թվականի որոշմամբ Էրիկ Եղինյանի ներկայացրած պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշմամբ Էրիկ Եղինյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը բավարարվել է և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2021 թվականի «Պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.11.2021 թվականի որոշմամբ Էրիկ Եղինյանի ներկայացրած պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էրիկ Եղինյանը (ներկայացուցիչ` Լիլիթ Սահակյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոքաբերի գույքային դրության` ավելի բարվոք վիճակի, այլ եկամուտների առկայությունը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում վերջինիս կողմից հանրային պաշտպանի գրասենյակին դիմելու և անվճար իրավաբանական օգնություն ստանալու փաստերն ինքնին վկայում են բողոք բերած անձի գույքային ծանր դրության մասին: Հետևաբար, Վերաքննիչ դատարանն առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից: Նշված հանգամանքը պարտավորեցնում է դատարանին իր հայեցողական լիազորություններն իրականացնել` ելնելով անձի հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման գերակայությունից:

Վերաքննիչ դատարանը մերժել է պետական տուրքից ազատելու միջնորդությունը` նշելով, որ ներկա պահին պետական տուրք վճարելու հնարավորություն չունենալը բավարար չէ եզրահանգելու համար, թե բողոքաբերի գույքային դրությունն այնպիսին է, որ հնարավորություն չի տալիս նրան ոչ միայն ներկա պահին, այլ նաև հետագայում վճարելու պետական տուրքը` առանց հաշվի առնելու, որ բողոք բերած անձը գործազուրկ է և հանդիսանում է հանրային պաշտպանի գրասենյակի շահառու: Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոքաբերի դատարանի մատչելիության իրավունքը` հիմնվելով այն ենթադրության վրա, որ հետագայում /օրինակ, հայցի բավարարման դեպքում/ կարող է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը, և վերջինիս անհնարինությունը հիմնավորող ապացույց չի ներկայացվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 26.11.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացվող պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար դատարանի մատչելիության իրավունքի իրացման երաշխավորման նպատակով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու հիմքերին:

 

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, օրինակ, Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (8225/78) Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Ստանևն ընդդեմ Բուլղարիայի ՄՊ (36760/06) գործով Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշումը, § 229, ինչպես նաև «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը (21638/03), կետ 44):

Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս, Բելեշը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության (47273/99) գործով Եվրոպական դատարանի 12.02.2003 թվականի որոշումը, § 49):

Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե՛ս, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (4451/70) Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշումը, § 36):

Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական և արդյունավետ» (տե՛ս, Բելլեն ընդդեմ Ֆրանսիայի (23805/94) գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշումը, § 38): Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն` վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե՛ս, նույն որոշումը, § 36, ինչպես նաև Նունեշ Դիասն ընդդեմ Պորտուգալիայի (69829/01, 2672/03) գործով Եվրոպական դատարանի 10.04.2003 թվականի որոշումը): Այն կանոնները, որոնք կարգավորում են դատական վերանայման համար բողոք կամ դիմում ներկայացնելիս ձեռնարկվելիք պաշտոնական քայլերն ու ժամկետների հետ համապատասխանությունը, նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի հետ համապատասխանությունը (տե՛ս, Կանյետե դե Գոնին ընդդեմ Իսպանիայի (55782/00) գործով Եվրոպական դատարանի 15.01.2003 թվականի որոշում, § 36): Հետևաբար, նշված կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների` իրավական պաշտպանության հասանելի միջոցի օգտագործումը (տե՛ս, Միրագալ Էսկոլանոն ընդդեմ Իսպանիայի (38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98) գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի որոշումը, Զվոլսկին և Զվոլսկան ընդդեմ Չեխիայի Հանրապետության (46129/99) գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի որոշումը, § 51):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, օրինակ, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարևորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր` հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):

i

Մասնավորապես` Սահմանադրական դատարանը 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ (...)»:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բողոքարկման ինստիտուտի դերին և նշանակությանը, փաստում է, որ արդարադատության իրականացման ելակետային նպատակը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ իրացումն է, ինչի ապահովման նպատակով գործում է դատական ակտերի բողոքարկման գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս շտկելու մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները խախտող դատական սխալները: Այսպիսով, մարդու հիմնական իրավունքները և ազատությունները անվերապահորեն պաշտպանվում են ինչպես գործն ըստ էության քննելու ընթացքում, այնպես էլ վերաքննության շրջանակներում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` (...) պետական տուրքի վճարումից ազատում (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

i

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային պաշտպանություն է համարվում սույն հոդվածով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը:

i

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետի համաձայն` հանրային պաշտպանի գրասենյակը, (...) նույն հոդվածով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է (...) անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում: Նույն կետի իմաստով անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման խնդրին, արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, «Կոնվերս Բանկ»» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

Ի հավելումն վերոգրյալի` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ նշել է, որ պետական տուրքի գծով արտոնությունները, այդ թվում` դրա տարաժամկետումը կամ վճարման հետաձգումը, նպատակ են հետապնդում վերացնել արդարադատության մատչելիության այնպիսի խոչընդոտները, որոնք պայմանավորում են անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության պատճառով դատարան դիմելու, վերադաս ատյան բողոք ներկայացնելու անհնարինությունը: Այդ նպատակից ելնելով` օրենսդիրը, ի տարբերություն պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելուն, դատարանի համար առավել լայն հայեցողական լիազորություն է սահմանել պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ հետաձգելու հարցում: Վերջինս պայմանավորված է դատարանի դերով` որպես արդարադատություն իրականացնող մարմնի, որը միաժամանակ պետք է ապահովի անձի արդարադատության մատչելիության իրավունքը (տե՛ս, Դավիթ Սահակյանն ընդդեմ Լյուսա Սահակյանի և մյուսների թիվ ԵՔԴ/0820/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ (...) (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

 

Սույն գործի փաստերի համաձայն` Էրիկ Եղինյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 04.05.2021 թվականի վճռի դեմ: Միաժամանակ վերաքննիչ բողոքում ներկայացվել է պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն և կից ապացույցներ` այն պատճառաբանությամբ, որ Էրիկ Եղինյանը գործազուրկ է, բողոքը ներկայացնելու պահին գտնվել է սոցիալապես ծանր վիճակում, դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ` անվճար իրավաբանական օգնություն ստանալու խնդրանքով, ուստի բողոքը ներկայացնելիս չի կարողացել վճարել վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքը (հատոր 3, գ.թ. 9-11):

Վերաքննիչ դատարանը, 26.11.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ մերժելով պետական տուրքի վճարումից ազատելու մասին Էրիկ Եղինյանի ներկայացրած միջնորդությունը, պատճառաբանել է, որ «(...) միայն բողոքաբերի գործազուրկ հանդիսանալու հանգամանքը և դրանով պայմանավորված` ներկա պահին պետական տուրք վճարելու հնարավորություն չունենալը բավարար չեն եզրահանգելու համար, թե բողոքաբերի գույքային դրությունն այնպիսին է, որ հնարավորություն չի տալիս նրան ոչ միայն ներկա պահին, այլ նաև հետագայում վճարելու պետական տուրքը, ինչն ըստ էության անհրաժեշտ և բավարար նախապայման է պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն կիրառելու համար: Նման պայմաններում վերաքննիչ դատարանը գտնում է, որ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ բողոքաբերի միջնորդությունը ենթակա է մերժման: Միաժամանակ, նկատի ունենալով այն, որ բողոքաբերի միջնորդությունը վերաբերում է բացառապես պետական տուրքի վճարումից ազատելուն, վերաքննիչ դատարանը պետական տուրքի գծով այլ արտոնություն կիրառելու հարց չի կարող քննարկել»:

Նշված որոշմամբ Էրիկ Եղինյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է և սահմանվել է 15-օրյա ժամկետ` բողոքում թույլ տրված խախտումը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 3, գ.թ. 106-108):

Վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանության հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է հետևյալը.

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ բավարար եկամուտ չունեցող` անվճարունակ ֆիզիկական անձինք, դատարանի մատչելիության սկզբունքի պահպանման իրենց դատավարական իրավունքներն ու պարտականություններն իրացնելու համար կարող են դիմել հանրային պաշտպանի գրասենյակին և ստանալ նրանց իրավաբանական օգնությունը: Հետևաբար, հանրային պաշտպանի ծառայությունից օգտվելն արդեն իսկ վկայում է անձի` որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտության մասին: Ուստի, գործում այդպիսի փաստական հանգամանքի առկայության և այդ փաստը հերքող ապացույցների բացակայության պայմաններում, դատարանները, պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունները քննարկելիս, պետք է միջնորդության հարցը լուծեն հօգուտ այն հայցող անձի` հաշվի առնելով վերջինիս գույքային ծանր դրության մեջ գտնվելու փաստը: Ընդ որում, օրենսդրի նշված կանոնակարգումը նպատակ ունի ապահովելու անձանց` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիք հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը:

Սույն գործով Էրիկ Եղինյանը վերաքննիչ բողոքում ներկայացված միջնորդությամբ խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից և որպես միջնորդության հիմնավորում նշել է իր` գործազուրկ լինելու, սոցիալապես ծանր վիճակում գտնվելու, հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու հանգամանքները, ինչպես նաև կից ներկայացրել է համապատասխան ապացույցները: Ավելին, տվյալ դեպքում, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 14.05.2021 թվականի թիվ ՀՊԳ-Ք/1872/21-Ա «Հանրային պաշտպանություն իրականացնելու մասին դիմումը քննարկելու մասին» որոշման ուսումնասիրությունից պարզվում է, որ Էրիկ Եղինյանը դիմել է անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար և իրեն, որպես ներկայացուցիչ, հանրային պաշտպանով ապահովելու հարցով` ներկայացնելով իր կարգավիճակը հիմնավորող համապատասխան փաստաթուղթ, որպիսի պայմաններում որոշում է կայացվել ապահովել վերջինիս` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում Էրիկ Եղինյանի գույքային դրության` ավելի բարվոք վիճակի, այլ եկամուտների առկայությունը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում վերջինիս կողմից հանրային պաշտպանի գրասենյակին դիմելու և անվճար իրավաբանական օգնություն ստանալու, ինչպես նաև գործազրկության փաստերն ինքնին վկայում են բողոք բերած անձի գույքային դրության մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության իրավունքի ապահովման սկզբունքով և ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի, 370-րդ հոդվածի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն վերադարձնելով Էրիկ Եղինյանի վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Էրիկ Եղինյանի` բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 26.11.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Հ. Բեդևյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է datalex.am կայքէջում` 17 հունիսի 2022 թվական:

 

 

Միասնական կայք` 22.08.22-04.09.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.06.2022
N ԵԴ/4095/02/19
Որոշում