020.1412.040518
i
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԳԱԳԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 369-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
4 մայիսի 2018 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի ներկայացուցիչներ` փաստաբաններ Գ. Պետրոսյանի, Տ. Եգորյանի և Լ. Հակոբյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Վ. Դանիելյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Գագիկ Եղիազարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Գագիկ Եղիազարյանի` 2018 թվականի հունվարի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
i
1. Դիմողի դիրքորոշումները և փաստարկները
Դիմողը վիճարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) «Տուժանքի հասկացությունը» վերտառությամբ 369-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` «Տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել»:
i
Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածին, 60-րդ հոդվածին (1-4 մասեր), 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին:
Ըստ դիմողի` Օրենսգրքի 369-րդ հոդվածը, սահմանելով տուժանքը որպես պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտապանի նկատմամբ կիրառելի պատասխանատվության միջոց, «չի նախատեսել պայմանագրով սահմանվող տուժանքի առավելագույն թույլատրելի չափ», որի արդյունքում դրա բռնագանձումը փոխկապակցված է ոչ թե միանվագ դրամական գումարի, այլ` կետանցի համար սահմանված ամսական կամ օրական տոկոսային դրույքաչափի հետ` իր բնույթով վերածվելով «...փոխառության կամ վարկային պայմանագրի տոկոսի»: Դիմողի կարծիքով նման իրավակարգավորումը հնարավորություն է ընձեռում, «...որ օրինակ, պայմանագրի կողմ հանդիսացող վարկային կազմակերպությունը կամ բանկը կարող են ազատորեն սահմանել վարկառուի կողմից վարկային պարտավորության խախտման համար տուժանքի այնպիսի չափեր, որոնք ... գերազանցում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքը»:
Դիմողը գտնում է նաև, որ «...Դատարան դիմելուց հետո վարկային պայմանագրով սահմանված տույժերի հաշվարկման հնարավորությունը, դատարանում գործի քննության ժամկետի անորոշ լինելու պայմաններում, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման ընթացքում, մինչև վերջնական դատական ակտի կայացումը, արգելափակում է ՀՀ Սահմանադրության 61 (1)-րդ և 63 (1)-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացումը` դրանք պայմանավորելով ոչ համաչափ գույքային հետևանքներով...»: Նման այնպիսի իրավակարգավորումը, համաձայն որի` չի նախատեսվում դատարանի վճռի կայացումից հետո` մինչև պարտավորության փաստացի կատարումը, պայմանագրային տուժանքի հաշվարկը շարունակելու ուղղակի արգելք, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 1-ին, 3-րդ, 60-րդ հոդվածի 1-4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին:
i
2. Պատասխանողի դիրքորոշումները և փաստարկները
Ըստ պատասխանող կողմի` դիմողն ինքնին չի վիճարկել Օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորման սահմանադրականությունը և դրա հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավորումներ ներկայացրել է Օրենսգրքի նույն հոդվածի 2 և 3-րդ մասերի և 1998 թվականի մայիսի 5-ի խմբագրությամբ 372-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համադրմամբ:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-319-Ն օրենքով նախատեսված իրավակարգավորումները` պատասխանող կողմը գտնում է, որ «...դիմողի կողմից մատնանշված հնարավոր խնդիրներին արդեն իսկ օրենսդրական լուծում է տրվել» և «...հնարավոր չէ, որ փաստացի վարկի չմարված մասի բռնագանձման օրվա դրությամբ տուժանքը կրկնակի, եռակի կամ ավելիի չափով գերազանցի պարտքի հիմնական գումարը...»:
Անդրադառնալով դիմող կողմի` տուժանքի հաշվարկման կարգի վերաբերյալ փաստարկներին` պատասխանող կողմը կարծում է, որ այն բխում է տուժանքի ինստիտուտի էությունից, մասնավորապես, որ «...տուժանքը` մի դեպքում` որպես պատասխանատվության միջոց, մեկ այլ դեպքում` որպես պարտավորության ապահովման միջոց, կարող է սահմանվել և՛ պարտավորության խախտման համար որոշակի կայուն դրամական գումարի տեսքով, և՛ կետանցի դեպքում ըստ որոշակի ժամանակահատվածի տոկոսադրույքների տեսքով, և՛ խառը` համադրելով կայուն դրամական գումարը տոկոսադրույքների հետ»: Միաժամանակ, ըստ պատասխանողի` տուժանքի հաշվարկը մինչև պարտավորության փաստացի կատարման պահը պարտատիրոջ համար գործուն երաշխիք է պարտավորության կետանցի դեպքում պարտապանի կողմից պարտավորությունը հնարավորինս սեղմ ժամկետում կատարելու համար:
Տուժանքի բռնագանձման գործով դատարանի կողմից վճռի կայացման դրությամբ պարտապանից հետագայում բռնագանձվելիք տուժանքի գումարի չափի անկանխատեսելիության և վիճարկվող իրավակարգավորման ենթադրյալ անորոշության վերաբերյալ դիմողի փաստարկների կապակցությամբ պատասխանող կողմը գտնում է, որ չնայած իրավակիրառական պրակտիկայում «...հստակ չափանիշներ չէին ձևավորվել», այնուամենայնիվ գործնականում «...դատարանները կարող են վճռում, անդրադառնալով տուժանքին, սահմանեն այն առավելագույն տուժանքի չափը, որից ավելի պարտավորության փաստացի կատարման ժամանակ հաշվեգրված տուժանքը անհամաչափ կհամարվի պարտավորության խախտման հետևանքներին», հետևաբար, ինչպես գտնում է պատասխանողը` «...խնդիրն առավելապես գործնական մեկնաբանման հարթությունում է եղել, այլ ոչ օրենսդրական»:
3. Գործի շրջանակներում պարզաբանման ենթակա հարցադրումները
Սույն գործով վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
- որո՞նք են տուժանքի` որպես քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարման ապահովման կառուցակարգի, ինչպես նաև դրա կիրառման ընթացակարգի սահմանադրաիրավական չափանիշները,
- վիճարկվող իրավակարգավորմամբ երաշխավորվա՞ծ են, արդյոք, անձի` Սահմանադրությամբ նախատեսված, այդ թվում` դատական պաշտպանության և արդար դատաքննության, իրավունքների իրացման անհրաժեշտ պայմանները,
- արդյո՞ք մասնավոր սուբյեկտների միջև սույն գործով քննության առարկա իրավահարաբերությունները Սահմանադրության կարգավորման առարկա են:
i
Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը գնահատել` ելնելով ինչպես ամբողջությամբ այդ հոդվածի, այնպես էլ` վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված` Օրենսգրքի 370, 371, 372-րդ (14.12.2017թ. փոփոխություններով) և 372.1-րդ (14.12.2017թ. փոփոխություններով) հոդվածների համատեքստում:
4. Սահմանադրական դատարանի դիրքորոշումները և պարզաբանումները
4.1. Դիմող կողմի հարցադրումներն իրենց իրավական բնույթով ու բովանդակությամբ առնչվում են քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման, փոփոխման և դադարման օրենսդրական հիմքերի սահմանադրականության խնդիրներին` կապված, մասնավորապես, քաղաքացիաիրավական պարտավորության կատարումից բխող հարաբերությունների հետ, որի շրջանակներում Սահմանադրական դատարանը կարևորում է սահմանադրաիրավական նախևառաջ հետևյալ կարգավորումները:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների` որպես անմիջականորեն գործող իրավունքի, հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականությունն է, որով և սահմանափակված է այդ իշխանությունը:
ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածը որպես հանրային-իրավական տնտեսական հարաբերությունների կարգավորման սկզբունք է սահմանել` պետական քաղաքականության միջոցով մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության և դրանով իսկ` ընդհանուր տնտեսական բարեկեցության և սոցիալական արդարության երաշխավորումը:
Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Միաժամանակ, սահմանադրաիրավական պահանջ է` օրենքով երաշխավորել հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր (Սահմ. 75-րդ հոդված)` ներառյալ նաև` արդար ու արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման նպատակով (Սահմ. 61-րդ և 63-րդ հոդվածներ):
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, ելնելով վերջինիս խնդիրներից, կոչված է սահմանադրական վերոհիշյալ պահանջների շրջանակներում նախատեսել անհրաժեշտ այնպիսի իրավակարգավորումներ, որպիսիք քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարումն ապահովելու երաշխիք կհանդիսանան:
4.2. Օրենսգրքի 368, 369 և 370-րդ հոդվածների համաձայն` տուժանքը (կամ` տուգանքը, տույժը) օրենքով կամ պայմանագրով գրավոր ձևով նախատեսված և դրամական գումարով որոշված քաղաքացիական պարտավորությունների կատարման ապահովման եղանակ է, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Ընդ որում, տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել: Միաժամանակ, պարտապանն ազատվում է տուժանք վճարելու պարտականությունից, եթե պատասխանատվություն չի կրում ստանձնած պարտավորությունը չկատարելու համար:
Այսպիսով, տուժանքն օրենքով սահմանված կարգով վճարվում է այն դեպքերում, երբ առկա է օրենքով կամ պայմանագրով նախատեսված պայմանագրային պարտավորության խախտում:
Ինչպես հետևում է Օրենսգրքի հիշյալ հոդվածների նորմատիվ բովանդակությունից, տուժանքը` որպես կառուցակարգ, Սահմանադրության 3-րդ (2 և 3-րդ մասեր), 11 և 39-րդ հոդվածների սահմանադրաիրավական կարգավորման շրջանակներում, կոչված է ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում ապահովելու իրավասուբյեկտների քաղաքացիաիրավական արդյունավետ գործունեությունը և միտված է այդ գործունեության բնագավառում իրավական պատասխանատվություն նախատեսելու միջոցով պայմանագրային պարտավորությունների ժամանակին ու պատշաճ կատարման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելուն` դրանով նաև երաշխավորելով մասնավոր սեփականության վրա հիմնված տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակարգավորիչ նման խնդիրներով տուժանքի կառուցակարգը հետապնդում է ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված նպատակներ, հետևաբար` ինքնին սահմանադրականության խնդիր հարուցել չի կարող:
i
4.3. Օրենսգրքի 372 և 372.1-րդ հոդվածների համադրված վերլուծությունը կապված ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական կարգավորման շրջանակներում տուժանքի կիրառման կառուցակարգային արդյունավետ ընթացակարգի երաշխավորման հետ, վկայում է, որ Օրենսգրքում` 14.12.2017թ. ՀՕ-319-Ն օրենքով լրացումների և փոփոխությունների արդյունքում, օրենսդիրը նախատեսել է իրավապայմաններ, որոնք միտված են ապահովելու իրավակիրառման որոշակիություն և կանխատեսելիություն, մասնավորապես, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, իսկ պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը (372-րդ հոդվածի 1-ին մաս), ընդ որում, հիշյալ իրավապայմաններին հակասող համաձայնությունը, ըստ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 2-րդ մասի` առ ոչինչ է:
i
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի հիմքով ՀՀ Կենտրոնական բանկի տրամադրած տեղեկատվության համաձայն` Օրենսգրքի վերոհիշյալ 372-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված իրավապայմանն իրացվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափը սահմանելով:
Հետևաբար, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի հարցադրումը` կապված պայմանագրով սահմանվող տուժանքի առավելագույն թույլատրելի չափը սահմանելու անհրաժեշտության հետ, կարգավորված է օրենքով և կոչված է հետապնդելու ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածում նախանշված իրավակարգավորիչ ընդհանուր նպատակներ:
4.4. Անդրադառնալով տուժանքի միջոցով քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարման ապահովման շրջանակներում հիմնական իրավունքների ու ազատությունների դատական արդյունավետ պաշտպանության վերաբերյալ դիմող կողմի կոնկրետ հարցադրումներին` Սահմանադրական դատարանը կարևոր է համարում դրանք դիտարկել, նախևառաջ, ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված արդար և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու տեսանկյունից` հաշվի առնելով, մասնավորապես, ինչպես պարտապանի իրավունքների պաշտպանության, այնպես էլ` պարտապանի իրավունքների իրացման հնարավոր չարաշահման անթույլատրելիության սահմանադրաիրավական պահանջի կատարման անհրաժեշտությունը (Սահմ. 77-րդ հոդված):
Օրենսգրքի վիճարկվող իրավակարգավորման հետ համակարգային առումով փոխկապակցված 372-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի, ինչպես նաև 372.1-րդ հոդվածի նորմերի վերլուծությունը վկայում է, որ տուժանքի վճարման պահանջով գործ քննելիս դատարանը, իսկ արտադատական կարգով նաև` ֆինանսական համակարգի հաշտարարը, պարտավոր է իրավական որոշակի օբյեկտիվ պայմանների առկայությամբ և պահպանմամբ, պարտապանի կամահայտնությամբ պակասեցնել վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին: Միաժամանակ, դատարանի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից տուժանքը պակասեցնելու դեպքում պարտատերը պարտապանի դիմումի հիման վրա դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր դառնալու պահից կատարում է վերահաշվարկ, իսկ տուժանքը վճարված լինելու դեպքում պարտապանին վերադարձնում է վճարված տուժանքի պակասեցված չափին համապատասխան գումար:
Օրենսդիրը նախատեսել է նաև տուժանքի վճարման պարտավորության դադարման հիմքերը: Մասնավորապես, Օրենսգրքի 372.1-րդ հոդվածով նախատեսված են փաստական որոշակի հանգամանքներով պայմանավորված հիմքեր, որոնց առկայության դեպքում որոշակի ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում, կամ` կողմերի համաձայնությամբ երկարաձգվում է հիմնական պարտավորության կամ տուժանքի բռնագանձման գործընթացն սկսելու ժամկետը:
Այդպիսով, վերոհիշյալ իրավակարգավորումներն ինքնին կոչված են երաշխավորելու պարտապանի, որպես նաև տուժանք վճարելու պարտավոր անձի, իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ոչ թե դատական հայեցողության, այլ` օրենսդրի կողմից կանխորոշված իրավապայմանների շրջանակներում, ինչը ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների իմաստով արդար և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման երաշխիք է:
4.5. Անդրադառնալով տուժանքի միջոցով պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման միջազգային-իրավական պրակտիկային` Սահմանադրական դատարանն արձանագրում է այդ միջոցի կիրառման կառուցակարգային բազմազանությունը և, միաժամանակ, այն ընդհանրությունը, համաձայն որի` տուժանքը քաղաքացիաիրավական հարաբերություններում պայմանագրերի պատշաճ կատարման իրավական խթան է (օր. Նիդերլանդներ, Ֆրանսիա, Չեխիա, Լիտվա, Իսպանիա, Խորվաթիա, Մեծ Բրիտանիա):
Եվրոպական Միության շրջանակներում (Եվրոպական պայմանագրային իրավունքի հարցերով հանձնաժողովի կողմից ընդունված` Եվրոպական պայմանագրային իրավունքի սկզբունքներ) սահմանված են պայմանագրային հարաբերություններում տուժանքի կիրառման առավել միասնական կանոններ, որոնց համաձայն`
1) եթե պայմանագիրը սահմանում է, որ պարտավորությունը չկատարած կողմը պետք է մյուս կողմին վճարի սահմանված գումար պարտավորության չկատարման համար, ապա այդ գումարը պետք է վճարվի անկախ իրական վնասներից,
2) այնուամենայնիվ, անկախ համաձայնությունից, սահմանված գումարը կարող է ողջամտորեն կրճատվել, եթե այն չափազանց մեծ է պարտավորության չկատարման կամ այլ հանգամանքների արդյունքում առաջացած վնասի համեմատությամբ (THE PRINCIPLES OF EUROPEAN CONTRACT LAW - Parts I and II revised 1998, Part III 2002, Section 5-Damages and Interest, Article 9:509-Agreed Payment for Non-performance) (http://www.jus.uio.no/lm/eu.contract.principles.parts.1.to.3.2002):
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով քննության առարկա իրավակարգավորումն իր համակարգային ամբողջությամբ համահունչ է վերոհիշյալ չափանիշներին:
4.6. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասը, որպես հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտականության հասցեատեր է սահմանում հանրային իշխանությանը` դրանով իսկ, ըստ էության, բացառելով այդ գործառույթի անմիջական իրականացումը մասնավոր անձանց կողմից` միմյանց միջև ծագող իրավահարաբերություններում: Սահմանադրության, հատկապես, հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանող նորմերը մասնավոր անձանց միջև հարաբերություններում անմիջականորեն իրացվելի են միայն Սահմանադրությամբ և վերջինիս հիման վրա ընդունված օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով: Հանրային իշխանության վերոհիշյալ սահմանադրական պարտականության բովանդակությունից անմիջականորեն բխում է, որ պետությունը պարտավոր է օրենսդրական կարգավորումների միջոցով պաշտպանել հիմնական իրավունքներն ու ազատությունները երրորդ անձանց անիրավաչափ միջամտությունից: Իսկ մասնավոր իրավունքի բնագավառում դա նշանակում է, որ օրենսդիրը պետք է անձանց միջև հակադիր շահերի առկայության (կոլիզիայի) դեպքում, Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կարգավորման համաչափության սկզբունքի հիման վրա որպես սահմանադրաիրավական նպատակ հավասարակշռի մասնավոր իրավահարաբերությունների մասնակիցների հիմնական իրավունքների ու ազատությունների իրացումը, եթե առկա չէ փաստական հանգամանքներով հիմնավորված որևէ պատճառ` այդ իրավունքների ու ազատությունների իրացման իրավական նախապատվությունը կողմերից որևէ մեկին տրամադրելու համար: Այս տեսանկյունից տուժանքի ինստիտուտին վերաբերող` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող կարգավորումները համահունչ են վերոհիշյալ նպատակին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4 մայիսի 2018 թվականի
ՍԴՈ-1412
Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 07 մայիսի 2018 թվական: