ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ6/0506/05/13
դատարանի որոշում 2016թ.
Վարչական գործ թիվ ՎԴ6/0506/05/13
Նախագահող դատավոր` Ք. Մկոյան
Դատավորներ` Ա. Առաքելյան
Գ. Ղարիբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի
2016 թվականի հուլիսի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանների ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.07.2015 թվականի որոշման դեմ` ըստ Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանների հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ Վերգինե Բեջանյանի` սեփականության իրավունքի պետական գրանցումը սեփականության իրավունքի հիմքի հետ համապատասխանեցնելուն պարտավորեցնելու, Կադաստրի ղեկավար Ռ. Մանուկյանի 01.06.2013 թվականի թիվ ՌՄ-2/79 և 30.07.2013 թվականի թիվ ՌՄ-2/93 գրություններն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանները պահանջել են պարտավորեցնել Կադաստրին սեփականության իրավունքի պետական գրանցումը համապատասխանեցնել սեփականության իրավունքի հիմքի հետ, անվավեր ճանաչել Կադաստրի ղեկավար Ռ. Մանուկյանի 01.06.2013 թվականի թիվ ՌՄ-2/79 և 30.07.2013 թվականի թիվ ՌՄ-2/93 գրությունները:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ալավերդյան) (այսուհետ` Դատարան) 12.02.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.07.2015 թվականի որոշմամբ Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.02.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանների ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վերգինե Բեջանյանի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 27-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` ոչ տեխնիկական սխալի ուղղումը կարող է կատարվել ոչ միայն շահագրգիռ անձանց համաձայնության առկայության, այլ նաև այդպիսի համաձայնության բացակայության դեպքում` դատական կարգով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճելի սեփականության իրավունքի պետական գրանցումը չի համապատասխանում այդ գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերին: Այսպես, խնդրո առարկա սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է միայն Հմայակ Փարեմուզյանի անվամբ, մինչդեռ սեփականության իրավունքի գրանցման հիմքերի համաձայն` տվյալ անշարժ գույքի համասեփականատերեր են հանդիսացել նաև Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանները և վերջիններիս ծնողները: Հետևաբար Վերաքննիչ դատարանը, խախտելով Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանների սեփականության իրավունքը, անտեսել է, որ Դատարանը պետք է վճիռ կայացներ սեփականության իրավունքի պետական գրանցումը դրա հիմքի հետ համապատասխանեցնելուն Կադաստրին պարտավորեցնելու մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.07.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն հետևության, որ Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանների հայցը ենթակա էր մերժման: Այսպես, սույն գործով վերջիններիս կողմից պահանջվում է ուղղել 06-037-017-000027 կադաստրային համարի գույքի պետական գրանցման ժամանակ թույլ տրված ոչ տեխնիկական բնույթի սխալը, որը կարող է ուղղվել միայն շահագրգիռ անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում, ինչն էլ տվյալ դեպքում բացակայում է: Հետևաբար սույն գործով ստորադաս դատարանները կայացրել են օրինական և հիմնավորված դատական ակտեր, որոնք ենթակա չեն բեկանման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Լոռու մարզի Թեղուտ համայնքի ղեկավարի կողմից տրված` համայնքի տնտեսությունների 2-րդ գրքի թիվ 106 գրանցումից արված քաղվածքի համաձայն` Կառլեն Փարեմուզյանի անվամբ գրանցված է 0,3 հա մակերեսով հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն օժանդակ շինություններով` կառուցված 1960 թվականին, ընտանիքի կազմում նշված են Հռիփսիկ Դավթյանը, Հմայակ Փարեմուզյանը, Մարինե Փարեմուզյանը և Ֆրունզիկ Փարեմուզյանը (հատոր 1-ին, գ.թ. 16).
2. Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1788145 վկայականի` Լոռու մարզի Թեղուտ համայնքում գտնվող 0,207 հա մակերեսով տնամերձ հողամասի և 262,7 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ Լոռու մարզի Թեղուտ համայնքի ղեկավարի կողմից տրված համայնքի տնտեսությունների 2-րդ գրքի թիվ 106 գրանցումից արված քաղվածքի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-037-4-3 մատյանի 010 համարի տակ 04.04.2003 թվականին գրանցվել է Հմայակ Փարեմուզյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 10-11).
3. Կադաստրի ղեկավար Ռ. Մանուկյանի 01.06.2013 թվականի թիվ ՌՄ-2/79 գրության համաձայն` Ֆրունզիկ Փարեմուզյանի կողմից 31.05.2013 թվականին ներկայացված դիմումի կապակցությամբ վերջինիս հայտնվել է, որ Թեղուտ համայնքում գտնվող թիվ 06-037-0017-0027 ծածկագրով բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ 04.04.2003 թվականին կատարված թիվ 1788145 սեփականության իրավունքի գրանցման վկայականի` «սեփականատիրոջ անունը, (անվանումը)» բաժնում սեփականատերերի ավելացում կարող է կատարվել միայն շահագրգիռ անձի (գրանցված սուբյեկտի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, քանի որ տվյալ դեպքում ուղղումը հանգեցնում է գույքի պատկանելության փոփոխության (հատոր 1-ին, գ.թ. 23).
4. Կադաստրի ղեկավար Ռ. Մանուկյանի 30.07.2013 թվականի թիվ ՌՄ-2/93 գրության համաձայն` Կադաստրը, ի պատասխան Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանների դիմումի, հայտնել է, որ իրենց արդեն իսկ նախկին գրությամբ տեղեկացվել էր, որ անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 1788145 վկայականում գույքի պատկանելության փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրանցված սուբյեկտի կամ վերջինիս մահվան դեպքում նրա իրավահաջորդության վերաբերյալ համապատասխան փաստաթղթով հանդես եկող անձի գրավոր համաձայնությունը և համայնքի ղեկավարի կողմից տրամադրված պարզաբանում համասեփականատերերի վերաբերյալ, ինչպես նաև ճշտված համասեփականատերերի անվամբ քաղվածք (հատոր 1-ին, գ.թ. 28).
5. Թիվ ԱԲ021033 մահվան վկայականի համաձայն` Հմայակ Փարեմուզյանը մահացել է 12.03.2010 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 20).
6. «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 06.10.2010 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Հմայակ Փարեմուզյանի մահից հետո նրա գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում տղան` Ամատունի Բեջանյանը, իսկ ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է հանգուցյալի անվամբ եղած բնակելի տնից և տնամերձ հողամասից, որոնք գտնվում են Լոռու մարզի Թեղուտ գյուղում (հատոր 1-ին, գ.թ. 46).
7. «Նոյեմբերյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 20.01.2014 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Ամատունի Բեջանյանի (մահացած` 05.07.2013 թվականին) գույքի նկատմամբ համապատասխան բաժնով ժառանգ է համարվում մայրը` Վերգինե Բեջանյանը, իսկ ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է բնակելի տնից և տնամերձ հողամասից, որը գտնվում է` ՀՀ Լոռու մարզ, գյուղ Թեղուտ, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 5 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 45):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթում թույլ տրված սխալների ուղղման ընթացակարգի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված ոչ տեխնիկական բնույթի սխալն ուղղելու համար անհրաժե՞շտ է արդյոք գրանցված իրավունքի սուբյեկտի (շահագրգիռ անձանց) գրավոր համաձայնությունն այն պայմաններում, երբ ոչ տեխնիկական բնույթի սխալն առաջացել է պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում նշված տվյալները գրանցման մատյանում կամ գրանցման վկայականում սխալ կամ թերի գրառելու հետևանքով:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքով սահմանվում են գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, գրանցում իրականացնող մարմնի իրավունքների և պարտականությունների իրավական հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները:
i
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը կատարվում է գրանցված իրավունքների սուբյեկտների դիմումների հիման վրա կամ գրանցող մարմնի պաշտոնատար անձի նախաձեռնությամբ` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական գրանցման ժամանակ թույլ տրված այն սխալները, որոնց ուղղումը չի փոփոխում գույքի պատկանելությունը, դրա նկատմամբ իրավունքների բնույթը, ծավալը կամ չի հանգեցնում գույքի մակերեսի չափերի կամ կադաստրային արժեքի փոփոխության (այսուհետ` տեխնիկական բնույթի սխալներ), կարող են ուղղվել գրանցող մարմնի պաշտոնատար անձի նախաձեռնությամբ` այդ մասին գրավոր տեղեկացնելով գրանցված իրավունքների սուբյեկտներին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական գրանցման ժամանակ թույլ տրված այն սխալները, որոնց ուղղումը հանգեցնում է գույքի պատկանելության, դրա նկատմամբ իրավունքների բնույթի, ծավալի, գույքի մակերեսի չափերի կամ կադաստրային արժեքի փոփոխության (այսուհետ` ոչ տեխնիկական բնույթի սխալներ), կարող են ուղղվել միայն շահագրգիռ անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ նույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
Պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում նշված տվյալները գրանցման մատյանում կամ գրանցման վկայականում սխալ կամ թերի գրառելու հետևանքով առաջացած ոչ տեխնիկական բնույթի սխալները կարող են ուղղվել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով` նաև առանց գրանցված իրավունքի սուբյեկտի համաձայնության` այդ մասին գրավոր իրազեկելով գրանցված իրավունքների սուբյեկտներին: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ոչ տեխնիկական բնույթի սխալները շահագրգիռ անձի դիմումով կարող են ուղղվել առանց գրանցված իրավունքի սուբյեկտի համաձայնության` դատական ակտի հիման վրա:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը չի բացառել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթի ընթացքում սխալներ թույլ տալու հնարավորությունը` սահմանելով այդ սխալների ուղղման (շտկման, վերացման) կարգը: Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթում թույլ տրված սխալներն օրենսդիրը դասակարգել է երկու խմբի` 1) տեխնիկական բնույթի և 2) ոչ տեխնիկական բնույթի:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի իմաստով ոչ տեխնիկական բնույթի են համարվում պետական գրանցման ժամանակ թույլ տրված այն սխալները, որոնց ուղղումը հանգեցնում է`
- գույքի պատկանելության փոփոխության,
- գույքի նկատմամբ իրավունքների բնույթի փոփոխության,
- գույքի նկատմամբ իրավունքների ծավալի փոփոխության,
- գույքի մակերեսի չափերի փոփոխության,
- գույքի կադաստրային արժեքի փոփոխության:
Վկայակոչված օրենքի համաձայն` տեխնիկական բնույթի են համարվում պետական գրանցման ժամանակ թույլ տրված այն սխալները, որոնց ուղղումը չի փոփոխում գույքի պատկանելությունը, գույքի նկատմամբ իրավունքների բնույթը, ծավալը, չի հանգեցնում գույքի մակերեսի չափերի կամ գույքի կադաստրային արժեքի փոփոխության:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթում թույլ տրվող սխալների նման դասակարգման գործնական նշանակությունն այն է, որ տեխնիկական և ոչ տեխնիկական բնույթի սխալների ուղղումը կատարվում է օրենքով սահմանված տարբեր ընթացակարգերով: Այսպես, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթում թույլ տրվող տեխնիկական բնույթի սխալները կարող են ուղղվել գրանցող մարմնի պաշտոնատար անձի նախաձեռնությամբ` այդ մասին գրավոր տեղեկացնելով գրանցված իրավունքների սուբյեկտներին, իսկ ոչ տեխնիկական բնույթի սխալները, ընդհանուր կանոնի համաձայն, կարող են ուղղվել միայն շահագրգիռ անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում: Փաստորեն, ի տարբերություն տեխնիկական բնույթի սխալների, որոնց ուղղման համար որևէ շահագրգիռ անձի համաձայնություն չի պահանջվում, ոչ տեխնիկական բնույթի սխալների ուղղման համար, որպես կանոն, անհրաժեշտ է շահագրգիռ անձանց գրավոր համաձայնության առկայություն: Ընդ որում, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասում օրենսդիրը սահմանել է, որ գրանցված իրավունքի սուբյեկտի համաձայնության բացակայության դեպքում ոչ տեխնիկական բնույթի սխալները կարող են ուղղվել դատական կարգով:
Ոչ տեխնիկական բնույթի սխալների ուղղման ընթացակարգին վերաբերող վերոնշյալ ընդհանուր կանոնից օրենսդիրը կատարել է մեկ բացառություն, որը նախատեսված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ: Նշված իրավադրույթի բովանդակությունից հետևում է, որ ոչ տեխնիկական բնույթի սխալները կարող են ուղղվել նաև առանց գրանցված իրավունքի սուբյեկտի (շահագրգիռ անձանց) համաձայնության առկայության, եթե այդ ոչ տեխնիկական բնույթի սխալներն առաջացել են պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում նշված տվյալները գրանցման մատյանում կամ գրանցման վկայականում սխալ կամ թերի գրառելու հետևանքով: Այդ դեպքում ոչ տեխնիկական բնույթի սխալների ուղղումը կատարվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` տեխնիկական բնույթի սխալների ուղղման ընթացակարգով` այդ մասին գրավոր տեղեկացնելով գրանցված իրավունքի սուբյեկտներին: Այլ կերպ ասած` օրենսդիրը նախատեսել է գրանցման ժամանակ թույլ տրված ոչ տեխնիկական բնույթի սխալներն ուղղելու հնարավորություն նաև առանց գրանցված իրավունքի սուբյեկտի համաձայնության առկայության, եթե այդ ոչ տեխնիկական բնույթի սխալներն առաջացել են պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում նշված տվյալները գրանցման մատյանում կամ գրանցման վկայականում սխալ կամ թերի գրառելու հետևանքով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, եթե անձը ոչ տեխնիկական բնույթի սխալներն ուղղելու պահանջի հիմքում դնում է այն փաստը, որ այդ սխալներն առաջացել են պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում նշված տվյալները գրանցման մատյանում կամ գրանցման վկայականում սխալ կամ թերի գրառելու հետևանքով, ապա Կադաստրի միակ պարտականությունը այդ հիմքի առկայությունը ստուգելն է, այն է` իրավահաստատող փաստաթղթերում նշված տվյալները գրանցման մատյանում կամ գրանցման վկայականում առկա տվյալների հետ համադրելն է առանց կողմի վրա լրացուցիչ պարտականություն դնելու, այն է` գրանցված իրավունքի սուբյեկտների համաձայնությունը ներկայացնելու:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածում սահմանել է գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման ընթացքում թույլ տրված սխալների ուղղման հետևյալ կանոնները.
1) տեխնիկական բնույթի սխալները կարող են ուղղվել առանց գրանցված իրավունքի սուբյեկտի կամ որևէ շահագրգիռ անձի համաձայնության առկայության` այդ մասին գրավոր իրազեկելով գրանցված իրավունքի սուբյեկտներին,
2) որպես ընդհանուր կանոն` ոչ տեխնիկական բնույթի սխալները կարող են ուղղվել միայն գրանցված իրավունքի սուբյեկտի կամ այլ շահագրգիռ անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ այդպիսի համաձայնության բացակայության դեպքում ոչ տեխնիկական բնույթի սխալները կարող են ուղղվել դատական ակտի հիման վրա,
3) որպես բացառություն` ոչ տեխնիկական բնույթի սխալները կարող են ուղղվել առանց գրանցված իրավունքի սուբյեկտի կամ որևէ շահագրգիռ անձի համաձայնության առկայության` այդ մասին գրավոր իրազեկելով գրանցված իրավունքի սուբյեկտներին, եթե այդ ոչ տեխնիկական բնույթի սխալներն առաջացել են պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում նշված տվյալները գրանցման մատյանում կամ գրանցման վկայականում սխալ կամ թերի գրառելու հետևանքով:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ բոլոր դեպքերում գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթում թույլ տրված սխալների ուղղում կատարելու հիմքն այդ սխալներն ուղղելու (շտկելու, վերացնելու) համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերի առկայությունն է, իսկ սխալների ուղղումը կարող է նախաձեռնվել ինչպես գրանցված իրավունքների սուբյեկտի, այնպես էլ գրանցող մարմնի պաշտոնատար անձի կողմից:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման ընթացքում թույլ տրված սխալների ուղղման պահանջ ներկայացված լինելու դեպքում, Դատարանը պարտավոր է նախ անդրադառնալ թույլ տրված սխալների բնույթին, ապա «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված` թույլ տրված սխալների ուղղման կանոնների կիրառման հարցին:
Սույն գործի փաստերի համաձայն` Լոռու մարզի Թեղուտ համայնքում գտնվող 0,207 հա մակերեսով տնամերձ հողամասի և 262,7 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-037-4-3 մատյանի 010 համարի տակ 04.04.2003 թվականին գրանցվել է միայն Հմայակ Փարեմուզյանի սեփականության իրավունքը: Ընդ որում, սեփականության իրավունքի նշված պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթուղթը Լոռու մարզի Թեղուտ համայնքի ղեկավարի կողմից տրված համայնքի տնտեսությունների 2-րդ գրքի թիվ 106 գրանցումից քաղվածքն է: Ըստ այդ քաղվածքի` Լոռու մարզի Թեղուտ համայնքում գտնվող 0,3 հա մակերեսով հողամասը և դրա վրա առկա բնակելի տունն ու օժանդակ շինությունները գրանցված են Կառլեն Փարեմուզյանի անվամբ, որի ընտանիքի անդամներն են Հռիփսիկ Դավթյանը, Հմայակ Փարեմուզյանը, Մարինե Փարեմուզյանը և Ֆրունզիկ Փարեմուզյանը:
Ֆրունզիկ Փարեմուզյանն առաջին անգամ, իսկ հետագայում նաև Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանները դիմել են Կադաստր` խնդրելով Լոռու մարզի Թեղուտ համայնքում գտնվող 0,207 հա մակերեսով տնամերձ հողամասի և 262,7 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-037-4-3 մատյանի 010 համարի տակ 04.04.2003 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը համապատասխանեցնել սեփականության իրավունքի գրանցման հիմքի (Լոռու մարզի Թեղուտ համայնքի ղեկավարի կողմից տրված համայնքի տնտեսությունների 2-րդ գրքի թիվ 106 գրանցումից արված քաղվածքի) հետ: Կադաստրի ղեկավար Ռ. Մանուկյանը 01.06.2013 թվականի թիվ ՌՄ-2/79 և 30.07.2013 թվականի թիվ ՌՄ-2/93 գրություններով, ըստ էության, մերժել է թե՛ Ֆրունզիկ Փարեմուզյանի կողմից ներկայացված առաջին դիմումը, թե՛ Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանների կողմից ներկայացված երկրորդ դիմումը` պատճառաբանելով, որ դիմումատուները չեն ներկայացրել սեփականության իրավունքի գրանցված սուբյեկտի կամ վերջինիս մահվան դեպքում նրա իրավահաջորդի (շահագրգիռ անձանց) գրավոր համաձայնությունը, որի առկայությունը պարտադիր է պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների` գույքի պատկանելության փոփոխության հանգեցնող համապատասխան ուղղում կատարելու համար:
Սույն գործով Դատարանը մերժել է Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանների հայցը` պատճառաբանելով, որ Կադաստրն իրավասու չէր առանց շահագրգիռ անձանց համաձայնության կատարելու Ֆրունզիկ Փարեմուզյանի կողմից ներկայացված առաջին դիմումով, ինչպես նաև Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանների կողմից ներկայացված երկրորդ դիմումով պահանջվող ոչ տեխնիկական բնույթի սխալի ուղղումը: Դատարանը գտել է նաև, որ Կադաստրի ղեկավար Ռ. Մանուկյանի 01.06.2013 թվականի թիվ ՌՄ-2/79 և 30.07.2013 թվականի թիվ ՌՄ-2/93 գրությունները, որոնցով, ըստ էության, մերժվել են Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանների դիմումները, չեն ընդունվել օրենքի խախտմամբ և ենթակա չեն անվավեր ճանաչման:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով, հիմնավոր է համարել Դատարանի վերոգրյալ եզրահանգումները` գտնելով, որ պետական գրանցման ընթացքում թույլ տրված ոչ տեխնիկական բնույթի սխալն ուղղելու համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ անձանց գրավոր համաձայնությունը, ինչը տվյալ դեպքում բացակայել է:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման» կարգի 3-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթեր են հանդիսանում (...) գյուղական բնակավայրերում տնտեսությունների գրքերից (ծխամատյաններից) քաղվածքները (...):
Նշված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ տնտեսությունների գրքից քաղվածքը` որպես անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ, հիմք է հանդիսանում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար: Սույն գործի փաստերի և վերոգրյալ իրավադրույթի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լոռու մարզի Թեղուտ համայնքի ղեկավարի կողմից տրված համայնքի տնտեսությունների 2-րդ գրքի թիվ 106 գրանցումից արված քաղվածքը Լոռու մարզի Թեղուտ համայնքում գտնվող 0,207 հա մակերեսով տնամերձ հողամասի և 262,7 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-037-4-3 մատյանի 010 համարի տակ 04.04.2003 թվականի պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթուղթն է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության ընթացքում ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածում սահմանված` գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթում թույլ տրված սխալների ուղղման կանոնների համաձայն` այն ոչ տեխնիկական բնույթի սխալները, որոնք առաջացել են պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում նշված տվյալները գրանցման մատյանում կամ գրանցման վկայականում սխալ կամ թերի գրառելու հետևանքով, կարող են ուղղվել առանց գրանցված իրավունքի սուբյեկտի կամ որևէ շահագրգիռ անձի համաձայնության առկայության` այդ մասին գրավոր իրազեկելով գրանցված իրավունքների սուբյեկտներին:
Հետևաբար տվյալ դեպքում ստորադաս դատարանները պետք է պարզեին այն հանգամանքը, թե Ֆրունզիկ Փարեմուզյանի կողմից ներկայացված առաջին դիմումով, ինչպես նաև Ֆրունզիկ և Մարինե Փարեմուզյանների կողմից ներկայացված երկրորդ դիմումով պահանջվող ոչ տեխնիկական բնույթի սխալի ուղղումը կարո՞ղ էր արդյոք կատարվել առանց գրանցված իրավունքի սուբյեկտի կամ որևէ շահագրգիռ անձի համաձայնության:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հարցադրմանը պատասխանելու նպատակով անհրաժեշտ է բացահայտել այն հանգամանքը, թե քննարկվող ոչ տեխնիկական բնույթի սխալը առաջացել է արդյոք Լոռու մարզի Թեղուտ համայնքում գտնվող 0,207 հա մակերեսով տնամերձ հողամասի և 262,7 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-037-4-3 մատյանի 010 համարի տակ 04.04.2003 թվականի պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթում` Լոռու մարզի Թեղուտ համայնքի ղեկավարի կողմից տրված համայնքի տնտեսությունների 2-րդ գրքի թիվ 106 գրանցումից արված քաղվածքում նշված տվյալները գրանցման մատյանում կամ գրանցման վկայականում սխալ կամ թերի գրառելու հետևանքով, թե` ոչ: Այսինքն` սույն գործի քննության և ճիշտ լուծման նպատակով Լոռու մարզի Թեղուտ համայնքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 04.04.2003 թվականին կատարված պետական գրանցման մատյանում և վկայականում առկա գրառումները համադրելով վերը նշված քաղվածքում առկա տվյալների հետ` անհրաժեշտ է պարզել, թե խնդրո առարկա ոչ տեխնիկական բնույթի սխալն առաջացել է արդյոք Լոռու մարզի Թեղուտ համայնքի ղեկավարի կողմից տրված համայնքի տնտեսությունների 2-րդ գրքի թիվ 106 գրանցումից արված քաղվածքում առկա տվյալները գրանցման մատյանում կամ գրանցման վկայականում սխալ կամ թերի գրառելու արդյունքում, թե` ոչ, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ հարցերը պարզելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.07.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան