ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0132/02/13
դատարանի որոշում 2013 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0132/02/13
Նախագահող դատավոր` Գ. Մատինյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Ա. Թումանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2013 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վլադիմիր Ամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վլադիմիր Ամյանի ընդդեմ Աշոտ, Կարապետ, Արայիկ, Անահիտ Սողոմոնյանների և Հրանուշ Գրիգորյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վլադիմիր Ամյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը` Աշոտ, Կարապետ, Արայիկ, Անահիտ Սողոմոնյանների, Հրանուշ Գրիգորյանի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված, ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող անշարժ գույքի` 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ե. Քոչարյան) (այսուհետ` Դատարան) 29.05.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.09.2013 թվականի որոշմամբ Վլադիմիր Ամյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.05.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վլադիմիր Ամյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աշոտ Սողոմոնյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է Հրանուշ Գրիգորյանի և Արայիկ Սողոմոնյանի կողմից դատարան ներկայացված հայցադիմումի պատասխաններով ընդունված փաստը, ըստ որի` հայցվորը ներքին առուվաճառքի պայմանագրով գնել է իրենց, Աշոտ Սողոմոնյանին, Կարապետ Սողոմոնյանին, Արայիկ Սողոմոնյանին պատկանող ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասը և 1999 թվականից փաստացի տիրապետել, օգտագործել է այն, Նշավան համայնքի ղեկավարի կողմից 06.02.2013 թվականին տրված թիվ 1/51 տեղեկանքը, որով ևս հաստատվել է 1999 թվականից Նշավան գյուղի Կոմիտասի թիվ 48 հասցեում հայցվորի փաստացի բնակվելու և այդ հասցեում գտնվող, պատասխանողներին պատկանող 0,10հա մակերեսով տնամերձ հողամասը մշակելու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանն ընդհանրապես գնահատման չի արժանացրել պատասխանողների վերոնշյալ գրավոր պատասխանները, դրանք չի համադրել համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի հետ և հայցը հիմնավորող անհերքելի ապացույցների առկայության պայմաններում արձանագրել է, որ դատարանը չի կարող առաջնորդվել ենթադրություններով, մասնավորապես, որ հայցվորը գույքը տիրապետում է 1999 թվականից սկսած:
Ավելին, պատասխանողների կողմից 1999-2012 թվականների ընթացքում շուրջ 13 տարի հողամասը հայցվորի կողմից տիրապետելուն և օգտագործելուն որևէ առարկություն, անհամաձայնություն չհայտնելը, հողամասը հայցվորի տիրապետումից հետ վերադարձնելուն ուղղված որևէ պահանջ չներկայացնելը վկայում են այն մասին, որ հիշյալ հողամասը հայցվորի փաստացի տիրապետմանն է անցել բոլոր պատասխանողների կամքով, այսինքն` պատասխանողների վերաբերմունքն անշարժ գույքի ճակատագրի նկատմամբ դրսևորվել է անգործությամբ, որպիսի փաստը հաստատում է հայցվորի տիրապետման բարեխղճությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.09.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքի պատասխանով Աշոտ Սողոմոնյանը հայտնել է, որ շուրջ 9 տարի բացակայել է Հայաստանի Հանրապետությունից և համաձայն անձնագրի պատճենի` վերադարձել է 26.10.2013 թվականին: Նշել է, որ չի առարկում վճռաբեկ բողոքի դեմ, այն հիմնավոր է և ենթակա է բավարարման, քանի որ 1998 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասը վաճառել է Վլադիմիր Ամյանին, և վերջինս բոլոր համասեփականատերերի ներկայությամբ իրեն վճարել է 1.300 ԱՄՆ դոլար: Ավելին, ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասի սեփականության իրավունքի գրանցման վկայականը ստանալուն պես այն հանձնել է Վլադիմիր Ամյանին, իսկ Հրանուշ Գրիգորյանին տվել է լիազորագիր Վլադիմիր Ամյանի հետ ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագիրը նոտարական վավերացմամբ կնքելու նպատակով, սակայն Հրանուշ Գրիգորյանը այն չի կարողացել իրականացնել Կարապետ և Անահիտ Սողոմոնյանների` Հայաստանի Հանրապետությունից բացակայելու և վերջիններիս կողմից լիազորագիր ուղարկել չկարողանալու պատճառով, քանի որ Կարապետ և Անահիտ Սողոմոնյաններն անձնագրի հետ կապված խնդիրներ են ունեցել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 043604 վկայականի (տրված` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման կողմից 07.04.2000 թվականին) համաձայն` ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 0,10հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ գրանցված է Աշոտ Սողոմոնյանի, Հրանուշ Գրիգորյանի, Կարապետ Սողոմոնյանի, Արայիկ Սողոմոնյանի, Անահիտ Սողոմոնյանի սեփականության իրավունքը, հիմք` ծխամատյանից 25.10.1999 թվականի թիվ 392 քաղվածքը (հատոր 1-ին, գ.թ. 7-10):
2. ՀՀ Արարատի մարզի Նշավանի գյուղապետ Մ. Ներսիսյանի կողմից 06.02.2013 թվականին տրված թիվ 1/51 տեղեկանքի համաձայն` Վլադիմիր Մակիչի Ամյանը 1999 թվականից փաստացի բնակվում է Նշավան գյուղի Կոմիտաս թիվ 48 հասցեում և մշակում է նույն գյուղի բնակիչ Աշոտ, Կարապետ, Արայիկ, Անահիտ Սողոմոնյաններին և Հրանուշ Գրիգորյանին պատկանող 0,10հա մակերեսով տնամերձ հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 12):
3. Թիվ 0132422, 0529209, 0529401, 0349658, 0116902, 1032284, 01557073 վճարման անդորրագրերի համաձայն` 1999-2012 թվականների վիճելի հողի հարկի վճարումը կատարվել է Աշոտ Սողոմանյանի անվամբ` Վլադիմիր Ամյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 13-19):
4. Արայիկ Սողոմոնյանը և Հրանուշ Գրիգորյանը հայցադիմումի պատասխաններում հայտնել են, որ հայցի դեմ չեն առարկում, քանի որ 1998 թվականի դեկտեմբեր ամսվա վերջերին Վլադիմիր Ամյանն իրենց և բոլոր համասեփականատերերի ներկայությամբ Աշոտ Սողոմոնյանին վճարել է 1.300 ԱՄՆ դոլար և ներքին առուվաճառքի պայմանագրով գնել է իրենց, Աշոտ Սողոմոնյանին, Կարապետ Սողոմոնյանին, Արայիկ Սողոմոնյանին պատկանող, ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասը: Հայտնել են նաև, որ 1999 թվականից նշված հողամասը փաստացի տիրապետել և օգտագործել է Վլադիմիր Ամյանը (հատոր 1-ին, գ.թ. 50-51, 54-55):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Վերահաստատելով իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այսինքն` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից:
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, հաստատված չի համարել այն հանգամանքը, որ հայցվորի մոտ եղել է համոզմունք, որ գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով` բոլոր համասեփականատերերի համաձայնությամբ: Միաժամանակ հաստատված չի համարել վիճելի հողամասը հայցվորի կողմից 10 տարի անընդմեջ տիրապետելու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանը, բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ գործում առկա չէ ձեռքբերման բարեխղճությունը հիմնավորող որևէ ապացույց:
Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է հայցվորի` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը:
Մասնավորապես, սույն գործի փաստերի, այն է` ՀՀ Արարատի մարզի Նշավանի գյուղապետ Մ. Ներսիսյանի կողմից 06.02.2013 թվականին տրված թիվ 1/51 տեղեկանքի համաձայն` Վլադիմիր Ամյանը 1999 թվականից փաստացի բնակվում է Նշավան գյուղի Կոմիտաս թիվ 48 հասցեում և մշակում է նույն գյուղի բնակիչ Աշոտ, Կարապետ, Արայիկ, Անահիտ Սողոմոնյաններին և Հրանուշ Գրիգորյանին պատկանող 0,10հա մակերեսով տնամերձ հողամասը, թիվ 0132422, 0529209, 0529401, 0349658, 0116902, 1032284, 01557073 վճարման անդորրագրերի համաձայն` վիճելի հողամասի 1999-2012 թվականների հողի հարկի վճարումը կատարվել է Աշոտ Սողոմանյանի անվամբ` Վլադիմիր Ամյանի կողմից: Բացի այդ, գործով պատասխանողներ Հրանուշ Գրիգորյանը և Արայիկ Սողոմոնյանը հայցադիմումի պատասխաններում ընդունել են այն փաստը, որ 1998 թվականի դեկտեմբեր ամսվա վերջերին Վլադիմիր Ամյանն իրենց և բոլոր համասեփականատերերի ներկայությամբ Աշոտ Սողոմոնյանին է վճարել 1.300 ԱՄՆ դոլար և ներքին առուվաճառքի պայմանագրով գնել է իրենց, Աշոտ Սողոմոնյանին, Կարապետ Սողոմոնյանին, Արայիկ Սողոմոնյանին պատկանող, Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասը և 1999 թվականից փաստացի տիրապետել, օգտագործել է իրեն հանձնված հողամասը: Նշված փաստերն ընդունել է նաև պատասխանող Աշոտ Սողոմոնյանը վճռաբեկ բողոքի պատասխանով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում հիմնավորվում է Վլադիմիր Ամյանի կողմից վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը, միաժամանակ վկայակոչված ապացույցներով հաստատվում է նաև այն հանգամանքը, որ գույքի սեփականատերերի կողմից իրականացվել են գործողություններ, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից վերջիններիս մեկուսացման մասին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2013 թվականի որոշումը և այն փոփոխել.
Վլադիմիր Ամյանի հայցը բավարարել` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Վլադիմիր Ամյանի սեփականության իրավունքն անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 07.04.2000 թվականի թիվ 043604 վկայականում (տրված` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման կողմից) նշված` ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
2. Աշոտ, Կարապետ, Արայիկ, Անահիտ Սողոմոնյաններից և Հրանուշ Գրիգորյանից հօգուտ Վլադիմիր Ամյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան