ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԿԴ/0157/11/11
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԿԴ/0157/11/11
Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Պողոսյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Հ. Ղուկասյանի
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ դիմողի ներկայացուցիչ Հ. Ալումյանի
2012 թվականի հունիսի 8-ին Երևան քաղաքում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի փետրվարի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2011 թվականի մայիսի 13-ին Սուրեն Մանթաշի Բաբայանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Աշոտ Միքայելյանը և Ռաֆայել Մանուչարյանն իր վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ, կեղծիքներ կատարելու միջոցով դարձել են «Տիգրասոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Իներկոմ» արտադրական կոոպերատիվի հիմնադիրներ` իրեն պատճառելով գույքային վնաս:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ հետաքննիչ Վ.Անոյանի 2011 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ Ս.Բաբայանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
2. Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ավագ հետաքննիչ Վ.Անոյանի 2011 թվականի օգոստոսի 16-ի որոշման դեմ Ս.Բաբայանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Լ.Չարխիֆալակյանի 2011 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ դիմող Ս.Բաբայանի բողոքը մերժվել է:
3. 2011 թվականի հոկտեմբերի 1-ին դիմող Ս.Բաբայանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանը 2011 թվականի նոյեմբերի 2-ին որոշում է կայացրել դիմող Ս.Բաբայանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին: Վարույթն իրականացնող մարմնի համար պարտավորություն է սահմանվել վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ավագ հետաքննիչ Վ.Անոյանի 2011 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ թույլ տրված Ս.Բաբայանի իրավունքների խախտումը:
4. Դատախազ Լ.Չարխիֆալակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի փետրվարի 8-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 2-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
5. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի փետրվարի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը:
Վճռաբեկ դատարանը 2012 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
6. Դիմող Ս.Բաբայանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի խնդրանքը շարադրված է հետևյալ կերպ. «Ելնելով վերը շարադրվածից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով, խնդրում եմ վերացնել «նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Անոյանի 16.08.2011 թվականի որոշումը, ինչպես նաև` բողոքս մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Լ.Չարխիֆալակյանի 20.09.2011 թվականի որոշումը» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, 2-5-րդ էջեր):
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ. «Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածով, դատարանը որոշեց Սուրեն Մանթաշի Բաբայանի բողոքը` «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Անոյանի 16.08.2011 թվականի որոշումը, ինչպես նաև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Լ.Չարխիֆալակյանի 20.09.2011 թվականի որոշումը վերացնելու դեմ, բավարարել մասնակիորեն:
Վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Անոյանի 16.08.2011 թվականի որոշմամբ թույլ տրված և սույն որոշմամբ արձանագրված դիմող Սուրեն Բաբայանի իրավունքների խախտումը և կատարել սույն որոշման պահանջները (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, 50-62-րդ էջեր):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը թույլ են տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:
Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը նշել է, որ դիմող Ս.Բաբայանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացրել դատարան և խնդրել է վերացնել վիճարկվող որոշումը: Մինչդեռ ստորադաս դատարանները բողոքի քննությունն իրականացրել և համապատասխան որոշում են կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով:
Ըստ բողոքի հեղինակի` վերոգրյալի արդյունքում առաջացել է իրավական անորոշություն, այն է` դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով չի վերացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը, որի դեպքում դատախազի կողմից քրեական գործի հարուցումը պարտադիր կլիներ, այլ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով` վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել է այնպիսի պարտավորություններ (նշանակել փորձաքննություն, կատարել հարցաքննություններ և այլն), որոնք հետաքննիչի որոշման առկայության պայմաններում, առանց քրեական գործ հարուցելու, հնարավոր չէ կատարել:
9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը, Վերաքննիչ դատարանի 2012 թվականի փետրվարի 8-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` սույն գործով որոշումներ կայացնելիս ստորադաս դատարանները պահպանե՞լ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը:
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն`
i
«1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու դեպքում կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին (...):
2. Որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
3. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով (...):
5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն`
i
«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
(...)
5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (...)»:
12. Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանի կողմից մեկնաբանվել են Հ.Հարությունյանի գործով որոշման մեջ, որտեղ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ իրավանորմեր, որոնք հստակ կարգավորում են մինչդատական վարույթի շրջանակներում ընդունվող դատավարական ակտերից մեկի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը և այդ որոշումների հետևանքով որոշակի իրավահարաբերությունների փոփոխությունները: Հակառակ դրան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներն ամրագրում են առավելապես ընդհանրական բնույթի նորմեր, որոնք մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության սահմանները և քրեական դատավարության այդ փուլում դատարանի լիազորությունները կարգավորում են ընդհանրական ձևով:
(...) ՀՀ քրեադատավարական օրենքում նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր նորմերից, տվյալ դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներից առանձնացրել է այդ նույն իրավահարաբերությունը կարգավորող հատուկ նորմ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը` արդյունքում հստակեցնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատական կարգն ու դրա արդյունքում դատարանի կողմից կայացվող որոշումը:
(...) շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայության դեպքում իրավակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը» (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշումը, 20-21-րդ կետեր):
13. Վերահաստատելով նախորդ կետում և համապատասխանաբար նաև Հ.Հարությունյանի գործով որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավասու անձի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկելու դեպքում դատարանը պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով քննության առնի բողոքը և կայացնի համապատասխան դատական ակտ` վիճարկվող որոշումը վերացնելու կամ հաստատելու մասին:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Ս.Բաբայանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջներով, քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացրել դատարան և խնդրել է վերացնել վիճարկվող որոշումը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը բողոքի քննությունն իրականացրել և համապատասխան որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով` վարույթն իրականացնող մարմնի համար սահմանելով դիմող Ս.Բաբայանի իրավունքների խախտումը վերացնելու պարտավորություն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքում կիրառել է ոչ թե դրա համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հատուկ կանոնները, այլ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կանոնները:
15. Սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, չի պահպանել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը:
Վերաքննիչ դատարանը, իր հերթին, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, քրեադատավարական օրենքի խախտումը վերացնելու փոխարեն դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ, ինչի արդյունքում խախտվել են ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջները:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (...)»:
Վերոնշյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի փետրվարի 8-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Հ. Ղուկասյան