Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՏԵՂԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՏԵՂԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                               ԿԴ/0008/06/11

վերաքննիչ քրեական

դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ/0008/06/11

Նախագահող դատավոր` Ա. Հովհաննիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Պողոսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    մասնակցությամբ պաշտպան                    Տ. Սաֆարյանի

 

    2011 թվականի հոկտեմբերի 20-ին                     Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի օգոստոսի 6-ի որոշման դեմ մեղադրյալ Ամալյա Սերժիկի Ղարիբյանի պաշտպան Տ.Սաֆարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2011 թվականի ապրիլի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 46103911 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

2011 թվականի ապրիլի 23-ին Ամալյա Ղարիբյանը ձերբակալվել է:

2. Նախաքննության մարմնի 2011 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ Ա.Ղարիբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը մեղադրյալ Ա.Ղարիբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2011 թվականի հունիսի 15-ի որոշմամբ Ա.Ղարիբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մեկ ամսով:

3. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Ղարիբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով` մինչև 2011 թվականի սեպտեմբերի 23-ը:

4. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի օգոստոսի 6-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 20-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

5. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի օգոստոսի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ա.Ղարիբյանի պաշտպան Տ.Սաֆարյանը:

Վճռաբեկ դատարանը 2011 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

6. Ա.Ղարիբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի ապրիլի 14-ին իր ծանոթ, Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող Գալուստ Ղազարյանի կողմից առաքված ծանրոցով, Գոհար Բաբասյանի միջոցով, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափի` մոտ 1,044 գրամ բուպրենորֆին տեսակի 88 ամբողջական և 4 ոչ ամբողջական դեղահաբ, որոնցից առանձնապես խոշոր չափի` մոտ 0,972 գրամ քաշով 81 հատ դեղահաբը, 1 դեղահաբը 20.000 ՀՀ դրամով վաճառելու եղանակով, 2011 թվականի ապրիլի 14-ից մինչև ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար իրացրել է Երևան քաղաքի բնակիչ Հայկազ Գևորգյանին, իսկ մնացած խոշոր չափի` 0,088 գրամ քաշով դեղահաբերը ոստիկանության աշխատակիցների կողմից 2011 թվականի ապրիլի 22-ին իրականացված անձնական զննության ընթացքում հայտնաբերվել են նրա մոտից (տե՛ս Նյութեր, 17-18-րդ էջեր):

7. Մեղադրյալ Ա.Ղարիբյանի պաշտպան Տ.Սաֆարյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2011 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ ընդունվել է դատարանի վարույթ և նշանակվել քննության դռնփակ դատական նիստում 2011 թվականի օգոստոսի 6-ին` ժամը 13-ին (տե՛ս Նյութեր, 174-րդ էջ):

8. Ըստ Նյութերում առկա փոստային անդորրագրերի` Վերաքննիչ դատարանի կողմից նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցագրերը դատավարության մասնակիցներին, այդ թվում` բողոք բերած անձին` պաշտպան Տ.Սաֆարյանին, ուղարկվել են 2011 թվականի օգոստոսի 6-ին (տե՛ս Նյութեր, 75-80-րդ էջեր):

Նյութերում բացակայում է որևէ ապացույց առ այն, որ դատավարության մասնակիցներն այլ կերպ ծանուցվել են դատական նիստի տեղի և ժամանակի մասին:

9. Սույն գործով Վերաքննիչ դատարանում 2011 թվականի օգոստոսի 6-ին տեղի ունեցած դատական նիստին մասնակցել է քննիչ Ա.Շախիկյանը. պաշտպան Տ.Սաֆարյանը և դատախազը դատական նիստին չեն մասնակցել (տե՛ս դատական նիստի արձանագրության համառոտագրում, Նյութեր, 81-րդ էջ):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղկացուցիչը կազմող «զենքերի հավասարության» սկզբունքը:

Ի հիմնավորումն այդ պնդման` պաշտպանը նշել է, որ պատշաճ կարգով ծանուցված չլինելու պատճառով զրկված լինելով կալանավորման օրինականության ստուգման դատական նիստին մասնակցելու հնարավորությունից` քրեական հետապնդման մարմնի համեմատությամբ հայտնվել է խիստ անբարենպաստ վիճակում, քանի որ իրեն ոչ միայն հնարավորություն չի ընձեռվել ներկայացնելու կալանավորման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները, այլև զրկված է եղել նախաքննության մարմնի ներկայացուցչի բացատրությունները լսելու, դրանց վերաբերյալ առարկություններ, հակափաստարկներ կամ կարծիք արտահայտելու հնարավորությունից:

11. Բացի այդ, բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված` անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմանները կանոնակարգող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը: Վերաքննիչ դատարանը չի կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի` կալանքի իրավաչափության խնդիրների վերաբերյալ նախադեպային որոշումները, ինչի արդյունքում մեղադրյալ Ա.Ղարիբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

12. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և մերժել մեղադրյալ Ա.Ղարիբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը` նրան անհապաղ ազատ արձակելով կալանքից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

13. Սույն գործով բողոքաբերն ըստ էության անդրադարձել է երկու հարցի. ա) նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին իրեն պատշաճ չծանուցելու արդյունքում ենթադրաբար տեղի ունեցած արդար դատաքննության իրավունքի խախտմանը, բ) մեղադրյալ Ա.Ղարիբյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման օրինականությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից` «մրցակցությունը քրեական դատավարության ընթացքում» և «դատավարության կողմերի իրավահավասարությունը» հասկացությունների ճիշտ մեկնաբանման առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է համարում նախ անդրադառնալ բողոքաբերի բարձրացրած առաջին իրավական հարցին:

 

I. Դատական նիստի տեղի և ժամանակի մասին դատավարության մասնակիցներին պատշաճ ծանուցելու իրավական պահանջը

14. Վճռաբեկ դատարանը նախ քննության է առնում հետևյալ հարցը` Վերաքննիչ դատարանն արդյո՞ք պաշտպանին պատշաճ կերպով ծանուցել է սույն գործով նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին:

i

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` «Պաշտպանը (...) իրավունք ունի մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերի և գործի նյութերի հետազոտմանը, (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննարկման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին: Ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննարկմանը: Դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն`

«1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:

(...)

3. Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի կամ պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն: Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին:

(...)»:

Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Գործի քննության տեղի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են»:

16. Շարադրված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական քննությանը մասնակցելը կողմերի` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Գործի քննությանը մասնակցելու կողմերի իրավունքը, ի թիվս այլոց, դատարանն ապահովում է գործի քննության տեղի և ժամանակի մասին նրանց ծանուցելու միջոցով, ուստի կարևոր իրավական նշանակություն ունի այն, որ այդ ծանուցումը կրի պատշաճ բնույթ:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Ա.Ղարիբյանի պաշտպան Տ.Սաֆարյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում քննության է նշանակվել 2011 թվականի օգոստոսի 6-ին` ժամը 13-ին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցագրերը դատավարության մասնակիցներին, այդ թվում` պաշտպան Տ.Սաֆարյանին, փոստի միջոցով ուղարկվել են նիստի օրը` 2011 թվականի օգոստոսի 6-ին: Գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ դատական նիստի տեղի և ժամանակի մասին դատավարության մասնակիցները վաղօրոք այլ կերպ ծանուցված են եղել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, անտեսելով սույն որոշման 15-րդ կետում մեջբերված իրավանորմերի պահանջները, դատավարության մասնակիցներին, այդ թվում` պաշտպանին պատշաճ կերպով չի ծանուցել գործի քննության տեղի և ժամանակի մասին, ինչի արդյունքում վերջիններս զրկվել են գործի դատական քննությանը մասնակցելու հնարավորությունից: Արդյունքում խախտվել է դատական քննությանը մասնակցելու պաշտպանի իրավունքը:

 

II. Արդար դատական քննության իրավունքը

19. Սույն որոշման 18-րդ կետում արձանագրված խախտումը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև այն հարցին, թե Վերաքննիչ դատարանում մեղադրյալ Ա.Ղարիբյանի կալանավորման օրինականության ստուգման դատական նիստին պաշտպանության կողմի չմասնակցելը հանգեցրե՞լ է արդյոք արդար դատական քննության իրավունքի խախտման:

20. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:

2. Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք (...):

4. Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ (...):

5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով (...)»:

21. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատական քննության երաշխիքը, որը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակն է, նշված կոնվենցիայի իմաստով ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից է (տե՛ս Capmbell and Fell v The United Kingdօm, 1984 թվականի հունիսի 28, գանգատներ թիվ 7819/77 և 7878/77, կետ 69):

Փելադոան ընդդեմ Նիդեռլանդների գործով Եվրոպական դատարանն ընդգծել է, որ ցանկացած անձ, ով մեղադրվում է քրեական հանցանք կատարելու համար, ունի պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունք: Որպեսզի այս իրավունքը լինի գործուն և արդյունավետ, այլ ոչ զուտ տեսական, դրա կիրառումը չպետք է կախված լինի ոչ պատշաճ ձևական պայմանների կատարումից. դատարանները պետք է ապահովեն, որ դատավարությունը լինի արդար և համապատասխանաբար այն դատապաշտպանին, ով դատավարությանը ներկայանում է մեղադրյալի բացակայությամբ նրան պաշտպանելու ակնհայտ նպատակով, նշվածը իրականացնելու հնարավորություն տրվի (տե՛ս Pelladօah v Netherlands, 1994 թվականի սեպտեմբերի 22, գանգատ թիվ 16737/90, կետ 41):

Օջալանն ընդդեմ Թուրքիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այն դիրքորոշումն է հայտնել, որ զենքերի հավասարության սկզբունքն արդարացի դատաքննության լայն հասկացության հատկանիշներից մեկն է, որն ընդգրկում է նաև այն հիմնարար իրավունքը, որ քրեական վարույթը պետք է մրցակցային լինի: Քրեական գործով մրցակցային դատավարության իրավունքը նշանակում է, որ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերին պետք է հնարավորություն տրվի տեղեկանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին ու ապացույցներին, ինչպես նաև մեկնաբանելու դրանք: Հնարավոր են տարբեր եղանակներ, որոնցով ներպետական իրավունքը կարող է երաշխավորել այս պահանջի բավարարումը: Սակայն, անկախ նրանից, թե ինչպիսի միջոց է ընտրվել, պետք է ապահովվի փաստարկների ներկայացման վերաբերյալ մյուս կողմի իրազեկումը, ինչպես նաև վերջինիս պետք է իրական հնարավորություն տրվի մեկնաբանելու դրանք (տե՛ս Ocalan v Tսrkey, 2003 թվականի մարտի 12, գանգատ թիվ 46221/99, կետ 166):

22. Վերը շարադրված իրավանորմերի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է: Այս սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին: Այսպիսով` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության սկզբունքի հետ միասնության մեջ:

Կողմերի հավասարությունը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ մի կողմը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին: Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ առանց կողմերի հավասար տեղեկացվածության` դատական քննարկումը նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում:

23. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում առկա մոտեցման համաձայն` հաշվի առնելով այն լուրջ ազդեցությունը, որն ունի ազատությունից զրկելը մարդու հիմնարար իրավունքների վրա` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա իրականացվող վարույթների ժամանակ ևս սկզբունքորեն պետք է պահպանվեն արդար դատական քննության հիմնարար պահանջները, այդ թվում` մրցակցային դատավարության իրավունքը (ի թիվս այլ վճիռների, տե՛ս Garcia Alva v. Germany, 2001 թվականի փետրվարի 13, գանգատ թիվ 23541/94, կետ 39, Lietzօw v. Germany, 2001 թվականի փետրվարի 13, գանգատ թիվ 24479/94, կետ 44):

Հիմք ընդունելով Եվրոպական դատարանի վերոնշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը ՀՀ ներպետական իրավունքի իմաստով ևս հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննություններին: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորման կիրառման, կալանքի ժամկետի երկարացման հարցերի քննարկման, ինչպես նաև վերաքննության կարգով դրանց օրինականության դատական ստուգման ընթացքում դատարանը համապատասխան որոշում է կայացնում քրեական հետապնդման մարմնի ներկայացրած տեղեկությունների, փաստերի կամ ապացույցների հետազոտման արդյունքում (տե՛ս Վահրամ Գևորգյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24 թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 21-րդ կետը):

24. Վերոգրյալի հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված հարցերի քննարկման ընթացքում դատական քննությունը զրկված է միայն գործի հրապարակային քննության երաշխիքից: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի իրացման տեսանկյունից առավել կարևոր է դառնում կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքների ապահովումը դատարանի կողմից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես առաջին ատյանի դատարանը կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը քննելիս, այնպես էլ վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի կողմից կայացրած որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով դատարանները, ի թիվս այլ գործողությունների, պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկեն նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին կողմերին ծանուցելու և վերջիններիս` դատական քննությանը մասնակցելու իրավունքի անխափան իրացումն ապահովելու համար:

25. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ այն դեպքում, երբ մեղադրյալն ապահովված չէ պաշտպանով, ստորադաս դատարանները պետք է միջոցներ ձեռնարկեն դատական քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար` վերջինիս տրամադրելով ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր շահերն այնպիսի պայմաններում, որոնք նրա համար չեն ստեղծում անբարենպաստ վիճակ` ի համեմատ մրցակից կողմի: Վճռաբեկ դատարանի այս իրավական դիրքորոշումը պայմանավորված է պաշտպանությունն անձամբ իրականացնող մեղադրյալի համար մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների իրավաչափ կենսագործման անհրաժեշտությամբ. եթե նշված դեպքերում մեղադրյալի մասնակցությունը չապահովվի, ապա այդ սկզբունքներն անհամաչափ կձևականացվեն և կառարկայազրկվեն:

26. Սույն որոշման 20-25-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 7-8-րդ կետերում շարադրված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պաշտպան Տ.Սաֆարյանին պատշաճ կերպով չի ծանուցել նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին, ինչի արդյունքում նա զրկված է եղել մեղադրյալ Ա.Ղարիբյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման օրինականության ստուգման դատական նիստին մասնակցելու հնարավորությունից (տե՛ս նաև սույն որոշման 18-րդ կետը), մինչդեռ քրեական հետապնդումն իրականացնող մարմնի ներկայացուցիչը մասնակցել է Վերաքննիչ դատարանի նիստին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

27. Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանում մեղադրյալ Ա.Ղարիբյանի կալանավորման օրինականության ստուգման դատական նիստին պաշտպանության կողմի չմասնակցելը հանգեցրել է արդար դատական քննության իրավունքի խախտման: Պաշտպանության կողմը զրկվել է դատական քննությանը մասնակցելու իրավունքից, հետևաբար հնարավորություն չի ունեցել տեղեկանալու և մեկնաբանելու քրեական հետապնդման մարմնի ներկայացրած տեղեկությունները, փաստերը կամ ապացույցները, այսինքն` հայտնվել է խիստ անբարենպաստ վիճակում մեղադրող կողմի համեմատությամբ:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքների խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:

28. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (...)»:

Վերոնշյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

29. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ առանց Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու հնարավոր չէ քննության առնել բողոքաբերի կողմից բարձրացված երկրորդ հարցը, այն է` մեղադրյալ Ա.Ղարիբյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման օրինականությունը: ՈՒստի, սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն այդ հարցին չի անդրադառնում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Ամալյա Սերժիկի Ղարիբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի օգոստոսի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.10.2011
N ԿԴ/0008/06/11
Որոշում