Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 27-ՐԴ ԵՎ 2 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0130/02/10

    դատարանի որոշում                                              2010 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0130/02/10

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Տ. Սահակյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի      

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի        

                                              Վ. Աբելյանի         

                                              Ս. Անտոնյանի      

                                              Ա. Բարսեղյանի        

                                              Մ. Դրմեյանի          

                                              Գ. Հակոբյանի      

                                              Է. Հայրիյանի        

                                              Տ. Պետրոսյանի     

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով երրորդ անձ Քնարիկ Սուքիասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.09.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Անահիտ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) ընդդեմ Մարալիկի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Անիի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Հովհաննես Տոնոյանի և Քնարիկ Սուքիասյանի` Անիի նախկին շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) և «Անահիտ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) միջև կնքված առուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է վավեր ճանաչել Անիի նախկին շրջխորհրդի գործկոմի (ներկայիս Մարալիկի քաղաքապետարան) և Կոոպերատիվի միջև կնքված Շիրակի մարզի Լանջիկ գյուղի դպրոցի շենքի և կից շինությունների` կաթսայատան ու ավտոտնակի առուվաճառքի գործարքը:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` վավեր է ճանաչվել Անիի նախկին շրջխորհրդի գործադիր կոմիտեի ժողկրթբաժնի և Կոոպերատիվի միջև կնքված Շիրակի մարզի Լանջիկ գյուղի 934 քմ մակերեսով հին դպրոցի շենքի և 60,18 քմ մակերեսով կաթսայատան առուվաճառքի վերաբերյալ գործարքը, հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.09.2010 թվականի որոշմամբ Դատարանի 27.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Քնարիկ Սուքիասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ և 28-րդ հոդվածի 7-րդ կետերը, սխալ է մեկնաբանել նույն օրենսգրքի 2-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը նշել է, որ Քնարիկ Սուքիասյանի բողոքը քննության առարկա չի դարձնում, քանի որ վերջինս չի ներկայացրել որևէ ապացույց, որով Դատարանը կարող էր եզրահանգել վիճելի գույքի նկատմամբ որևէ իրավունք ունենալու հանգամանքի մասին, մինչդեռ Քնարիկ Սուքիասյանը` որպես գործին մասնակցող անձ, ունի դատական ակտը բողոքարկելու իրավունք:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 7-րդ կետը, 300-րդ և 301-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցը հարուցվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից և ընդդեմ ոչ պատշաճ պատասխանողի:

Այսպես, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի թիվ 002 ներդիրի և պետական ռեգիստրի Անիի տարածքային բաժնի կողմից տրված 22.06.2010 թվականի ԵՄ/494 գրության համաձայն` Կոոպերատիվի լուծարման գործընթացի սկիզբը լուծարային հանձնաժողովը գրանցել է պետական ռեգիստրում 05.11.2003 թվականին, իսկ Մարալիկ համայնքի ղեկավարի գրության համաձայն` Մարալիկի քաղաքապետարանը Կոմիտեի իրավահաջորդը չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.09.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Հայաստանի ազգային արխիվի Մարալիկի տարածքային ներկայացուցչության 17.02.2010 թվականի թիվ 26ա արխիվային տեղեկանքի համաձայն` «ՀՀ Անիի շրջխորհրդի գործկոմի 30.07.1992 թվականի թիվ 7 արձանագրության որոշմամբ

Լսեցին.- Լանջիկ գյուղում ստեղծված «Անահիտ» արտադրական կոոպերատիվ ձեռնարկության կանոնադրությունը գրանցելու մասին հարցը,

Որոշեցին.- Գրանցել Անիի շրջանի Լանջիկ գյուղում ստեղծված «Անահիտ» արտադրական կոոպերատիվ ձեռնարկության կանոնադրությունը` ընդունված կոոպերատիվ ձեռնարկության 1992 թ. հուլիսի 3-ի ընդհանուր ժողովում արձ. նո. 1» (հատոր 1-ին, գ.թ. 29):

2. ՀՀ Անիի շրջխորհրդի գործկոմի 30.07.1992 թվականի թիվ 7 արձանագրության համաձայն` թույլատրվել է Անիի շրջժողկրթբաժնին «Անահիտ» փոքր ձեռնարկությանը վաճառել Լանջիկ գյուղի հին դպրոցական շենքը (հատոր 1-ին, գ.թ. 23, 30):

3. 03.08.1993 թվականի անդորրագրի համաձայն` Քնարիկ Նիկողոսյանը Անիի շրջժողկրթբաժնի հաշվեհամարին է փոխանցել 91.800 ռուբլի` որպես շենքի արժեք:

4. ՀՀ պետական ռեգիստրի կողմից 11.10.1997 թվականին տրված թիվ 01Ա-037531 վկայականի համաձայն` «Անահիտ» արտադրական կոոպերատիվը գրանցվել է 08.10.1997 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 6, 83):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` կողմերը, երրորդ անձինք, դիմողները` նույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:

Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն բողոքարկել դատական ակտերը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը Քնարիկ Սուքիասյանի բողոքը քննության առարկա չի դարձրել այն պատճառաբանությամբ, որ վերջինս չի ներկայացրել որևէ ապացույց, որով Դատարանը կարող էր եզրահանգել վիճելի գույքի նկատմամբ որևէ իրավունք ունենալու հանգամանքի մասին:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Քնարիկ Սուքիասյանը գործին մասնակցող անձ է, և որպես այդպիսին նա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ և 28-րդ հոդվածների ուժով ունի դատական ակտը բողոքարկելու իրավունք (տ»ս նաև` ըստ դիմումի Փայլակ Խանամիրյանի, երրորդ անձինք Կադաստրի պետական կոմիտեի «Չարենցավան» տարածքային ստորաբաժանման, ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքի` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի թիվ ՇԴ/0023/02/09 որոշումը):

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, քննության առարկա չդարձնելով երրորդ անձի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, թույլ է տվել դատավարական նորմի էական խախտում:

Ինչ վերաբերում է Քնարիկ Սուքիասյանի վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ նրա վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից ըստ էության քննության առարկա չի դարձվել:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 10.09.2010 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.09.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2010
N ՇԴ1/0130/02/10
Որոշում