Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ, 115...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ, 115-ՐԴ, 121-ՐԴ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                   ԵԿԴ/0365/02/09

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0365/02/09                      2009 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հրահատ Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրահատ Մկրտչյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի 29.02.2009 թվականի թիվ 62-Կ հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հրահատ Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի 29.02.2009 թվականի թիվ 62-Կ հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում, բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, ինչպես նաև 2009 թվականի հունվար ամսվա չվճարված աշխատավարձը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 03.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 03.06.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրահատ Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ, 219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հիմնվելով Բանկի կողմից վկայակոչված անհիմն փաստարկների վրա, ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Հրահատ Մկրտչյանը 2008 թվականի դեկտեմբերին բացակայել է 177,7 ժամ: Մինչդեռ Բանկի գլխավոր տնօրենի կողմից ստորագրված 01.07.2008 թվականի տեղեկանքը հավաստում է, որ Հրահատ Մկրտչյանը 2008 թվականի դեկտեմբեր ամսին ներկա է գտնվել աշխատավայրում և նրան ամբողջությամբ վճարվել է հաստիքադրույքին համապատասխան աշխատավարձը:

Բացի այդ, 01.12.2008 թվականին Հրահատ Մկրտչյանի հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ ծանուցումը հանձնելիս գործատուն չի ներկայացրել ծանուցման ժամանակահատվածում նոր աշխատանք փնտրելու համար ազատ ժամանակի սահմանափակում, ինչպես նաև չի պահանջել գրավոր ներկայացնել ազատ ժամանակի օգտագործման ժամանակացույց: ՈՒստի, բանավոր զգուշացնելով գործատուին` Հրահատ Մկրտչյանը 2009 թվականի հունվարի 14, 15, 16, 19, 22, 23, 26-ին աշխատանք փնտրելու նպատակով բացակայել է աշխատավայրից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի 30.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի 29.01.2009 թվականի թիվ 62-Կ հրամանն օրինական է և բխում է օրենսդրության պահանջներից: Հայցվորը 2009 թվականի հունվարի 14, 15, 16, 19, 22, 23 և 26-ին աշխատանքի ընդհանրապես չի ներկայացել, իսկ 27.01.2009 թվականին ուշ է ներկայացել աշխատանքի և շուտ գնացել, ինչով էլ խախտել է Բանկում սահմանված աշխատանքային ռեժիմը: Նշվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն, աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում է, ինչի հիմքով էլ նույն օրենսգրքի 121-րդ հոդվածի համար գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 12.11.2008 թվականին Բանկի և Հրահատ Մկրտչյանի միջև, ի փոփոխումն 04.08.2006 թվականին կնքված թիվ 131 աշխատանքային պայմանագրի, կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, որով աշխատանքային պայմանագիրը դարձել է անորոշ ժամկետով կնքված (գ. թ. 16):

2. 01.12.2008 թվականին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով (աշխատողներ թվաքանակի կրճատման հիմքով) Հրահատ Մկրտչյանին տրվել է աշխատանքային պայմանագիրը 02.02.2009 թվականից դադարեցնելու վերաբերյալ ծանուցում (գ. թ. 33):

3. Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի 28.04.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Հրահատ Մկրտչյանը 2009 թվականի հունվար ամսին աշխատել է ընդամենը 8 աշխատանքային օր, որի համար էլ վարձատրվել է, իսկ 2009 թվականի հունվարի 14, 15, 16, 19, 22, 23, 26-ին չի ներկայացել աշխատանքի (գ. թ. 68-69):

4. Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի 01.07.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Հրահատ Մկրտչյանը 2008 թվականի դեկտեմբեր ամսին աշխատել է 23 աշխատանքային օր, չունի բացակայություններ (գ. թ. 118-119):

5. Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի 29.01.2009 թվականի թիվ 62-Կ հրամանի համաձայն` 29.01.2009 թվականից լուծվել է Հրահատ Մկրտչյանի հետ աշխատանքային պայմանագիրը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով (գ. թ. 37):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում, իսկ 10-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակահատվածներում նոր աշխատանք փնտրելու համար գործատուն պետք է աշխատողին տրամադրի ազատ ժամանակ: Տրամադրվող ժամանակի տևողությունը չի կարող պակաս լինել ծանուցման ժամանակահատվածում ներառվող աշխատաժամանակի տասը տոկոսից: Աշխատանք փնտրելու համար ազատ ժամանակը տրամադրվում է աշխատողի առաջարկած ժամանակացույցով: Այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը:

Վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ գործատուն նոր աշխատանք փնտրելու համար ազատ ժամանակ տրամադրում է աշխատողի խնդրանքով` վերջինիս կողմից առաջարկած ժամանակացույցին համապատասխան:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը թեկուզև մեկ անգամ թույլ է տվել սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում կարող է համարվել անհարգելի պատճառներով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատանքի չներկայանալը:

Վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը անհարգելի պատճառներով թեկուզև մեկ ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատանքի չի ներկայացել:

Սույն գործի փաստերի համաձայն` Հրահատ Մկրտչյանը 2009 թվականի հունվարի 14, 15, 16, 19, 22, 23, 26-ին առանց զգուշացման անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի: Վճռաբեկ բողոքում արտահայտած Հրահատ Մկրտչյանի հիմնավորման համաձայն` վերջինս գործատուի կողմից նոր աշխատանք փնտրելու համար ազատ ժամանակի սահմանափակում չներկայացնելու պայմաններում 2009 թվականի հունվարի 14, 15, 16, 19, 22, 23, 26-ին աշխատանք փնտրելու նպատակով բացակայել է աշխատավայրից:

Սույն գործով Վերաքննիչ դատարանն ապացուցված է համարել Հրահատ Մկրտչյանի կողմից 2008 թվականի դեկտեմբեր և 2009 թվականի հունվար ամիսներին աշխատանքից մի շարք անհարգելի բացակայությունների փաստը:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ նոր աշխատանք փնտրելու համար ազատ ժամանակը գործատուի կողմից տրամադրվում է աշխատողի առաջարկած ժամանակացույցով, իսկ սույն գործով այդպիսին Հրահատ Մկրտչյանի կողմից չներկայացնելու դեպքում վերջինիս աշխատանքի չներկայանալը չի կարող որակվել որպես նոր աշխատանք փնտրելու համար տրամադրված ազատ ժամանակի օգտագործում: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ սույն գործով չի ապացուցվել Հրահատ Մկրտչյանի կողմից նոր աշխատանք փնտրելու համար ազատ ժամանակը խնդրելու հանգամանքը:

Վերոնշյալով հաստատվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

Ինչ վերաբերում է 2008 թվականի դեկտեմբեր ամսին բացակայություններ չունենալու վերաբերյալ բողոք բերած անձի պնդմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Սույն գործով Բանկը պնդել է, որ Հրահատ Մկրտչյանը 2008 թվականի դեկտեմբերին 177,7 ժամ անհարգելի բացակայել է աշխատավայրից, հետևաբար, Բանկն էլ կրում է այդ բացակայությունները հավաստող ապացույց ներկայացնելու պարտականությունը: Մինչդեռ սույն գործում առկա ապացույցների հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ փաստը հավաստող թույլատրելի ապացույց սույն գործում առկա չէ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքն այդ մասով բավարար չէ Վերաքննիչ դատարանի 30.07.2009 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ 2009 թվականի հունվար ամսվա Հրահատ Մկրտչյանի անհարգելի բացակայություններն արդեն իսկ հիմք են վերջինիս հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, հետևաբար վերոնշյալ դատական սխալը չի կարող ազդել գործի ելքի վրա:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2009 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N ԵԿԴ/0365/02/09
Որոշում