Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ ԵՎ 113-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/0016/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/0016/05/08                             2008 թ.

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն) և Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ-գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 25.07.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ աշխատանքի պետական տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի` պատասխանողին գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և պարտավոր անձի նկատմամբ տուգանք նշանակելու պահանջների մասին, և ըստ Ընկերության և Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` Տեսչության 15.10.2007 թվականի թիվ 15-Ա որոշումն անվավեր ճանաչելու և այն վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տեսչությունը խնդրել է հարկադրել Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովին իրականացնել վարչական մարմնի կողմից ընդունված ակտի պահանջը կատարելուն ուղղված գործողություններ, նրա նկատմամբ նշանակել տուգանք` բռնագանձելով այն ՀՀ պետական բյուջեի օգտին:

Դիմելով դատարան` Ընկերությունը և Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը պահանջել են ոչ իրավաչափ վարչական ակտը` Տեսչության 15.10.2007 թվականի թիվ 15-Ա որոշումը, ճանաչել անվավեր և այն վերացնել:

Վարչական դատարանի 25.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը և Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վարչական դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի և 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը, 35-րդ հոդվածի 2-րդ մասը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, 79-րդ հոդվածը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ և 275-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վարչական դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա ապացույցները, որոնք գնահատելիս պարզ կդառնար այն հանգամանքը, որ Տեսչությունը Վալերի Օվսյաննիկովին, որպես վարչական ակտի հասցեատեր, վարչական վարույթի հարուցման մասին չի ծանուցել և վարույթի մասնակից չի դարձրել: Վալերի Օվսյաննիկովը և Ընկերությունը զրկվել են պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից և հնարավորություն չեն ունեցել արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

i

2) Վարչական դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի պահանջները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են վկայակոչելով Տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած 23.11.2007 թվականի վճռի փաստական հանգամանքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վարչական դատարանի 25.07.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Տեսչության պետի` «Վարչական վարույթ հարուցելու մասին» 09.10.2007 թվականի թիվ 13-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և որոշվել այն իրականացնել 15.10.2007 թվականին ժամը 11:00-ին` Տեսչության վարչական շենքում (գ.թ. 64-65):

2. Տեսչության պետի տեղակալի 12.10.2007 թվականի թիվ 542 ծանուցագրի համաձայն` Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովին է ուղարկվել Տեսչության պետի` «Վարչական վարույթ հարուցելու մասին» 09.10.2007 թվականի թիվ 13-Ա որոշումը (գ.թ. 24):

3. Տեսչության պետի` «Վարչական վարույթ հարուցելու մասին» 09.10.2007 թվականի թիվ 13-Ա որոշումը և 15.10.2007 թվականի ժամը 11:00-ին նշանակված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը Ընկերությունը ստացել է 15.10.2007 թվականին ժամը 11:45-ին, և այն մուտքագրվել է Ընկերության համակարգչային ծրագիր 15.10.2007 թվականին ժամը 12:02-ին (գ.թ. 70, 110-111):

4. Տեսչության` «Ընկերության աշխատողներին գիշերային աշխատանքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով հավելումը վճարելու մասին» 15.10.2007 թվականի թիվ 15-Ա որոշմամբ` Ընկերությանը պարտավորեցվել է մեկամսյա ժամկետում հաշվարկել և վճարել 2007 թվականի հունվարից մինչև 2007 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում գիշերային աշխատաժամանակի մեջ ներգրավված աշխատողների գիշերային աշխատանքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով հավելումը, ինչպես նաև վերանայել ընկերության նախկին աշխատող Հ. Գևորգյանի վերաբերյալ անհատական իրավական ակտերը (գ.թ. 11):

5. Նշված որոշումը Տեսչության պետի 27.11.2007 թ-ի թիվ Ե-643 գրությամբ առաքվել է Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովին, որը ընկերությունում մուտքագրվել է 29.11.2007 թվականին (գ.թ. 69):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:

Վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վարչական իրավախախտման գործը քննության նախապատրաստելու ընթացքում պետական մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է նաև այն հարցը, թե գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվե՞լ են արդյոք դրա քննության ժամանակի և տեղի մասին:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ սահմանում է պարտադիր կանոն, այն է` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Նշված կանոնից բացառություն է կազմում միայն այն դեպքը, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Այսպիսով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, սահմանելով վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության իրականացման պարտադիր պահանջ, միաժամանակ սահմանել է պետական մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը` վարչական իրավախախտման գործը քննության նախապատրաստելու ընթացքում լուծելու գործի քննության ժամանակի և տեղի մասին քննությանը մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու հարցը:

Հետևաբար, սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք բողոք բերած անձինք պատշաճ կարգով ծանուցվել են վարչական իրավախախտման մասին գործի քննությանը, և դրա հետ կապված արդյո՞ք տեղի է ունեցել վերջիններիս` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների խախտում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված չէ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգը, հետևաբար նշված իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը:

Վերը նշված հոդվածի համաձայն` վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:

Տվյալ դեպքում վարչական մարմինը (տեսչությունը) ունի պատշաճ ծանուցման ձևի ընտրության հայեցողություն:

i

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Տեսչության հայեցողությունը` ընտրելու ծանուցման ձևը պետք է համապատասխանի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որի համաձայն հայեցողական լիազորություններ իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության մասին վարույթի մասնակիցներին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովել պատասխանատվության ենթարկվող անձին լսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը: Հետևաբար, ընտրվող պատշաճ ծանուցման ձևը պետք է լինի այնպիսին, որ անձին հնարավորություն ընձեռի ապահովել վերոհիշյալ պահանջները:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Տեսչության պետի` «Վարչական վարույթ հարուցելու մասին» 09.10.2007 թվականի թիվ 13-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթը նշանակվել է 15.10.2007 թվականին ժամը 11:00-ին, որպիսի որոշումն էլ 12.10.2007 թվականի թիվ 542 ծանուցմամբ, փոստային առաքմամբ, ուղարկվել է Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովին, Ընկերությունում այն ստացել է 15.10.2007 թվականին 11:45-ին: Նույն օրը` 15.10.2007 թվականին, ժամը 11.00-ին նշանակված վարչական գործի քննության արդյունքում Տեսչությունը կայացրել է «Ընկերության աշխատողներին գիշերային աշխատանքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով հավելումը վճարելու մասին» 15.10.2007 թվականի թիվ 15-Ա որոշումը:

Վերը նշված փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած Տեսչությունը ծանուցել է Ընկերությանը և Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովին վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության մասին, սակայն ծանուցելու օրենքով սահմանված իր հայեցողությունն իրականացրել է ոչ պատշաճ, քանի որ թե Ընկերությունը և թե Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը 15.10.2007 թվականին ժամը 11:00-ին նշանակված վարչական վարույթի մասին ծանուցումը ստանալով նույն օրը` 15.10.2007 թվականին, չէին կարող ողջամտորեն ներկա գտնվել նշանակված վարչական վարույթին, ինչի արդյունքում չի ապահովել նրանց` լսված լինելու իրավունքը, զրկելով վարչական վարույթի մասնակիցներին լիարժեք իրականացնելու իրենց իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանությունը, դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածով երաշխավորված` պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե՛ գործնական և թե՛ իրավական առումներով, մասնավորապես այն առումով, որ պաշտպանության միջոցներից օգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարմինների գործողություններով կամ անգործությամբ (տես` Իվանովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 24.11.2006 թվականի որոշումը, կետ 70):

Հետևաբար, վարչական մարմնի` ծանուցման ձևը ընտրելու հայեցողությունը պետք է իրականացվի այնպես, որ իրագործվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով հետապնդված նպատակը, այն է` անձի վերաբերյալ կայացված վարչական ակտը նրան պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վարչական դատարանի այն հետևությունը, որ Տեսչության կողմից պահպանվել է որոշումն ուղարկելու եռօրյա ժամկետը, իսկ որոշումը ուշ ստանալը չի կարող Տեսչության գործողությունների անօրինականության դրսևորում հանդիսանալ:

Սույն գործի փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչության` «Ընկերության աշխատողներին գիշերային աշխատանքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով հավելումը վճարելու մասին» 15.10.2007 թվականի թիվ 15-Ա որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, քանի որ այն կայացնելիս չի ապահովվել Ընկերության և Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի մասնակցությունը վարչական վարույթին, որի պայմաններում խախտվել է նրանց լսված լինելու իրավունքը և պետական մարմնի` Տեսչության, առջև իրենց իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության միջոցների լիարժեք իրականացման իրավունքը:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.

Արդյո՞ք Ընկերության կողմից վկայակոչված` ՀՀ տնտեսական դատարանի 23.11.2007 թ-ի թիվ Տ-2935 գործի փաստական հանգամանքները նույնանման են սույն գործի փաստական հանգամանքների հետ և դրանում առկա իրավական հիմնավորումները պարտադիր են Վարչական դատարանի համար:

ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ, որպես իրավական փաստարկ, իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է և մեկ այլ գործով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս, դատարանները պետք է համադրեն գործի քննության ընթացքում վկայակոչված գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը:

Տնտեսական դատարանի 23.11.2007 թ. թիվ Տ-2935 գործի փաստական հանգամանքների համաձայն` Տեսչության պետի 09.10.2007 թվականի թիվ 429 որոշմամբ Ընկերությունը ենթարկվել էր վարչական տույժի` 100.000 ՀՀ դրամ տուգանքի չափով, և Ընկերությունը ընդհանրապես չէր ծանուցվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակի և տեղի մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի և Տնտեսական դատարանի 23.11.2007 թ. թիվ Տ-2935 գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնանման չեն: Մասնավորապես, Տնտեսական դատարանի 23.11.2007 թ. թիվ Տ-2935 գործի հանգամանքներով Ընկերությունը ընդհանրապես չէր ծանուցվել վարչական վարույթի մասին, մինչդեռ սույն գործով Ընկերությունը և Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը ծանուցվել են, սակայն ծանուցման հետևանքով ողջամտորեն չի ապահովվել վարչական վարույթին նրանց մասնակցությունը, որի արդյունքում խախտվել է բողոք բերած անձանց վարչական վարույթում լսված լինելու իրավունքը:

Ինչ վերաբերում է բողոքի այն պատճառաբանությանը, որ Վարչական դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը, ապա այն հիմնավոր չէ, քանի որ բողոք բերած անձանց կողմից վկայակոչվել է Տնտեսական դատարանի 23.11.2007 թ. թիվ Տ-2935 գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), այլ ոչ թե Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), որպիսի պայմաններում և Տնտեսական դատարանի դատական ակտի հիմնավորումները պարտադիր չէին կարող լինել Վարչական դատարանի համար:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 25.07.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ՎԴ/0016/05/08
Որոշում