Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ, 78- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-572 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3682

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Ն. Հովսեփյան

Կ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                          

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Համո Բալասանյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Սուրեն Բալասանյանի ընդդեմ Համո Բալասանյանի` հայցային վաղեմության ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու, բաց թողնված ժամկետը վերականգնելու և 2.292.410 ՀՀ դրամի չափով վնասի հատուցման պահանջների մասին, և ըստ Համո Բալասանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սուրեն Բալասանյանի` 2.685.575 ՀՀ դրամ պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սուրեն Բալասանյանը պահանջել է հարգելի ճանաչել հայցային վաղեմության ժամկետի բացթողումը, վերականգնել բաց թողնված ժամկետը և որպես վնասի հատուցում Համո Բալասանյանից բռնագանձել 2.292.410 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Համո Բալասանյանը պահանջել է Սուրեն Բալասանյանից բռնագանձել 2.685.575 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 07.12.2006 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համո Բալասանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուրեն Բալասանյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 104-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործը քննել է պատասխանողի բացակայությամբ, որը պատշաճ ծանուցված չի եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Նախկինում Վերաքննիչ դատարանի կողմից առանց քննության են թողնված եղել սկզբնական և հակընդդեմ հայցերը: Հետագայում սկզբնական հայցով հայցվորը կրկին դիմել է դատարան իր հայցը քննելու խնդրանքով, սակայն հակընդդեմ հայցով հայցվորը կամ նրա ներկայացուցիչը նման խնդրանք դատարանին չեն ներկայացրել: Սակայն, Վերաքննիչ դատարանը այդ պայմաններում քննության է առել թե սկզբնական, և թե հակընդդեմ հայցերը:

i

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Սկզբնական հայցով հայցվորը պահանջել է հարգելի ճանաչել հայցային վաղեմության բաց թողնված ժամկետը և վերականգնել այն, որին դատարանը եզրափակիչ մասում ընդհանրապես չի անդրադարձել, սակայն վճռել է հօգուտ հայցվորի բռնագանձել գումար:

Դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը և մերժեր սկզբնական հայցը, քանի որ հայցվորը պատասխանողի մեղքով որևէ վնաս չի կրել: Վճռի պատճառաբանական մասում չեն նշվել այն փաստարկները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է Վերաքննիչ դատարանը սկզբնական հայցը բավարարելիս:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2007 թվականի վճիռը և սկզբնական հայցի մասով օրինական ուժ տալ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 07.12.2006 թվականի վճռին, իսկ հակընդդեմ հայցի մասով որոշում կայացնել այն առանց քննության թողնելու մասին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Բողոքում նշված պնդումները անհիմն են, քանի որ գործը քննող դատարանը ընթացք է տվել մեկ վարույթի տակ գտնվող գործին: «ՀԱՍԿ» արտադրական կոոպերատիվի սեփականաշնորհման և գրանցման համար հայցվոր Սուրեն Բալասանյանը 1997 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2003 թվականի մարտ ամիսը ներառյալ նյութաիրավական իմաստով կրել է 2.278.369 ՀՀ դրամի վնաս, որի մասին են վկայում մուտքի անդորրագրերը և մյուս փաստաթղթերով կատարած ծախսերը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վերաքննիչ դատարանի 23.03.2007 թվականի որոշմամբ հայցը և հակընդդեմ հայցը թողնվել են առանց քննության:

2) 02.10.2007 թվականին հայցի մասով գործի վարույթը վերսկսելու մասին դիմում է ներկայացվել Ս. Բալասանյանի ներկայացուցչի կողմից: Հ. Բալասանյանի կողմից հակընդդեմ հայցով գործի վարույթը վերսկսելու մասին դիմում չի ներկայացվել:

3) Վերաքննիչ դատարանը գործը քննել է Հ. Բալասանյանի բացակայությամբ, որը պատշաճ ծանուցված չի եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Համո Բալասանյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու վճիռ կայացրել: Քաղաքացիական գործում առկա չէ 19.12.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Համո Բալասանյանին պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց:

i

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՛ս Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք ծառայած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի կրկին դիմել դատարան: Հ. Բալասանյանը հակընդդեմ հայցը կրկին քննելու դիմում չի ներկայացրել Վերաքննիչ դատարան: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, սկզբնական հայցով գործի վարույթը վերսկսելով, քննել է նաև հակընդդեմ հայցը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նշված հոդվածի պահանջը:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել Համո Բալասանյանի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք Վճռաբեկ դատարանի կողմից չեն քննարկվում:

Այսպիսով, Համո Բալասանյանի վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N 3-572(ՎԴ)
Որոշում