ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-486 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 08-1551
Նախագահող դատավոր` Ա. Խառատյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Կ. Չիլինգարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի սեպտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գայանե Հովհաննիսյանի, Դավիթ Բալասանյանի ընդդեմ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության, երրորդ անձ Գևորգ Բալասանյանի` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության (այսուհետ` դատախազություն) ընդդեմ Գևորգ Բալասանյանի, Գայանե Հովհաննիսյանի, Դավիթ Բալասանյանի, Հրայր Բալասանյանի` բնակարանի բաժինն առանձնացնելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան հայցվորները պահանջել են հանել գույքն արգելանքից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան դատախազությունը պահանջել է բնակարանի բաժինն առանձնացնել և բռնագանձում տարածել:
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 30.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.02.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Գայանե Հովհաննիսյանը և Դավիթ Բալասանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.
i
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը վերաբերում են իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածին և դրա բացթողման հետևանքներին: Մինչդեռ, տվյալ դեպքում վեճը վերաբերել է դատական ակտի կատարմանը, որի դեպքում հայցային վաղեմություն չի կարող կիրառվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով որևէ գումար ենթակա չէ բռնագանձման Գևորգ Բալասանյանից, ինչը նշանակում է, որ որևէ գումարի բռնագանձում չպետք է իրականացվի:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 24.06.1999 թվականի դատավճռով Գևորգ Բալասանյանը դատապարտվել է ազատազրկման: Նույն դատավճռով որոշվել է Գևորգ Բալասանյանի տնտեսությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 5.250 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` որպես անհիմն շահառությամբ ստացված գումար:
2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Աջափնյակ և Դավթաշեն համայնքների բաժանմունքի հարկադիր կատարողի 11.12.2003 թվականի որոշմամբ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 24.06.1999 թվականի դատավճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթն ավարտվել է` Գևորգ Բալասանյանի տնտեսությունում գույք չհայտնաբերվելու պատճառաբանությամբ: Միաժամանակ, նույն որոշմամբ նշվել է, որ արգելանք է դրվել համասեփականությամբ Գևորգ Բալասանյանին պատկանող բնակելի տան վրա: Որոշմանը պահանջատերը տեղեկացված է եղել:
3. Ընդհանուր գույքից Գևորգ Բալասանյանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ պահանջ ներկայացվել է 21.03.2007 թվականին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Համաձայն նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: Նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` հարկադիր կատարողի 11.12.2003 թվականի որոշմամբ պահանջատերը տեղեկացվել է իր իրավունքների չվերականգնման և դրանց վերականգնման նոր հնարավորության մասին, որ պահից և սկսվել է ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը: Փաստորեն, 11.12.2003 թվականից պահանջատերը հնարավորություն է ունեցել ձեռնամուխ լինել իրականացնելու իր խախտված իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ, հայցով դատարան է դիմել միայն 21.03.2007 թվականին` հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ և 337-րդ հոդվածները սխալ կիրառելու մասին բողոքում նշված պատճառաբանությունները:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2008 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան