Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-90 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-2699/2007 թ.

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                                              Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

                                              Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

                                              

2008 թվականի փետրվարի 1-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Լարիսա Օվսյաննիկովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արմեն, Աստղիկ, Սամվել, Տիգրան Ավետիսյանների ընդդեմ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Լարիսա Օվսյաննիկովայի, Շենգավիթի նոտարական տարածքի նոտար Անահիտ Բադիրյանի` պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելուն հարկադրելու, Ընկերության և Լարիսա Օվսյաննիկովայի միջև 09.08.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Արմեն, Աստղիկ, Սամվել, Տիգրան Ավետիսյանները պահանջել են պարտավորեցնել Ընկերությանը կատարելու 21.03.1996 թվականին կնքված թիվ 2 պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև անվավեր ճանաչել 09.08.2006 թվականին Ընկերության և Լարիսա Օվսյաննիկովայի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 04.06.2007 թվականի վճռով հայցը բավարարել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.09.2007 թվականի վճռով հայցը բավարարել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լարիսա Օվսյաննիկովան:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորմամբ.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դատաքննությանը մասնակից դարձվելու անձի իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործը քննել է պատասխանողի բացակայությամբ, առանց 04.09.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու:

Վերաքննիչ դատարանը Լարիսա Օվսյաննիկովային ուղղված ծանուցագրերը ուղարկել է բնակարանի առուվաճառքի պայմանագրում մատնանշված` Ռուսաստանի Դաշնության, Կեմերովո քաղաքի Լենինգրադյան պողոտա 36 շենքի թիվ 164 բնակարանի հասցեով:

Այնինչ, դեռ առաջին ատյանում դատաքննության ժամանակ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի Լենինյան շրջանային դատարանի 28.02.2007 թվականի թիվ 3189 գրությունից արդեն իսկ պարզվել էր, որ մատնանշված հասցեում Լարիսա Օվսյաննիկովան չի բնակվում և տվյալ հասցեով բնակվող Յուլիա Վիկտորովնա Կիմլաևայի ունեցած տեղեկության համաձայն` Լարիսա Օվսյաննիկովան տեղափոխվել է Մոսկվա քաղաք: Անձնագրային տվյալների համաձայն` Լարիսա Օվսյաննիկովան 22.06.2007 թվականին հաշվառվել է ՌԴ Մոսկվայի մարզի Աբբակումովո գյուղի Ստրոիտելեյ 7 հասցեում:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ և 53-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասը, 275-րդ հոդվածի 1-ին մասը, 273-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 11-րդ արձանագրության 1-ին հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի նշել և հիմնավորել, թե ո՞ր ապացույցի հիման վրա է եզրահանգել, որ հայցվորի և Ընկերության միջև կնքված պայմանագրում նկարագրված 81,5 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նույնն է ինչ Լարիսա Օվսյաննիկովային պատկանող 102,5 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը Ընկերության և Լարիսա Օվսյաննիկովայի միջև կնքված պայմանագիրն անվավեր է ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 315-րդ հոդվածի հիման վրա: Մինչդեռ հայցադիմումի լրացումից և հայցվորի բացատրություններից ակնհայտ է, որ Լարիսա Օվսյաննիկովան չգիտեր և չէր կարող իմանալ Ընկերության կողմից վիճելի բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելու լիազորությունների սահմանափակումների մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի Լենինյան շրջանային դատարանի 28.02.2007 թվականի գրության համաձայն` դատական հանձնարարության կարգով Լարիսա Օվսյաննիկովային ծանուցագիր հանձնել հնարավոր չի եղել, քանի որ վերջինս հանձնարարության մեջ նշված հասցեում չի բնակվել:

2) 04.09.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Լարիսա Օվսյաննիկովային պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: Վերաքննիչ դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Լարիսա Օվսյաննիկովային պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու վճիռ կայացրել: Քաղաքացիական գործում առկա չէ 04.09.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Լարիսա Օվսյաննիկովային ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:

i

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՛ս Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն քննարկվում Վճռաբեկ դատարանի կողմից:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.02.2008
N 3-90 (ՎԴ)
Որոշում