Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ԵՎ 9 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ             Քաղաքացիական գործ թիվ 3-31 (ՏԴ)

    Քաղաքացիական գործ թիվ Տ-2421/2007 թ.                         2008 թ.

Նախագահող դատավոր` Ռ. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի փետրվարի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 28.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ դիմումի «Խասուրո Գրուպ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Ծառայության` հաստատագրված վճարի գծով Ընկերության անձնական հաշվի քարտում Ծառայության կողմից 13.10.2006 թվականին կատարված գրանցումը` վերահաշվարկը, օրենքին հակասող ճանաչելու և անձնական հաշվի քարտից այդ վերահաշվարկի արդյունքում հաշվեգրված հարկային պարտավորությունները հանել պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է օրենքին հակասող ճանաչել հաստատագրված վճարի գծով 13.10.2006 թվականին կատարված գրանցումը` վերահաշվարկը, և Ծառայությանը պարտավորեցնել անձնական հաշվի քարտից հանել վերահաշվարկի արդյունքում հաշվեգրված հարկային պարտավորությունները:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 28.11.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը չի կիրառել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, Հարկային պետական ծառայության պետի 25.07.2003 թվականի թիվ 03/20-Ն հրամանով հաստատված «Հարկային տեսչություններում հարկ վճարողների անձնական հաշվի քարտի առանձին հարցերի վերաբերյալ» կարգի 2.7 կետի դրույթները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ընկերությունը Հարկային տեսչություն է ներկայացրել հաստատագրված վճարների ելակետային տվյալներ մի շարք մեքենաների համար, որոնք չեն թարմացվել: Այդ իսկ պատճառով հաշվարկները կատարելիս Ծառայությունը ղեկավարվել է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով, հիմք է ընդունել նախկին տվյալները և դրանցով հաշվարկել պարտավորությունները: Հաշվարկը ներկայացվել է Դատարանին, որը վերջինիս կողմից հաշվի չի առնվել:

Վերահաշվարկ կատարելիս Ծառայության հարկային տեսչության հաշվառման բաժնի պետի զեկուցագիր չի ներկայացվել և հարկատուն եռօրյա ժամկետում չի տեղեկացվել անձնական հաշվի քարտում կատարված վերահաշվարկի վերաբերյալ:

Դատարանը հաշվի չի առել, որ առկա է Ծառայության հարկային տեսչության պետի հրամանը աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ (Ծառայության պետի 27.06.2006 թվականի թիվ 1-06/358-Ա հրաման) և աշխատանքային խմբի գործունեության արդյունքների մասին Ծառայության Ավանի հարկային տեսչության տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետը հարկային տեսչության պետին ներկայացրել է զեկուցագիր, որում անդրադարձ կա նաև Ընկերությանը:

Սրանից հետևում է, որ պահպանվել են նշված կարգի պահանջները: Նույնիսկ եթե կարգի պահանջները վերահաշվարկ կատարելիս մասնակիորեն պահպանված չլինեին, այն չի կարող հարկային պարտավորությունների առաջացման օրինականության հարցին առնչվել, քանի որ հաստատագրված վճարների գծով պարտավորությունների առաջացման իրավական հիմքը «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջն է:

Որևէ ձևական նկատառում, որը Դատարանի կողմից հաշվի չի առնվել, չի կարող հանդիսանալ պետական մարմնի գործողությունների վիճարկման և գործողությունների արդյունքի անվավեր` օրենքին հակասող, ճանաչելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 28.11.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 27.06.2006 թվականի Ծառայության պետի հրամանի հիման վրա Ավանի հարկային տեսչությունում իրականացվել է անձնական հաշվի քարտերի թղթային և համակարգչային տարբերակների անհամապատասխանությունների ուսումնասիրություն:

2. Ըստ ծառայության տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետի կողմից ներկայացված զեկուցագրի` ուսումնասիրությունն իրականացվել է որոշակի թվով տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում` Ընկերության մոտ:

3. ՈՒսումնասիրության արդյունքում Ընկերության անձնական հաշվի քարտում կատարվել է գրանցում, որի արդյունքում վերջինիս հաստատագրված վճարների գծով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն:

4. ՈՒսումնասիրության արդյունքում կազմված արձանագրությունն Ընկերությանը չի տրամադրվել, վերջինս չի ներկայացրել իր համաձայնությունը առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների վերաբերյալ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` վճռաբեկ բողոքը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` հարկային տեսչության մարմին նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է հարկային տեսչության մարմնի կողմից` նախորդ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների կիրառմամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ ճշգրտվում է հաստատագրված վճարի չափը, այդ թվում` սույն օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում:

i

«Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն` հարկային մարմինները կարող են անցկացնել տնտեսվարող սուբյեկտի մոտ հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի, ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունների և օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների (այսուհետ` սույն հոդվածում հաշվետվություններ) կամերալ (գրասենյակային) ուսումնասիրություններ: Կամերալ ուսումնասիրության նպատակն է պարզել հարկերի հաշվարկման ճշտությունը, միևնույն հաշվետվության ցուցանիշների, տվյալների և թվաբանական հաշվարկների ճշտությունը, տարբեր հաշվետվություններում առկա համադրելի ցուցանիշների կամ տեղեկությունների համապատասխանությունը, հաշվետվություններում արտացոլված ցուցանիշների և տեղեկությունների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկությունների հետ: Սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է հարկային մարմնի գրասենյակում` առանց տնտեսվարող սուբյեկտին այցելության և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի:

Սույն քաղաքացիական գործով Ընկերության կողմից հաստատագրված վճարների գծով հարկային պարտավորությունների առկայությունը հայտնաբերվել է Ավանի հարկային տեսչությունում հաշվառված հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի թղթային և համակարգչային տարբերակների անհամապատասխանությունների վերացման համար իրականացված աշխատանքների արդյունքում, որը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի իմաստով հանդիսանում է կամերալ ուսումնասիրություն:

Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում Ընկերության անձնական քարտի հաշվում կատարվել է վերահաշվարկ` վերջինիս առաջադրելով լրացուցիչ հարկային պարտավորություն:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ պարբերությունների համաձայն` կամերալ ուսումնասիրության արդյունքում հաշվետվություններում խախտումներ, անճշտություններ, անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում դրա վերաբերյալ կազմվում է արձանագրություն (երկու օրինակից), որն ուսումնասիրություն անցկացնող հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ առձեռն տրամադրում է տնտեսվարող սուբյեկտին: Տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հինգ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրված խախտումների հետ համաձայնելու դեպքում հարկային մարմին է ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ճշտված (ճշգրտված) հաշվետվությունը կամ հաշվետվությունները: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հարկային մարմին է ներկայացնում իր գրավոր առարկությունները: Նույն հոդվածով նախատեսված ուսումնասիրության ընթացքում լրացուցիչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ միայն տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկային մարմնի հայտնաբերած խախտումները ընդունելու և ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու արդյունքում:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ կամերալ ուսումնասիրության ընթացքում լրացուցիչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ միայն տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկային մարմնի հայտնաբերած խախտումներն ընդունելու և ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու արդյունքում: Մինչդեռ սույն գործում բացակայում է որևէ ապացույց Ընկերությունում կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված արձանագրությունը Ընկերության ղեկավարին տրամադրելու, ինչպես նաև Ընկերության կողմից դրանցով արձանագրված խախտումները ընդունելու վերաբերյալ:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում Ընկերության անձնական քարտի հաշվում կատարված վերահաշվարկի հիման վրա Ընկերության համար լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել` ՀՀ տնտեսական դատարանի 28.11.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.02.2008
N 3-31 (ՏԴ)
Որոշում