Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ, 20-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Սնանկության գործ

    դատարանի որոշում                            թիվ ՍնԴ/0810/04/20

    Սնանկության գործ թիվ ՍնԴ/0810/04/20         2022 թ.

Նախագահող դատավոր` Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հոկտեմբերի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Գազ Սուզան» ԱԱԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) դիմումի` «Գազ Սուզան Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ին (այսուհետ` Կազմակերպություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության և Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը,

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը սնանկ ճանաչել:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 14.05.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 25.03.2020 թվականի որոշմամբ Սերյոժա Մինասյանը նշանակվել է Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ:

Դատարանի 13.05.2020 թվականի որոշմամբ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Սերյոժա Մինասյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են և ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Զավեն Վարդանյանը:

Դատարանի 22.05.2020 թվականի որոշմամբ Զավեն Վարդանյանը նշանակվել է Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ` դադարեցնելով վերջինիս սնանկության ժամանակավոր կառավարչի լիազորությունները:

Դատարանի 02.06.2020 թվականի որոշմամբ Ընկերության առարկություն ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժվել է, իսկ սնանկության ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանին որպես հիմնական կառավարիչ նշանակելու դեմ առարկությունը թողնվել է առանց քննության:

Դատարանի 03.06.2020 թվականի որոշմամբ Ընկերության և Կազմակերպության առարկություն ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժվել է, իսկ սնանկության ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանին որպես հիմնական կառավարիչ նշանակելու դեմ առարկությունը թողնվել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.08.2020 թվականի որոշմամբ Ընկերության և Կազմակերպության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Դավիթ Դանելյան) և Կազմակերպությունը (ներկայացուցիչ` Հարթուն Հարթուն Քարամ Մարդիրուսի):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ, 13-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, 20-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 361-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության իրավակարգավորումները կիրառելի են նաև սնանկության վարույթի նկատմամբ, եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ կոնկրետ հարցի կապակցությամբ տարբերակվող իրավակարգավորում: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը սահմանում է սնանկության վարույթի շրջանակներում կայացվող դատական ակտերի բողոքարկման հնարավորություն` չսահմանափակելով բողոքարկման հնարավորությունը որոշման որևէ տեսակով, այսինքն` չառանձնացնելով միջանկյալ ակտի որևէ տեսակի բողոքարկման հնարավորությունը: Իր հերթին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն էլ է սահմանում օրենքով նախատեսված դեպքում այլ որոշումների բողոքարկման հնարավորությունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սնանկության գործով կառավարչի ընտրության համատեղ թեկնածու ներկայացնելու իրավունքը հանդիսանում է պարտատիրոջ և պարտապանի համար օրենքով երաշխավորված իրավունք, և այդ իրավունքի անտեսումն ուղղակի ազդեցություն ունի իրենց կողմից ընտրված կառավարչի միջոցով սնանկության վարույթ սկսելու և իր ընտրած կառավարչի միջոցով սնանկության վարույթին մասնակցելու պարտատիրոջ և պարտապանի իրավունքի վրա: Այլ կերպ ասած` պարտատերն իր կողմից առաջարկած կառավարչի նշանակման, գործունեության հարցում ունի օրենքով նախատեսված օրինական շահագրգռվածություն: Առաջին ատյանի դատարանն առանց քննության թողնելով կողմերի դիմումը փաստացի զրկել է վերջիններիս օրենքով երաշխավորված իրավունքի պաշտպանության` դատական պաշտպանություն ստանալու իրավունքից:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի բողոքարկման հնարավորության առկայության հարցում դրսևորել է տարբերակված մոտեցում: Մասնավորապես` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ՍնԴ/0837/04/19 սնանկության գործով 22.11.2019 թվականին կայացված որոշմամբ արտահայտվել է այն դիրքորոշումը, որ միջանկյալ ակտը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (...) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վերոգրյալ իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն` այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը: Նշված կանոնը վերաբերում է նաև սնանկության վարույթի շրջանակներում կայացվող դատական ակտերի տեսակները և դրանց բողոքարկման հնարավորությունը որոշելուն:

i

Նախորդ քաղաքացիական դատավարության օրենսդրության կարգավորման պայմաններում ՀՀ սահմանադրական դատարանը, 11.01.2011 թվականի թիվ ՍԴՈ-932 որոշմամբ կարևորելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում օգտագործված` «սնանկության գործ» հասկացության սահմանադրաիրավական իմաստի բացահայտման, կիրառման պրակտիկայում դրսևորված մոտեցումների գնահատման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, թե որ իրավական ակտով կամ ակտերով սահմանված կանոններն են ենթակա կիրառման սնանկության գործերով դատավարական կարգի նկատմամբ, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից բխում է, որ սնանկության գործի քննության ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով: ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրել է, որ հաշվի առնելով սնանկության գործի բաղադրատարր հանդիսացող առանձին վարույթների բնույթը, առանձնահատկությունները, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանը` օրենսդիրը նշված վարույթներից առանձնացրել է երկուսը, և միայն այդ վարույթներով կայացված դատական ակտերն է դիտարկել որպես վեճն ըստ էության լուծող դատական ակտեր: Խոսքը վերաբերում է պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված վարույթին, որի ընթացքում դատարանը կայացնում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կամ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռ, և սնանկության գործն ավարտելու վերաբերյալ վարույթին: Օրենսդիրը սնանկության գործի բաղադրատարր հանդիսացող մի շարք առանձին վարույթների շարքում իրավաչափորեն առանցքային նշանակություն է վերապահել պարտապանին սնանկ ճանաչելու և սնանկության գործն ավարտելուն ուղղված վարույթներին: Մնացած բոլոր վարույթները, այդ թվում` ժողովի որոշումների և սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման վարույթները, հանդիսանում են պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավական հետևանքները, որոնք կարող են ծագել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճռի կայացումը:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով սնանկության գործի ընթացքում կայացվող միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությանը, նշել է, որ օրենսդիրը, ելնելով սնանկության գործի մաս կազմող առանձին վարույթների բնույթից, առանձնահատկություններից, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանից, սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող միջանկյալ դատական ակտերի մի մասի համար է սահմանել բողոքարկման հնարավորություն: Այդ ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ կարող են կասեցնել կամ խոչընդոտել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, սնանկության գործի քննության հնարավորությունը, այն է` դիմումի ընդունումը մերժելու, դիմումը վերադարձնելու, պարտապանի մոտ ստուգման կամ ուսումնասիրության իրականացումը թույլատրելու, պահանջների վերջնական ցուցակը հաստատելու, պահանջի, պահանջի փոփոխության դեմ առարկությունները քննարկելու արդյունքում պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը որոշելու, սնանկ ճանաչված անձի գույքն օտարելու թույլտվություն տալու, պահանջը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու մասին որոշումները:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդրի կողմից իրավաչափ մոտեցում է ցուցաբերվել` կապված սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող միայն որոշակի խումբ միջանկյալ դատական ակտերը բողոքարկելի համարելու հետ:

i

Անդրադառնալով այդ որոշումների` վերաքննության կարգով բողոքարկելիության հնարավորությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` «Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 20-րդ հոդվածը սահմանում է սնանկության գործի քննության ընթացքում կայացվող դատական ակտերի բողոքարկումը: Ընդ որում, վերը նշված հոդվածով օրենսդիրը հնարավորություն է տվել բողոքարկելու սնանկության գործի քննության ընթացքում կայացվող ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը: Մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում, որպես ընդհանուր կանոն, ամրագրվել է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները նույնպես ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի (տե՛ս, ըստ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի դիմումի` թիվ ԿԴ1/0261/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

Անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման` գործող քաղաքացիական դատավարության օրենսդրության պայմաններում կիրառելիության հարցին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախորդից էականորեն տարբերվող կարգավորումներ է նախատեսել ինչպես դատական ակտերի տեսակների, այնպես էլ դրանց բողոքարկման հնարավորությունների վերաբերյալ:

i

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտեր:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եզրափակիչ դատական ակտեր են`

1) առաջին ատյանի դատարանի կայացրած`

ա. վճիռը և օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությունը,

բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները.

2) վերաքննիչ դատարանի` առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումները.

3) Վճռաբեկ դատարանի` վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումները:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` միջանկյալ դատական ակտեր են նույն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձևով կամ արձանագրային որոշմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի համաձայն`

1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները`

1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը.

2) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը.

3) հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները.

4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումը, վճռի վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին որոշումները.

5) գործի վարույթը կասեցնելու, գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները.

6) հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշումը.

7) գործի վարույթը կարճելու մասին որոշումը.

8) դատական տուգանք կիրառելու մասին որոշումը.

9) օտարերկրյա արբիտրաժային վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

10) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

11) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

12) օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

13) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքով կայացված որոշումը.

14) դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

15) այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում:

2. Դատարանի` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 8-րդ կետերով սահմանված որոշումների դեմ բողոք ներկայացնելը չի խոչընդոտում դատարանում գործի քննության ընթացքին:

i

Այսպես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, գործին որպես դիմող մասնակցած պարտատերը (եթե պարտատերերը մի քանիսն են, ապա բոլոր պարտատերերը միասին), իսկ կամավոր սնանկության դեպքում պարտապանը ժամանակավոր կառավարչին տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակելու դեմ կարող են ներկայացնել առարկություններ` նույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքերի առնչությամբ: Առարկություններ ներկայացնելու հետ միաժամանակ համապատասխանաբար պարտատերը կամ պարտապանը կարող է ներկայացնել կառավարչի իր թեկնածուին` կցելով վերջինիս գրավոր համաձայնությունը` որպես կառավարչի թեկնածու հանդես գալու վերաբերյալ:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով առարկելու և կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ ներկայացվելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում կառավարիչ նշանակելու մասին` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը նույն հոդվածով սահմանված պահանջներին:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով առարկելու և կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու կամ ներկայացված թեկնածուի` սույն հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատարանի` սնանկության գործով կայացված վճիռներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ սնանկության գործն ավարտելու մասին վճռի, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո Դատարանի` սնանկության գործով առանձին ակտի ձևով կայացված որոշումներն ուժի մեջ են մտնում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու պահից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի տարանջատում սնանկության վարույթում կայացվող դատական ակտերի տեսակները, այլ միայն 17.1-րդ հոդվածով սահմանվում է, որ դատարանի` սնանկության գործով կայացված վճիռներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ սնանկության գործն ավարտելու մասին վճռի, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո, իսկ` սնանկության գործով առանձին ակտի ձևով կայացված որոշումներն ուժի մեջ են մտնում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու պահից, ինչպես նաև նույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանում է սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկման հետևյալ կարգը.

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: Որոշումների բողոքարկումը չի կասեցնում այդ որոշումներից բխող գործողությունների կատարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանի, կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կասեցնում է այդ գործողությունների կատարումը, եթե այդ միջնորդությամբ հիմնավորվում է, որ դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ պարտապանի կամ պարտատիրոջ համար:

i

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` սնանկության գործի ընթացքում կայացվող որոշման դեմ բերված բողոքը քննվում և որոշում է կայացվում միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:

Բացի նշված կարգավորումներից, «Սնանկության մասին» ՀՀ օրենքը որոշակի ակտերի դեպքում սահմանում է բողոքարկման այլ ժամկետներ (օրինակ` սնանկության դիմումի ընդունումը մերժելու մասին կամ դիմումը վերադարձնելու մասին որոշումների դեպքում):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով թվարկվում են վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումները, որոնց ցանկը սպառիչ չէ` նկատի ունենալով, որ նույն հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են նաև առաջին ատյանի դատարանի այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներն էականորեն տարբերվում են նախորդ օրենսգրքի կարգավորումներից, որպիսի պայմաններում ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումը` դատական ակտերի դասակարգմամբ պայմանավորված իրավական հետևանքների առաջացման մասով, ամբողջությամբ կիրառելն արդարացված չի կարող համարվել` նկատի ունենալով, որ այն վերաբերել է գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի բողոքարկմանը, մինչդեռ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրությունն օգտագործում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտ եզրույթները: Ընդ որում, ինչպես արդեն նշվեց, «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի տարանջատում սնանկության վարույթում կայացվող դատական ակտերի տեսակները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ անհրաժեշտ է սնանկության վարույթում կայացվող դատական ակտերը տարանջատելիս և դրանց բողոքարկման հնարավորությունը որոշելիս հիմք ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատական ակտերի տեսակները` բացառելու համար երկու փոխկապակցված իրավական ակտերի միջև եզրութաբանության օտարացվածությունը:

Հիմք ընդունելով արդեն իսկ 09.04.2018 թվականից գործող քաղաքացիական դատավարության նոր օրենսդրության եզրութաբանությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության վարույթում կայացվող դատական ակտերը ևս պետք է տարանջատել եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի: Նկատի ունենալով, որ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրությունը եզրափակիչ դատական ակտերը սահմանել է սպառիչ ցանկով, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը հատուկ կարգավորում չունի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանի 03.06.2020 թվականի «Դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և դիմումն առանց քննության թողնելու մասին» որոշումը պետք է համարել միջանկյալ դատական ակտ` նկատի ունենալով, որ վերջինս թվարկված չէ եզրափակիչ դատական ակտերի ցանկում: Հետևաբար, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը` միջանկյալ դատական ակտ պետք է համարել նաև Վերաքննիչ դատարանի 05.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համատեքստում արձանագրում է, որ սույն գործով բողոքարկված դատական ակտը` «Դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և դիմումն առանց քննության թողնելու մասին» Դատարանի 03.06.2020 թվականի որոշման բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, միջանկյալ դատական ակտ է:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը ճանաչել սնանկ: Դատարանի 25.03.2020 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Սերյոժա Մինասյանը: Դատարանի 13.05.2020 թվականի որոշմամբ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Սերյոժա Մինասյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են: Դատարանի 14.05.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է և Ընկերությունը սնանկ է ճանաչվել: Դատարանի 22.05.2020 թվականի որոշմամբ Զավեն Վարդանյանը նշանակվել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ` դադարեցնելով վերջինիս ժամանակավոր կառավարչի լիազորությունները: Դատարանի 03.06.2020 թվականի որոշմամբ Ընկերության և Կազմակերպության առարկություն ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժվել է, իսկ փոխադարձ համաձայնությամբ սնանկության ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանին որպես հիմնական կառավարիչ նշանակելու դեմ առարկությունը թողնվել է առանց քննության:

Դատարանը, Ընկերության և Կազմակերպության դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելով և դիմումն առանց քննության թողնելով, պատճառաբանել է հետևյալը` օրենսդիրը չի սահմանել տվյալ դիմումի ներկայացման բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու հիմքեր և ընթացակարգ, ինչպես նաև չի նախատեսել այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան դատարանի հայեցողությանը թողնելու օրենսդրական հնարավորությունը, այն էլ կառավարիչ նշանակելու մասին որոշումը կայացնելուց հետո, հետևաբար գտել է, որ փոխադարձ համաձայնությամբ կառավարչի թեկնածու ներկայացնելու մասին դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը պետք է մերժել:

Անդրադառնալով փոխադարձ համաձայնությամբ կառավարչի թեկնածու ներկայացնելու մասին դիմումին` Դատարանը, հաշվի առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի իրավակարգավորումները, արձանագրել է, որ Դատարանի 13.05.2020 թվականի «Թիվ ՍնԴ/0810/04/20 սնանկության գործով նոր ժամանակավոր կառավարիչ` Սերյոժա Մինասյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» որոշումը հաջորդ օրը` 14.05.2020 թվականին, իսկ Դատարանի 14.05.2020 թվականի վճիռը հաջորդ օրը` 15.05.2020 թվականին, օրենքով սահմանված կարգով, ուղարկվել են կողմերին: Միաժամանակ վերոնշյալ դատական ակտերը տեղադրվել են դատալեքս տեղեկատվական համակարգում: Այսպիսով Դատարանը կատարել է կողմերին ծանուցելուն ուղղված հնարավոր բոլոր գործողությունները և օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետների պահպանմամբ 22.05.2020 թվականի դրությամբ` առարկություն ներկայացված չլինելու պայմաններում, 22.05.2020 թվականի որոշմամբ Զավեն Վարդանյանին նշանակել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ` դադարեցնելով նրա ժամանակավոր կառավարչի լիազորությունները: Այսինքն` Դատարանը գտել է, որ փոխադարձ համաձայնությամբ կառավարչի թեկնածու ներկայացնելու մասին դիմումը պետք է թողնել առանց քննության:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության և Կազմակերպության վերաքննիչ բողոքի ընդունումը, պատճառաբանել է, որ օրենսդիրը չի սահմանել սնանկության վարույթի ընթացքում բողոքարկման ենթակա որոշումների շրջանակ, ուստի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածն անհրաժեշտ է մեկնաբանել այնպես, որ դատարանի մեկնաբանության արդյունքում ավելորդ չդառնա քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումը, հետևաբար «սնանկության գործի ընթացքում կայացվող որոշումներ» եզրույթն անհրաժեշտ է մեկնաբանել ոչ թե ըստ ծավալի լայն` տարածական իմաստով և այն տարածել գործի քննության ընթացքում կայացվող ցանկացած որոշման վրա, այլ ըստ ծավալի նեղ` որպես ելակետ ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումը, և սնանկության վարույթի ընթացքում բողոքարկելի համարել միայն այն որոշումները, որոնք ուղղակիորեն նախատեսված են տվյալ օրենքով և եզրափակում են դատավարական հարցի լուծումը: Բոլոր այն որոշումները, որոնց բողոքարկման հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով և ընդունվում են դատավարական գործողությունների հետևանքով կամ դրանք կատարելիս չեն կարող բողոքարկվել վերաքննության կարգով: Տվյալ դեպքում պարտապանի և պարտատիրոջ փոխադարձ համաձայնությամբ կառավարչի թեկնածու ներկայացնելու դիմումի բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքի վրա որևէ ազդեցություն չունի, հետևաբար Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը պետք է մերժել, այն բողոքարկման ենթակա չլինելու հիմքով:

Հաշվի առնելով վերը նշված իրավական դիրքորոշումները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 05.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման եզրահանգումները չեն բխում վերոգրյալ իրավական դիրքորոշումներից և սույն գործի փաստերից:

Անդրադառնալով Ընկերության Դատարանի 03.06.2020 թվականի «Դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և դիմումն առանց քննության թողնելու մասին» որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորությանը` Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոքարկման ենթակա որոշումների ցանկը սպառիչ չի սահմանել. օրենսդիրը նախատեսել է վերաքննության կարգով որոշումների բողոքարկման հնարավորություն նաև այն դեպքում, երբ այդ իրավունքը սահմանված է այլ օրենքներով: Հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի կարգավորումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 15-րդ կետով նշված «այլ որոշումներ» եզրույթի տակ պետք է ընդգրկվի նաև` Դատարանի 03.06.2020 թվականի» Դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և դիմումն առանց քննության թողնելու մասին» որոշումը:

Վերը նշված դիրքորոշումն արտահայտելիս Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ սնանկության վարույթն ունի առանձնահատկություններ, այն չի սահմանափակվում միայն պարտապանին սնանկ ճանաչելով և սնանկության վարույթն ավարտելով, այլ ներառում է պարտապանին սնանկ ճանաչելուց հետո ծագած մի շարք առանձին փուլեր, որոնցից յուրաքանչյուրն առաջացնում է կարևոր իրավական հետևանքներ:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ Դատարանի 03.06.2020 թվականի «Դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և դիմումն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտ չէ, քանի որ չի սահմանափակում անձի դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքը, անհիմն է, քանի որ բողոքարկման իրավունքի նման սահմանափակումը չի բխում անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության միջոցների արդյունավետության երաշխիքների սահմանման պահանջից: Վերը նշված դատավարական կարգավորումը, բացառելով հիշատակված որոշման անմիջական բողոքարկման հնարավորությունը, չի ապահովում դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի խախտում` դրա արդյունքում սահմանափակելով Ընկերության և Կազմակերպության` ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 05.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Մ. Դրմեյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 21 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.10.2022
N ՍնԴ/0810/04/20
Որոշում