Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻՑ ԲԽՈՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/27154/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27154/02/18        2021 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան,

    Դատավորներ`        Ա. Մխիթարյան,

                       Ն. Կարապետյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ավետիք Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ավետիք Խաչատրյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ավետիք Խաչատրյանը պահանջել է պարտավորեցնել վերադարձնել Բանկում ապօրինի գտնվող Ավետիք Խաչատրյանին պատկանող և ի ապահովում 31.05.2013 թվականին կնքված թիվ ՈՎ 0401301141 պայմանագրով գրավադրված ոսկյա իրերը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Գաբրիելյան) (այսուհետ` Դատարան) 07.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.06.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 07.02.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիք Խաչատրյանը (ներկայացուցիչ Սարգիս Խաչատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ, 274-րդ հոդվածները, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ավետիք Խաչատրյանի ամբողջ գույքի վրա դրված արգելանքները վերացվել են կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի բացթողումը վերականգնելու և հարգելի համարելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2019 թվականի որոշմամբ Բանկի դիմումը մերժվելով: Այսինքն` ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև, երբ տիրապետումը հիմնված է եղել օրինական հիմքի վրա, որը հետագայում վերացել է: Հետևաբար Բանկն այլևս չի կարող օրինական կերպով իրացնել Ավետիք Խաչատրյանին պատկանող գույքը, քանի որ սպառել է գույքն իրացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.06.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.02.2020 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ավետիք Մարտիրոսի Խաչատրյանի և Բանկի միջև 31.05.2013 թվականին կնքված թիվ ՈՎ0401301141 պայմանագրով գրավադրված ոսկյա իրերը սեփականության իրավունքով պատկանում են Ավետիք Մարտիրոսի Խաչատրյանին (հատոր 1-ին, գ.թ 32):

2) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/3733/02/14 քաղաքացիական գործով 05.06.2015 թվականի վճռով Բանկի հայցը բավարարվել է` Ավետիք Խաչատրյանից բռնագանձվել է 2.006.128,90 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ 9-11):

3) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 10.08.2015 թվականին Բանկին տրամադրել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 20):

4) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 31.05.2018 թվականի որոշման համաձայն` 26.01.2017 թվականին կասեցված կատարողական վարույթը 09.10.2017 թվականին վերսկսելու, 03.02.2018 թվականից հետախուզում հայտարարելու մասին որոշումները վերացվել են այն պատճառաբանությամբ, որ թիվ ԵԿԴ/3733/02/14 քաղաքացիական գործով 05.06.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 07.07.2015 թվականին, սակայն հարկադիր կատարման է ներկայացվել 11.01.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 25):

5) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն բաժնի 28.06.2018 թվականի որոշմամբ կատարողական վարույթն ավարտվել է (հատոր 1-ին, գ.թ. 27):

6) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) 22.07.2019 թվականի որոշմամբ Բանկի կատարողական թերթի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է որոշումը չի բողոքարկվել (հիմք` court.am տեղեկատվական համակարգ):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ, 274-րդ հոդվածների, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բխող պարտավորությունները շարունակում են գոյություն ունենալ այն պարագայում, երբ լրացել է նշված դատական ակտի կատարման օրենքով սահմանված ժամկետը, և դատարանը մերժել է այդ ժամկետը վերականգնելը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի, (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` մինչև ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.12.2017 թվականին ընդունված թիվ 9-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, այն է` 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 31-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը, եթե լրացել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 24-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն` քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել: Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե՛ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն` կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:

Օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետները` ամրագրելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 31-րդ հոդվածի հիմքով հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, եթե բացակայում է կատարողական թերթ տված դատարանի որոշումը` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատական ակտից բխող պահանջի իրավունքը սահմանափակված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` կատարողական թերթը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու ժամկետով (տե՛ս, նաև «Արդշինբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Արոր-Բագրատ» արտադրական կոոպերատիվի թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը, «Արդշինբանկ» ԲԲԸ լուծարվող բանկն ընդդեմ Սպարտակ Երիցյանի թիվ ԵԱՔԴ/0018/04/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի գործով կայացված որոշմամբ արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկան ընթացել է այն ուղղությամբ, որ միանվագ վճարային պարտավորություն նախատեսող օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` պարտատերը զրկվում է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտավորությունից (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով պահանջատիրոջ համար սահմանված է եղել մեկ տարի ժամկետ` դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից, դրա հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար, նշված ժամկետով սահմանափակելով նաև պարտատիրոջ` դատական ակտից բխող պահանջի իրավունքի իրացման հնարավորությունը: Միաժամանակ, օրենսդիրը կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետը չպահպանվելու պարագայում նախատեսել է վերոհիշյալ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն` բաց թողնված ժամկետը դատարանի կողմից հարգելի ճանաչելու կառուցակարգ:

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը պարտատիրոջ համար սահմանել է անհրաժեշտ գործիքակազմ` վերջնական դատական ակտի կատարումն ապահովելու և խախտված իրավունքները վերականգնելու համար` ամրագրելով նաև կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն, ինչը, սակայն, չի կարող հիմք հանդիսանալ դատական ակտի կատարման ձգձգման և հանգեցնել իրավահարաբերության մյուս կողմի` պարտապանի իրավունքների ոտնահարմանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչև 01.04.2018 թվականը գործող իրավակարգավորումների համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` պարտատերն ըստ էության զրկվում է այդ դատական ակտի կատարում պահանջելու իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն դատական ակտով սահմանված պարտավորությունից, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշում: Այլ կերպ ասած` օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բխող պարտավորությունները դադարում են գոյություն ունենալ այն պարագայում, երբ լրացել է նշված դատական ակտի կատարման օրենքով սահմանված ժամկետը և առկա չէ այդ ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ դատական ակտ (տե՛ս, Կարինե Մուրադյանի ընդդեմ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ԼԴ/1160/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.08.2020 թվականի որոշումը):

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է Ավետիք Խաչատրյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել վերադարձնել Բանկում ապօրինի գտնվող Ավետիք Խաչատրյանին պատկանող և ի ապահովում 31.05.2013 թվականին կնքված թիվ ՈՎ 0401301141 պայմանագրով գրավադրված ոսկյա իրերը:

Դատարանը Ավետիք Խաչատրյանի հայցը բավարարելիս արձանագրել է, որ Բանկը կրում էր վիճելի գույքը 27.11.2018 թվականին` հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվա դրությամբ օրինական հիմքերով տիրապետելու փաստի ապացուցման բեռը, սակայն չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, հետևաբար դրա բացասական հետևանքները կրում է պատասխանողը, գտել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2015 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Բանկի մոտ ծագել է վարկային պարտավորությամբ սահմանված գումարը պահանջելու իրավունք, իսկ Ավետիք Խաչատրյանի մոտ` այն վճարելու պարտականություն: Ավետիք Խաչատրյանի կողմից նշված պարտավորության չկատարման դեպքում բանկն իրավունք ուներ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում այն ներկայացնել հարկադիր կատարման: Մինչդեռ, կատարողական թերթն օրենքով սահմանված կարգով կատարման չներկայացնելու պայմաններում Բանկը զրկվել է այդ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ Ավետիք Խաչատրյանը` որպես պարտապան, ազատվել է նույն վճռով սահմանված պարտավորությունից: 31.05.2013 թվականին կնքված թիվ ՈՎ0401301141 պայմանագրի և գրավադրված գույքի գույքագրման ակտի հիման վրա Դատարանը հաստատված է համարել, որ հիշյալ վարկային պայմանագրի կատարման ապահովման համար գրավադրված 958 հարգի 62,5 գրամ ոսկու կտոր գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ավետիք Խաչատրյանին: Հետևաբար, գույքն իր սեփականությունը հանդիսանալու փաստով Ավետիք Խաչատրյանին գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորություն է տրվել և օրենքով նախատեսված հիմքով ծագել է նրա գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Բանկի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում կատարման չներկայացնելու փաստի ուժով պարտավորությունը դադարելու որևէ դրույթ թե` նշված գլխով սահմանված իրավանորմերով, թե` ընդհանրապես ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ` այն դեպքում, երբ անվիճելի է այն փաստը, որ կողմերի` Ավետիք Խաչատրյանի ու Բանկի միջև դեռևս 31.05.2013 թվականին կնքվել է թիվ ՈՎ0401301141 պայմանագիրը, որն ապահովվել է գրավի պայմանագրով, որով Ավետիք Խաչատրյանի ստանձնած պարտավորությունները Բանկի հանդեպ չեն կատարվել, ինչի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Իսկ այն հանգամանքը, որ նշված վճիռն օրենքով սահմանված ժամկետում կատարման չի ներկայացվել, որևէ կերպ չի կարող նշանակել, որ պարտավորությունը դադարել է, պատասխանողն այլևս պարտավորություն չի կրում Բանկի առջև և դադարել է նաև գրավի պայմանագիրը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/3733/02/14 քաղաքացիական գործով 05.06.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 07.07.2015 թվականին, որով Բանկի հայցը բավարարվել է` Ավետիք Խաչատրյանից բռնագանձվել է 2.006.128,90 ՀՀ դրամ, հետևաբար նշված վճռի կատարման համար Բանկը կարող էր կատարողական թերթը կատարման ներկայացնել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ էր մտել դատական ակտը, այսինքն` ներառյալ մինչև 08.07.2016 թվականը:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 31.05.2018 թվականի որոշման համաձայն` 26.01.2017 թվականին կասեցված կատարողական վարույթը 09.10.2017 թվականին վերսկսելու, 03.02.2018 թվականից հետախուզում հայտարարելու մասին որոշումները վերացվել են այն պատճառաբանությամբ, որ թիվ ԵԿԴ/3733/02/14 քաղաքացիական գործով 05.06.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 07.07.2015 թվականին, սակայն հարկադիր կատարման է ներկայացվել 11.01.2017 թվականին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

Քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացման եղանակ է նախատեսում իրավահարաբերությունը դադարեցնելը կամ փոփոխելը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավը դադարում է գրավով ապահովված պարտավորությունը դադարելով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:

Վերոգրյալ իրավանորմերի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` պարտատերը զրկվում է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտականությունից: Միաժամանակ, օրենսդիրը կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետը չպահպանվելու պարագայում նախատեսել է վերոհիշյալ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն` բաց թողնված ժամկետը դատարանի կողմից հարգելի ճանաչելու կառուցակարգ:

Տվյալ դեպքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2019 թվականի որոշմամբ Բանկի կատարողական թերթի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է, այսինքն` Բանկն այլևս կորցրել է Ավետիք Խաչատրյանին պատկանող ոսկյա իրերն օրինական հիմքով պահելու հնարավորությունը:

 

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը հետ պահանջել միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի (տե՛ս Արմենուհի Թադևոսյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ՇԴ/0613/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը): Այսինքն` ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև, երբ տիրապետումը հիմնված է օրինական հիմքի վրա, որը հետագայում վերանում է:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալը բավարար է արձանագրելու, որ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով և հետագայում դատարանի կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը վերականգնելը մերժելու փաստով Բանկը զրկվել է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու սուբյեկտիվ իրավունքի իրացման իրավական հնարավորությունից, իսկ Ավետիք Խաչատրյանն ազատվել է նույն վճռով սահմանված պարտավորությունից, հետևաբար վճռով սահմանված հայցվորի պարտավորությունն օրենքի ուժով դադարել է, իսկ դրամական պարտավորության կատարման հիմքով որպես ակցեսոր պարտավորություն դադարել է նաև գրավի իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բանկի կողմից դատավարական անգործություն ցուցաբերելու և 07.07.2015 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը 07.07.2016 թվականի դրությամբ կատարման ներկայացրած չլինելու հանգամանքը չի կարող բացասաբար անդրադառնալ Ավետիք Խաչատրյանի իրավունքների և օրինական շահերի վրա` անորոշ ժամկետով գրավի (արգելանքի) տակ թողնելով վերջինիս սեփականությունը հանդիսացող գույքը (ոսկյա զարդերը), զրկելով նրան գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 07.02.2020 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից հօգուտ Ավետիք Խաչատրյանի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2021 թվականի վճռին:

2. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից հօգուտ Ավետիք Խաչատրյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 30 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.12.2021
N ԵԴ/27154/02/18
Որոշում